Րաֆֆի Հովհաննիսյան. «Երկրում մթնոլորտ է փոխվում եւ սա այլեւս անդառնալի գործընթաց է»

Երեւան: Նախընտրական քարոզարշավի երթուղին այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրան ուղեկցող կամավորների խմբին Նոյեմբերյանից տարավ Լոռու մարզ:

Վանաձորի ճանապարհին թեկնածուն կանգ առավ Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Այրում կայարան, Ախթալա, Ալավերդի, Օձուն, Մղարդ, Կողես, Յաղդան, Ագարակ, Լոռիբերդ, Ստեփանավան, Տաշիր, Մեծավան, Վանաձոր, Սպիտակ բնակավայրերում, որտեղ հանդիպումներ ունեցավ ընտրողների հետ եւ հակիրճ ներկայացրեց ծրագրային իր հիմնադրույթները, պատասխանեց մարդկանց հետաքրքրող հարցերին: Ամենուրեք Հովհաննիսյանը հորդորեց հաղթահարել վախի մթնոլորտը եւ իրենց ընտրությունը կատարել ազատ, անկաշկանդ ու խղճի մտոք: «Որեւէ տարակույս չունենաք, որ այս անգամ հաղթանակը ժողովրդինն է լինելու. ուրեմն մեզնից պահանջվում է հավատալ, մասնակցել եւ միասնաբար տեր կանգնել սեփական քվեին»,- այցելած վայրերում վստահեցնում էր նախագահի թեկնածուն:

Քարոզարշավի նախավերջին հանգրվանը մարզկենտրոնն էր, որտեղ նախատեսված էր դահլիճային հանդիպում ընտրողների հետ: Շառլ Ազնավուրի անունը կրող մշակութային տան դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ «Րաֆֆի՛» եւ «նախագա՛հ» վանկարկումներով դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարեւորելով Վանաձորի արդյունաբերության երբեմնի հռչակը վերադարձնելու, մարզի արդյունաբերական եւ գյուղատնտեսական ողջ ներուժը ազգաբնակչության բարեկեցությանն ի սպաս դնելու անհրաժեշտությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «2014 թվականի բյուջեում 100 մլն դոլարին համարժեք դրամ կհատկացվի, որպեսզի մեկընդմիշտ լուծվի աղետի գոտում բնակարանների եւ ենթակառույցների հարցը»:

Հովհաննիսյանն արձագանքեց նաեւ «չարի ու բարու» հակադրության հիշատակման վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա դիտարկմանը: «Երեք նախագահների դարաշրջանը մոտեցել է ավարտին: Գալիս է հայ ժողովրդի դարաշրջանը, իրական ժողովրդավարության, այլ ոչ միապետության դարաշրջանը, հայրենիք վերադառնալու դարաշրջանը: Վերջ առանց հայրերի հարսանիքներին եւ ոչ լիարժեք ընտանիքներին: Միայն վերջին հինգ տարիներին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ: Մենք պետք է վերջ դնենք դրան եւ մենք կանենք դա` բարձր աշխատավարձերով եւ թոշակներով, արժանի աշխատատեղերով», եւ ապա “գործող իշխանությունը Արցախի ճանաչումը անվանում է ավանտյո՞ւրա: Իսկ այդ դեպքում ո՞րը ավանտյուրա չէ, մադրիդյան սկզբունքնե՞րը, միակողմանի զիջումնե՞րը` առանց Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի մեր հայրենակիցների մասին մտածելու: Արցախի, նրա տարածքային ամբողջականության ճանաչումը մեր ուղղակի պարտականությունն է»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորցիների հետ հանդիպումն ավարտվեց «Ռեինկարնացիա» խմբի տված ճոխ համերգով:

Իսկ ետդարձի ճանապարհին ՀՀ նախագահի թեկնածուն այցելեց Սպիտակի հելիոկայան, որը Հայաստանում մեծ հեռանկարներ խոստացող հելիոտեխնիկական արդյունաբերության առաջնեկն է: