Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, որին մասնակցում էին Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Սերժ Սարգսյանը հայտարարեց.
- առաջիկայում անցկացնելու է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ,
- բարեփոխումների մշակված համապարփակ ծրագրի արդյունքում իրականացնելու է արդյունավետ կառավարում,
- նպատակներն իրականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է շոշափելի ֆինանսական աջակցության տրամադրում:
Մեր հասարակությունը շուրջ 20 տարի է գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից, հատկապես առաջին դեմքերից, լսում է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին: Սակայն ականատեսն է լինում այն իրողության, որ տարիների ընթացքում ուղղակի փոփոխության են ենթարկվում ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիք ընտրություններ անցկացնելու գործիքները և դրանց կիրառման մեխանիզմները: Այո, հնարավորինս նվազել են քվեարկության օրը բուն ընտրատեղամասում մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու հնարավորությունները, բայց փոխարենը կիրառվում են այլ տեսակի գործիքներ, որոնցից են.
- ընտրողներին կաշառելը,
- շուրջ 600 հազար ընտրողների քանակի արհեստական ավելացումը,
- վարչական ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների ապօրինի օգտագործումը,
- ընտրական գործընթացներում քաղաքական նպատակով իրավապահ մարմինների և բանակի ներգրավումը,
- Սերժ Սարգսյանի և պետական գործող բոլոր պաշտոնյաների բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոնների ստանձնումը,
- Բուհերի ուսումնական խորհուրդների կուսակցականացումը,
- Հանրակրթական համակարգի կուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում,
- Սերժ Սարգսյանի կուսակցական գործունեությանը նախագահական նստավայրում,
- Պետական բյուջեի հատկացումները Հանրապետական կուսակցությանը` օրենքով չնախատեսված ծրագրերի իրականացման համար,
- Լրատվամիջոցների ոչ հավասար հնարավորության ապահովումը կուսակցությունների համար,
- Կուսակցական բարեգործությունը,
- Եկեղեցու քաղաքական նպատակներով օգտագործումը կամ, ընդհանրապես, եկեղեցու քաղաքականացումը,
- Մեծամասնական ընտրակարգի կիրառումը,
- Փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման բացակայությունը,
- Քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակման արգելումը,
- Քվեարկության օրը Հայստանից դուրս գտվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը,
- Օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, անպատժելիության խրախուսումը:
Պարոն Սերժ Սարգսյան առաջինը Դուք խնդիր ունեք հավատալու և հավատացնելու հայ հասարակությունը Ձեր ցանկությունների անկեղծությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն հրաժարվել վերը թվարկված գործիքներից, ինչի մասին բազմիցս հորդորել է «Ժառանգությունը» և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: