Երեւան: Այսօր «Դեբատ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ ֆեյսբուքյան օգտատերերի մի մեծ խմբի հետ: Նա ներկայացրեց ծրագրային իր հիմնադրույթները եւ պատասխանեց ներկաների հարցերին: Հովհաննիսյանը նաեւ խստորեն դատապարտեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ նախօրեին կատարված մահափորձը, շուտափույթ ապաքինում մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ իրավապահ մարմիններն արագ կբացահայտեն ու խստորեն կպատժեն մեղավորներին: «Ես համարում եմ, որ դա հարված է իմ դեմ, յուրաքանչյուր հայ մարդու, ՀՀ քաղաքացու եւ ողջ պետականության դեմ»,- նշեց նախագահի թեկնածուն:
Հետմիջօրեին Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արագածոտնի մարզ, շրջագայեց Շենավան, Արագած գյուղական համայնքներում, ինչպես նաեւ Ապարան քաղաքում, զրուցեց ընտրողների հետ՝ ամենուր կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: