Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է.
Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի ու մարդատյացության դրսեւորում է հայերի նկատմամբ:
Նման հակաիրավականության, սադրանքի եւ այլատյացության օրինակ տվող նախագահի առաջնորդության ներքո գտնվող երկիրը չի կարող ՄԱԿ-ի հռչակած արժեքների կրող համարվել եւ տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը եւ հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու եւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները:
«Ժառանգությունը» գնահատում է միջազգային այն կառույցների, կառավարությունների, գործիչների արձագանքը, որոնք դատապարտել են Ադրբեջանի նախագահի իրավազուրկ կամայականությունը, նաեւ ափսոսանք է հայտնում, որ միջազգային այլ դերակատարներ կողմերին լոկ հանդարտության կոչ են արել` մակերեսային մոտեցում ցուցաբերելով խնդրին: Այդուհանդերձ, երկու պարագայում էլ պատշաճ անդրադարձ չի արվել ադրբեջանական պետության հակաժողովրդավար ու կոռումպացված էության ողջ մերկությամբ դրսեւորվելու փաստին:
Ըստ հունգարական որոշ հրապարակումների՝ Ադրբեջանը 2-3 միլիարդ դոլարի քողարկված կաշառք է առաջարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման դիմաց: Եթե երկրի նախագահը կարող է աղքատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիների, ներառյալ փախստականների կարիքներն անտեսելով երեք միլիարդ դոլար մսխել մի մոլագար մտքի իրագործման համար, դա պետության չգոյության ապացույց է:
«Ժառանգությունը» ԵԺԿ իր քույր կուսակցությունների, հատկապես Հունգարիայում իշխող «Ֆիդեշ» կուսակցության եւ ԵՄ անդամ երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրում այս քողազերծված իրողության վրա եւ կարծում է, որ պետք է քննարկվի Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առկախման հարցը` մինչեւ այդ երկրում հաստատվի բյուջեի վերահսկելիություն եւ վերջ դրվի իշխանությունների կամայականություններին:
Ցավոք, 1988-ի Սումգայիթի սպանդից ի վեր Ադրբեջանի հակահայկական մոլագարությունը հազվադեպ է այնպիսի միջազգային ուշադրություն գրավել եւ պատկերավոր ինքնադրսեւորումներ ունեցել, ինչպես Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումները: «Ժառանգությունը» գտնում է, որ ստեղծված իրադրությունը հարթակ է միջազգային հանրությանը, հատկապես քաղաքական-դիվանագիտական շրջանակներ եկած նոր սերնդի առջեւ վերափաստարկելու Արցախյան հիմնահարցի էությունը, ԼՂՀ ներկայացուցիչներին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններում վերստին ներգրավելու անհրաժեշտությունը եւ ԼՂՀ անկախության ճանաչման հրամայականը:
Միաժամանակ, ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ: