Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին 

Դիմող`
2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով
լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու,
ՀՀ քաղաքացի Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից

Հասցե` ք. Երեւան, Գայի պողոտա 8, բնակարան 1բ.,
Հեռախոս` 091 77 43 19 (բջջ.), 67-42-61 (աշխ)
Էլեկտրոնային փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Դիմողի ներկայացուցիչ`
Սեդա Սերյոժայի Սաֆարյան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
Հասցե` ք. Երեւան, Գայի պողոտա 8, բնակարան 1բ.,
Հեռախոս` 091 35 78 21 (բջջ.), 67-42-61 (աշխ)

 

ԴԻՄՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1 եւ 101 հոդվածի 1-ին մասի 9 կետերի հիման վրա
«Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին»
թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 դեկտեմբերի 2012թ. N 12-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին

 

Բարձր դատարան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 կետով եւ 101 հոդվածի 1-ին մասի 9 կետով` դիմում եւ խնդրում ենք ՀՀ Սահմանադրական դատարանին անվավեր ճանաչել «Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 դեկտեմբերի 2012թ. N 12-Ա որոշումը:

Վերոհիշյալ ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակատվածներում եւ քվեարկության օրը տեղ են գտել համակարգային ու համատարած բնույթի այնպիսի օրինախախտումներ, որոնք խաթարել են սահմանադրորեն երաշխավորված (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) ազատ ընտրությունների կարեւորագույն սկզբունքները`

· ընտրությունների հրապակայնության սկզբունքը,

· նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները,

· ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը,

· ընտրական իրավունքի գաղտնիության սկզբունքը,

միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխավոր պետությունը չի ապահովել քաղաքացիների ընտրելու ու պատգամավորության թեկնածուի ընտրվելու իրավունքների իրացումը, որոշ դեպքերում իր ակտիվ գործողություններով կամ անգործությամբ խոչընդոտել է դրան,

խախտումները, լինելով համատարած բնույթի, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` « Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է »:

Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` « Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ »:

Սահմանադրության հոդված 3-ի համաձայն` « Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք »:

Միջազգային կազմակերպություններին անդամակցելու, նրանց հիմնարար փաստթաղթերին միանալու կամ դրանք վավերացնելու ուժով պետությունը ստանձնել է պարտավորություններ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների, այդ թվում` ընտրելու եւ ընտրվելու իրավունքների ապահովման ու պաշտպանության, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Մասնավորապես, « Մարդկային չափման վերաբերյալ ԵԱՀԽ կոնֆերանսի Կոպենհագենյան հանդիպման փաստաթղթի» 5-րդ կետի ներքո թվարկված են «մարդկային էակներին բնորոշ արժանապատվության եւ անքակտելի իրավունքների լիակատար իրականացման համար կարեւոր արդարադատության տարրերը», որոնք, իբրեւ պարտավորություն, հանդիսավոր ճանաչել են մասնակից պետությունները, այդ թվում` Հայաստանը.

«(5.4) պետության եւ քաղաքական կուսակցությունների հստակ տարանջատումը, մասնավորապես, կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ,

(5.7) մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կերաշխավորվեն օրենքով եւ միջազգային իրավունքի ներքո նրանց (մասնակից պետությունների) ստանձնած պարտավորություններին համապատասխան,

(7.7) ապահովել, որպեսզի օրենքը եւ պետական քաղաքականությունը գործեն` թույլ տալով քաղաքական քարոզչությունն իրականացնել արդար եւ ազատ մթնոլորտում, որտեղ ոչ մի վարչական գործողություն, բռնություն կամ արգելք քաղաքական կուսակցություններին չեն խոչընդոտում իրենց հայացքներն ու որակները ազատ արտահայտելուն, կամ չեն խոչնդոտ ում ընտրողներին դրանք ազատ լսելուն եւ քննարկելուն կամ պատժվելու վախից զերծ քվեարկություն կատարելուն » (http://www.osce.org/odihr/elections/14304 DOCUMENT OF THE OPENHAGEN MEETING OF THE CONFERENCE ON THE HUMAN DIMENSION OF THE CSCE

ՀՀ Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` « Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման օրինականության համար »: Նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով:

Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածը («Հավասար ընտրական իրավունքը») սահմանում է. « 1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով: 2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար »:

 

Ընտրական պասիվ իրավունքի խախտումներ

Նախընտրական քարոզչության սկզբունքների խախտում

Ընտրական պասիվ իրավունքի իրացումը ենթադրում է պետության եւ ընտրությունների կազմակերպման համար լիազորված մարմիների կողմից թեկնածուների համար հավասար պայմաններ, հանրության եւ թեկնածուի համար ընտրական գործընթացի հրապարակայնություն, թեկնածուների ծախսերի թափանցիկություն եւ վերահսկելիություն ապահովելը, ինչպես նաեւ՝ թեկնածուի ընտրական պասիվ իրավունքի խախտման դեպքում դատական կարգով դրանց վերացումը:

Ընտրական գործընթացի հրապարակայնությունը, թեկնածուների ծախսերի թափանցիկությունը եւ վերահսկելիությունը ապահովելու նպատակով ՀՀ ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի («Նախընտրական հիմնադրամի ձեւավորումը») 1-ին մասն ամրագրում է, որ « Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով բացում են նախընտրական հիմնադրամ»։

Հոդված 27-ի («Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը») 1-ին մասի համաձայն` « Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը» :

Հոդված 25-ի7-րդ մասն ամրագրում է, որ «Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք եւ այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում »:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուների համար նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի եւ դրանց օգտագործման վերաբերյալ 1-ին, 2-րդ եւ 3-րդ հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետներ են սահմանվել համապատասխանաբար մինչեւ նոյեմբերի 2-ը, նոյեմբերի 23-ը եւ դեկտեմբերի 4-ը:

Մինչեւ նոյեմբերի 23-ը ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն թեկնածուների ներկայացրած 2-րդ հայտարարագրերի հիման վրա վերջինիս պատրաստած տեղեկանքի համաձայն` ԱԺ պատգամավորի ինքնաառաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չէր բացել եւ բացակայում էր որեւէ տեղեկատվություն նրա կողմից նախընտրական քարոզչության վրա կատարված ծախսերի վերաբերյալ: Մինչդեռ, հիշյալ թեկնածուն տպագրել էր բուկլետներ (կասկածահարույց տպաքանակով), որոնք համապատասխանաբար բաժանվում էին ընտրողներին, եւ նախընտրական պաստառներ (տարբերվող տեսքով եւ երկու խմբաքանակով), որոնք փակցվել էին քարոզչական պաստառների համար 10.000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում առանձնացված անվճար տեղերում, ինչպես նաեւ իր նախընտրական բուկլետներւոմ նշել էր նախընտրական երկու շտաբի հասցեներ (Մոլդովական եւ Թոթովենց փողոցների վրա): ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պատրաստած տեղեկանքում նրա անվան դիմաց զրոները վկայում էին այն մասին, որ հիշյալ թեկնածուի նախընտրական ծախսերը բացարձակ դուրս են ԿԸՀ եւ հանրության վերահսկողությունից (ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության տեղեկանքը կցվում է):

Ինքնաառաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ բացել է միայն նոյեմբերի 28-ին` քվեարկությունից 3 օր առաջ, այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը թիվ 1 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու եւ ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Իր դիմումում, ի թիվս Ռոբերտ Սարգսյանի թույլ տված խախտումների թվարկման, Ս.Սաֆարյանը անդրադարձել էր նաեւ Էդուարդ Պետրոսյանի հայտարարագրին ու քարոզչական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությանը: Միայն նոյեմբերի 29-ին թիվ 1 ԸԸՀ-ում (երբ վերջինս քննում էր Ս. Սաֆարյանի դիմումը) հրապարակվեցին Էդուարդ Արտավազդի Պետրոսյանի պարզաբանումներն այն մասին, թե « 28.11.2012թ. բացել եմ նախընտրական հիմնադրամ եւ նշված ծախսերը կատարել եմ հիմնադրամից: ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով նախընտրական հիմնադրամի վերաբերյալ սահմանված ժամկետում ՀՀ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն կներակայացնեմ համապատասխան հայտարարագիրը » (Է.Պետրոսյանի 28.11.2012թ.-ով թվագրված պարզաբանման պատճեն կցվում է): Թեկնածու Պետրոսյան իր այդ պարզաբանմանը կցել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ի հետ նոյեմբերի 28-ով կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրի պատճեն, հիմնադրամի բացման օրով երկու մուտքի` 39.000 եւ 61.000 դրամի մուծման անդորրագրի պատճեներ եւ կրկին նույն օրով բուկլետների տպագրության ծառայության վճարի համար 61.000 դրամի վճարման հանձնարարագրի պատճե, բայց չկցելով բուկլետները տպագրած ընկերության հետ պայմանագրի պատճե:

Չլիներ թիվ 1 ԸԸՀ-ին ուղղված թեկնածու Ս. Սաֆարյանի դիմումը քվեարկությունից մի քանի օր առաջ, ԿԸՀ-ին եւ ԸԸՀ-ին բացարձակապես չէին հետաքրքրելու թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամակահատվածում քարոզչության վրա թեկնածու Պետրոսյանի կատարած ծախսերը, եւ միայն դեկտեմբերի 29-ին թիվ 1 ԸԸՀ-ն հայտարարեց այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու մասին: Մինչդեռ ԿԸՀ-ը մինչ այդ նկատել էր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պատրաստած տեղեկանքում այդ թեկնածուի անվան դիմաց դրված 0-ները, թեպետ համապատասխան նիստում օրենքի խախտում չէր արձանագրել, չէր փորձել սեփական նախաձեռնությամբ պարզել թեկնածուի կատարած ծախսերն ու դրանց իրական արժեքը: Նույն կերպ, ԿԸՀ-ը օրենքի պահանջներին համապատասխան որակեց դեկտեմբերի 4-ին Է.Պետրոսյանի ներկայացված 3-րդ հայտարարագիրը` փորձ անգամ չանելով գնահատել ոչ միայն մինչեւ նոյեմբերի 28-ը, այլեւ դրանից հետո թեկնածուի ձեռքբերած ապրանքների եւ ծառայությունների փաստացի եւ շուկայական արժեքները, ինչպես նաեւ` դրանք մատակարարած կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն ու իսկությունը:

ԿԸՀ ու ԸԸՀ-ի կողմից թեկնածու Ս.Սաֆարյանի բողոքների ու դիմումների քննությունը ապացուցելու եկան 2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ վերջնական եզրակացության (հրապարակված` 2011թ. հոկտեմբերի 17-ին) 54-րդ մասի ներքո հայտնած մտահոգությունը. « Հոդված 28-ը ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայութանը բնութագրում է իբրեւ նախընտրական հիմնադրամի օգտագործման ու «քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ» վերահսկողություն իրականացնող: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին կարծիքները դիտարկել են այդ պատասխանատվությունը ԿԸՀ-ին վերապահելու բացասական ասպեկտները, քանի որ դա հակադրվում է ընդհանուր ընտրական վարչարարության պատասխանատվությունից զուրկ անկախ գործակալության գաղափարին: Մինչ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում են ԿԸՀ իրավասությունը, սակայն կրկնում են, որ լավ պրակտիկան ցույց է տվել, որ բացառապես ընտրական ֆինանսավորման վրա կենտրոնացած անկախ հանձնաժողովը թե՛ քարոզչության ֆինանսական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման, թե դրա հավուր պատշաճի գործառնությունն ապահովելու կարեւոր միջոց է » (www.coe.int/t/dghl/monitoring/greco/evaluations/round3/GrecoEval3(2010)4_Armenia_Two_EN.pdf) :

ԿԸՀ-ի ու նրա վերստուգիչ ծառայության պահվածքը նույնատիպ էր նաեւ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի ներկայացրած 2-րդ հայտարարագրի ծախսերի գնահատման կապակցությամբ: Հիշյալ թեկնածուն նոյեմբերի 23-ի դրությամբ 2-րդ հայտարարագրով մինչեւ այդ օրը իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար էր ներկայացրել է 2.710.000 դրամը, որից` 2.652.080 դրամը ցույց էր տրվել իբրեւ ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ: Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե’ իբրեւ այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե’ հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ: Նոյեմբերի 23-ի դրությամբ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները կազմել էին 57.920 դրամ (2-րդ հայտարարագրի պատճեն կցվում է):

Ընտրական օրենսգրքի 26-րդ («Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը») հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. « Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով: Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչեւ նախընտրական հիմնադրամի ձեւավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում »:

Թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր 2-րդ հայտարարագրում նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի եւ դրանց օգտագործման վերաբերյալ նշել էր, թե հիմնադրամ առաջին մուտքը արվել է 1.000.000 դրամ` 25.10.2012թ., երկրորդը`1.500.000 դրամ 07.11.2012թ., եւ երրորդը` 210.000 դրամ 23.11.2012թ.: Ընդհանուր առմամբ` 2.710.000 դրամ: Հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը թեկնածուի նախընտրական հիմնադրամից 06.11.2012թ. փոխանցվել էր « վահանակներում տեղադրվող 14 (լայնաֆորմատ) պաստառների տպագրության, նախընտրական շտաբերի վրա փակցվող թվով 35 պաստառների, ինչպես նաեւ` նախընտրական շտաբերի ներսում փակցվող պաստառների տպագրման նպատակով ընդհանուր մակերեսով 386 քառակուսի մետր », եւս 1.409.500 դրամ` «գովազդային վահանակների վարձակալման, դրանց վրա քարոզչական պաստառների տեղադրման համար»: 23.11.2012թ. հավելյալ 156.975 դրամ նրա նախընտրական հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, որն ինչպես թեկնածուն է պարզաբանել, կատարվել է « նախընտրական շտաբերի վրա փակցվող թվով եւս 35 պաստառների ընդհանուր մակերեսով 70 քառակուսի մետր տպագրության նպատակով»:

Հիշյալ ապրանքից ու ծառայությունից զատ, թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր 2-րդ հայտարարագրում ցույց է տվել, թե նախընտրական բուկլետների տպագրության նպատակով 07.11.2012թ. հիմնադրամից փոխանցել է 120.000 դրամ: Նույնը օրը հիմնադրամից 100.000 դրամ փոխանցվել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջաններում « տեղեկատվության տարածման համար»: Ինչպես նոյեմբերի 29-ին թիվ 1 ԸԸՀ-ում ընթերցվեց թեկնածուի պարզաբանումները, հայտարարագրում նշված այդ ծախսը կատարվել է Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բազմաբնակարան բոլոր շենքերի մուտքերում, վերելակների ներսում կամ նրանցից դուրս գովազդային վահանակների վրա «թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը զետեղելու նպատակով»: Պատվիրատու «ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի» նախընտրական հիմնադրամի եւ կատարող «Լեդուս» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. նոյեմբերի 7-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվել է « պատվիրատուի եւ վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ զետեղել Կատարողի սեփականությունը հանդիսացող վահանակներում, որոնք տեղադրված են Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի (համայնքի) բազմահարկ բնակելի շենքերի թվով 300 (երեք հարյուր) եւ Նոր Նորք վարչական շրջանի (համայնքի) 1-ին եւ 2-րդ զանգվածների թվով 90 (իննսուն)» վերելակներում » (պայմանագրի պատճեն ու «Լեդուս» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկանքի պատճեն կցվում է):

Ի սկզբանե, անգամ առաջին հայացքից ու անզեն աչքով ակնհայտ է եղել, որ հիշատակված բոլոր ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափերը նվազեցված են, չեն համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին եւ գերազանցում են հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին :

Բացի այդ, ակնհայտ փաստ է եղել, որ ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի քարոզչական ծախսերը դրանով չեն սահմանափակվում եւ վերահսկելի չեն ոչ ԿԸՀ-ի, ոչ թիվ 1 ԸԸՀ-ի, ոչ էլ հանրության ու մեր համար: Այդպիսի եզրահանգման հիմք է ծառայել այն հանգամանքը, որ մեր կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ` համապատասխան գրառմամբ: Եւս մեկ անգամ ընդգծենք, որ դրանց վրա փակցված ցուցանակները վրա իբրեւ տպաքանակ նշված է 35-ը: Ինչպես նաեւ` նախկինում թեկնածուի թիմի քաղաքական դեմքերն ու ներկայացուցիչներն էլ հայտարարել էին 35 ընտրական շտաբեր բացելու մասին` նվազեցնելով դրանց իրական թիվը: Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարները կրիչով եւ դրանց հասցեների ցուցակով կցվել եւ տրամադրվել էր թե թիվ 1 ԸԸՀ-ին, թե ԿԸՀ-ին (թեկնածուն նշում է, որ ինքը 2 խմբաքանակով տպագրել է տվել ընտրական շտաբի 70 ցուցանակ` 35 եւ 35, ինչը հիմք է մտածելու, որ շտաբերի իրական թիվը հենց այդքան է): Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբեր են հայտնաբերվել ներքոնշյալ հասցեներում (այն շտաբերը, որոնք փոքր, օժանդակ կառույցներում են գտնվում եւ դրանց հասցեն ճշգրտելը բավականին դժվար է եղել, դրանց հասցեները նշված են մոտակա շինությունների/խաչմերուկների հասցեներով).

  1. Նանսեն 10
  2. Գաjի 2
  3. Մալյան 2
  4. Խուդjակովի 3
  5. Ավանի 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք 1
  6. Խուդյակովի 40
  7. Ավանի 6-րդ – 5-րդ փողոցների խաչմերուկ
  8. Խուդյակով 68
  9. Սաֆարյան – Խուդյակով փողոցների խաչմերուկ
  10. Ավանի 3-րդ փողոց, 36
  11. Ավանի 3-րդ փողոց, 42
  12. Աճառյան 42
  13. Աճառյան – Բաբաջանյան թխողոցների խաչմերուկ
  14. Աճառյան 12
  15. Բաբաջանյան 129
  16. Մոլդովական 2
  17. Մոլդովական 12
  18. Մոլդովական 26
  19. Թոթովենց 11
  20. Նոր Նորքի հանրակացարաններ
  21. Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/14
  22. Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/12
  23. Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/5
  24. Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 2/8
  25. Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 1/11
  26. Ավան-Առինջ 3-րդ միկրոշրջան 2/5
  27. Թումանյան թաղ. 13/3
  28. Թումանյան թաղ. 6/3
  29. Թումանյան թաղ. 8
  30. Վարուժան թաղ. 8
  31. Վարուժան թաղ. 9
  32. Իսահակյան թաղ. 1/2
  33. Իսահակյան թաղ. 45
  34. Քուչակ թաղ. 20
  35. Քուչակ թաղ. 47
  36. Նարեկացի թաղ. 38
  37. Նարեկացի թաղ. 40
  38. Նարեկացի թաղ. 44
  39. Նարեկացի թաղ. 54
  40. Հովհաննիսյան թաղ. 24/1
  41. Հովհաննիսյան թաղ. 24/2
  42. Բրյուսով թաղ. 69
  43. Բրուսով թաղ. 70
  44. Դուրյան թաղ. 34
  45. Դուրյան թաղ. 37
  46. Դուրյան թաղ. 47
  47. Դուրյան թաղ. 54
  48. Չարենց թաղ. 15
  49. Չարենց թաղ. 12
  50. Սայաթ-Նովա թաղ. 8

Գրեթե անհնար է, որ նվազագույնը 50 ընտրական շտաբեր, դրանցից որոշները` տպավորիչ տարածքներում, նվիրատվության կարգով տրամադրված լինեն թեկնածուին: Ակնհայտորեն, դրանք վարձակալված տարածքներ են, որոնց վարձակալության վճարը թեկնածուն թաքցրել է, իսկ հայտարարագրում այն չհիշատակելու ու թաքցնելու հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի վերաբերյալ ԿԸՀ տված կամայական մեկնաբանությունը:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի («Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները») 5-րդ մասն ամրագրում է. « Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը »:

Քարոզարշավի մեկնարկից ի վեր Ռոբերտ Սարգսյանի եւս մեկ ընտրական շտաբ տեղակայված է եղել թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում, ինչը Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է (1/11 տեղամասի շենքում ՀՀԿ թեկնածուի շտաբ, http://www.youtube.com/watch?v=KJKQj3-aAz8): Ինչպես մեկնաբանեց թիվ 1 ԸԸՀ-ն նոյեմբերի 29-ին, ապա՝ նույնը կրկնեց ԿԸՀ-ը` դեկտեմբերի 1-ի իր որոշման մեջ, ահազանգը ստանալուց հետո թիվ 1 ԸԸՀ-ը նոյեմբերի 22-ին պարտավորրեցրել է թեկնածու Ռոբերտ Սարգսյանին փակել այդ վայրում գտնվող ընտրական շտաբը եւ խախտումը վերացվել է: Թեպետ, եթե ԸՕ-ի 18-րդ հոդվածի 5-րդ մասի նրանց մեկնաբանութան համաձայն ընտրական շտաբերի ցուցանակների թիվը սահմանափակված է, մինչդեռ շտաբերի թիվը անսահմանափակ, ապա հիմնազուրկ է դառնում նաեւ ԸԸՀ-ի այն պնդումը, թե ընտրական շտաբը փակվել է: Դրա մասին է խոսում այն փաստը, որ Ս.Սաֆարյանի շտաբի անդամները նոյեմբերի 27-ին` նրա դիմումը թիվ 1 ԸԸՀ-ին ներկայացնելու օրը, այցելել են հիշյալ հասցե եւ ականատես եղել մարդկանց հավաքների ու ընտրական աժիոտաժի:

Այս եւ այլ կոպտագույն խախտումների կապակցությամբ նոյեմբերի 27-ին թիվ 1 ԸԸՀ-ին ներկայացված Ս.Սաֆարյանի դիմումը ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու եւ ուժը կորցրած ճանաչելու մասին առանց լուրջ հիմնավորման մերժվեց: Նույն կերպ ԿԸՀ-ն մերժեց թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.11.2012թ. որոշման դեմ դեկտեմբերի 1-ին Սաֆարյանի բերած բողոքը:

Երկու հանձնաժողովներն էլ պարտավոր էին վիճարկվող փաստական հանգամանքերը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ կատարելու ուսումնասիրություններ եւ հիմնավորված հետեւությունների հիման վրա կայացնել որոշում, ինչը չեն արել: Չփորձելով որեւէ եղանակով պարզելու ծառայությունների շուկայական գների վերաբերյալ թեկանածու Ս.Սաֆարյանի առաջ քաշած հանգամանքները, նրանք հանգել են սխալ հետեւության, ըստ որի գտել են, որ Ռոբերտ Սարգսյանը ընտրական օրենսդրության խախտում թույլ չի տվել: Եթե երկու հանձնաժողովներն էլ լայնաֆորմատ քարոզչական պաստառների շուկայական գնի համար հղում են կատարել գովազդատու ընկերությունների հայտարարած թվերի վրա (առանց պարզելու դրանց իսկությունը) կամ փորձել են դա հիմնավորել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնատիպ ծառայությունների համար կուսակցությունների ներկայացրած հայտարարագրերում նշված արժեքների վրա (կրկին վստահելով ներկայացված թվերին), ապա որեւէ գնահատական չեն տվել այն փաստերին, որ գովազդային վահանակի վրա փակցված պաստառները, ընտրական շատաբերի վրա փակցված ցուցանակները ու բազմաբնակարան շենքերի վերելակներում եւ շքամուտքերում փակցված «թեկնածուի մասին տեղեկությունները» նույնաբովանդակ են, եւ եթե դրանք քարոզչական պաստառ չեն, ապա այդպիսին չեն թվարկվածներից եւ ոչ մեկի պարագայում: Իսկ եթե քարոզչական են, ապա «տեղեկություն չեն թեկնածուի մասին», ինչպես որ իր ներկայացրած տեղեկանքում եւ ծառայությունների մատուցման մասին պայմանագրում հիշատակում է «Լեդուս» ՍՊԸ-ն կամ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը` իր պարզաբանումներում: Ավելին, երկու հանձնաժողովն էլ որեւէ փորձ չեն կատարել պարզելու, օրինակ, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն, որ «Լեդուս» ՍՊԸ-ի կողմից «թեկնածուի մասին տեղեկություններ զետեղվել են» Ավան վարչական շրջանի (համայնքի) բազմահարկ բնակելի շենքերի թվով 300 (երեք հարյուր) եւ Նոր Նորք վարչական շրջանի (համայնքի) 1-ին եւ 2-րդ զանգվածների թվով 90 (իննսուն) վերելակներում, թե՞ ավելի շատ, որքա՞ն է կազմում դրա ընդհանուր մակերեսը, որքա՞ն է շուկայական արժեքը եւ արդյոք պատվիատուի ու կատարողի ներկայացրած թվերը շուկայական արժեք են, եւ վերջապես` արդյո՞ք թեկնածուն իրավունք ուներ նման վայրերում փակցնել քարոզչական պաստառներ:

Ընտրական օրենսգրքի հոդված 20-ի («Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների եւ քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգը») 2-րդ մասի 2-րդ պարբերությունը ամրագրում է. « Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը »: Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը ամրագրում է. « Քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշումը 10 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում »:

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող տարածքները` շքամուտքերը, վերելակները որեւէ կերպ չեն պատկանում իրավանաբական անձ «Լեդուսի»-ն: Վերջինիս սեփականություն են հանդիսանում հիշյալ շենքերում առկա գովազդային վահանակները, որոնց օգտագործման հարցում նա սահմանափակված է Ընտրական օրենսգրքի պահանջներով, հետեւաբար, այդ շենքերում զետեղված թեկնածուի քարոզչական պաստառները նախընտրական քարոզչություն է, որն արգելված է ՀՀ Ընտրական օրենսգրքով, որի 20-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն` « Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում»:

Հոդված 20-ի 4-րդ կետի համաձայն` « Համայնքի ղեկավարը կարող է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` մինչեւ 5 քառակուսի մետր մակերեսով, իսկ մյուս ընտրությունների դեպքում` առանց մակերեսի սահմանափակման, քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնել: Քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելիս համայնքի ղեկավարը պարտավոր է բոլոր թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար համայնքի տարածքում ապահովել ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ: Համայնքի տարածքում հավասար պայմաններ ապահովելու նպատակով պաստառի չափսերը թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները համապատասխանեցնում են համայնքի ղեկավարի` պաստառի փակցման համար առանձնացված տեղերին »:

Բացի այն, որ թեկնածու Ռոբերտ Սարգսյանն արդեն իսկ տպագրել ու ընտրական շտաբերի վրա փակցրել է ԸՕ-ով սահմանված առավելագույն թիվը գերազանցող թվով ցուցանակներ, որոնք մշտապես փակցված լինելով տվյալ տարածքում, քարոզչական ազդեցություն են ունեցելղի ընտրողների վրա, հիշյալ 50 եւ միգուցե ավելի ընտրական շտաբերից ոչ մեկի համար ծախս արտացոլված չէ թեկնածուի հայտարարագրում: Չունենալով այդպիսի ծախսի մասին որեւէ տեղեկատվություն, առավել եւս՝ անկախ գնահատական դրանց շուկայական արժեքի վերաբերյալ, ԸԸՀ-ն չի էլ գնահատել սահմանված առավելագույն թիվը գերազանցող շտաբերի քանակի, քարոզչական ազդեցություն ունեցող դրանց ցուցանակների որակական եւ քանակական ազդեցությունը քարոզչության ու ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրական օրենսգրքի հոդված 26-ի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը նախատեսում են սանկցիաներ այն դեպքերի համար, « եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում » (ԿԸՀ որոշմամբ թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին պարտավորեցվում է հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե, 3-րդ մաս), « եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը » (ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին պարտավորեցվում է հիմնադրամի` օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե, 4-րդ մաս), « եթե նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի եւ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պետական բյուջե վճարվող գումարների գումարի չափի եւ նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 10 տոկոսը » (ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, 5-րդ մաս):

Հոդված 26-ի 12-րդ մասն ամրագրում է, որ « Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի դրույթները վերաբերում են միայն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորմանը »:

2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ վերջնական եզրակացության (հրապարակված` 2011թ. հոկտեմբերի 17-ին) 53-րդ մասի դիտարկումը ամրագրում է, « Հոդված 26.12-ը սահմանում է հետեւյալներն իբրեւ քարոզչության թույլատրելի ծախսեր. «զանգվածային լրատվության միջոցներ, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստուման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորում»: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շարունակում են առաջարկել, որպեսզի հոդված 26-ը վերանայվի` ապահովելու քարոզչությանն առնչվող բոլոր ծախսերը, ներառյալ` մարքեթինգի ծ առայությունների գործածումը, ընտրական շտաբերը, ընտրական ռազմավարությունների արտաքին աջակցությունը, ճանապարհածախս ու ընտրվելու համար կատարված որեւէ այլ ծախս »: 51-րդ կետի ներքո դիտարկումը ասում է, « Ընտրական օրենսգրքի 25-ից 28 հոդվածները կարգավորում են նախընտրական հիմնադրամներ բացելուն, օգտագործելուն եւ հաշվետվություն ներկայացնելուն ներկայացվող պահանջները եւ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը: Այդ հոդվածները ներառում են քարոզչության համար թույլատրելի ծախսերի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ ու նվիրաբերված ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ապահովելու մասին Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունները: Ուշադրություն պետք է դարձնել նաեւ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ երկրների խմբի (ԳՐԷԿՈ) 2010թ. դեկտեմբեր 3-ով թվագրված ամենավերջին զեկույցի առաջարկությունների կյանքի կոչմանը: Այդուհանդերձ, 26.12 հոդվածի թույլատրելի ծախսերի ցանկը դեռեւս որոշակիորեն սահմանափակված է » ( www.coe.int/t/dghl/monitoring/greco/evaluations/round3/GrecoEval3(2010)4_Armenia_Two_EN.pdf.) :

Ինչպես վերը նշվեց, արդեն իսկ 2011թ. մայիսին ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կասկածի տակ են դրել ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության անաչառությունը եւ անկախությունը, ինչը լավագույնս դրսեւորվեց դեկտեմբերի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովում ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Սաֆարյանի բողոքների ու դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում: Դրանցից եւ ոչ մեկի ընթացքում ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը անկախ եւ անկողմնակալ քննություն չիրականացրեց իշխանական թեկնածուի նախընտրական հիմնադրամի մուծումների ու ծախսերի կապակցությամբ: Ավելին, այդ ծառայությունը գործեց ԿԸՀ 2012թ. փետրվարի 16-ի « Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 33 որոշման շրջանակներում` ոչ մի կերպ չանդրադառնալով ՀՀԿ թեկնածուի կողմից կատարված այլ ծախսերին:

Չնայած ԸՕ-ի հիշյալ հոդվածի վերանայման ու մեկնաբանության կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարությանը, ԿԸՀ-ն դեմ գնալով դրա տրամաբանությանը, իր այդ որոշմամբ ոչ միայն նեղացրել է քարոզչական թույլատրելի ծախսերի շրջանակը, այլեւ դրանց տվել է կամայական մեկնաբանություն: Մասնավորապես, 2012թ. փետրվարի 16-ի « Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին» թիվ 33 որոշման մեջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է , «որ վերոնշյալ իրավանորմերում տեղ գտած նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում կատարված ծախսերը ըստ դրանց անմիջական նպատակի կամ ուղղվածության պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` ա) անմիջականորեն, բուն քարոզչության իրականացմանն ուղղված եւ համապատասխանաբար օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկողության ենթակա ծախսեր, բ) անմիջականորեն քարոզչության իրականացմանը չուղղված` տեխնիկական, կազմակերպչական եւ այլ նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծախսեր, որոնք օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկողության ենթակա չեն » (http://res.elections.am/images/dec/12.33.pdf) :

ԿԸՀ որոշման ապօրինությունը լավագույնս ցուցանում է այն, որ ընտրական շտաբերի ու ընտրվելու վրա կատարվող այլ ծասերը նա համարել է իբրեւ «ընտրողի կամքի ձեւավորմանն անմիջականորեն չուղղված գործողություններ». « Այն ապրանքները եւ ծառայությունները, որոնք թեեւ ձեռք են բերվել կամ ստացվել են նախընտրական քարոզչության շրջանում, սակայն ուղղված չեն բուն քարոզչական գործունեությանը, այսինքն` ուղղակիորեն չեն ձեւավորում ընտրողի կամքը, այլ կրում են կազմակերպչական, տեխնիկական եւ այլ բնույթ, եւ ուղղված են աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, չեն դիտարկվում որպես բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներից կատարվող եւ օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման ենթական ծախսեր »: Այդպիսով, ԿԸՀ-ի իր հայտնած այս հիմնազուրկ դիրքորոշման միջոցով տեղ է բացել հիմնադրամի միջոցներից դուրս եւ հայտարարագրման ոչ ենթակա այլ ծախսեր կատարելու համար, որոնք, ինչպես ցույց են տվել 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները եւ նաեւ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունները, ավելի մեծ են, քան քարոզչության վրա կատարված ծախսերը: ԿԸՀ-ի այդպիսի դիրքորոշումը, փաստացի, նպաստում է ստվերային քարոզչական գործունեություն, որը վերահսկելու ենթակա չեն ոչ միայն ԿԸՀ-ի, այլ նաեւ թեկնածուների ու հանրության համար:

Դրա հիման վրա ԿԸՀ-ը իր 2012թ. փետրվարի 16-ի որոշման 2-րդ մասում նշել է. « Հայտարարագրման ենթակա չեն այն ծախսերը, որոնք օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծախսեր չեն հանդիսանում, ինչպես օրինակ` - այն տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման համար կատարված ծախսերը, որոնք չեն կրում քարոզչական բնույթ, չեն հանդիսանում ընտրողներին տրամադրվող քարոզչական նյութեր. - օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ընտրական շտաբների վրա տեղադրված, ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը չգերազանցող, յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը 6 քառակուսի մետրը չգերազանցող, թեկնածուին կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր չներառող, պաստառների (ցուցանակների) համար կատարված ծախսերը. - այն դահլիճների կամ տարածքների վարձակալման համար կատարված ծախսերը, որոնք չեն օգտագործվում քարոզչություն իրականացնելու համար »:

ԿԸՀ-ն իր այդ որոշմամբ ոչ միայն սխալ է մեկնաբանել ԸՕ 26-րդ հոդվածում հանդիպող «տարածքի վարձակալություն» եզրը, այլեւ անուղղակի ամրագրել է, որ այդպիսի տարածքներում տեղակայված ընտրական շտաբերը ունեն « կազմակերպչական, տեխնիկական եւ այլ բնույթ, եւ ուղղված են աշխատանքների պատշաճ կազմակերպմանը», իսկ դրանցում ծավալվող գործունեությունը «անմիջականորեն ուղղված չէ ընտրողին կամքի ձեւավորմանը», այսինքն` կապ չունեն նախընտրական քարոզչության հետ, որը կարգավորվում է ԸՕ 18-րդ հոդվածով եւ որի 5-րդ մասում նկարագրվում են թեկնածուների ընտրական շտաբերը որպես քարոզչության վայր:

Հենց այս կամայական որոշումն են վկայակոչվել թիվ 1 ԸԸՀ-ի ու ԿԸՀ-ի կողմից թեկնածու Սաֆարյանի դիմումներն ու բողոքները մերժելու համար: Գտնում ենք, որ թիվ ԸԸՀ-ը եւ ԿԸՀ-ը դրանով նպատակ են ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ու դրանում սահմանված հասկացությունները մեկնաբանել է հօգուտ թեկնածու Ռ. Սարգսյանի՝ թույլ տալով նման թեկնածուների կատարած ծախսերը դարձնել անվերահսկելի: Մինչդեռ, ՀՀ Ընտրական օրենսգրքի «Նախընտրական քարոզչության սկզբունքները» անվանումով 18 հոդվածը, ինքնին ընտրական շտաբերի գործառույթ սահմանում է նախընտրական քարոզչությունը՝ ընտրողի կամքի ձեւավորումը նաեւ այդ տարածքներում: Մասնավորապես, 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է ընտրական շտաբերին ու դրանց քանակին: Ու թեեւ հանձաժողովը գտնում է, որ թեկնածուի շտաբերի քանակը օրենքով սահմանափակված չէ, այլ սահմանափակված է միայն դրա վրա փակցվող պաստառների քանակ, պարզ չէ, թե ԸԸՀ ու ԿԸՀ անդամների այդ տրամաբանության դեպքում ինչպե՞ս է օրենքը սահմանափակել ցուցանակների քանակը, բայց թույլ տվել անսահմանափակ քանակությամբ շտաբերի գոյություն: Ուստի եւ պետք է եզրակացնել, որ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի ու ԿԸՀ-ի կողմից օրենքի տվյալ դրույթը սխալ է մեկնաբանվել: Այդ հիմնազուրկ մեկնաբանության դեպքում ստացվում է, որ թեկնածուները կարող են ունենալ անսահմանափակ քանակությամբ շտաբեր, որոնցից միայն 35-ի վրա կարող են փակցվել ցուցանակներ, մնացյալի վրա՝ ոչ: Այդ դեպքում հարց է ծագում, թե ընտրությունների կազմակերպման անմիջական պատասխանատու ԸԸՀ-ը, դրանք վերահսկող ԿԸՀ-ը ու նրա Վերստուգիչ-վերահսիչ ծառայությունը ինչպե՞ս են գնահատելու հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերը, գնահատելու դրանց շուկայական արժեքը, եթե 35-ը գերազանցող մնացյալ շտաբերը անցուցանակ են, իսկ թեկնածուն կարող է պնդել, որ դրանք ընտրական շտաբեր չեն: Ակնհայտ է, որ 18-րդ հոդվածի 5-րդ մասին ԸԸՀ տված մեկնաբանությունը կամայական է, իսկ հիշյալ մասում նշված առավելագույն քանակը վերաբերում է թե ցուցանակներին, թե ընտրական շտաբերին:

ԿԸՀ հիշյալ որոշման հիշատակումով պատգամավորության թեկնածու Ռ. Սարգսյանն էլ ներկայացրել է պատճառաբանություն, թե իր կողմից ներկայացված երկու միլիոն յոթ հարյուր տաս հազար ՀՀ դրամ գումարը եւ իր կատարած ծախսերը համաչափ են եւ հանձնաժողովին է ներկայացրել հիշյալ հանգամանքերը կապակցությամբ ոչ վերաբերելի ապացույցներ: Մինչդեռ, կրկնում ենք, հայտարարագրում ընդհանարապես անդրադարձ չի արվել առնվազն 50 տարածքների՝ որպես ընտրական շտաբների օգտագործման կամ տիրապետման հիմունքների վերաբերյալ, թվով 70 եւ ավելի պաստառների չափերը ներկայացվել է այն չափով, որոնք առկա են հայտարարագրում: Մինչդեռ թիվ 1 ԸԸՀ-ը եւ ԿԸՀ-ը չեն ճշտել Ռ. Սարգսյանի ներկայացրած փաստերի իսկությունը եւ ներկայացված թվերի համապատասխանությունը դրանց շուկայական արժեքներին: Ավելին, թիվ 1 ԸԸՀ-ը ընդունել է, որ դրանք ոչ թե 35, այլ 70 են, եւ այդ հանգամանքը կասկածի տակ է դնում նաեւ շտաբերի համար հայտարարված թիվը, ինչպես նաեւ՝ խոսում է ավելի մեծ ու քողարկված ծախսերի մասին: Ուստի թեկնածու Ռ.Սարգսյանի կատարված վճարները չեն արտացոլում նրա ծախսերի իրական պատկերը նաեւ այդ առումով: Հետեւապես, թվով 50 վարձակալված կամ նվիրաբերված տարածքների շուկայական գները նախատեսում են առանձնապես խոշոր չափերի ծախսեր եւ հաձնաժողովը պարտավոր էր դիմել ԿԸՀ Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությանը` համապատասխան աուդիտ իրականացնելու առաջարկով: Կրկին առկա է հանձնաժողովի կողմնակալությունը թեկնածու Ռոբերտ Սարգսյանի համար նախընտրական քարոզչության համար անհավասար պայմաններ ապահովելու միտումով, ինչը հակասում է ԸՕ 18-րդ հոդվածի 1-ին մասին:

Ընտրական օրենսգրքով կարգավորված է նաեւ քարոզչական նյութերը տեղադրելու վայրերը: Բազմաբնակարանային շենքերում դրանց տեղադրումը չի կարող կարգավորվել գովազդային գործակալության հետ կնքված պայմանագրով կամ Գովազդի մասին ՀՀ օրենքով: Նախընտրական քարոզչությունը բացառապես կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով: Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացը բազմաբնակարանային շենքեր տեղափոխելուն եւ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող վայրերում քարոզչական նյութեր տեղադրելուն: Թիվ 1 ԸԸՀ-ը, որի անդամները նույնպես հաստատեցին այդ պաստառների համատարած առկայությունը բոլոր բազմաբնակարան շենքերում ու նկարագրեցին դրանք, քանակական գնահատական չտվեց դրանց մասշտաբների, իրական շուկայական արժեքի, եւ որ ամենակարորն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության վերաբերյալ:

Ըստ այդմ, մեր կարծիքով միարժեք է, որ երկու հանձնաժողովներն էլ մակերեսային են անդրադարձել թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական քարոզչության ապօրինի եւ ստվերային գործունեությանը, մատնանշած նյութերի աննախադեպ ծավալին, դրանց համար ներկայացված արժեքների՝ շուկայական գնին անհամապատասխանության հարցերին, ինչի կապակցությմաբ հստակ մատնանշված է 27.11.2012թ թիվ 1 ԸԸՀ-ին Ս.Սաֆարյանի ներկայացրած դիմում մեջ. «հիշատակված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար թեկնածու ՌոբերտՍարգսյանիցույցտրվածփաստացիչափընվազեցվածէ, չիհամապատասխանումդրաիրականշուկայականարժեքին, գերազանցումէհիմնադրամիմիջոցներիցկատարվածբոլործախսերիընդհանուր չափին»:

Ակնհայտորեն, ԿԸՀ որոշման իրական նպատակը եղել է քարոզչությանն իրականացամանն ուղղված կարեւորագույն մի շարք ծախսեր վերահսկողությունից դուրս բերելուն: Առաջին հերթին` իր վերահսկղությունից «դուրս դնելուն», որպեսզի իրավունք վերապահի իրեն դրանց կապակցությամբ գնահատական չտալ: Սակայն ԿԸՀ-ն իր այդ որոշմամբ նաեւ թեկնածուներին ու ընտրողներին է զրկել մրցակիցների կողմից նման ծախսերը վերահսկելուց, քանի որ թույլատրել է նման ծախսերը չարտացոլել հայտարարարում:

 

Ընտրությունների հրապարակայնության սկզբունքի խախտում

 

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի («Ընտրողների ցուցակների մատչելիությունը») 1-ին մասի համաձայն « Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաեւ ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում եւ տեսանկարահանվում »: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը ազատ է ցանկացած քաղաքացու ծանթության համար: Առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի հիշյալ հոդվածով, ինչպես նաեւ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, նոյեմբերի 19-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Ս.Սաֆարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին` խնդրելով տրամադրել « 1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով, 2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով» (Ստյոպա Սաֆարյանը ոստիկանությունից խնդրել է տրամադրել տպագիր եւ էլեկտրոնային ընտրացուցակներ, (http://www.aravot.am/2012/11/19/131949/):Դիմումում 2-րդ կետի կապակցությամբ մասնավորապես նշվել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի պահանջը պայմանավորված է Հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները եւ անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա էին Սաֆարյանի ընտրական շտաբին տրամադրված կոնկրետ ահազանգեր:

Նոյեմբերի 20-ին ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց այն մասին, որ Ստյոպա Սաֆարյանի` նոյեմբերի 19-ի « ներկայացրած գրությունը քննարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաեւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: ՀՀ ոստիկանությունը օրենքի պահանջը կատարել է` այդ կերպ ընտրողների ռեգիստրը հրապարակայնեցնելով » (Պարզաբանում, 20.11.2012 18:03 http://www.police.am/news/view/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_2.html ):

Որքան էլ ՀՀ ընտրական օրենսգրքի հիշյալ դրույթի համաձայն` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը, օրեր անց ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը առձեռն խտասկավառակով Ս. Սաֆարյանին է փոխանցել միայն թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը եւ մերժել է ՀՀ ընտրողների ցուցակի տրամադրումը: Այն ստանալիս Ս. Սաֆարյանը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում համապատասխան գրառում է թողել այն մասին, որ իրեն չի տրամադրվել ՀՀ ընտրողների ցուցակը:

Իր մերժումը հիմնավորելու համար ՀՀ Ոստիկանությունը նոյեմբերի 20-ի պարզաբանման մեջ նշել է. « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր եւ 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն: Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը համացանցում ընտրողների ցուցակը տեղադրելու օրենքով սահմանված պարտականություն չունի » (Պարզաբանում, 20.11.2012 18:03 http://www.police.am/news/view/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_2.html ):

Պարզաբանման մեջ որքան էլ ոստիկանությունը փորձել է հիմնավորել համացանցում ներբեռնելու հնարավորությամբ ՀՀ ընտրողների ցուցակը տեղադրելու իր պարտականության բացակայությունը, որեւէ կերպ չի հիմնավորել դրանք խտասկավառակով Ս.Սաֆարյանին հանձնելը մերժելը, առավել եւս` շրջանցել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով իր պարտականության հարցը:

Մինչդեռ նոյեմբերի 22-ին ՀՀ Ոստիկանությունն ինքն է հաստատել սեփական ուսումնասիրությունների արդյունքում բնակչության պետական ռեգիստրում անճշտությունների փաստը: Այդ օրը Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` « Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշվառման հասցեների փոփոխության վերաբերյալ քաղաքացիների կողմից բնակչության պետական ռեգիստրին տեղեկացնելու պարտականության ոչ պատշաճ կատարման արդյունքում ռեգիստրում առկա մի շարք հաշվառման հասցեներ չեն համապատասխանում քաղաքացիների իրական բնակության վայրի տվյալներին: Մասնավորապես, պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս հաշվառված են քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող բնակելի տարածությունների հասցեներում: Քաղաքացիների մի մասը պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով ստացել է նոր բնակելի տարածություններ, սակայն հաշվառման հին հասցեներից դեռեւս դուրս չեն գրվել: Հայտնի են նաեւ դեպքեր, երբ մահացած անձի մերձավոր ազգականները կամ այլ շահագրգիռ անձինք ՔԿԱԳ մարմիններին մահվան փաստի մասին չեն տեղեկացրել, ինչի հետեւանքով մահացած անձի անհատական տվյալները ռեգիստրի հաշվառումից չեն հանվել » ( Բնակչության պետական ռեգիստրում անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը դիմում է քաղաքացիներին , 22 նոյեմբերի 2012թ., http://www.police.am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/announcements.html ):

Չնայած Ոստիկանությունն իր կողմից միջոցներ էր ձեռնարկել բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու ուղղությամբ, եւ մասնավորապես, իր կողմից «պարզված նոր հասցեներով ոստիկանության ծառայողները այցելություններ են կատարել բնակարաններ եւ քաղաքացիներին խնդրել դուրս գրվել գոյություն չունեցող բնակարանների հասցեների հաշվառումից եւ հաշվառվել նոր բնակելի տարածություններում», կամ «մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 270 մահացածի անհատական տվյալներ», այդուամենայնիվ, ընտրացուցակներում ընդգրկված բոլոր ընտրողների ու հասցեների առկայության ստուգումը թեկնածու Ս.Սաֆարյանի ընտրական շտաբի անդամների համար մնացել է անհնարին, իսկ բնակիչների կողմից կոնկրետ անձանց վերաբերյալ տրմադրված փաստերը վկայել են այն մասին, որ որոշ հասցեներում բնակիչները չեն ճանաչել այդ հասցեով հաշվառված ընտրողին: Այդպիսի փաստեր Սաֆարյանի շտաբին տրամադրվել են ոչ միայն մինչեւ քվեարկության օրը, այլեւ ԶԼՄ-ներն են արձանագրել նման փաստեր հենց քվեարկության օրը («Գալա» հեռուստաընկերություն, «Ընտրական գործընթացը տեղամասից դուրս եւ ներս» http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=F5wn-mOIAWM ):

Այդպիսով, ՀՀ Ոստիկանությունը ոչ միայն ինքն է անկարող եղել ապահովելու վստահություն ներշնչող ցուցակներ, այլեւ թեկնածուին ու ընտրական շտաբին է զրկել դրանք ստուգելու հնարավորությունից, հատկապես երբ Ս.Սաֆարյանը բազմաթիվ հրապարակային հայտարարություններով առաջարկել է իր ընտրական շատբի մարդկային ու մասնագիտական օգնության պատրաստակամությունը` կրկնվող հաշվառումով ընտրողներին հայտնաբերելու, կասկածելի հասցեները ստուգելու ուղղութամբ:

Ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասն ամրագրում է, « Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում » (http://res.elections.am/images/doc/_code.pdf): ԸՕ այս դրույթը ներմուծվել է կրկնակի քվեարկության դեպքերը բացառելու, ինչպես նաեւ հանձնաժողովների անդամների կողմից քվեարկության ընթացքը վերահսկելու համար: Այս դրույթի կապակցությամբ 2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ վերջնական եզրակացության (հրապարակված` 2011թ. հոկտեմբերի 17-ին) 65-րդ կետի դիտարկումը նկատում է. « 66.4 եւ 66.5 հոդվածներն նախատեսում են քվեաթերթիկը լրացնելու եւ քվեաթերթիկի ծրարը կնքելու ընթացակարգ: Այն բանից հետ, երբ ընտրողը քվեատուփն է գցում քվեաթերթիկը, ՏԸՀ անդամից պահանջվում է դրոշմակնիք դնել ընտրողի անձը հաստատող փաստաթղում: Հոդված 55.5-ը նախատեսում է, որ այդ կնիքը պետք է անհայտանա շուրջ 12 ժամ անց, ինչը կվերացնի անձը հաստատող փաստաթղթում առկա կնիքի առկայության հիմնա վրա մարդուն հնարավոր վախացնելու կապակցությամբ մտահոգությունները » ( www.coe.int/t/dghl/monitoring/greco/evaluations/round3/GrecoEval3(2010)4_Armenia_Two_EN.pdf) :

2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համատարած դժգոհություններ ստացվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովներից այն մասին, որ այդ նպատակով տրամադրված թանաքանյութերը կարճ ժամանակում ցնդում են, իսկ դրոշմակնիքները՝ անհայտանում: Մայիսի 6-ին ԿԸՀ-ը օպերատիվ որոշում ընդունեց ՏԸՀ-ների կողմից սովորական թանաքանյութ օգտագործելու մասին: Այս մտահոգությունից դրդված, թեկնածու Ս.Սաֆարյանը նոյեմբերի 30-ին դիմել էր ԿԸՀ-ին` առաջարկելով քվեարկության օրն օգտագործել սովորական թանաքանյութ, ինչպես որ դա արվել էր մայիսի 6-ի: Նոյեմբերի 30-ին ԿԸՀ որոշում ընդունեց մերժել Սաֆարյանի այդ առաջարկությունը (որոշման պատճեն կցվում է): (Թափահարել՞, թե՞ չթափահարել. ահա որն է խնդիր, http://www.galatv.am/news/view/kyh-safaryan.html):

Դեկտեմբերի 1-ին թեկնածու Ս.Սաֆարյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչները, օգտվելով Ընտրական օրենսգրքով ԿԸՀ ընդունած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքից, փորձեցին դիմել վարչական դատարան: Սակայն, թեկնածուին խոչընդոտվեց իրացնել իր այդ իրավունքը, քանի որ որ աշխատանքային ժամին` ժ. 16:30-18:00-ն դատարանի տարածքում, բացի այն հսկող ոստիկաններից, որեւէ մեկը չի եղել վարչական գործը Ստյոպա Սաֆարյանի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանից ընդունելու համար: Լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատասխանող կողմին` ԿԸՀ-ին այդ ընթացքում փոստով ու պատվիրված նամակով ծանուցած է եղել վարչական վարույթի մասին:

Արդյունքում, դեկտեմբերի 2-ին՝ քվեարկության օրը կրկին տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվել է բարձր ցնդելիությամբ թանաքանյութ, որոնցով դրված դրոշմակնիքները արագ անհայտացել են անձը հաստատող փաստաթղթերից: Արդյունքում թեկնածու Սաֆարյանը եւ հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները զրկվել են քվեարկությունը վերահսկելու եւ կրկնակի քվեարկությունները բացառելու հնարավորությունից:

 

Ընտրական ակտիվ իրավունքի խախտումներ

Ընտրական իրավունքի հավասարության եւ գաղտնիության սկզբունքների խախտումներ

Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածը («Հավասար ընտրական իրավունքը») սահմանում է. « 1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով: 2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար »:

Ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածը («Քվեարկության գաղտնիությունը») սահմանում է. « Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է »:

Հոդված 21-ի («Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը») 2-րդ մասը սահմանում է, որ « Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով »: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ « Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից »:

2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ վերջնական եզրակացության (հրապարակված` 2011թ. հոկտեմբերի 17-ին) 50-րդ կետի ներքո դիտարկումը ամրագրում է. « պետական ռեսուրսների տարանջատումը կուսակցության եւ թեկնածուի ռեսուրսներից 1996թ.-ից ի վեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական զեկույցներում հիշատակվող խնդիր է մնում: Իշխող կուսակցության ցանցը ազդեցություն է գործում ոչ միայն ազգային կառավարության, այլ նաեւ կառավարչական պաշտոնների եւ շատ տարածաշրջաններում ՏԻՄ-երի վրա: Ազգային ընտրությունների ժամանակ այդ պաշտոնների հսկողության ներքո գտնվող ռեսուրսները իշխանական թեկնածուի օգտին ներգրավվում են քարոզարշավում: Դա ստեղծում է ռեսուրսներին անհավասարություն` դրա հետ մեկտեղ հավելյալ խնդիր հարուցելով այնպիսի ընկալումը, թե ծառայողներն իրենց զբաղվածության վախից պարտավոր են աշխատել իշխանական թեկնածուի օգտին, մասնակցել նրա հավաքներին եւ քվերակել նրա համար: Այդ պրակտի կա ն ոչ միայն չի համապատասխանում Ընտրական հարցերով լավ պրակտիկայի օրենսգրքին, որտեղ հնարավորությունների հավասարության սկզբունքն ամրագրում է բնական վերաբերմունք պետական իշխանությունների կողմից (CDL-AD(2002)023 rev, I. 2.3.), ոչ էլ ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձառություններին, որոնք պարտավորեցնում են կուսակցությունը տարանջատել պետությունից եւ հավասար վերաբերմունքի հիման վրա քարազչություն (1990 OSCE Copenhagen Document, paragraphs 5.4 and 7.7.): Հոդվածներ 19-ը եւ 22-ը, եթե կիրառվեն ամբողջությամբ եւ հավուր պատշաճի, կարող են նպաստել անցած զեկույցներում հիշատակված խնդիրների լուծմանը » (JOINT FINAL OPINION ON THE ELECTORAL CODE OF ARMENIA, Adopted on 26 May 2011, http://www.venice.coe.int/docs/2011/CDL-AD(2011)032-e.pdf):

Ընտրական օրենսգրքի հոդված 22-ի («Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները») 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է. « արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունն այս թեկնածուներն օգտագործում են այլ թեկնածուների հետ հավասար պայմաններով »:

Հոդված 18-ի 7-րդ մասի համաձայն` « Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ »:

ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյնաը առաջադրման ու նախընտրական քարոզչության պահին եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի Երեւանի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ: Նրա փեսան` Երեւանի քաղաքապետը: Նրա փեսայի ազգական Մանվել Ջավադյանը Ավան վարչական շրջանի ղեկավարն է եւ ՀՀԿ կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Ընտրատարածքի մեջ մասամբ մտնող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նույնպես ՀՀԿ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է: Նախընտրական քարզչության ընթացքում ԶԼՄ-ներում բազմաթիվ ահազանգեր են եղել, որ ՀՀԿ թեկնածուի օգտին քարզչություն են իրականացնում պետական ու համայնքային մարմիններում, կրթական հաստատություններում, դրանում ներգրավված են քաղաքային իշխանությունների ռեսուրսները, համատիրությունները («Բուկլետը վերցրել է, որ ծանոթանա», http://www.armtimes.com/38090)

Մի շարք տեղամասային հանձնաժողովներում ՀՀԿ-ի կողմից կամ ԸԸՀ-ի կողմից հանձնաժողովների անդամներ են նշանակված եղել թաղապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, մանկապարտեզների վարիչներ, իսկ ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի վստահված անձեր են եղել համատիրությունների ղեկավարներ կամ աշխատակիցներ: Ակնկալում ենք, որ ՍԴ-ում գործի քննության ժամանակ որոշում կկայացվի թե՛ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում գրանցված վստահված անձերի, թե՛ հանձնաժողովների անդամների իսկության եւ զբաղվածության պարզման վերաբերյալ:

Այդուհանդերձ, ակնհայտ է եղել, որ ՀՀԿ ներկայացնող պաշտոնյաները՝ Երեւանի քաղաքապետը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները համայնքային ռեսուրսները ծառայեցրել են իրենց կուսակցությունից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի օգտին ձայներ ստանալու նպատակով:

Պետությունը քվեարկության օրը նույնպես խախտել է իր պարտավորությունը եւ ընտրողների մի խմբի նկատմամբ ցուցաբերել է խտրական մոտեցում: Մասնավորապես.

Ս.Սաֆարյանի վստահված անձինք եւ լրատվամիջոցները արձանագրել եւ ֆիքսել են, որ ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած ընտրողները տեղամասեր են տարվել «Միլենա», «Էլենա», «Z» տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով եւ մայրաքաղաքային երթուղային գծերը սպասարկող 5, 15, 32, 62 համարի բազմաթիվ միկրոավտոբուսներով: Երեւանի քաղաքապետին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին թեկնածուի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից հարցումներ են արվել դրանք քվեարկության նպատակով օգտագործելու հիմքերի կապակցությամբ, եւ դեռեւս պատասխաններ չեն ստացվել: Գտնում ենք, որ քվեարկության օրը ընտրողներին նման ծառայություն մատուցելը հակասում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասին եւ ընտրակաշառք է: Բացի այդ, Երեւանի քաղաքապետը կամ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարները իրավունք չունեին թույլատրել, որպեսզի մայրաքաղաքային երթեւեկության համար նախատեսված ու արտոնագիր ստացած ծառայությունների միկրոավտոբուսները եւ ավտոմեքենաները հանվեն երթուղուց ու ծառայեցվեն մի թեկնածուի ընտրողներին օրենքով արգելված ծառայություն մատուցելու համար: Անիմաստ է նշել, որ ընտրվելու հետ կապված այս մի ծախսը եւս Ընտրական օրենսգրքի հոդվածներին ԿԸՀ տված կամայական մեկնաբանության արդյունքում վերահսկողության ու հայտարարագրում ներառման ենթակա չեն, մինչդեռ իբրեւ ընտրողին մատուցված ծառայություն, այն նույնպես ուղղված է ընտրողի կամքի ձեւավորմանը՝ թեկուզեւ օրենքով արգելված եղանակով:

Ս.Սաֆարյանի վստահված անձինք եւ լրատվամիջոցները նաեւ արձանագրել ու ֆիքսել են, թե Ռ.Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած ընտրողների ցուցակները կրող ՀՀԿ թեկնածուի ընտրական շտաբի ներկայացուցիչները ինչպես են զանգահարում մարդկանց, նստեցնում շենքերի բակերում կայանած միկրոավտոբուսները կամ տաքսի ավտոմեքենաները, նրանց ուղեկցում մինչեւ ընտրական տեղամաս` ակնհայտորեն ներազդելով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա: Թեկնածու Ռ.Սարգսյանի վստահված անձանց կողմից ընտրողի կամաարտահայտության վրա ազդելու, քվեարկության ուղղորդման կամ վերահսկման նույնպիսի ներազդեցության փորձեր Ս.Սաֆարյանի վստահված անձանց կողմից արձանագրվել ու լրագրողների կողմից տեսագրվել են մի շարք ընտրական տեղամասերում:

Ընտրողներին սպասարկող տաքսի ծառայությունների ու մայրաքաղաքային երթուղային գծերը սպասարկող միկրոավտոբուսները տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում ոստիկանության ավտոմեքենաների աչքի առաջ ստեղծել են մեքենաների կուտակումներ, ոստիկանության համար ակնհայտ է եղել ընտրողներին կազմակերպված եւ ՀՀԿ թեկնածուի շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղամասեր բերելու փաստը, սակայն որեւէ միջամտություն չի ցուցաբերվել, ինչը Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է:

Ոչ միայն թիվ 1 ընտրատարածքում, այլեւ նույն օրը թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցող լրացուցիչ ընտրությունների քվեարկության օրը տեղամասային կենտրոններում թանաքանյութի ցնդում արձանագրվել է նախատեսվածից անհամեմատ կարճ ժամկետներում, ինչը Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում է:

Քվեարկության օրը բռնության սպառնալիքների դեպքեր արձանագրվեցին լրագրողների, հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների ու Սաֆարյանի վստահված անձերի նկատմամբ, ցույց տալով ընտրությունների համար ստեղծված մթնոլորտի անազատ լինելը, ինչպես նաեւ՝ պատկան մարմինների կողմից սեփական պարտականությունները պատշաճ չկատարելը:

Վերոնշյալ ընտրախախտումներն արձանագրել են ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու Ս.Սաֆարյանի վստահված անձինք, այլեւ տարբեր ԶԼՄ-ների լրագրողներ: Այսպես.

Միջադեպ թիվ 1 ընտրատարածքում

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SxqPaghw36k

Միջադեպեր թիվ 1 ընտրատարածքում

http://www.youtube.com/watch?v=jtSUHxk5Dlw

Ընտրողներին գրանցում են եւ մեքենաներով տեղափոխում ընտրատեղամասեր

http://168.am/2012/12/02/148791.html

«Անվճար է, բայց հիմա ազատ մեքենա չունենք»

http://www.galatv.am/news/view/taxi_0212.html

Ընտրողներին քաղաքապետի տաքսիներով են տեղամաս տանում

http://168.am/2012/12/02/148780.html

Տարոն Մարգարյանի տաքսի ծառայություննե՞րն են, որ ընտրողներին տանում են տեղամասեր

http://www.galatv.am/news/view/item_8412.html

Պայքարը Ստյոպա Սաֆարյանի եւ Ռոբերտ Սարգսյանի միջեւ է

http://www.youtube.com/watch?v=mn7DT64Khao

«Իսկ Ընտրական օրենսգիրքն արգելո՞ւմ է տաքսիով կամ մարշրուտնիով մարդ տեղափոխելը». Սամվել Նիկոյան

http://168.am/2012/12/03/148996.html

Տաքսի «Z» ը, 32 համարի երթուղայինն՝ Ավանի ընտրություններում

http://www.youtube.com/watch?v=65iO8yAoGbI

Էդուարդ Պետրոսյանն ո՞վ ա. հանձնաժողովի նախագահ

http://www.galatv.am/news/view/item_97889451.html

Կարող ա՞ ջոգել ես մեռած պապդ եմ , արա . 1/24 տեղամաս

http://www.youtube.com/watch?v=dHOVc2oHAEY

Ստյոպա Սաֆարյանի վստահված անձին սպառնացել են

http://168.am/2012/12/02/148824.html

Հանձնաժողովի անդամի հպումը ծրագրվա՞ծ է եղել. Մուկուչյանը` օքսիդացող թանաքանյութի մասին

http://www.galatv.am/news/view/item_98798.html

Դարձյա՞լ լավ չեն թափահարել

http://www.galatv.am/news/view/item_6952156.html

Ստյոպա Սաֆարյանի շտաբն ահազանգում է . դրոշմակնիքները ցնդում են

http://168.am/2012/12/02/148773.html

Օքսիդացող թանաքները փոխարինվել են սովորականներով

http://www.galatv.am/news/view/item_945564.html

«Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ»

http://www.galatv.am/news/view/item_952654.html

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք որ ընտրությունների ժամանակ տեղ գտած ու արձանագրված խախտումները համատարած են, համակարգային են, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, խախտել են թեկնածուի ընտրական պասիվ եւ քաղաքացիների ընտրական ակտիվ իրավունքները, որոնց վերացման ուղղությամբ պետությունը չի կատարել իր պարտականությունները, ուստիեւ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 կետով եւ 101 հոդվածի 1-ին մասի 9 կետով` դիմում եւ խնդրում ենք ՀՀ Սահմանադրական դատարանին անվավեր ճանաչել«Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 դեկտեմբերի 2012թ. N 12-Ա որոշումը:

Դիմող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան

12 դեկտեմբերի 2012թ.