Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Սերժ Սարգսյանի այլընտրանքը՝ Հայաստանի Հանրապետության ազատամիտ քաղաքացին է:

Կուսակցասեփականության տիրույթում գործող անձինք հայտարարում են, որ «այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ»:

Մրցակցի բացակայության մասին հայտարարողներին տեղեկացնում ենք, Հայաստանի Հանրապետության ներկայիս փաստացի ղեկավարման ձևը` ինքակալությունը և կուսակցապետությունն ունի լուրջ մրցակից՝ դա ինքնակալ կուսակցապետ նախագահի ինստիտուտի վերացումն է և պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը:

Մեր հայրենիքում տիրող անազատությունը, անարդարությունը, անպատժելիությունն ունի լուրջ մրցակից՝ դա Հայաստանի ազատամիտ քաղաքացին է, նրանց բանակը մեծ է, անվերահսկելի և դուրս՝ Սերժ Սարգսյանի կուսակցասեփականության քաղաքական դաշտից:

Մրցապայքարի բացակայության մասին հայտարարողներին տեղեկացնում ենք.

Մենք ընդունում և գիտակցում ենք առաջիկա նախագահական ընտրությունների «մրցապայքարի»` պատերազմական գործողությանը մասնակցելու մարտահրավերը:

Շուրջ 20 տարի մենք մեղավոր գտնվեցինք` հանդուրժեցինք մեր պետության ներկայիս արատավոր ղեկավարման համակարգի գործունեությունը:

Մեր սերը դեպի մեր հայրենիք, հայկական պետություն, հայ ժողովուրդ՝ չունի այլընտրանք չենք ցանկանում ապրել երկար, սակայն՝ խեղճ: Չենք պատրաստվում շարունակաբար լինել նվաստ, կախյալ և իրավազուրկ:

Սերժ Սարգսյանի կուսակցասեփականության քաղաքական դաշտի մասնակիցներին հայտնում ենք՝ Հայաստանի ազատամիտ քաղաքացիների բանակը պատրաստակամ է բեկում մտցնել հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ՝ առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկելով որպես հնարավորություն՝ պայքարը տանել ոչ թե մինչև վերջ, քանի որ վերջը շատ ուշ է, այլ «մինչեւ ազատամիտ ժողովրդին պատկանող վայել հաղթանակ»:

Բեկում նշանակում է` հրաժեշտ երրորդ հայկական հանրապետության կուսակցապետության քաղաքական դաշտի մասնակիցներին՝ իր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանով հանդերձ:

Բեկում՝ նշանակում է նոր նախագահ` չորրորդ հանրապետության հիմնադրում, որտեղ այլևս չեն լինելու նախագահներ:

«Ժառանգությունը» և ազատամիտ քաղաքացիների բանակը ողջունում են նախագահի նոր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, պատրաստակամություն հայտնում կիսել եղբայրությունը սպասվելիք պատմական իրադարձություններում և հաստատել լուսավոր ճանապարհի անցման փաստը: