Factor TV-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
-Պարո՛ն Հովհաննիսյան, մենք, միգուցե, ունենք նաև ձեռքբերումներ, բայց խոսենք մարտահրավերներից և իրավիճակի ախտորոշում անենք․ որտե՞ղ է գտնվում Հայաստանը և ո՞ւր է գնում։
-Նորություն չեմ ասի, բոլորն ունեն այդ ախտորոշումը, իրականության հետ առերեսման սուր զգացումը․ վերադարձել ենք նախկին գոյավիճակին՝ 1992 թվականի վիճակին, երբ Արցախը շրջափակված էր և խեղդամահության նախաշեմին էր։ Ոսոխը՝ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ պատերազմական արարքով մարդկության դեմ հանցագործության ընթացքում է։ Հայաստանը, կորցնելով հազարավոր ոսկե հայորդիներ և հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, այսօր ևս պատերազմի նախաշեմին է։ Այն մարդիկ, ովքեր խաղաղության երաշխավոր են՝ թե՛ օտարներ, թե՛ Հայաստանի իշխանավորներ, այդ հարցը չեն լուծել։ Մենք՝ իշխանությունը, ընդդիմությունը, նաև՝ հասարակությունը, հավաք չենք և թույլ ենք տվել այս իրավիճակը։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարող ենք ակնկալել ոչ թե խաղաղություն, այդ խոստումը պատրանք է եղել, այլ հնարավոր է հերթական կորուստներմ ու զիջումներն ունենանք, եթե այսպես շարունակենք, եթե մնանք այս իշխանությամբ, այս ընդդիմությամբ ու այս հասարակությամբ, և մենք մեր մեջ չփոխենք այս իրավիճակը։
-Դուք «Անքարտեզ Հայաստան» գլխագրով տեքստ եք հրապարակել, որտեղ ուղղվելու մասին շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ի՞նչ եք ակնարկում, որովհետև պատասխանատուների շարքում, բացի իշխանությունից, նաև ընդդիմության և հասարակության մասին նշեցիք։
-Մի հարցազրույցի միջոցով չէ, որ կարող ենք այս հարցի լուծումը տալ, և սա մի քաղաքացու մաղթանք չէ, սա հրաշքի հարթության մեջ է, հայկական հրաշքն անհրաժեշտ է։ Գործող իշխանությունն ինքն իրեն պետք է հաղթահարի, պետք է ընդունի, որ չի կարողացել իրացնել իր պարտականությունը և պետք է ինքնահեռացման բանաձև գտնի ու այդպես ինքնամաքրվի։ Նախկին իշխանությունը, որը ևս պատասխանատվություն է կրում, նույնպես պետք է ոչ թե ներողություն խնդրի, այլ իր էական սխալներն ընդունելով՝ ինքնամաքրվի։ Մենք պետք է նոր ձևաչափերով, նոր մարդկանցով ու նոր գաղափարներով քաղաքական վերնախավ ունենանք, հասարակությունը համախմբվի, կայացվեն քաղաքական որոշումներ, այլապես, եթե այսպես շարունակվի․․․
Մենք ունենք շրջափակված Արցախ, պատերազմի եզրին գտնվող Ջերմուկ, հակառակորդի հսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքի ճանապարհներ և անվտանգության երաշխավորներ՝ թե՛ դաշնակիցներ, թե՛ միջնորդներ, և թե՛ ՀՀ իշխանություններ, որոնք այդ գործը չեն անում, և եթե հատուկ գործողությամբ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում այդ հարցը չլուծվի, մենք ազգաոչնչացման հաջորդ արարի ականատեսը կլինենք։
-Ռազմական գործողությա՞ն պետք է գնալ։
-Չեմ ուզում, որ հասնենք դրան, բայց կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը, որին վերջերս շատ ենք դիմում՝ որպես հայցվոր, չգտնի ճնշման միջոցը, միջազգային գործողությունը, ապա հատուկ գործողություն պետք է իրականացվի, բայց ես չգիտեմ՝ մենք ունե՞նք այդ ներուժը, մնացե՞լ է, արդյոք, թեկուզ մեկ դաշնակից, որ կարող է այդ հարցը Հայաստանի հետ միասին լուծել։ 1992-ին կային միջազգային դերակատարներ, որոնց շահերի հետ համընկնում էր ՀՀ պետական շահը։
-ՌԴ-ի վարքն ինչպե՞ս եք գնահատում, ՀՀ իշխանությունները քննադատում են ՌԴ իշխանությանը․ սա աննախադեպ է․․․
-Առաջին հերթին, հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության պատասխանատուն մենք ենք։ Եվ նրանք, ովքեր կիսում են մեր անվտանգության այդ պարտականությունը թե՛ պատմականորեն, թե՛ պայմանագրով, իհարկե, թերացել են։ ՌԴ-ն, որպես դաշնակից, պետք է իր բարձրության վրա լիներ։ Իսկ Միութենական պետության անդամ լինելու հեռանկարը նախ պետք է բացառել, երկրորդ՝ պետք է հստակեցնել, թե կոնկրետ որտեղի՞ց է այդ պարտադրանքը եղել, եթե ոչ, ապա սա արտացոլանք է այս իշխանության պատրվակային քաղաքականության, որ ամեն ինչի պարտավորությունը գցում է մեկ ուրիշի՝ նախկինների, օտարների վրա։ Եթե Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակվի, և մեր հայրենակիցները մարդասիրական արհավիրքի մեջ գտնվեն, պատասխանատվություն են կրում թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ՌԴ խաղաղապահները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան