Ես անուններով և մակդիրներով քիչ եմ խոսում, բայց պետք է սկսեմ երկու բառով՝ «ծակ Նիկոլ», Միլան Կունդերան չեխ-ֆրանսիացի գրող է, ով խոսեց հիշողության ծակի մասին։ Ինչպես դաժան մարդիկ, ոճրագործները բացում են հիշողության ծակը և խցկում են իրենց մեղքերն այդ ծակի մեջ։ Ցավոք, ամեն անգամ այդ մարդը, ում անունն արդեն տվեցի, երբ բացում է բերանը արտաքին կամ ներքին լսարանի առջև, խցկում է այդ ծակի մեջ հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը և, ամենակարևորը, իրավունքը։ Սկզբում մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղսունակություն, երբ ընդդիմադիր էր, ինչ-որ իշխանությունը փոխելու պայքարի մաս էր կազմում, սակայն հիմա հասկանում եմ, որ սա կանխամտածված է և ծրագրի մաս է կազմում։ Երբ Նիկոլ Փաշինյանը՝ «ծակ Նիկոլը», նստում ու ժամերով խոսում է և բացում է այդ ծակը, այնտեղ գիտակցաբար խցկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, շահերը, իրավունքները, և դա վերաբերում է Հայաստանին, Արցախին, սփյուռքին և մեր միասնությանը:
Սա ավելին է, քան դավաճանությունը, ավելի խորքային է եւ ավելի համապարփակ է, եւ իր նախկին գործընկերը չէ, որ պետք է դա ասի մեծ ցավով: Սա չարիք է, որ մեզ այցելել է պատմության խորքից դեպքերի բերումով, եւ մենք պետք է թույլ չտանք, որ մի մարդ հիշողության ծակի մեջ խցկի մեր պետությունը, մեր ժողովրդին, եւ ինքը եթե չունի, ու պարզ է, որ չունի արժանապատվություն, տղամարդկություն, որ ինքն իրեն դնի այդ ծակի մեջ՝ ազգի, պետության եւ հայրենիքի փոխարեն, ապա կան մարդիկ, որոնք պատրաստ են իր հետ գնալ այդտեղ:
Փակում է Արցախի ճանապարհը, որ մի տարի առաջ չմասնակցեմ թոռանս կնունքին, հետո ֆեյսբուք է փակում, Սարդարապատի ճամփան է արգելափակում, մի քանիսին քաղաքական բանտարկյալ է սարքում, բանտախուց է ուղարկում, մեկ ուրիշին այնպիսի ծանր պայմաններ է առաջարկում, որ ինքը մենակ չմնա հիշողության ծակի մեջ…Բայց եթե պետք է, կլինեն ընկերներ, որ հանուն հայրենիքի այդ ծակը կմտնեն, եթե ինքը մենակ դա չի կարող անել:
Ուղղակի ափսոսում ենք, որ հասել ենք այն վիճակին, որ Արցախին սպասվում է Նախիջեւանի ճակատագիրը: Նախիջեւանը 110 տարի առաջ ամբողջովին հայկական օրրան էր..․ Հիմա էլ Արցախը մեր աչքի առջեւ մեր կյանքի օրերին ապրում է կրիտիկական օրեր: Դրա համար մենք պետք է ցնցենք հայոց ու միջազգային հանրային կարծիքը:
Եվ ինքը, որ իր գրպանում ունի Հայաստանի վարչապետի բիզնես քարտը, վիզիտ քարտը, փոխանակ ներկայացնի հայոց դատը, հայկական կռվաններն ու իրավունքները, նստած՝ որպես Ադրբեջանի վարձած վերլուծաբան, փորփրում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը, փորձում է այնտեղից վեր հանել դիվանագիտական սխալներ նախորդ շրջաններից, նախկին նախագահներից կամ արտգործնախարարներից (եւ այո, եղել են սխալներ) որոնց մի մասը մատնանշում է, մի մասը կտրում է կոնտեքստից, մի մասը ընտրովի է վերցնում, մյուս մասը թողնում ընդհանրապես չարտահայտված: Բայց ինքը ունի նպատակ՝ արդարացնելու համար իր քաղաքական որոշումները, իր պարտությունը, 5000, 4000 կամ 3800 ոսկե տղաներին պատճառած մահերը․․․