Երեւան: Առավոտյան տված մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, ուր հանդիպում ունեցավ ընտրողների հետ: Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ եւ հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք մատուցեց բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին:
Հաջորդ հանդիպումը Եղվարդում էր: Թեկնածուն քայլեց քաղաքի փողոցներով, շփվեց ընտրողների հետ, ընդունեց մարդկանց զորակցությունը եւ լսեց հորդորներն ու առաջարկները:
Այնուհետեւ նա մեկնեց Հրազդան, որտեղ դալիճային հանդիպումը փոխարինվեց բացօթյա հավաքով, քանի որ սկսվեց նախատեսվածից ուշ եւ մասնակիցների թիվը ավելին էր, քան դահլիճի տարողունակությունը: Խոսելով երկրում բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման մասին, Հովհաննիսյանը հատկապես կարեւորեց Հրազդանի երբեմնի արդյունաբերական հզոր ներուժի վերականգնումը, ինչը պետական հոգածություն է պահանջում: «Ահագնացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց բարձիթողի այս վիճակից ածանցվող գործազրկությունն է»,- համոզմունք հայտնեց նախագահի թեկնածուն:
Իր քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց Աբովյանում: Հանդիպումը կայացավ քաղաքի գլխավոր դալիճներից մեկում: Լեփ-լեցուն դահլիճը բազմիցս ընդհատում էր պրն. Հովհաննիսյանի խոսքը ծափահարություններով, որ ակնհայտ հավանություն էր թեկնածուի խոսքին: Հանդիպումն ավարտվեց Հովհաննիսյանի կոչով. «Մեկ անգամ մեզ պահենք սեփական հայրենիքի իսկական տիրոջ պես» եւ «Հայաստան» բացականչություններով: