Շանհայի համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

 

7 նոյեմբերի 2019թ., Շանհայ, Չինաստան: ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը  Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»:

Համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որն առնչվում էր «Խորհրդատվություն, ներդրում, համընդհանուր օգուտներ եւ գլոբալ կառավարում» թեմային: Ելույթում անդրադարձ է եղել նաեւ եվրոպական-ասիական փոխհարաբերություններին եւ համայն մարդկության համար արժանապատիվ ապագայի կերտման գործընթացներում Հայաստանի քաղաքակրթական ու ռազմավարական արդի դերին:

Համաշխարհային այս հավաքի շրջանակներում, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի, Հունաստանի, Սերբիայի եւ Յամայկայի ղեկավարները, Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, ինչպես նաեւ հնարավորություն է ստացել խորհրդակցելու մի շարք այլ երկրների ներկա եւ նախկին վարչապետների, արտաքին գործերի նախարարների եւ պաշտոնատար այլ անձանց հետ:

Համաժողովին մասնակցում էր նաեւ ՌԱՀՀԿ ծրագրերի պատասխանատու Լիլիթ Սարուխանյանը: Նա նույնպես հանդես եկավ ելույթով, որը նվիրված էր «Բաց համագործակցություն եւ քաղաքակրթության երկխոսություն» թեմային: