«Ժառանգությունը»` Հայաստանի բոլոր սահմանների մասին

Դարձյալ զոհ են գնացել մե՛ր զինվորները: Նախատինք առաջին հերթին մե՛զ: Ցավակցում ենք ընկած տղաների ընտանիքներին, համակ ժողովրդին:

Միեւնույնն է` հայրենի պետության սահմանները պաշտպանելիս, կամ էլ խաղաղ պայմաններում ծառայելիս, թեկուզեւ մեկ նահատակ տալու հայ ժողովուրդը իրավունք կամ տեղ էլ չունի:

«Այլեւս երբեքը» սոսկ պատմական կարգախոս չի: Այն իրական կիրառում պիտի ունենա արդի մեր պետական կյանքում:

Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս, իսկ առաջին հերթին` հանրապետության գործող նախագահը, նախարարը, հրամանատարը:

Ցավոք սրտի եւ մեղմ ասած, իրենց գիտությամբ են մեր հպարտության աղբյուր հանդիսացող զինծառայողների զգալի մասը վերջերս եւ հերթական անգամ ուղղորդվել երկրի օրենքը` սահմանն ու սահմանադրությունն ընտրակեղծելու:

Հազար ամոթ:

Հակառակորդը պատասխան պե՛տք է ստանա` ոչ թե իր խեղճուկրակ գյուղացի զինվորների մատաղով, այլ իր ողջ իշխանակարգով: Նա պիտի՛ հարգի մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` Հայաստանով ու Արցախով:

Իսկ դրա համար` մեր պետությունն ու իր իշխանությունը պիտի դառնան իրավակարգ, բարեխիղճ, պարկեշտ, մարդու ազատությունն ու ընտրությունը հարգող, իսկ ամենակարեւորը` հաշվետու յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի կյանքի համար: 

Մեղավորներին ուրիշ տեղ չփնտրենք. մեր մեջ են: 

«Ժառանգություն» կուսակցությունը մեր ողջ ազգ-երկրին բախտորոշ համախմբման կոչ է անում` պատրաստելու համար նախահարձակ թշնամուն եւ անիրավ ժամիշխանին վերջնական ի՛ր պատասխանը: Ուրիշ ոչ մեկը եւ` այլեւս երբեք: 

Անցանկալի, բայցեւ ցանկացած պատերազմում մենք կլինենք առաջին գծում:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ
7 հունիսի 2012թ.
Երեւան