Article Index

Գիտության եւ ինովացիաների զարգացում

Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային հպարտության խնդիր է, այլեւ տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացման երաշխիք: Գիտության եւ կրթության արդի զարգացմանը համընթաց գնալու համար գիտակրթական տեղեկատվության ժամանակին ու տեղին օգտագործումն այլընտրանք չունի: Գիտակիրառական հիմնավորում չունեցող ձեռնարկներն ու ծրագրերը շարունակում են լուրջ փորձությունների մատնել երկիրը` հանգեցնելով գիտական ներուժի արտահոսքի եւ ինովացիոն հնարավորությունների նվազեցման, պրոֆեսորադասախոսական, ուսուցչական անձնակազմերի ծերացման: Պրոֆեսորների միջին տարիքը, օրինակ, ԵՊՀ-ում 62 է, դոցենտներինը` 57: Եթե մինչեւ 1988թ. Հայաստանում աշխատում էր 25 հազար գիտնական, այժմ գրանցված է 7000-ը, սակայն իրականում այդ թիվն ավելի պակաս է` մոտավորապես 5000: Միայն մտավոր ուժի արտահոսքից Հայաստանը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլարին համարժեք դրամ:
2012թ.-ին Երեւանը հայտարարված է Գրքի միջազգային մայրաքաղաք: Սակայն Հայաստանում վերջին տարիներին մեկը մյուսի հետեւից սկսել են փակվել գրախանութները, իսկ գրադարանները չեն համալրվում նորագույն գրականությամբ: Դրա գլխավոր պատճառներից մեկը գրահրատարակչության ոլորտում կիրառվող հարկերի արդյունքում գրքերի բարձր գներն են, որոնք պատճառ են դառնում գրքերի ցածր տպաքանակների, գրահրատարակչության անբավարար շահութաբերության եւ չեն նպաստում արտասահմանյան գեղարվեստական ու գիտահանրամատչելի նորագույն գրականության թարգմանությանը:

Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասվում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե´ կարճաժամկետ եւ թե´ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է. Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»:

Ըստ միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների հաշվարկների` 2050թ. աշխարհում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում արտադրված ՀՆԱ-ն կգերազանցի վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրվող ՀՆԱ-ին: ՏՏ ոլորտը Հայաստանում իշխանությունների կողմից հռչակվել է որպես գերակա, սակայն այն խթանող պետական ծրագրերը խիստ անբավարար են այդ ոլորտի ողջ ներուժի բացահայտման եւ առաջանցիկ զարգացման համար: Մինչդեռ` լինելով գիտելիքահենք, գիտության եւ կրթության զարգացումը խթանող, տրանսպորտային ծախսեր չպահանջող, տնտեսության ու կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստող ոլորտ, ՏՏ-ն ունի զարգանալու առավել մեծ հեռանկար եւ ամենաբարձր մակարդակով խրախուսման առավել մեծ կարիք:

ՀՀ գիտակրթական համակարգի բարեփոխումները պետք է ներառեն.

  • գիտակրթական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը՝ որպես հիմք ընդունելով եվրոպական կառույցների հետ սերտաճումն ու միջազգային պայմանագրերի ընդունումը` միաժամանակ պահպանելով գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները,
  • գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, մշակութային ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը,
  • հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացումը` պետական լուրջ ֆինանսավորմամբ եւ պատվերով,
  • գիտական ենթակառուցվածքների գործունեության նկատմամբ պետական հոգածությունն ու աջակցությունը,
  • կարեւորագույն միջազգային եւ ազգային գիտական մշակումների, ծրագրերի, կառավարման համակարգի կատարելագործումն ու վարչարարական անհարկի միջամտությունների վերացումը,
  • տարբերակված մոտեցումը գիտական հայտնագործությունների խթանման նկատմամբ, գիտնականի աշխատավարձը պետք է կախված լինի նրա գիտական արդյունքի որակից,
  • գիտական ու կրթական համակարգերի, տնտեսության մեջ դրանց արդյունքների ներդրման տարանջատվածության վերացումը:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում եւ գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարեւորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2013թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչեւ 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի եւ տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում:
  • Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից:
  • Ապահովել 2000թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջ ծավալով:
  • Ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք:
  • Գիտաշխատողների գործունեության գնահատման համար հիմք ընդունել միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող եւ ինդեքսավորվող ամսագրերում ու ժողովածուներում տպագրված հոդվածների, դրանց հղումների, ինչպես նաեւ համապատասխան վարկանիշ ունեցող հրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը:
  • Բարձրագույն որակավորման հանձնաժողովի վերակազմավորման եւ բարեփոխման միջոցով բարելավել բարձրագույն որակավորման շնորհման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
  • Բյուջետային հատկացումներ նախատեսել գիտական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու, ԲՈՒՀ-երը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար:
  • ՀՀ հիմնարար գրադարանները հագեցնել ուսումնական, գիտական եւ գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, ձեւավորել գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանց:
  • Մասնագիտական հիմնարկներից եւ ԲՈՒՀ-երից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով եւ պակաս ծանրաբեռնվածությամբ, կրկնապատկել ասպիրանտուրայի տեղերը, դրանք հնարավորինս համաչափ բաշխել ըստ մասնագիտությունների:
  • Խթանել գիտություն-արտադրություն կապը, պետական եւ մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ աշխուժացնել տեխնոպարկերի եւ տեխնոպոլիսների ձեւավորումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ եւ վերացնելով ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը:
  • Առավել ակտիվ համագործակցություն հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի գիտական հաստատությունների միջեւ` փորձելով Հայաստանում արտադրել թանկ եւ գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը: Սա համարում ենք նաեւ արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ամրապնդման խիստ հեռանկարային ուղղություն:
  • ՏՏ ոլորտում` ներառյալ ինտերնետ-տիրույթը, ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեության, բացի համացանցում շահումով խաղերից, 4 տարով ազատել ԱԱՀ-ից եւ շահութահարկից:
  • Գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: