Երեւան: 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին: Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ «Ժառանգությունը» սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ Միկոյան:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1975-ին, Երեւանում, էներգետիկի ընտանիքում: Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մեծամոր, որտեղ էլ Արթուրը հաճախել եւ 1992-ին ավարտել է միջնակարգ դպրոցը: 1993-ին զորակոչվել է ծառայելու ՀՀ զինված ուժերում, մասնակցել է ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերին: Այդ մասնակցության համար հետագայում արժանացել է ԼՂՀ ՊՆ հուշամեդալի: Զինծառայությունից հետո աշխատանքի է անցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Աշխատանքային առաջխաղացումը սկսվել է 2-րդ կարգի փականագործի որակավորումից եւ հասել է բարձրագույն` 6-րդ կարգի փականագործի աստիճանի: Այժմ աշխատում է ԱԷԿ-ի «Ջերմային ավտոմատիկայի եւ չափումների» արտադրամասի «Չափիչ եւ վերահսկիչ սարքերի լաբորատորիայում» որպես 6-րդ կարգի փականագործ: 2009-ից անդամագրվել է «Ժառանգություն» կուսակցությանը: Ավագանու անդամի թեկնածու առաջադրվում է առաջին անգամ:
Գագիկ Միկոյանը ծնվել է 1959-ին, Մեծամոր է տեղափոխվել 1972-ին: Ավարտել է Երեւանի շինարարական տեխնիկումը` Քաղաքացիական եւ արդյունաբերական շինարարության մասնագիտությամբ, ուսանել է նաեւ Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում: Աշխատանքային կենսագրությունը սկսել է «Հայանտառ» գիտա-արտադրական միավորումում՝ որպես անվտանգության տեխնիկայի ինժեներ, եւ հասել է միավորման ինժեներ-տնտեսագետի պաշտոնին: Այնուհետ տեղափոխվել է աշխատելու Ձկնային տնտեսության պետական կոմիտեի «Ակնա լճի կողբաբուծական տնտեսությունում», ղեկավարել է տնտեսության շինարարական աշխատանքները: Մինչ 2009-ին «Ժառանգությանն» անդամագրվելը այլ կուսակցության չի անդամակցել, 1988-ի փետրվարին առաջիններից մեկը հեռագրել է Մոսկվա, ՍՄԿԿ Կենտկոմ` ԼՂԻՄ ինքնորոշման ճանաչման խնդրով: 1993-ից աշխատանքի է անցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Այժմ ԱԷԿ Էլեկտրական արտադրամասում 3-րդ կարգի էլեկտրամոնտյոր է:
Լինելով ԱԷԿ աշխատակիցներ՝ «Ժառանգության» թեկնածուներին քաջածանոթ են ԱԷԿ-ի անձնակազմին հուզող խնդիրները, սակայն մեր թեկնածուների պատկերացումները եւ մոտեցումները Մեծամորի քաղաքային ենթակառույցների խնդիրներին եւ բարելավման ուղիներին կուսակցությանը թույլ են տալիս վստահորեն հայցել ոչ միայն ԱԷԿ աշխատակիցների, այլեւ բոլոր մեծամորցիների աջակցությունը հօգուտ Արթուր Մկրտչյանի եւ Գագիկ Միկոյանի եւ վստահեցնել, որ «Ժառանգության» թեկնածուների ընտրությամբ Մեծամորը կունենա ավելի ժողովրդավար, հաշվետու եւ գործունյա քաղաքային իշխանություն: