Երեւան: Երեկ եւ այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր:
Փետրվարի 2-ին նա եղավ Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում եւ Սիսիանում:
Եղեգնաձորում եւ Վայքում նա քայլեց փողոցներով, բարեւեց համաքաղաքացիներին, շփվեց մարդկանց հետ, ընդունեց նրանց բարեմաղթանքները եւ զորակցական խոսքերը, ինչպես նաեւ լսեց նրանց առաջարկները: Ջերմուկում խոսելով բնապահպանական խնդիրների մասին` նա նշեց, որ Հայաստանը հայտնի է եղել իր առողջարաններով ամբողջ աշխարհում եւ որ Ջերմուկի, Արզնու, Դիլիջանի, Հանքավանի, մյուս առողջարանների ներուժի վերականգնումը պետք է դառնա պետական հոգածության առարկա, ինչը հնարավորություն կտա միայն տուրիզմի հաշվին ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպելուց զատ նա այցելեց նաեւ <Ջերմուկ գրուպ> եւ Ջերմուկի մայր գործարաններ:
Սիսիանում լեփլեցուն դահլիճում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Հայաստանում տիրող բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական այս իրավիճակը, որի գլխավոր պատասխանատուն ՀՀ գործող նախագահն է, այլեւս չի կարող շարունակվել: Ուրեմն նախագահական ընտրություններին մենք միասին մեկ անգամ եւ ընդմիշտ պետք է փոխենք առկա աղետալի վիճակը»: Այլ խնդիրների շարքում նա անդրադարձավ նաեւ ուրանի հանքերի շահագործման վտանգավորությանը:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում եւ Ագարակ ավանում:
Ելույթ ունենալով Կապանի կենտրոնական հրապարակում հավաքվաց հարյուրավոր կապանցիների առջեւ, նա ասաց. «Հայաստանի շատ մարզերում առկա վախի մթնոլորտի համար պատասխանատու են դե-ֆակտո նախագահը եւ նրա կողմից նշանակված մարզպետները: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք, որ Սերժի Հայաստանը պետք է փոխարինվի նոր Հայաստանով, որի քաղաքացին իրեն լիիրավ տեր կզգա սեփական հայրենիքում եւ որի իրավունքները հարգված կլինեն, իսկ տեղական չինովնիկները` մարզպետ, քաղաքապետ, թե գյուղապետ, ոչ թե իրենց կպահեն տիրակալների նման, այլ կլինեն ձեր բոլորի ծառաները: Դա ձեզանից է կախված, եթե դուք փետրվարի 18-ին մեր պետության պատմության մեջ առաջին անգամ ընտրական հեղափոխություն իրականացնեք»: Նա նաեւ անդրադարձավ հանքարդյունաբերության խնդիրներին՝ անթույլատրելի համարելով մի խումբ մարդկանց կողմից համազգային սեփականությունը հանդիսացող հանքերի մասնավորեցումը եւ անխնա շահագործումը՝ ի վնաս շրջակա միջավայրի:
Մեղրիում եւ Ագարակում հանդիպելով բնակիչների հետ, նա արծարծեց պտուղ-բաջարեղենի վերամշակման գործարանների, չրանոցների հիմնադրման համար պետության կողմից բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության խնդիրները:
Դրա համար էլ ժողովուրդն ինքը պետք է ձեւավորի իր իշխանությունը եւ չընկրկի ոչ պարտադրանքի առջեւ եւ ոչ էլ տրվի էժանագին գայթակղություններին, կամ «բարեգործական» ողորմություններին: