Article Index

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Հայոց պետականությունը՝ վերականգնումից 21 տարի անց

Անկախության հռչակումից 21 տարի անց էլ մեր երկրի ու սերնդի առջեւ ծառացած գերխնդիրը մնում է իրապես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացումը, որտեղ մարդու արժանապատվությունը եւ հիմնարար իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ ազգային շահը սերտորեն միահյուսված է քաղաքացու երաշխավորված իրավունքի ու պետության ինքնիշխանության հետ. այնպիսի պետության կայացումը, որտեղ քաղաքացին իրեն կզգար երկրի լիարժեք տեր, կապրեր արժանապատիվ, հպարտ, հացի ու աշխատանքի խնդիր չէր ունենա, օրենքի առջեւ հավասար կլինեին բոլորը:

Մեր այդ հավաքական ձախողման պատճառը ամենեւին պետականության երիտասարդ տարիքը կամ ժամանակի սղությունը չէ, ինչպես «արդարացել» են իշխանությունները: Այս գլոբալացվող ու արագացած աշխարհում բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ ժողովրդավարության ու բարեկեցության հասել են նույնքան կամ ավելի կարճ ժամանակում: Ըստ որում` նրանց դա ոչ թե տրվել է, այլ իրենք են նվաճել` այդ ուղղությամբ ամենօրյա հետեւողական ու նվիրված աշխատանքով:

Մեր անիրավ վիճակի կամ քաղաքացու դժվար ապրուստի հիմնական մեղավորը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորված չլինելը չէ, ինչպես ակնարկում են: Հայաստանի շրջափակման վերացումը կամ Արցախի հարցի լուծումը կարող են բարեկեցության նոր հորիզոններ ստեղծել, բայց երբեք չեն լինի համընդհանուր բարեկեցության բավարար պայման, քանի դեռ երկրի ներսում չկան իրավունք, արդարություն եւ արդար վերաբերմունք բոլոր քաղաքացիների հանդեպ: Արժանապատիվ կյանք, օրինականություն եւ իրավունքի գերակայություն չեն լինի նաեւ ազգային իրավունքներից հրաժարվելու գնով կամ ազգային արժանապատվության ոտնահարման հաշվին:

Այս վիճակի պատճառ չէ նաեւ մեր փոքր ազգ ու պետություն լինելը. մենք ազգովին ապացուցել ենք, որ ունակ ենք հերոսաբար լուծելու անգամ անլուծելի թվացող խնդիրները, ինչպես Սարդարապատում կամ Արցախում, տարբեր բնագավառներում անհատական ու հավաքական հաղթանակի ցանկացած թատերաբեմում, երբ գործել ենք վճռական տրամադրված, հավատով, հավաքական կամքով, միակամ ու իրար թիկունք կանգնելով:

Մեր ձախողման առաջնային պատասխանատուն, անշուշտ, իշխանություններն են, որոնք չեն ձեւավորվում ժողովրդի կողմից ու ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Իշխանության գլուխ եկածները շարունակաբար խոստումներ են տվել, թե կփոխեն մեր կյանքը, բայց, չկարողանալով կամ չցանկանալով դա անել, անհաջողության կամ տապալման մեղավոր են ցուցանել ամենքին ու ամեն ինչ, բայց ոչ երբեք իրենց: Նրանք անթույլատրելիորեն չարաշահել են ժողովրդի վստահությունը, հարստահարել նրա ունեցվածքը, ապա կողոպտել նրա ձայնն ու կամքը, լլկել քաղաքացու իրավունքը: «Երկրի ու հասարակության կառավարման» նրանց ծրագրերը, ընդունած օրենքներն ու որոշումները, որպես կանոն, առավելապես եղել են իրենց, բայց ոչ ժողովրդի բարեկեցության մասին` խեղելով սոցիալական արդարությունը, օրենքը, քաղաքացու իրավունքը, վտանգելով պետության ինքնիշխանությունը եւ անտեսելով ազգային շահը:


Հայաստան, որտեղ մենք ապրում ենք

Մեր ձախողման պատճառը ժողովրդի` իշխանություն ձեւավորելու ու հաստատելու անկարողությունն է, որի պատճառով քաղաքացին իրեն սեփական հայրենիքի տեր չի զգում: Վարչախմբերին ու իշխող կուսակցություններին առավել շահեկան է եղել ճորտ եւ մուրացիկ, քան թե քաղաքացի ունենալը: Քաղաքացու աղքատությունը դարձել է իշխանությունների ուղեկիցը, իսկ կենցաղային ու սոցիալական բազմաբնույթ խնդիրները` քաղաքացու խիղճն ու քվեն փողով, «բարեգործությամբ», պետական ուղղահայացով, վարչական ռեսուրսներով, ուժային կառույցներով խեղելու, կողոպտելու եւ իշխանությունը պահելու երաշխիք:

Կառավարությունը կոալիցիա է ձեւավորում` նպատակ հետապնդելով իր քաղաքացուն պահել աղքատության մեջ, որպեսզի շարունակաբար վերարտադրի ինքն իրեն իբրեւ իշխանություն: Դատապարտելի է, որ կառավարող կոալիցիան որոշ դեպքերում կառավարության եւ հանրային ռեսուրսները, մի շարք դեպքերում էլ` չվճարված հարկերից գոյացած հիմնադրամներն օգտագործում է սեփական ժողովրդին նվաստացնելու համար` ընտրություններից առաջ սկսելով նրանց տալ փող, բժշկական օգնություն, սնունդ եւ այլն: Փաստացի պետբյուջեից ու ժողովրդից գողացվում են միլիոններ եւ վերջինիս վերադարձվում գրոշներ, որպեսզի մայրաքաղաքից մինչեւ ծայրամաս կոալիցիոն քաղաքական ուժերը «վերանվաճեն» երեւանցիների, շիրակցիների, լոռեցիների, տավուշցիների, գեղարքունիքիցների, կոտայքցիների, արագոծտնեցիների, արմավիրցիների, արարատցիների, վայոցձորցիների, սյունեցիների արժանապատվությունը:

Անհնարին է ունենալ ժամանակակից պետություն եւ իշխանությունների տարանջատում` առանց ազնիվ, թափանցիկ եւ արդար ընտրությունների: Սակայն հասարակությունն այդպես էլ չի դարձել իշխանության ձեւավորման սուբյեկտ եւ համատարած կերպով ընտրությունները չի ընկալում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ մեխանիզմ: Չինովնիկական ապարատն ամբողջությամբ տիրապետել է ընտրությունների մեխանիզմին եւ այն ծառայեցնում է իշխանության վերարտադրությանը:

Հենց իշխանությունն ամեն գնով պահելու ու վերարտադրելու ազգակործան մարմաջից է երկրի կառավարումը դարձել օլիգարխիկ նախագահակենտրոն, գրվել ու փոփոխվել երկրի Սահմանադրությունը: Նախագահի ինստիտուտը բռնազավթել է իշխանության բոլոր ճյուղերի առանցքային լիազորությունները` նրանց զրկելով ինքնուրույնությունից եւ անկախությունից, միմյանց վերահսկելու ու հակակշռելու կարողականությունից եւ վերածելով նախագահի, նրան հնազանդ օլիգարխիկ խմբերի կամքի դակիչի կամ կամակատարի:

Հայաստանում տեղի է ունեցել գիտակցված հրաժարում իշխանությունների իրական տարանջատման` ժամանակակից պետության կարեւորագույն սկզբունքից: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենք իրենց նույնացնում են պետության հետ եւ ներկայացնում են ոչ թե հասարակությունը, այլ մի փակ կորպորացիա, որը գործում է որպես մենաշնորհային եւ չվերահսկվող բիզնես- ընկերություն:

Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր հիմնահարցն օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության բացակայությունն է: Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական իրավական պետության հիմնարար տարրն է եւ ունի կենսական նշանակություն: Առանց իրավական պետության ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ:
Իրավական պետության բացակայությունը Հայաստանի զարգացումն արգելակող համակարգային պատճառն է:

Գործադիր իշխանությունը չի վերահսկվում ոչ խորհրդարանի, ոչ դատական կամ դատախազության կառույցների, ոչ էլ` հասարակության կողմից: Կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը ոչ թե ներկայացնում է հասարակությանը, այլ սպասարկում է նույն կառավարական կորպորացիային` ընդունելով մերձիշխանական խմբերի համար բարենպաստ պայմաններ ապահովող օրենսդրական ակտեր: Արդյունքում հասարակական շահերը պաշտպանող իրավական նորմերը հետեւողականորեն դուրս են մղվում օրենքներից` փոխարինվելով այնպիսի նորմերով, որոնք պաշտպանում են իշխող վարչակարգի խմբային շահերը:

Հասարակության կյանքում ավելի են ուժգնանում զարգացումն արգելակող, կործանարար միտումները, որոնք նպաստում են երկրի աստիճանական անկմանը: Աճում է անկառավարելիությունը, երկիրը համակված է կոռուպցիայով, իշխանությունն ի վիճակի չէ լուծելու ամենակենսական` քաղաքացիների կենսապահովման եւ անվտանգության խնդիրները: Լուծում չեն ստանում եւ ավելի են խորանում բնապահպանական հիմնախնդիրները:

Կոռուպցիան այլեւս համակարգային բնույթի է, պարտադրված ու համատարած: Քաղաքական կոռուպցիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ ազգային հարստությունը յուրացված է օլիգարխիկ կլանների կողմից: Վարչական կոռուպցիան դարձել է քաղաքացիներից համատարած դրամաշորթության միջոց, որը հանգեցրել է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակության քրեականացմանը: Պետական ու համայնքային հաստատությունները ծառայում են իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին:

Քաղաքացիական ծառայողը, պաշտոնյան, պետական մարմինը դեմքով ուղղված չեն դեպի քաղաքացին, այլ գտնվում են վերադասի անձնական կամ կուսակցական թելադրանքի ներքո: Քաղաքացիական ու հանրային ծառայողները վարձատրվում են քիչ եւ անգամ այդ աշխատանքը չկորցնելու հեռանկարից դրդված` հաճախ ստիպված են կատարել վերադասի կուսակցական ու անձնական քմահաճույքները: Քաղաքացիական ծառայությունը թաքնածածուկ կամ բացահայտ կուսակցականացված է:

Բարեփոխումների կեղծումները, քաղաքական համակարգի ձեւախեղումը հանգեցրել են հասարակության ապաարդիականացմանը, ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության փոխարեն Հայաստանում ձեւավորվել է օլիգոպոլիային սպասարկող հետամնաց գավառական կապիտալիզմ: Նման համակարգում իշխանությունը չի կարող որեւէ լուրջ խնդիր լուծել ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոլորտներում:

Երկիրը չի զարգանում, տնտեսությունը լճանում է, երկրի երբեմնի արդյունաբերական հզորությունը մասամբ ոչնչացված է, արդյունաբերական հսկաներում պահանջված աշխատակիցները գործազուրկ են կամ «վերամասնագիտացել» են սպասարկման ու առեւտրի ոլորտում: Քաղաքացիների եկամուտները բաշխվում են ծայրաստիճան անհամաչափ, եւ բնակչության մեծ մասն ապրում է խրոնիկ աղքատության սահմանագծում: 

Քայքայվում են կրթությունը, մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, օր օրի ահագնանում է արտագաղթը:
Ազգաբնակչության մեծամասնության համար անմատչելի են բուժսպասարկումը, կրթությունը, մշակույթը, կենցաղային ծառայությունները, հանգիստը:

Օլիգարխիկ վարչակարգը շարունակում է խորացնել իշխանության եւ հասարակության միջեւ առկա խզումը, զրկում է քաղաքացիներին ոչ միայն իշխանության ձեւավորման վրա ազդելու հնարավորությունից, այլեւ սահմանափակում է նրանց հիմնարար ազատությունները: 

Մարդու իրավունքների խախտումը համատարած է` ընտրական տեղամասում, հանրահավաքում ու բողոքի ակցիայում, փողոցում, ոստիկանական բաժանմունքում, դատարանում, հանրային բակում կամ անձնական սեփականություն հանդիսացող տարածքում, գործարար կյանքում, ավտոմեքենա վարելիս, խանութում, աշխատանքի վայրում, բանակում, դպրոցում, մարզում ու համայնքում, անգամ` ընտանիքում:

Հայաստանի կառավարման ներկայիս համակարգը ոչ միայն իրավունքի, հացի ու այն վաստակելու դժվարություն է առաջացրել աղքատության մեջ հայտնված շերտերի համար, այլեւ արժանապատվության խնդիր` բոլորի համար: Բոլորիս արժանապատվությունը ոտնահարվում է յուրովի, բայց` համատարած:

Մեր հայրենակիցներից շատերը, այդ թվում` երիտասարդները, սեփական երկրում չունեն պատշաճ աշխատանք գտնելու, բնակարան ձեռք բերելու, ընտանիք կազմելու եւ/կամ այն պահելու հնարավորություն, ուստի հարկադրված արտագաղթում են: Համատարած գործազրկության պայմաններում միջին եւ ավագ տարիքի քաղաքացիներից շատերն աշխատանք փնտրելիս ենթարկվում են թաքնված տարիքային ու սեռային խտրականության, քանի որ գործատուներից շատերը նախընտրում են երիտասարդ տարիքի աշխատողների: 

Ընտանիքներից շատերը տրոհված են կամ կանգնած են քայքայման եզրին ընտանիքի կերակրողի` արտագնա աշխատանքի մեկնելու եւ երեխաների դաստիարակության ծանր բեռը կողակիցներին կամ տարեց ծնողներին թողելու պատճառով: Ընտանիքը, դպրոցը, ուսումնական հաստատությունը ավելի քիչ դերակատարություն ունեն մատաղ սերնդի դաստիարակության համար, քան փողոցը` իր լայնորեն «փառաբանված, գովազդված ու գայթակղիչ» հասարակական անբարո եւ ցոփ բարքերով:

Դպրոցը լիարժեք չի կատարում քաղաքացի կրթելու, դաստիարակելու իր առաջնային գործառույթը: Ցածր աշխատավարձերը երբեք չեն խթանելու ուսուցիչին, մանկավարժին, դասախոսին` աշխատելու թե´ իր զարգացման վրա, թե´ նաեւ աշակերտին գիտելիք փոխանցելու առումով: Կրթական հաստատություններում բռնության դեպքեր են արձանագրվում ինչպես մանկավարժների կողմից, այդ թվում` խոցելի խավին պատկանող աշակերտների հանդեպ հաճախ սեռական բնույթի ոտնձգությունների տեսքով, այնպես էլ մանկավարժների հանդեպ` աշակերտների, ուսանողների ծնողների կողմից:

Բարձրագույն ուսումնական համակարգում շարունակում է ծաղկել կոռուպցիան, իսկ կրթության պահանջը փոխակերպվել է դիպլոմի պարզունակ պահանջի: Կրթության համակարգի հետեւողական քայքայումը տանում է երիտասարդության մտավոր եւ բարոյական մակարդակի անկման, մինչդեռ այսօրվա երիտասարդության ակտիվությունից եւ հասարակական-քաղաքական որակներից ուղղակիորեն կախված են լինելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումները մոտակա տասնամյակներում:

Ցածր վարձատրվող բժիշկը, բուժաշխատողը, մանկավարժը իրենց առաքելությունը կատարելու փոխարեն հարկադրված են հայացքն ուղղել ծնողի, հիվանդի գրպանին: Մտավորականներն ու արվեստագետները իրենց ստեղծագործական մտքի արգասիքը հանրությանը հասցնելու համար պարտադրված են ապավինել մեծահարուստի “բարեգթությանը”: 

Մտավորականները պահանջված չեն արժեքային համակարգի խեղաթյուրման, ստեղծագործելու նորմալ պայմաններից զրկված լինելու պատճառով: Ստեղծագործելու պայմաններ ու միջոցներ են ստեղծվում եւ պարգեւներ սահմանվում գերազանցապես իշխանություններին սպասարկող յուրային մտավորականների համար: Իրական եւ բարձր արվեստն ու մշակույթը իրենց տեղը զիջել են ցածրորակ, հաճախ գռեհիկ ինքնագործունեությանը:

Գիտությունը, որին տարիներ շարունակ պետության կողմից չնչին գումարներ են հատկացվում, մղվել է լուսանցք: Գիտնականները մնացել են բախտի քմահաճույքին կամ, իբրեւ բարձրակարգ աշխատուժ, մեկընդմիշտ մեկնում են արտերկիր հեղինակավոր գիտական կենտրոնների հրավերով: Երբեմնի գիտական կաճառներն ու հաստատությունները կամ դժվարությամբ գոյություն են պահպանում, կամ նրանց շինությունները կառավարական «միջնորդություններով ու զարգացման ծրագրերով» մասնավորեցվել ու վերածվել են արտադրամասերի եւ այլ հաստատությունների:

Անկախության տարիներին Հայաստանին այդպես էլ չհաջողվեց ձեւավորել լիարժեք միջին խավ, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցներն ուղղվեցին միանգամայն այլ սոցիալական խմբի` օլիգարխիայի (իշխանության հետ օրգանապես կապված գերխոշոր սեփականատերերի), ստեղծմանը: Պետության կառավարման կարեւորագույն լծակներն այսօր էլ մնում են օլիգարխիկ խմբերի ձեռքերում: Օլիգարխիան` «քչերի իշխանությունը», կարիք չունի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, ընդհակառակը` նրան անհավասարություն է պետք: Այդ իսկ պատճառով ընդունվում են որոշումներ, որոնք արգելակում են ժամանակակից միջին խավի՝ որպես իրական ժողովրդավարության եւ արդիականացման մեջ շահագրգիռ գլխավոր սոցիալական ուժի, ձեւավորումը: 

Գործարարը զրկված է հավասար մրցակցության հնարավորությունից, իր ունեցվածքը պահպանելու համար պարտադրված է մշտապես լինել իշխանության կողքին: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց կարողությունները պահպանելու, բազմապատկելու նպատակով սեփական շահերի իրացման գործիք են դարձնում ոչ միայն կուսակցություններին` պատսպարվելով նրանց թիկունքում կամ շարքերում, այլեւ պետական մարմիններին: Գործարարության համար ռիսկերը` սկսյալ պետական ռեկետից, հարկային ծանր բեռից ու խճողված վարչարարությունից եւ վերջացրած անկայուն, անազատ, մենաշնորհային ու քիչ տարողունակ շուկայով, չափազանց մեծ է: Արտերկրի օտարազգի ու ծագումով հայ ներդրողներն ավելի ու ավելի հաճախ են կանգնում Հայաստանում իրենց բիզնեսը փակելու, տեղացի «ամենակարողների» կողմից սնանկանալու կամ ունեզրկվելու վտանգների առջեւ:

Գյուղացին կատարելապես միայնակ է իր տնտեսությունը կազմակերպելու համար: Պետական աջակցությունն անհավասարաչափ է, հաճախ` կուսակցական պատկանելության կամ տոհմացեղային հիմքի վրա խարսխված: Պետական աջակցությունն ու օգնությունը շատ հաճախ չեն հասնում գյուղացուն` հայտնվելով այն բաժանելու կոչված պաշտոնյայի կամ նրա շրջապատի տրամադրության տակ: Բնական աղետների դեպքում պետությունը ոչ մի կերպ չի փոխհատուցում գյուղացու կրած վնասները: Մեծաթիվ գյուղական համայնքների բնակիչներ, տնտեսական ակնկալիքներով բանկերից վերցրել են վարկեր, որոնք տարբեր պատճառներով վճարել չեն կարողանում եւ հայտնվել են գրավադրված ունեցվածքը կորցնելու հեռանկարի առջեւ: 

Աղքատության կամ սոցիալական կարիքի մեջ հայտնվածները հաճախ են հարկադրված լինում մարզերում ու մայրաքաղաքում առկա սակավաթիվ հաստատություններում աշխատանքի անցնել` իրենց աշխատուժը ստրկաբար շահագործման պայմաններով: Աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն շատ գործատուների կողմից, իսկ արհմիություններն էլ տակավին չեն պաշտպանում նրանց իրավունքները: Աշխատանքային օրենսգիրքը հարմարեցված է գործատուի շահերին, իսկ աշխատողի իրավունքների մասով չի գործում:

Չնայած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք օրենքների ընդունմանը, նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Դա պայմանավորված է ընդունված ծրագրերի ֆինանսավորման պակասով, օրենքների չկիրառմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությունից մեկուսացվածությամբ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքով: Հայաստանում բավարար զարգացած չեն ենթակառուցվածքները, որոնք կապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հասարակությունում ոչ հաշմանդամ մարդկանց հետ հավասար պայմաններում: Հաշմանդամություն ունեցող մարդ` չի նշանակում անկարող մարդ, նրանք ունեն հզոր ներուժ, որն այսօր մեր երկիրն անտեսում է եւ չի օգտագործում: Նրանցից շատերը հայտնվել են տնային կալանքի տակ, բայց ոչ թե օրենքի պահանջով, այլ դրա չգործելու հետեւանքով:

Սոցիալապես խոցելի խավերը դառնում են բռնությունների, մարդկային առեւտրի կամ կազմակերպված հանցավորության զոհեր: Մանկատներում, հատուկ դպրոցներում կամ պարզապես փողոցում են հայտնվում ոչ միայն ծնողազուրկ, այլեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ովքեր այդ հաստատությունների փակ լինելու եւ արմատացած արատավոր բարքերի պատճառով ենթարկվում են շահագործման ու բռնությունների, շեղվում են կյանքի բնականոն ճանապարհից: Մանկատների շրջանավարտների համար բնակարան ձեռք բերելու նպատակով պետության հատկացրած գումարները, ինչպես պարզվեց անցած տարիներին, փոշիացվել կամ պարզապես յուրացվել են: Փողոցում հայտնվելով` նրանք դառնում են ներունակ իրավախախտ, հանցագործ` վտանգ դառնալով ողջ հասարակության համար:

Պակաս ծանր չէ շարքային ազատամարտիկների ու նրանց ընտանիքների վիճակը: Հայրենիքին անձնուրացաբար ծառայած այս մարդիկ այսօր չեն արժանանում պատշաճ հոգածության եւ ուշադրության:

Օրեցօր աճում է հանցավորությունը: Քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են դատապարտյալներով, որոնցից շատերի վերաբերյալ դատարանների կայացրած դատավճիռները խոցելի են օրինականության տեսանկյունից: Հանցավորության հանդեպ ոստիկանության արձագանքն անբավարար մակարդակում է, իսկ հանցագործությունների հետաքննությունն ու բացահայտումը հաճախ ուղեկցվում են խոշտանգումներով: Տարիների ընթացքում ոստիկանությունը «մասնագիտացել» եւ զբաղված է գերազանցապես քաղաքական միջոցառումներն ու բողոքի ակցիաները ճնշելով, քան հանցագործություններ բացահայտելով:

Հասարակական մեծ վստահության ու ազգային անվտանգության աղբյուր հանդիսացող հայոց բանակում ինքնասպանության դեպքերն ավելի սահմռկեցուցիչ ու մտահոգիչ են, քան սպանությունների դեպքերը; Ինքնասպանություն` նշանակում է զինվորի համար անելանելիություն, երբ չկա մեկը, ով փրկության ձեռք կմեկնի: Բանակի հեղինակությանը մեծ հարված հասցրին նաեւ ընտրական ու հետընտրական ժամանակաշրջաններում նրան քաղաքական եւ ընտրական գործընթացներում ներգրավելու, օգտագործելու անխոհեմ քայլերը:

Ազգային անվտանգության մակարդակը նվազած է երկրի` այլեւս տեսանելի ժողովրդագրական ճգնաժամի, պետական ինքնիշխանության կրճատման, պաշտպանունակության թուլացման, արտաքին թելադրանքների ու ազդեցությունների ցածր դիմադրողականության եւ այլ պատճառներով:

Ազգային շահը մնացել է անպաշտպան կամ լքված: Երկրի ահազանգող վիճակի պատճառով երբեմն լսում ես ազգային իրավունքներից հրաժարվելու, ազգային շահի ու արժանապատվության հաշվին զիջումներ կատարելու մասին թեկուզ փոքրամասնական, բայց մտահոգիչ տեսակետներ:

Ովքեր չեն ընդունում պետության ու քաղաքացու միջեւ այսպիսի խեղված հարաբերությունները` մարդկային արժանապատվությունը վիրավորող ապասոցիալական միջավայրով ու ապաքաղաքացիական կարգավիճակով կամ չեն ցանկանում հավերժ այդպիսին մնալ, խռոված լքում են այդպես էլ չկառուցված հայրենիքը` օտար երկրներում իրենց նոր կյանքը կառուցելու կամ բախտի անորոշ փնտրտուքով: 

Հայաստանի զարգացման առավել բանական ուղղությունը եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է: Նման պետությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության շահերը, վերահսկվում է նրա կողմից եւ ապահովում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Հայաստանն այսօր վերստին գտնվում է բախտորոշ փոփոխությունների շեմին. կամ ապրել հին ձեւով, կամ բերել Նոր Հայաստանը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի հասարակությունն ունի արդիականացման ներուժ եւ ի զորու է պատմականորեն կարճ ժամանակահատվածում կերտել ժամանակակից պետություն:

ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՓՈԽԵԼՈՒ ԲՈԼՈՐԻՍ ԿՅԱՆՔԸ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ են արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում` փոփոխություններ այսօր եւ ոչ թե վաղը, տեսանելի գործերով ու արդյունքներով, եւ ոչ թե խոսքերով:

Մենք ճակատագրապաշտ չենք եւ չեն համարում, որ մեր ապագան վերուստ այսպես է կանխորոշված եւ անհնար է ինչ-որ բան փոխել: Մենք հավատում ենք մեր եւ քաղաքացու համադրված ուժին:

Տարիներ շարունակ հրապարակներից մինչեւ խորհրդարան, քաղաքական կյանքում ու քաղաքացիական տիրույթներում գործելով ժողովրդի աչքի առջեւ եւ ժողովրդի համար` մենք գալիս ենք ժողովրդի հետ միասին իրացնելու քաղաքացու իրավունք-պետական ինքնիշխանություն-ազգային շահ եռամիասնությունը:


Նոր Հայաստան, որը մենք կերտելու ենք միասին

Մեր գերագույն նպատակը Նոր Հայաստանի դարբնումն է` որպես ժամանակակից իրավական, սոցիալական, ժողովրդավարական, իրապես ինքնիշխան եւ իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային-պետական շահերի վրա կառուցող զարգացած պետության, ազատական ու մրցակցային շուկայական տնտեսության ձեւավորումը եւ քաղաքացիական հասարակության կայացումը: Այնպիսի ազատ, ժողովրդավար, ուժեղ, զարգացած եւ հարուստ Հայաստան, որտեղ.

  • Բարձրագույն արժեքը մարդն է, նրա արժանապատվությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք պետական ու հասարակական-քաղաքական կարգի հիմքն ու մարդու հոգեւոր-նյութական ազատության եւ բարեկեցության աղբյուրն են:
  • Ժողովրդավարությունը` որպես իրավունքի եւ ազատության, կառավարման համակարգի բնականոն ու արդյունավետ գործունեության նախապայման, երաշխավորված է Սահմանադրությամբ, օրենքներով, քաղաքացիական հասարակությամբ, պետության կառավարման բյուրեղացած ժողովրդավարական եղանակներով:
  • Քաղաքացին պետության հիմքն է, ժողովուրդը` իշխանության միակ աղբյուրն ու ազգային-պետական շահի կրողը, ազգը` պետականության խարիսխը, իսկ նրանց ազատությունը` ինքնիշխանության գրավականը. չկա ազգային շահ առանց քաղաքացու իրավունքի, եւ` հակառակը:
  • Պետությունն է մարդու համար, այլ ոչ մարդը` պետության. պետական կառույցները ծառայում են ժողովրդին, միջոց են նրա ինքնակազմակերպման ու իղձերի իրականացման համար, իսկ նրանց գլխավոր խնդիրը մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման ապահովումն է, որից կշահեն բոլոր քաղաքացիները` հարուստներից եւ ուժեղներից մինչեւ աղքատներ ու թույլեր: Ելակետային անհավասար եւ խոցելի վիճակում հայտնված խմբերն իրենց տրված հավասար իրավունքները ազատորեն իրացնելու գործում զգում են պետության անհրաժեշտ օժանդակությունը:
  • Պետության կողմնորոշիչը հավասար հնարավորությունների հասարակությունն է` հիմնված սոցիալական արդարության եւ սոցիալական համերաշխության սկզբունքների վրա: Ազգային եկամտի արդար եւ հասցեական բաշխումը նույնքան առաջնային պետական քաղաքականություն է, որքան` դրա աճը:
  • Քաղաքացու հարստության աղբյուրն իր բնատուր ստեղծագործական աշխատանքն է, ինչի իրացման համար առկա են գործարարության հավասար եւ ստեղծագործելու նպաստավոր պայմաններ: Հայ մարդը, ով օտար ափերում տնտեսության զարգացման լուրջ գործոն է եւ ապրում է բարեկեցիկ կյանքով, սեփական հայրենիքում չպետք է գոյատեւի հազիվհազ, այլ ապրի արժանավայել, առանց ենթարկվելու նվաստացման ու ստորացումների:
  • Տնտեսության զարգացման, անհատի ընդունակությունների առավելագույն դրսեւորման աղբյուրն ազատականությունն է, ինչը պետությանը չի ազատում սոցիալական պարտավորություններից: Պետական իշխանությունն իր քաղաքացիների կյանքի, սոցիալական պաշտպանության եւ մարդկային իրավունքների ապահովության իրականացնողն է:
  • Պետության խնդիրն ազատ շուկայի կողմնորոշումն է, այլ ոչ թե հարկադրումը` սոցիալական նպատակների հասնելու համար: Ժամանակակից Եվրոպայում գերակայող սոցիալական շուկայի տիպօրինակն ուղենիշ է, որում պետությունը խաղի հավասար կանոններ է ապահովում շուկայի մասնակիցների համար` չթելադրելով իր կամքը:
  • Կրթական, առողջապահական ու հանրային ծառայությունների համակարգերը հանրամատչելի են եւ լիովին համապատասխանում են համաշխարհային բարձրագույն չափանիշներին, պահպանվում ու համալրվում է մեր հարուստ, հինավուրց մշակույթը, տնտեսությունը տարբերակված է` գիտելիքահենք եւ գիտատար:
  • Ազգային իղձերի իրականացման նախապայմանը անկախ, արդյունավետ պետությունն է եւ, հաշվի առնելով հայության աշխարհասփյուռ վիճակը, նրան մեծապես սնուցող ու ազգի բոլոր հատվածների փոխգործակցությունն ապահովող համազգային կառույցները:
  • Յուրաքանչյուր ոք եւ քաղաքական ուժ գիտակցում է անցյալի, ներկայի եւ ապագայի համար իր պատասխանատվությունը, իսկ հայ ժողովուրդն առաջին հերթին ապավինում է սեփական ուժերին:
  • Պետության ներսում առաջնորդողը քաղաքացու իրավունքի եւ ազատության, արդարության, ժողովրդի իշխանության, օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդասիրության, իրավունքի գերակայության գաղափարներն են, իսկ միջազգային ասպարեզում` ազգերի ու ժողովուրդների իրավահավասարության, պետությունների ինքնիշխանության, մարդու իրավունքներից մինչեւ անվտանգության եւ ազգային հարցեր միջազգային իրավունքի ու չափանիշների միատեսակ կիրարկման, բարիդրացիության, վեճերի խաղաղ եւ իրավական կարգավորման սկզբունքները:

Մենք առաջարկում ենք այս նպատակներին հասնելու միանգամայն իրատեսական ծրագրեր, եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն ստանալու ու կառավարություն կազմավորելու դեպքում գալիս ենք ապահովելու.


ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ազատ ու պետության կողմից պաշտպանված քաղաքացի

Մեր առաջնահերթ նպատակներն են`

  • ժողովրդի կողմից ընտրված եւ նրա առջեւ պատասխանատու իշխանության ձեւավորում` կիրառելով հաշվետվության, գործունեության թափանցիկության եւ պատժելիության սկզբունքները,
  • առանց խտրականության բոլոր քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի համալիր կիրառում` անկախ բնակության վայրից,
  • օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատում,
  • օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության ապահովում,
  • մարդու իրավունքների ու ազատությունների լիակատար հարգում եւ պաշտպանություն,
  • սեփականության իրավունքի պաշտպանվածություն եւ դրա անձեռնմխելիության ամրապնդում,
  • խոսքի ազատության եւ գաղափարների մրցակցության ապահովում, բազմակարծության ու տեղեկատվության մատչելիություն եւ լրատվական դաշտում ազատ մրցակցության երաշխավորում,
  • անձի անվտանգության ու անձեռնմխելիության անվերապահ ապահովում, իրավապահ եւ դատական համակարգերի պատվիրովի, նպատակային օգտագործման, բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների ու խոշտանգումների բացառման երաշխիքների ապահովում,
  • արդարացի եւ արդյունավետ ընտրական համակարգի ձեւավորում, ընտրակեղծարարության համար քրեական պատասխանատվության հստակեցում եւ մանրամասնում,
  • քաղաքացիական հասարակության ազատագրում եւ կայացում, դրա զարգացմանը խոչընդոտող` վերջին տարիներին հաստատված բոլոր սահմանափակումների վերացում, քաղաքացիական ոչ առեւտրային կազմակերպությունների, ազատ արհմիությունների զարգացման օրենսդրական արգելքների վերացում, քաղաքացիների` հավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների ու բողոքի այլ միջոցառումների ազատության սահմանադրական իրավունքի իրագործում,
  • քաղաքական կուսակցությունների կայացում, այդ թվում` պետության կողմից դրա սատարում նյութապես եւ քաղաքականապես,
  • խորհրդարանի փոխակերպում քաղաքական մարմնի, որն օպերատիվ կարձագանքի երկրի ու հասարակության հրատապ խնդիրներին,
  • կառավարության կողմից ինքնուրույն եւ կոլեգիալ պատասխանատվության ստանձնում երկրի ղեկավարման համար,
  • նախագահի լիազորությունների կրճատում,
  • արդարադատության մատչելիություն, դատական իշխանության անկախություն եւ անաչառություն, այդ թվում` դատաիրավական համակարգի համալիր բարեփոխում, որը կառնչվի թե դատարաններին, թե դատապարտյալներին,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացում, նրա անկախ եւ ինքնուրույն գործունեության համար համալիր պայմանների ստեղծում:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Իրականացնել սահմանադրական փոփոխություններ եւ որդեգրել պետական կառավարման խորհրդարանական տիպօրինակ, որն, ի թիվս այլոց, կապահովի կառավարության անդամների նշանակման այնպիսի համակարգ, որով կբացառվի պատահական, ոչ արհեստավարժ մարդկանց մուտքը պետական բարձրագույն ծառայության օղակներ, կամրագրվեն կարգազանց, Սահմանադրության եւ օրենքների պահանջները ոտնահարող պատգամավորների, կառավարության անդամների լիազորությունների դադարեցման հստակ ընթացակարգեր, կձեւավորվի նախագահից ու գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանություն, կապահովվի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի կայուն զարգացումը:
  • Ձեւավորել գործադիրից եւ օրենսդիրից իրապես անկախ Արդարադատության խորհուրդ, սահմանել դատավորների ու դատախազների նշանակման, առաջխաղացման առավել թափանցիկ ընթացակարգ, ընդունել նոր քրեական, քրեա-դատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության եւ այլ օրենսգրքեր, որոնք կամրագրեն քաղաքացու սահմանադրական իրավունքների խախտումների բողոքարկման կամ դրանց պաշտպանության շոշափելի ընթացակարգեր:
  • Բարելավել ընտրական համակարգը, այդ թվում` ապահովելով բացառապես համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, քվեարկած ընտրողների ընտրացուցակների հրապարակայնությունը, քաղաքականապես հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորումը, ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար խստագույն պատժամիջոցների կիրառումը, քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումն ու իրականացումը, ընտրական միավորումների միջեւ իրական հավասարություն ենթադրող մեխանիզմների ամրագրումը, իշխանության կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորության բացառումը, ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը, արդյունքների բողոքարկման իրական հնարավորությունների ընձեռումը:
  • Իրականացնել ոստիկանության արմատական բարեփոխումներ` ապահովելով արհեստավարժ եւ օրինապահ ծառայողների նյութական ու աստիճանակարգային խրախուսումը, համակարգի արդիականացումը եւ վերապատրաստումը ժողովրդավարական երկրների չափանիշներով:
  • ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից կարգուկանոնի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը իրականացնել միմիայն պետական-պաշտոնական գործառույթների շրջանակներում` բացառելով այդ կառույցի ներուժի օգտագործումը քաղաքական, կուսակցական նեղ շահախնդրությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետապնդումների, գաղտնալսումների եւ ոչ վայելուչ այլ միջամտությունների համար:
  • Արդիականացնել քաղաքացիական ու համայնքային ծառայությունը, բարձրացնել ապակուսակցականացումն ու արդյունավետությունը, վերացնել ստվերային կառավարումը, հետեւողականորեն արմատավորել պետական իշխանության իրականացման ժողովրդավարական եղանակները: Պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար: Զարգացած երկրների օրինակով ընդունել ակտ Տեղեկատվական ազատության մասին:
  • Վերանայել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքները` բարձրացնելով սպառողի պաշտպանվածությունը, պետական վերահսկողությունը ապրանքների եւ ծառայությունների մատուցման շուկաներում:
  • Ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների իրավունքների եւ պարտականությունների մասին օրենք` առավել պաշտպանված դարձնելով այդ ծառայություններից օգտվող բնակչին ու քաղաքացուն:
  • Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում` բացառելով «հանրային շահի» անվան տակ կառավարության միջնորդությամբ քաղաքացիների ունեզրկումը եւ սեփականազրկումը հանուն մասնավոր բիզնես շահերի, նախկինում նման որոշումներից տուժած բնակիչների համարժեք փոխհատուցում կատարել պատասխանատու պաշտոնյաների ու նրանց հետ հանցավոր գործարքի մեջ մտած կառուցապատողների միջոցներից, հարուցել վերջիններիս պատասխանատվության հարցը:
  • Փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները` դրանք համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը ներկայացվող պահանջներին` մասնավորապես լուծումներ տալով հետեւյալ սկզբունքային խնդիրներին. պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակական-քաղաքական բազմազանություն եւ դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն, հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որեւէ կառույցից, հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի բացառում, օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում, հեռուստառադիոհեռարձակման կապուղիների համար մրցույթների թափանցիկություն եւ արտոնագրման չափանիշների հստակեցում:
  • Բարձրացնել լրագրողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության մակարդակը, կանխել եւ բացահայտել նրանց դեմ կատարվող ոտնձգություններն ու հետապնդումները, այդ թվում` քրեական, վերացնել գրաքննությունն ու ինքնագրաքննությունը` տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով:
  • Բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը եւ կայացնել քաղաքական համակարգը՝ պետության կողմից կուսակցությունների աջակցության ավելացման, կուսակցությունների ու բիզնեսի (գործարարության) տարանջատման, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության եւ վերահսկողության բարելավման միջոցներով: Սահմանափակել իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման վերին շեմը` բացառելով վերջիններիս կախվածությունը բիզնեսից, միաժամանակ չպաշտպանված գործարարներին ազատել հարկադրաբար կամ կիսահարկադրաբար կուսակցություններին նվիրատվություններ անելու արատավոր գործելակերպից։ Սակավաթիվ խոշոր նվիրատուներից կուսակցության կախվածությունը բացառելու նպատակով սահմանափակել տարվա ընթացքում կուսակցությանը մեկ անձի նվիրատվության չափը` այն հավասարեցնելով նախընտրական հիմնադրամ մեկ ֆիզիկական անձի կողմից կատարվող մուծման չափին: Ավելացնել կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը` համամասնական ընտրակարգով քվեների 3 եւ ավելի տոկոս ստացած կուսակցությունների համար: Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքների պետական ֆինանսավորման համար կիրառել ռեգրեսիվ կումուլյատիվ/կուտակային սանդղակ, երբ 5 տոկոսից պակաս յուրաքանչյուր քվե ֆինանսավորվում է նվազագույն հաշվարկային աշխատավարձի չափով, այնուհետեւ այդ գործակիցը նվազում է 10, 15 եւ այլ հավելյալ տոկոս քվեների համար: Արդյունքում կատարվում է որոշակի համահարթեցում քիչ ձայներ եւ առավել ձայներ ստացած կուսակցությունների ֆինանսավորման մակարդակների միջեւ:
  • Փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում` արգելելով քաղաքական նպատակներով իրականացվող բարեգործությունը կամ քաղաքական կազմակերպությունների կողմից բարեգործությունը:
  • Ընդունել «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենք` ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերի ուղենիշերի համաձայն ամրագրելով ընդդիմության երաշխավորված իրավունքները:
  • Փոփոխություն կատարել հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում` ամրագրելով պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հստակ մեխանիզմներ: Նպաստավոր ենթահող պատրաստել մասնավորի կողմից քաղաքացիական հատվածի զարգացման նպատակով հիմնադրամներ ու դրամաշնորհներ նախաձեռնելու համար` վախի մթնոլորտից ձերբազատելով գործարարներին եւ բարեգործներին:

Փոփոխություն կատարել փաստաբանական գործունեության մասին օրենքում` այն հաշվով, որպեսզի քաղաքացուն պետության միջոցներով փաստաբանական անվճար ծառայություն մատուցվի նաեւ քաղաքացու` մարդու իրավունքների հետ կապված պետական կառույցի գործունեությունը կամ անգործությունը վիճարկելիս:


Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն եւ պայքար կոռուպցիայի դեմ

Ցանկացած պետական պաշտոնյա՝ գյուղապետից մինչեւ ՀՀ նախագահ, պարտավոր է համայնքային կամ պետական բյուջեի գումարներին վերաբերվել նույն սրտացավությամբ, ինչպես սեփական ընտանեկան բյուջեի ծախսերին: Պետական պաշտոնյան պետք է ապրի զուսպ ու համեստ` երբեք չչարաշահելով իր կարգավիճակը եւ թույլ չտալով պետական բյուջեի շռայլումներ ու ցոփ կյանք, մանավանդ Հայաստանի պես երկրում, որտեղ կան հարյուր հազարավոր աղքատ մարդիկ:
Այս ոլորտում կարեւոր է.

  • օրենքի համահավասար ու պատժելիության սկզբունքի կիրառում բարձրագույն պաշտոնյայից` Նախագահից ու նրա ընտանիքի անդամներից, մինչեւ ՀՀ շարքային քաղաքացի,
  • չարաշահումների դեպքում անկախ դատախազական վերահսկողության իրականացում, ինչպես նաեւ սեփական իրավունքների մասին հասարակության բարձր իրավագիտակցության ու իրազեկվածության ապահովում,
  • հասարակության եւ պետության ապախորհրդայնացում, ամբողջատիրական անցյալի հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ հասարակական գիտակցությունից ստրկացնող բարդույթների, սովորությունների եւ կարծրատիպերի դուրսմղում,
  • քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային», պետական ծառայողների նոր սերնդի ձեւավորում,
  • սոցիալական պաշտպանության եւ բնակչության սոցիալական ապահովության գործուն համակարգի ձեւավորում,
  • լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձեւավորմանը, մանր եւ միջին սեփականատերերի իրավազրկության վերացում,
  • պետական քաղաքականության էկոլոգիացում,
  • ազգային հարստության արդյունավետ ու նպատակային կառավարում ու բազմապատկում,
  • հովանավորչության, կոռուպցիայի դեմ իրական, արդյունավետ պայքար եւ համակարգային հակազդեցություն` ներառյալ օրենսդրության մասշտաբային հակակոռուպցիոն շտկում, պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում,
  • տնտեսության եւ սեփականության կառուցվածքի աստիճանական, բայց անշեղ դիվերսիֆիկացում, իրավական եղանակներով սեփականության կենտրոնացման նվազեցում` օլիգարխիայից դեպի միջին եւ մանր սեփականատերեր ազգային պաշարամիջոցների հանդեպ հսկողության վերաբաշխման նպատակով,
  • օլիգարխիկ տնտեսության փոխարեն ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսություն ստեղծում, կլանային ու ստվերային տնտեսությունից ձերբազատում, ազատ մրցակցային տնտեսական համակարգի ձեւավորում, բնական մենաշնորհների արդար եւ արդյունավետ կարգավորում, արհեստական մենաշնորհների դեմ պայքարի ուժեղացում,
  • եկամուտների քաղաքականության շրջադարձ օլիգարխներից դեպի քաղաքացիներ, միջին եւ մանր բիզնես, եկամուտների արդարացի վերաբաշխում եւ սոցիալական բեւեռացման մեղմում,
  • հօգուտ մարզերի, տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ապահովում, տարածքային եւ համայնքային քաղաքականության սոցիալականացում,
  • սահմանամերձ շրջանների զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակում եւ իրականացում,
  • պետական ձեռնարկությունների եւ հանքավայրերի` ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայում, ազգայնացում եւ նոր մասնավորեցում` բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում. միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի, ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ գումար:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ապահովել Մեծ վերադարձ դեպի Հայաստան, որի շնորհիվ 5 տարվա ընթացքում Հայաստանից  մեկնողների եւ վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական` տարեկան միջինը առնվազն 100.000 մարդ: Երկարաժամկետ կտրվածքով` առաջիկա 10 տարիների համար ապահովել առնվազն 4, իսկ առաջիկա 15 տարիների համար` 5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան: Սա Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային անվտանգության տարրական անհրաժեշտությունն է: Պաշտոնավարման ցանկացած տարվա համար նախապես հավանության արժանացած ներգաղթի ու արտագաղթի համապատասխան հաշվեկշիռն ապահովելու անկարողությունը հավասարազոր է Նախագահի կողմից իր պարտականությունների չկատարման, ուստի հանգեցնում է նրա անվերապահ հրաժարականին:
  • Հիմնել հատուկ մարմին` անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից եւ որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը:
  • Փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում` վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից:
  • ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային եւ վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը եւ օրենքները:
  • Փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Վերահսկիչ պալատի մասին», «Դատախազության մասին» օրենքներում` մեծացնելով Վերահսկիչ պալատի դերը եւ սահմանելով դատախազության պարտականությունը` գործ հարուցելու հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ:
  • Բացահայտել եւ արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության եւ հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների եւ դրանց մեղավորների նկատմամբ:
  • Ապահովել քաղաքացիների ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքներն ու պատասխանատվություն հարուցել այդ իրավունքները ոտնահարող պաշտոնյաների նկատմամբ:
  • Պատասխանատվություն հարուցել քաղբանտարկյալների եւ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների նկատմամբ:
  • Տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին:
  • Արմատապես բարեփոխել ոստիկանության համակարգը:
  • Պատասխանատվություն հարուցել քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների նկատմամբ:
  • Անհրաժեշտ բյուջետային միջոցներ հատկացնել ՀՀ տարածքում գործող կալանավայրերի վերանորոգման եւ ընդլայնման, դրանցում բանտախցերի գերբեռնվածության նվազեցման, այդ խցերի հակասանիտարական վիճակի, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակին:
  • Իսպառ բացառել իշխանության հետ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների սերտաճումը, հիմնաքանդել մենաշնորհները, բացահայտել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մակարդակներում անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով պաշտոնական դիրքի չարաշահող անձանց:
  • Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաեւ պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:
  • Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:
  • Հանցավոր ճանապարհով եւ անաշխատ եկամուտներով կուտակված հարստության նկատմամբ կիրառել օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ` այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, իրավական, մրցակցային եղանակով: Արմատախիլ անել կոռուպցիոն համակարգը, բոլոր այս միջոցառումների արդյունքում պետական բյուջե հավելյալ մուտքագրել շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
  • Վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը` կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման եւ պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաեւ ԳՐԵԿՕ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո:
  • Վերանայել «Գնումների մասին» օրենքը` պետական ու համայնքային ենթակայության հաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթների արդարության, թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով:
  • Շքեղության միանվագ գույքահարկի կիրառում ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` 600 մլն դրամը (շուրջ 1,5 մլն դոլարը) գերազանցող սեփականության` անշարժ գույքի` ներառյալ հողի եւ ավտոմեքենաների հանդեպ: Շքեղության միանվագ հարկն առաջարկվում է կիրառել հետեւյալ սանդղակով. 600-1000 մլն դրամի դեպքում` 3%, 1-1,5 մլրդ դրամի դեպքում` 5%, 1,5-2 մլրդ դրամի դեպքում` 7%, 2-3 մլրդ դրամի դեպքում` 9%, 3 մլրդ դրամից ավելի` 10%: Իսկ մեքենաների (բացի էկոլոգիապես անվտանգ վառելանյութ/էներգիա օգտագործող շարժիչ ունեցողներից) դեպքում առաջարկվում է կիրառել հետեւյալ սանդղակով. 15-25 մլն դրամ ($40000-$66000) արժողությամբ մեքենայի դեպքում` 10%, 25-35 մլն դրամ ($66000-$92000) արժողությամբ մեքենայի դեպքում` 15%, 35-50 մլն դրամ ($92000-$131000) արժողությամբ մեքենայի դեպքում` 20%, 50 մլն դրամից բարձր արժողությամբ մեքենայի դեպքում` 30%:
  • Ստեղծել պարզ, կայուն ու կանխատեսելի հարկային դաշտ` բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով կրկնակի հարկումից, որը գանձվում է անբարեխիղճների բացը լրացնելու համար:
  • Կատարելագործել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, էթիկայի հանձնաժողովի, ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, ինչպես նաեւ լրամշակել Քրեական օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով:
  • Խստացնել օրենսդրությունը` մենաշնորհային տնտեսության վերացման նպատակով, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից այլ օրենքներում:
  • Լրամշակել «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» եւ այլ օրենքներ` քաղաքաշինական, բնապահպանական նորմերի, օրենքների խախտմամբ շինարարության կանխման, վերացման ու կարգազանցների պատժման նպատակով:
  • Գործող օրենքների կիրառմամբ` ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին եւ խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու գործընթացի շնորհիվ արդեն 2013թ. հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 16,8%-ից հասցնել ոչ թե 17,36%-ի, ինչպես 2012թ. բյուջեի նախագծում առաջարկում է կառավարությունը, այլ մինչեւ 23%-ի, ինչը թույլ կտա լրացուցիչ բյուջե մուտքագրել մոտավորապես 245 մլրդ դրամ (շուրջ $ 625 մլն):
  • Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:
  • Օրինականությունը վերականգնելու նպատակով Ազգային ժողովի եւ Վերահսկիչ պալատի քննարկման առարկա դարձնել`
    • պետական գույքի սեփականաշնորհման ողջ գործընթացը եւ դրա արդյունքները, հատկապես` ԱրմենՏելի, Երեւանի կոնյակի գործարանի, ԲԷՑ-երի, Հրազդանի ՊՇԵԿ-ի, ազնիվ եւ գունավոր մետաղների վերամշակման ձեռնարկությունների եւ ընկերությունների մասով,
    • «Գույք` պարտքի դիմաց» միջպետական պայմանագրի, դրա քաղաքական եւ տնտեսական հիմնավորվածության հարցը,
    • հակակոռուպցիոն ռազմավարության նոր հայեցակարգի մշակումը եւ ընդունումը` քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ,
    • ՀՀ սահմանադրական դատարանի` պետական կարիքների համար ՀՀ քաղաքացիների սեփականության օտարմանը վերաբերող որոշումների կատարման արդյունքները:

Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատանքի եւ հաց վաստակելու հնարավորությունների ընձեռում

Համաշխարհայնացման արդի պայմաններում տնտեսության առաջանցիկ զարգացման համար օրախնդիր են գերակա ոլորտ ճանաչված տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը եւ համաշխարհային շուկայում ՀՀ մրցակցային դիրքերի ամրապնդմանը միտված արմատական քայլերի իրականացումը, տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացման խթանումը: Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի տնտեսության առավել գիտատար, ինովացիոն ճյուղերի զարգացման խրախուսմանը, ինչպես նաեւ նկատի ունենա երկրի էներգետիկ, ռազմական, տնտեսական, տրանսպորտային, պարենային եւ բնապահպանական անվտանգությունը: Առաջնային են բարձր աշխատաեղանակների (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտի եւ վերամշակող արդյունաբերության զարգացման ու դրանց արտադրանքի արտահանման խթանումը, արտադրատեսակների փակ ցիկլերի ձեւավորման, ինչպես նաեւ կլաստերների կազմակերպման խրախուսումը։ Չթուլացող ուշադրություն են պահանջում մրցունակ արտադրատեսականու ընդլայնման, որակի առումով միջազգային չափորոշիչներին համապատասխանող արտադրանքի թողարկման, երկրի համախառն ներքին արդյունքի կազմավորման մեջ արդյունաբերության դերի բարձրացման խնդիրները:
Տնտեսական քաղաքականության նպատակի փոփոխություն. տնտեսական աճ փոքր եւ միջին բիզնեսի հաշվին:
Տասը տոկոս տարեկան տնտեսական աճը տնտեսության ներկա կառուցվածքի դեպքումավելի պակաս սոցիալ-հասարակական արդյունք ունի, քան կունենար փոքր ու միջին բիզնեսի հաշվին գրանցված հինգ տոկոս տնտեսական աճը: Մենք կապահովենք տարեկան 10-15 տոկոս տնտեսական  աճ փոքր  եւ  միջին  բիզնեսի հաշվին  եւ ամեն տարի կունենանք  դրական  ազդեցություն  ավելին,  քան  երբեւէ  եղել է անկախ Հայաստանում:
Օլիգոպոլիաների վերացում` օրենքով պարտադրված խաղի կանոններով եւ փոքր ու միջին բիզնեսի արագ զարգացմամբ:
Տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը հիմնովին վերանայելու եւ հատուկ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու նպատակադրմամբ վերաձեւակերպման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ լիակատար կանաչ լույս կբացվի փոքր ձեռներեցությամբ զբաղվողների առջեւ: Յուրաքանչյուր ոք, ով իր մեջ տեսնում է արտադրելու կամ ծառայություններ մատուցելու ունակություն, կստանա դրանով զբաղվելու կատարյալ հնարավորություններ, այդ թվում` հասանելի վարկային միջոցներ, հարկային լուրջ արտոնություններ, անվճար դասընթացների հնարավորություններ:
Կապիտալի եւ ռեսուրսների գերկենտրոնացումն արգելող օրենսդրական դաշտի ամրագրում:
Հայաստանի նման փոքր ու սակավ պաշարամիջոցներ ունեցող երկրում հարստության կենտրոնացումը մարդկանց մի փոքր խմբի շրջանակներում հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ հետզհետե ազգային անվտանգության հարց է դառնում: Արդի աշխարհում վաղուց գոյություն ունեն մշակված մեխանիզմներ, որոնք կարգավորում են նման խնդիրները: Մենք պատրաստ ենք օրենքի ուժով ապահովել ազգային հարստության ավելի համաչափ բաշխումը հասարակության լայն շերտերում:
Պրոգրեսիվ հարկային օրենսդրության ներմուծում, որի կիրառումից հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսից կտեղափոխվի դեպի խոշոր բիզնես, ինչը կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության կառուցվածքի փոփոխությանը եւ ճկունացմանը, օլիգոպոլ տնտեսությունից ազատ շուկայականի անցմանը, ինչպես նաեւ սոցիալական գերբեւեռացման մեղմմանն ու արտագաղթի կասեցմանը:
Այս ամենի իրագործման համար կարեւորվում են.

  • հանրապետության խոշոր քաղաքներում արդյունաբերական ներուժի նորովի վերականգնումը, Երեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության ապակենտրոնացումը` փոքր ու միջին ձեռնարկությունները սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու եւ զարգացնելու միջոցով,
  • Տնտեսական քաղաքականության նպատակի փոփոխությունը. տնտեսական աճ փոքր եւ միջին բիզնեսի շնորհիվ,
  • գիտատեխնիկական եւ արտադրական համալիրների կազմավորման ու զարգացման միջոցով գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումների արագ ներդրումը,
  • միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանքի թողարկման խթանումը,
  • արտահանման խրախուսման քաղաքականության արմատավորումը,
  • ներքին եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը,
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացումը:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Տնտեսության մեջ մենաշնորհների վերացման ու մրցակցության հաստատման շնորհիվ, ինչպես նաեւ տնտեսության ապաքրեականացման ու ՀՀ միջազգային հեղինակության բարձրացման միջոցով Հայաստանի տնտեսության մեջ տեղական եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների (այդ թվում` սփյուռքահայ ներդրողներինը) ծավալն արդեն 2013թ.-ին հասցնել տարեկան առնվազն 1,5 մլրդ դոլարի` հնարավորություն տալով ամեն տարի ստեղծելու ավելի քան 50 հազար աշխատատեղ` ամսական 200.000 դրամ միջին վարձատրությամբ:
  • Զարգացնել օրենսդրությունը` ընդունելով եւ/կամ վերանայելով մի շարք օրենքներ, մասնավորապես` բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների նկատմամբ արտոնյալ հարկային եւ սակագնային պայմանակարգեր սահմանող օրենքը, ՀՀ տնտեսության մեջ ներքին կոոպերացման մասին, բնական մենաշնորհի մասին, հարկային օրենսգրքի մասին, լիզինգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:
  • Լրամշակել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքը` նախատեսելով ՓՄՁ-ներին պետական աջակցության նոր միջոցառումներ եւ մեխանիզմներ: Առաջիկա 15 տարիներին բացառիկ բարենպաստ հարկային պայմանակարգ սահմանել փոքր եւ միջին բիզնեսի համար:
  • Արտահանումը խթանելու եւ ներմուծմանը փոխարինող արտադրությունը խրախուսելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային ու հարկային օրենսդրությունում, ինչպեսեւ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում:
  • Խթանել վերջնական արտադրանքին ուղղված տեխնոլոգիատար արտադրության զարգացումը, ապահովել գիտահետազոտական ու փորձարարական-նախագծային աշխատանքների համար հատկացվող ծախսերին պետության եւ մասնավոր հատվածի մասնակցությունը:
  • Զարգացնել գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանությունն ու վերարտադրությունը ապահովող, բնական պաշարների ողջամիտ, արդյունավետ, անվտանգ ու նպատակային օգտագործումը եւ կառավարումը երաշխավորող հանքարդյունաբերությունը:
  • Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Շահութահարկի մասին» օրենքում, որով մինչեւ 20 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 40 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրական ընկերությունները լիովին ազատել շահութահարկից: Սահմանամերձ գոտում գործող արտադրական եւ սպասարկման ոլորտի ընկերությունների ու անհատ ձեռներեցների դեպքում այդ շեմն ավելացնել մինչեւ 50 մլն դրամը, իսկ առեւտրով զբաղվող ընկերությունների դեպքում` 100 մլն դրամը:
  • Լիզինգի միջոցով արդիականացնել ձեռնարկությունների տեխնիկական զինանոցը, ձեւավորել լիզինգային ընկերությունների ընդլայնման տնտեսական միջավայր:
  • Կլաստերների արմատավորմամբ հաղթահարել արտադրության նորացման եւ տեխնոլոգիական հենքի վերականգնման բարձր ծախսերը:
  • Ավելացնել ՀՆԱ-ի մեջ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրության եւ ծառայությունների մասնաբաժինը` առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնելով շուրջ 20 տոկոսի:
  • Օտարերկրյա եւ տեղական ներդրողներին ապահովագրել տարբեր տեսակի ռիսկերից:
  • Իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հանդեպ կիրառել պրոգրեսիվ հարկ` սկսած 70 մլն դրամ շրջանառությունից` արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունների դեպքում, եւ 140 մլն դրամ շրջանառությունից` առեւտրով զբաղվող ընկերությունների դեպքում, միաժամանակ տարեկան մինչեւ 20 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 40 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրով զբաղվող ընկերությունները լիովին ազատելով շահութահարկից:
  • Շրջանառության վրա պրոգրեսիվ հարկի կիրառում իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների հանդեպ` տարեկան 70-100 մլն շրջանառության (առեւտրի դեպքում այսուհետ համապատասխանաբար` կրկնակին) դեպքում առաջարկվում է սահմանել 0,25% դրույքաչափով, 100-250 մլն դեպքում` 0,5%, 250-500 մլն դեպքում` 0,75%, 500-750 մլն դեպքում` 1%, 750-1000 մլն դեպքում` 1,25%, 1000-1500 մլն դեպքում` 1,5%, 1500-2000 մլն դեպքում` 1,75%, 2000-3000 մլն դեպքում` 2%, 3000-5000 մլն դեպքում` 2,25%, 5000-7500 մլն դեպքում` 2,5%, 7500-10000 մլն դեպքում` 2,75%, 10000-15000 մլն դեպքում` 3%, 15000-20000 մլն դեպքում` 3,25%, 20000-30000 մլն դեպքում` 3,5%, 30000-40000 մլն դեպքում` 3,75%, 40000-50000 մլն դեպքում` 4%, 50000-75000 մլն դեպքում` 4,25%, 75000-100000 մլն դեպքում` 4,5% եւ 100000 մլն-ից ավելի շրջանառության դեպքում` 4,75% դրույքաչափով:
  • Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի կիրառում հետեւյալ կերպ. մինչեւ 70 հազար դրամը` 0%, 70-300 հազար դրամը` 3500 դրամ գումարած 70.000 դրամը գերազանցող գումարի 3 %, 300-800 հազար դրամը` 30.000 գումարած 300.000 դրամը գերազանցող գումարի 15%, 800.000-1,5 մլն դրամը` 120.000 գումարած 800.000 դրամը գերազանցող գումարի 20%, 1,5-5 մլն դրամը` 300.000 գումարած 1,5 մլն դրամը գերազանցող գումարի 25%, 5-10 մլն դրամը` 1,25 մլն դրամ գումարած 5 մլն դրամը գերազանցող գումարի 30%, 10 մլն դրամից ավելի գումարից` 3,5 մլն դրամ գումարած 10 մլն դրամը գերազանցող գումարի 35%:
  • Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում` բնակչության ու բնակավայրերի վրա դրանց բացասական ազդեցությունները բացառելու, միջազգային փորձի կիրառմամբ շահումով խաղերի հանդեպ պետական մենաշնորհ հաստատելու, իսկ գոյացած գումարները սոցիալական եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներ ուղղելու նպատակով:
  • Ավելացնել 200 մլն դրամը գերազանցող այն չաշխատող ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի հանդեպ գույքահարկը, որի գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում : Խթանել դրանց գործարկումը, իսկ անհնարինության դեպքում` վաճառել ավելի արդյունավետ սեփականատերերի կամ ընկերությունների:
  • Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով, գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել:
  • Սահմանել խիստ տեխնիկական պահանջներ հանրային տրանսպորտի (կանոնավոր ուղեվորափոխադրումներ իրականացնող մեքենաների) նկատմամբ:

Սոցիալական արդարություն, աղքատության հաղթահարում եւ սոցիալական ներառող հասարակություն

Սոցիալական արդարության, համերաշխության, հավասար հնարավորությունների ու բոլոր անդամներին ներառող հասարակությունը առողջ, հանդուրժող, սոցիալական բեւեռացումն ու խտրականությունը բացառող հանրույթ ունենալու գրավականն է: Այս ոլորտում առաջնային նպատակներն են.

  • ապահովել բնակչության եկամուտների իրական աճ, ամրապնդել սոցիալական պաշտպանության համակարգը,
  • վերականգնել սոցիալական արդարությունն ու սոցիալական խախտված իրավունքները,
  • պաշտպանել անապահով խավերի աշխատանքային իրավունքը,
  • կրճատել, ապաեւ բացառել գործազրկությունը` իրականացնել զբաղվածության արդյունավետ քաղաքականություն,
  • հետամուտ լինել հարեւան եւ այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների սերտաճմանը հասարակության մեջ,
  • հավասար հնարավորություններ ապահովել բոլորի համար` բացառելով խտրականություն ու հասարակության որեւէ խմբի` լուսանցք մղվելը,
  • հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման չափը ժողովրդավարական հասարակության, ժողովրդի բարեկեցության չափանիշներից մեկն է: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության նպատակը պետք է լինի ներառումը իբրեւ հասարակության սոցիալական զարգացման միջոց, որն արտացոլում է համբերատարության, բազմազանության հարգանքի, հնարավորությունների հավասարության, համերաշխության, անվտանգության, առանց խտրականության, ինչպես նաեւ հասարակության բոլոր շերտերի մասնակցության սկզբունքներով զարգանալու` հասարակության հնարավորությունը,
  • հատուկ ուշադրություն դարձնել աղետի ենթարկված գոտու վերականգնմանը եւ սահմանամերձ գյուղերի զարգացմանը,

Առաջնային օրենսդիրեւգործադիրքայլեր 

  • Փոփոխություններ կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում` նվազագույն ամսական աշխատավարձի չափը մեկընդմիշտ հավասարեցնելով նվազագույն սպառողական զամբյուղի դրամական արտահայտությանը, միաժամանակ դրանք շաղկապելով «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի հետ:
  • Նվազագույն կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը 2013թ. հասցնել 80.000 դրամի, ամեն հաջորդ տարի ավելացնելով 10.000 դրամով` գնաճին համարժեք հավելումներին զուգահեռ:
  • Պետական հատվածի աշխատողների թվում պետական ծառայողների եւ քաղծառայողների բազային պաշտոնական դրույքաչափն առաջարկվում է սահմանել 111.000 դրամ, իսկ միջին աշխատավարձը հասցնել 210.000 դրամի:
  • Աշխատուժի շուկայում եւ պետական հատվածի աշխատավարձերի ոլորտում ճկուն քաղաքականության միջոցով հանրապետությունում միջին աշխատավարձը հասցնել 200.000 դրամի:
  • Նախկին ԽՍՀՄ խնայբանկերում ավանդները պետական ներքին պարտք ճանաչելու եւ դրանց փոխհատուցման կարգ սահմանելու միջոցով հաստատել ավանդների փոխհատուցման արդարացի մեխանիզմ եւ կրկնապատկել փոխհատուցման գործակիցները, սահմանել փոխհատուցման ժամկետների հստակ ժամանակացույցեր:
  • Ընդունել սոցիալական ապահովագրության մասին օրենք, սոցիալական պաշտպանության փաթեթներ պատրաստել սոցիալապես խոցելի խմբերի համար:
  • Վերանայել «Պետական նպաստների մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքները` վերասահմանելով սոցիալապես խոցելի խավերին տրամադրվող նպաստների, գործազրկության նպաստների չափերը` ըստ այդ խմբերի սոցիալական-տնտեսական կարիքների համաչափ գնահատականի:
  • Հայկական դրամի արժեզրկման գործընթացից խուսափելու նպատակով փոխհատուցել պետական ներքին պարտք ճանաչված ավանդները` երկրի տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղությունների համար կատարվող ներդրումներում բնակչության ավանդների չափով բաժնեմասեր տրամադրելու միջոցով: Այդ ծրագրերի իրականացման համար օգտագործել ապօրինի սեփականաշնորհված եւ անարդյունավետ օգտագործված գույքը, որի մեջ բնակչությունն իր ավանդների արժեքի չափով կարող է ունենալ բաժնեմասի իրավունք: Սա լուրջ խթան կհանդիսանա տնտեսության, հատկապես` արժեթղթերի շուկայի զարգացման համար:
  • Ընդունել նոր աշխատանքային օրենսգիրք, փոփոխություններ մտցնել աշխատանքի վարձատրության մասին, կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին ՀՀ օրենքներում` դրանք փոխկապակցելով նվազագույն աշխատավարձի հետ:
  • Լրամշակել հանրային ծառայությունները կարգավորող մարմինների մասին օրենքը:
  • Արմատապես վերանայել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) սկզբունքները, խնդիրները եւ քաղաքականությունը:
  • Էապես փոփոխել «Աշխատանքային օրենսգիրքը»` հավասարակշռելով գործատուի շահերի ու աշխատողի իրավունքների համաչափ պաշտպանությունը:
  • Փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրենքում` բարձրացնելով եւ հստակեցնելով տեսչության դերը գործատուների կողմից աշխատանքային իրավունքների ապահովումը վերահսկելու գործում:
  • Առաջարկել «Աղետի գոտու մասին» օրենք` կարգավորելով տեխնածին, բնական եւ այլ աղետների դեպքում աղետի գոտու սահմանման, աղետից տուժած բնակչության պետական համարժեք աջակցության, աղետի գոտու վերականգնման հարցերը, համարժեք փոփոխություններ կատարելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում:
  • Անվճար բժշկական ապահովագրություն տրամադրել «Փարոս» ծրագրում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին եւ թոշակառուներին:
  • Աղետի գոտու վերականգնման, բարեկարգման եւ կոմունալ պայմանների բարելավման նպատակով 2013թ. ՀՀ բյուջեով հատկացնել 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
  • Հարեւան եւ այլ երկրներից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած փախստականների բնակարանային խնդիրները լուծել էժան, հիփոթեքային վարկեր տրամադրելու միջոցով: Բնակարանաշինության ընթացքում կիրառել փախստականների «աշխատանքի մասնակի փոխհատուցման» սկզբունքը:
  • Բարձրացնել հանրային ծառայությունների մատչելիությունն ու որակը եւ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
  • Իրականացնել ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակության կյանքին նրանց լիարժեք մասնակցության խթանմանը եւ կենսաորակի բարելավմանն ուղղված ծրագրեր եւ գործողություններ:
  • Առավելագույնս ՀՀ ներպետական օրենսդրության ու պրակտիկայի մեջ ներմուծել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 20-ից եւ որով պետությունը պարտավորվում է սոցիալապես ներառել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:
  • Հաշմանդամներին հասարակության լիիրավ անդամ դարձնելու նպատակով ոչ միայն լուծել նրանց վերականգնման, այլեւ ժամանակակից հասարակության պայմաններում սոցիալ-տնտեսական հարմարեցման խնդիրները:
  • ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան` հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվելու քաղաքականության ու ծրագրերի, այդ թվում` ուղղակիորեն իրենց վերաբերող վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցություններում: Պետությունը պետք գիտակցի հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ինքնուրույնության ու անկախության, ազատ ընտրության իրավունքի կարեւորությունը, ֆիզիկական, սոցիալ-տնտեսական, մշակութային միջավայրի, առողջապահության, կրթության, տեղեկատվության ու հաղորդակցության մատչելիության անհրաժեշտությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտվելու մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից:
  • Պայքարել խտրականության դեմ եւ մարդու իրավունքների պաշտպանության համար` այդ թվում ամրապնդելով հաշմանդամ մարդկանց ինքնուրույնությունը, ընտրության ազատությունը եւ կյանքի որակը, նպաստելով հաշմանդամության մասին` որպես մարդկային բազմազանության տարրերից մեկի, իրազեկության աստիճանի բարձրացմանը:
  • Մանկատների շրջանավարտներին անհատույց վարձակալության հիմունքներով բնակարանով ապահովելու նպատակով պետբյուջեից տարեկան հատկացնել առնվազն 500 մլն դրամ:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մատչելիություն, հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ գործուն մասնակցություն հասարակական-քաղաքական, համայնքային, մշակութային կյանքին, կրթության ոլորտին, ստեղծել զբաղվածության մատչելի միջավայր եւ տրանսպորտային, առողջապահական եւ իրավական պաշտպանություն:

Որակյալ եւ մատչելի առողջապահություն, բժշկական ապահովագրություն եւ առողջ ապրելակերպ

Առողջապահությունն ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից է, իսկ հասարակության առողջությունը` ազգային շահի բաղադրիչ: Առողջ մարդը, նրա ստեղծագործ եւ արտադրողական աշխատանքի պտուղները իր ընտանիքի, հասարակության ու պետության հարստության կարեւոր աղբյուրներից են: Առողջության պահպանման մեջ ներդրումները կարող են բազմապատիկ փոխհատուցվել, եթե կանխարգելիչ պետական-հասարակական միջոցառումների, առողջ ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ կենսագործվի նպատակային քաղաքականություն: Առողջ ապրելու` բնակչության իրավունքն իրացնելու, ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավերներով» ամրագրված նպատակներն իրագործելու ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության ընդունած բանաձեւերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարելու համար առողջապահության քաղաքականության նպատակներ հռչակել.

  • բժշկական օգնության եւ ծառայությունների ֆիզիկական ու ֆինանսական առումներով ազգաբնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի խավերի մատչելիության մակարդակի բարձրացում,
  • բժշկական օգնության եւ ծառայությունների որակի բարձրացում,
  • առողջապահության համակարգի պետական կառավարման արդյունավետության խթանում,
  • բնակչության դեղորայքային ապահովվածությանն ու մատչելիությանն ուղղված նպատակային ծրագրի մշակում եւ իրականացում,
  • դեղերի մանրածախ ու մեծածախ շուկայում ազատ մրցակցության ապահովում,
  • մարդու համար անվտանգ բնական միջավայրի, համաճարակներից ու վարակներից հնարավորինս զերծ սոցիալական միջավայրի ապահովում,
  • առողջ ապրելակերպի արմատավորում:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ընդունել բժշկական ապահովագրության մասին ՀՀ օրենք. առողջության ապահովագրումը խրախուսելու նպատակով օրենքով թույլատրել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին` սեփական միջոցներով իրենց աշխատողների առողջության ապահովագրման 30%-ը ֆինանսավորելու դեպքում այդ մասով նվազեցնել շահույթը` հաշվարկելով այն որպես ծախս:
  • Վերանայել պետպատվերով անվճար բուժօգնության, դեղորայքի բաշխման ձեւը, բուժսպասարկման համակարգն ու օրենսդրությունը` այն դարձնելով հասցեական, արդարացի եւ օրինական: Այդ նպատակով փոփոխություններ ու լրացումներ առաջարկել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում` հստակեցնելով բնակչության որակյալ, երաշխավորված բժշկական օգնությունն ու սպասարկումը:
  • Առողջապահական արտոնություններ եւ անվճար բուժսպասարկում ապահովել տարեց, մեկ ծնողից բաղկացած ընտանիքների, պատերազմի վետերանների ու նրանց ընտանիքների, հաշմանդամների եւ կարիքավորների համար:
  • Դեղերի արտոնագրման գործընթացը հստակեցնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դեղերի շուկան մրցակցային դարձնելու, մենաշնորհները բացառելու, ազգաբնակչությանը կեղծ դեղերից ապահովագրելու եւ տեղական դեղագործությունը խթանելու մեխանիզմների ամրապնդման նպատակով լրամշակել դեղերի մասին օրենքը` միաժամանակ խստացնելով կեղծ կամ ժամկետանց դեղերի վաճառքի, արտադրության համար պատասխանատվությունը:
  • Լրամշակել տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը` առողջապահությունը ՏԻՄ-ների պարտադիր լիազորություն ճանաչելու մասով:
  • Պետական բյուջեում կազմավորել առողջապահական հատուկ բյուջե` ի հաշիվ մարդկանց առողջությանը վնասող ապրանքների ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերից, բնապահպանական վճարներից, կանաչ տարածքների հատման համար տույժերից ու տուգանքներից հաստատագրված չափերով մասհանումների:
  • Սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բժշկական օգնության ու ծառայությունների իրատեսական գներ:
  • Ապահովել պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող առողջապահական նպատակային ծրագրի շրջանակներում պետական պատվերի տեղադրումը մրցութային կարգով:
  • Առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցների ընդհուպ մինչեւ 60%-ն ուղղել մարզերում առողջության առաջնային պահպանման, ընտանեկան բժիշկների գրասենյակների կառուցման, վերանորոգման, պահպանման, ինչպես նաեւ ժամանակակից աշխատաեղանակներով դրանց եւ պոլիկլինիկաների ապահովման նպատակներին:
  • Բոլոր համայնքներում կամ դրանցից 3 կմ շառավղով ոչ հեռու վայրերում ստեղծել եւ պահպանել դեղատներ կամ դեղեր բաշխող կազմակերպություններ:
  • Համայնքների բոլոր առողջապահական կազմակերպություններն ապահովել կադրերով: Այդ նպատակով առողջապահական կազմակերպությունների` հատկապես Երեւանի քաղաքում, օպտիմալացման արդյունքում առաջացած բժշկական կադրերի ավելցուկը գործուղել համապատասխան մասնագետի կարիք ունեցող համայնքներ` նրանց վերամասնագիտացնելու, վերապատրաստելու եւ սոցիալական անհրաժեշտ երաշխիքներով ապահովելու պայմանով:
  • Կատարելագործել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական անձնակազմի եւ ընտանեկան բժիշկների վարձատրության մեխանիզմը: Լրջորեն հոգ տանել մայրության, մանկության եւ ընտանիքի պաշտպանության, մատչելի ու որակյալ բուժսպասարկման ապահովման մասին:
  • Կանխարգելել մարդու առողջությանը սպառնացող համաճարակները, այդ նպատակով թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունների (օրինակ` հեպատիտային վիրուսներ եւ այլն) կանխարգելման բոլոր միջոցառումները ներառել առողջապահության կառավարական ծրագրերում` այդ ծրագրերին մասնակից դարձնելով քաղաքացիական հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին, ուժեղացնելով վերահսկողությունը, բարելավելով կանխարգելիչ միջոցները, ախտորոշումը եւ մեծացնելով բուժման հասանելիությունն, առաջին հերթին, բնակչության խոցելի խավերի համար:
  • Դեղերի մեծածախ ու մանրածախ (դեղատնային) շուկաներում փոքր եւ միջին բիզնեսի հարկատուներին թե´ օրենսդրորեն, թե´ իրավակիրառական պրակտիկայում պաշտպանել գերակա դիրք ունեցող խոշոր ընկերություններից, տնտեսական մենաշնորհից ու խոշոր ընկերությունների դեմպինգային քաղաքականությունից: Խստագույնս պատժել խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր փորձում են շուկայից դուրս մղել փոքր ու միջին բիզնեսին, այդ թվում` պետությանը եւ փոքր ու միջին բիզնես-հարկատուին պատճառած վնասներին համարժեք տուգանքներ սահմանելու, ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտում արտոնագրերից զրկելու տեսքով:
  • Վերացնել կոռուպցիայի օջախները պետական գնումների, այդ թվում` բուժհաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթներում: Լրամշակել գնումների մասին ՀՀ օրենքը եւ խստիվ կատարել նրա պահանջները` մասնավորապես ապահովելով 5.0 մլն դրամ գումարը գերազանցող գնումների համար պարտադիր կարգով մրցույթների անցկացումը, դրանց հայտարարությունների հրապարակայնությունը ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների տեղեկագրով եւ կայքէջով, մեծ տպաքանակ ունեցող թերթերով: Ապահովել բոլոր մակարդակների տնտեսվարողների ազատ մասնակցությունը մրցույթներին` պահանջներ, որոնք տարիներ շարունակ քամահրվել ու չեն կատարվել` դառնալով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների սնանկացման, պետական բյուջեի հատկացումների փոշիացման, կոռուպցիոն ու հակամրցակցային երեւույթների տարածման, դեղերի չհիմնավորված գնաճի պատճառ:
  • Բացառել ՀՀ տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հովանավորությամբ եւ բուժհաստատությունների ղեկավարության կողմից մրցույթները ձեւական միջոցառման վերածելու, իրական հաղթողներին խաղից դուրս թողնելու եւ կեղծ «հաղթողներ» հռչակելու արատավոր գործելակերպը, ինչի հետեւանքով պետբյուջեն խոշոր չափերի ֆինանսական վնասներ է կրում:
  • Նորմատիվ ակտերից վերացնել այնպիսի դրույթները, որոնք մրցույթների կազմակերպիչներին ու նրա հետ համագործակցող անձանց թույլ են տալիս դուրս թողնել մրցակիցներին: Նման դրույթներից են, մասնավորապես, մատակարարի` բանկում 15.0 մլն դրամից ավելի գումար եւ տվյալ դեղերի մասով 50.0 մլն դրամից ավելի մեծածախ շրջանառություն ունենալու հանգամանքի մատնանշումը, ինչպես նաեւ արտասահմանյան դեղագործարաններից տվյալ դեղի «ավտորիզացիայի» մասին պաշտոնական նամակ ներկայացնելու կամ մրցույթի մասնակցի կողմից բոլոր դեղերի գնային առաջարկներով հաղթելու պահանջները:
  • Օրենսդրորեն ու գործնականում արգելել մրցույթին մասնակցող տնտեսվարողների կողմից մրցույթի ընթացքում կամ դրանից հետո բուժհաստատությանն այնպիսի դեղորայքի «նվիրատվությունը», որի համար մրցույթ է հայտարարված: Պրակտիկան ցույց է տվել, որ բուժհիմնարկների տնօրենների հետ կուլիսային համաձայնության եղանակով պարտված մասնակիցը մրցույթում հաղթածին սնանկացնելու կամ մրցույթը փաստացի չեղյալ ճանաչելու նպատակներով երբեմն դիմում է դեղի գնման պահանջը վերացնող նման քայլերի, կամ դեմպինգի, որը ՀՀ-ում եւ ողջ աշխարհում օրենքով արգելված է:
  • Խստագույնս պահպանել բուժհաստատությունների հայտարարված մրցույթների փաթեթներում դեղերի ջեներիկ անվանումները, բայց ոչ առեւտրային անունները հիշատակելու պահանջը` բացառելով մրցույթի արդյունքների կանխորոշումը հօգուտ տվյալ առեւտրային անվանումով դեղորայք ներկրողի կամ արտադրողի:
  • Պետական գնումների գործընթացում եւ կոռուպցիայի դեմ պայքարում կիրառել արեւմտյան երկրների տիպօրինակը, այսինքն` մրցույթների անցկացման ժամանակ հաղթող մասնակցից պահանջել դեղի կամ ցանկացած մրցութային ապրանքի ձեռքբերման գինը հավաստող փաստաթղթեր եւ կառավարության որոշմամբ մասնակցին թույլատրել հավելագին ավելացնել պետության կողմից թույլատրելի ողջամիտ շահույթի տոկոսադրույքի սահմաններում, որից 10-30% «ատկատ» տալը տեսականորեն եւ գործնականում անհնար կդառնա, իսկ ՀՀ պետբյուջեն եւ տնտեսության բոլոր ոլորտները միասին վերցրած տարեկան կխնայեն նվազագույնը 500 միլիոն դոլար:
  • Վերացնել բժշկական օգտագործման ապրանքների տեխնիկական բնութագրում չհիմնավորված սահմանափակումները, որոնք հաճախ բուժհաստատությունների կողմից օգտագործվում են մրցակցությունը վերացնելու կամ բացառելու նպատակներով, ինչը հարկադրում է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին` իրենց մասնակցությամբ օրինականացնել մրցույթի կեղծիքները:
  • Ապակուսակցականացնել բուժհաստատությունները եւ բացառել պետական առողջապահական ծրագրերի ծառայեցումը կուսակցական նպատակներին:

Պետությունը գյուղացու կողքին

Հարուստ եւ կայուն գյուղը, զարգացած գյուղական համայնքները պետության ինքնիշխանության ու անվտանգության լուրջ գրավականն են, իսկ ժամանակի պահանջների ոգուն համապատասխանող գյուղատնտեսությունը` երկրի պարենային անկախության եւ ապահովության աստիճանի էական բաղադրիչներից մեկը:

Այդ առումով հետապնդվող նպատակներն են.

  • գյուղացիական տնտեսություններում ներդրումային եւ վարկավորման ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
  • ֆերմերային տնտեսությունների զարգացում, ագարակատերերի եւ նրանց ընտանիքների կենսամակարդակի հարաճուն բարձրացում,
  • գյուղատնտեսության մեջ կամավորության սկզբունքով կոոպերացիայի տարբեր ձեւերի կազմավորման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ապահովում,
  • ջրամատակարարման, պարարտանյութերի եւ գյուղատնտեսական տեխնիկայի մատչելիություն,
  • արտոնյալ հարկային ու վարկային պայմաններ` գյուղատնտեսության ռիսկային գոտիների ու հատվածների համար:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ապահովել պետական օժանդակություն գյուղմթերքների արտադրությանն ու արտահանմանը` ներառյալ գյուղատնտեսության եւ, հատկապես, ֆերմերային փոքր տնտեսությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը:
  • Ոլորտում ներդնել վարկավորման արդյունավետ համակարգ՝ վարկային միջոցների տրամադրման ժամանակահատվածը եւ տոկոսադրույքները սահմանելիս հաշվի առնելով տվյալ ճյուղի առանձնահատկությունները` որպես գրավի առարկա ընդունելով հողը, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական միջոցները։
  • Կիրառել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչեւ 50% չափով:
  • Հատուկ արտոնյալ վարկավորման ու հարկային պայմաններ կիրառել բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար: Փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հողի հարկի մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքներում` սահմանամերձ, բարձրլեռնային եւ խրախուսվող տարածքներում հողի հարկի արտոնություններ տրամադրելու նպատակով:
  • Վարկային ու ներդրումային ծրագրերի շրջանակներում պետական լուրջ աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը, գյուղացու եւ ագարակատիրոջ համար ողջամիտ գների առումով դրանց մատչելիության ապահովմանը:
  • Ստեղծել գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ` պետության փութաջան մասնակցությամբ, առաջին հերթին` ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը ստանձնելու իմաստով:
  • Գյուղատնտեսական մթերքների ներքին շուկայի պաշտպանության համակարգում, ի թիվս այլ ուղղությունների, ներառել գյուղատնտեսական մթերքների կայուն գների պահպանման, սուբսիդավորման, սպառողների համար երաշխավորված, մատչելի մանրածախ գների սահմանման միջոցառումները:
  • Միասնական պետական ստան­դարտ­ներով ու պետա­կան հսկո­ղությամբ մթերող ձեռնարկու­թյուն­ներում ներդնել որակի ստու­գում­ներ իրականացնող այնպիսի համակարգ, որով կպաշտպանվեն գյուղացու շահերը եւ մթե­րող կազ­մա­­կեր­պու­թյուն­ներին թույլ չի տրվի ձեռնարկել կամայական գործողու­թյուն­ներ:
  • Փոփոխություններ ու լրացումներ կատարել ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքներում` վերջիններիս պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանելու, ոռոգման ջրով գյուղատնտեսական տարածքների մատակարարումը կարգավորելու նպատակով:
  • Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Երաշտի հետեւանքների վերացման մասին» օրենքում` երաշտից տուժած շրջանների պետական աջակցության մեխանիզմների ամրագրմամբ:
  • Փոխհատուցման նույնպիսի սկզբունքներ կիրառել գյուղատնտեսության ու անասնապահության բնագավառներում` բնական աղետների, համաճարակների հետեւանքով կրած վնասների դեպքում:
  • Ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության համար գանձվող վարձավճարներն ավելացնել 5 անգամ, ինչը հնարավորություն կտա խուսափել մեծ հողակտորների երկարաժամկետ վարձակալությունից ու անարդյունավետ օգտագործումից, ինչպեսեւ հսկայական տարածքները շարքային քաղաքացիների համար փակ գոտիների վերածելուց:
  • Վերանայել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը` աճուրդների, այդ թվում հողի աճուրդի հրապարակայնությունն ու օրինականությունը ապահովելու նպատակով, միաժամանակ ծրագրային քաղաքականություն վարել համայնքներում երիտասարդ ընտանիքներին հողատարածքներ հատկացնելու ուղղությամբ:

Գիտության եւ ինովացիաների զարգացում

Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային հպարտության խնդիր է, այլեւ տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, ազգային անվտանգության ամրապնդման, երկրի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացման երաշխիք: Գիտության եւ կրթության արդի զարգացմանը համընթաց գնալու համար գիտակրթական տեղեկատվության ժամանակին ու տեղին օգտագործումն այլընտրանք չունի: Գիտակիրառական հիմնավորում չունեցող ձեռնարկներն ու ծրագրերը շարունակում են լուրջ փորձությունների մատնել երկիրը` հանգեցնելով գիտական ներուժի արտահոսքի եւ ինովացիոն հնարավորությունների նվազեցման, պրոֆեսորադասախոսական, ուսուցչական անձնակազմերի ծերացման: Պրոֆեսորների միջին տարիքը, օրինակ, ԵՊՀ-ում 62 է, դոցենտներինը` 57: Եթե մինչեւ 1988թ. Հայաստանում աշխատում էր 25 հազար գիտնական, այժմ գրանցված է 7000-ը, սակայն իրականում այդ թիվն ավելի պակաս է` մոտավորապես 5000: Միայն մտավոր ուժի արտահոսքից Հայաստանը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլարին համարժեք դրամ:
2012թ.-ին Երեւանը հայտարարված է Գրքի միջազգային մայրաքաղաք: Սակայն Հայաստանում վերջին տարիներին մեկը մյուսի հետեւից սկսել են փակվել գրախանութները, իսկ գրադարանները չեն համալրվում նորագույն գրականությամբ: Դրա գլխավոր պատճառներից մեկը գրահրատարակչության ոլորտում կիրառվող հարկերի արդյունքում գրքերի բարձր գներն են, որոնք պատճառ են դառնում գրքերի ցածր տպաքանակների, գրահրատարակչության անբավարար շահութաբերության եւ չեն նպաստում արտասահմանյան գեղարվեստական ու գիտահանրամատչելի նորագույն գրականության թարգմանությանը:

Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասվում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե´ կարճաժամկետ եւ թե´ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է. Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»:

Ըստ միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների հաշվարկների` 2050թ. աշխարհում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում արտադրված ՀՆԱ-ն կգերազանցի վառելիքաէներգետիկ ոլորտում արտադրվող ՀՆԱ-ին: ՏՏ ոլորտը Հայաստանում իշխանությունների կողմից հռչակվել է որպես գերակա, սակայն այն խթանող պետական ծրագրերը խիստ անբավարար են այդ ոլորտի ողջ ներուժի բացահայտման եւ առաջանցիկ զարգացման համար: Մինչդեռ` լինելով գիտելիքահենք, գիտության եւ կրթության զարգացումը խթանող, տրանսպորտային ծախսեր չպահանջող, տնտեսության ու կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստող ոլորտ, ՏՏ-ն ունի զարգանալու առավել մեծ հեռանկար եւ ամենաբարձր մակարդակով խրախուսման առավել մեծ կարիք:

ՀՀ գիտակրթական համակարգի բարեփոխումները պետք է ներառեն.

  • գիտակրթական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը՝ որպես հիմք ընդունելով եվրոպական կառույցների հետ սերտաճումն ու միջազգային պայմանագրերի ընդունումը` միաժամանակ պահպանելով գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները,
  • գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, մշակութային ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը,
  • հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացումը` պետական լուրջ ֆինանսավորմամբ եւ պատվերով,
  • գիտական ենթակառուցվածքների գործունեության նկատմամբ պետական հոգածությունն ու աջակցությունը,
  • կարեւորագույն միջազգային եւ ազգային գիտական մշակումների, ծրագրերի, կառավարման համակարգի կատարելագործումն ու վարչարարական անհարկի միջամտությունների վերացումը,
  • տարբերակված մոտեցումը գիտական հայտնագործությունների խթանման նկատմամբ, գիտնականի աշխատավարձը պետք է կախված լինի նրա գիտական արդյունքի որակից,
  • գիտական ու կրթական համակարգերի, տնտեսության մեջ դրանց արդյունքների ներդրման տարանջատվածության վերացումը:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում եւ գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարեւորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2013թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչեւ 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի եւ տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում:
  • Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից:
  • Ապահովել 2000թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը ամբողջ ծավալով:
  • Ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք:
  • Գիտաշխատողների գործունեության գնահատման համար հիմք ընդունել միջազգային չափորոշիչները, այդ թվում` ազդեցության գործակից ունեցող եւ ինդեքսավորվող ամսագրերում ու ժողովածուներում տպագրված հոդվածների, դրանց հղումների, ինչպես նաեւ համապատասխան վարկանիշ ունեցող հրատարակչություններում հրապարակվող մենագրությունների քանակը:
  • Բարձրագույն որակավորման հանձնաժողովի վերակազմավորման եւ բարեփոխման միջոցով բարելավել բարձրագույն որակավորման շնորհման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
  • Բյուջետային հատկացումներ նախատեսել գիտական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, այլ պարագաներ ձեռք բերելու, ԲՈՒՀ-երը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար:
  • ՀՀ հիմնարար գրադարանները հագեցնել ուսումնական, գիտական եւ գիտամեթոդական անհրաժեշտ գրականությամբ, ձեւավորել գրադարանների տեղեկատվական զինանոցի համացանց:
  • Մասնագիտական հիմնարկներից եւ ԲՈՒՀ-երից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով եւ պակաս ծանրաբեռնվածությամբ, կրկնապատկել ասպիրանտուրայի տեղերը, դրանք հնարավորինս համաչափ բաշխել ըստ մասնագիտությունների:
  • Խթանել գիտություն-արտադրություն կապը, պետական եւ մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ աշխուժացնել տեխնոպարկերի եւ տեխնոպոլիսների ձեւավորումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ եւ վերացնելով ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը:
  • Առավել ակտիվ համագործակցություն հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի գիտական հաստատությունների միջեւ` փորձելով Հայաստանում արտադրել թանկ եւ գիտատար ներդրում պահանջող այնպիսի զինատեսակներ, որոնք այժմ ներկրվում են արտասահմանից, այսինքն` կտրուկ ավելացնել հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը: Սա համարում ենք նաեւ արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության ամրապնդման խիստ հեռանկարային ուղղություն:
  • ՏՏ ոլորտում` ներառյալ ինտերնետ-տիրույթը, ծավալվող ցանկացած ձեռնարկատիրական գործունեության, բացի համացանցում շահումով խաղերից, 4 տարով ազատել ԱԱՀ-ից եւ շահութահարկից:
  • Գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից:

Որակյալ եւ մատչելի կրթության ապահովում

Սերունդների դաստիարակության ազգանվեր գործում դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ պետական քաղաքականության վերանայումը պետականության հիմքերի ամրապնդման առանցքային խնդիրն է: Բարոյական բարձր արժեհամակարգ ունեցող անհատի ու լիարժեք քաղաքացու ձեւավորման կարեւորագույն օջախներից մեկը դպրոցն է: Համաշխարհային կրթական ասպարեզում նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու գրավականը երրորդ հազարամյակի հրամայականներին հարիր կրթական համակարգի ձեւավորումն է, որում ցանկացած հաջողություն մեծապես կախված է ուսուցչի արհեստավարժությունից եւ բարեկեցությունից: Հայաստանն ունի միջնակարգ կրթության ուսանելի ավանդույթներ, սակայն դեռեւս անչափ թերի է կրթության ոլորտի ժամանակակից կառավարումը: Չնայած 2009-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման համար ներմուծված տնօրենի հավաստագրման ցենզին, պակասում է կրթության կառավարման ոլորտում արհեստավարժ ու բարոյական ընդգծված արժեքներ ունեցող այն անձանց անհրաժեշտ քանակը, ովքեր լիովին տիրապետում են ոլորտի պետական քաղաքականությանը:

Պետությունը պետք է ապահովի յուրաքանչյուր երեխայի միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը` անկախ ընտանիքի սոցիալական վիճակից եւ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքից:

Ոլորտի առաջնահերթ խնդիրներն են`

  • գիտության, գիտատար արտադրությանը սպասարկող ճյուղերի զարգացումը, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին,
  • սահմանադրորեն միջնակարգ կրթության` որպես քաղաքացու պարտականության, ամրագրումը,
  • կրթությունը հայերեն լեզվով իրականացնելու պահանջի խստագույնս կատարում,
  • հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումը` իր բնակավայրում եւ իր հասակակիցների հետ,
  • հաշմանդամ եւ անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը,
  • դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը` այն դարձնելով առավել ժողովրդավար եւ զերծ արատավոր դրսեւորումներից,
  • արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձեւավորումը,
  • կրթական մասնագիտությունների ցանկի եւ կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին,
  • հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը,
  • բոլոր մակարդակներում կոռուպցիոն երեւույթներ ծնող պատճառների դեմ պայքարը:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • «Հանրակրթության մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կապահովեն պետության կողմից վավերացված «Կրթություն բոլորի համար» միջազգային կոնվենցիայով ստանձնած քաղաքականությունը:
  • ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ին:
  • Հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը եւ նրանց զերծ կպահի իր կերպարին ոչ հարիր գործելակերպից:
  • Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության (դրույք) 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ:
  • Ավագ դպրոցների լաբորատորիաները, արհեստանոցները վերազինել արդի սարքավորումներով, փորձանյութերով, ուսումնադիտողական պարագաներով, ընդլայնել դպրոցների նյութատեխնիկական բազան` բյուջետային հատկացումների միջոցով:
  • Առանց բացառության ապահովել բոլոր ավագ դպրոցների ուսուցիչների պատշաճ կրթական մակարդակն ու աշխատավարձի 20% հավելավճարը:
  • Պլանավորված ու ծրագրված եղանակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում ավելացնել առավել վատթար վիճակում գտնվող դպրոցների ֆինանսավորումը եւ 5-ամյա ժամկետում լուծել բոլոր կրթական հաստատությունների, դպրոցների հիմնանորոգումը, այդ թվում մասնավոր ներդրումների խրախուսման ճանապարհով:
  • Համալրել դպրոցական գրադարանային ֆոնդերը, ստեղծել էլեկտրոնային գրադարաններ` դրանք ապահովելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական ու համակարգչային սարքավորումներով, համացանցային կապով:
  • Մանկավարժական բուհերում արմատապես բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:
  • Ապակուսակցականացնել ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ այլոց, նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում:
  • Գնահատման համակարգը բուհերում եւ հանրակրթական հաստատություններում դարձնել պատճառաբանված ու թափանցիկ:
  • ՊՈԱԿ-ի մասին օրենքում առաջարկել փոփոխություն, որով ուսումնական հաստատությունների կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի ուսումնական հաստատության կառավարման  խորհրդի նախագահի հետ, ինչպես սահմանված է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքով:
  • Վերանայել ներառական կրթության ֆինանսավորումը:
  • Դպրոցների տնօրենների համար նախատեսել վարչական տույժեր օրենքով արգելվող քայլերի` մասնավորապես օրենքով արգելվող կրոնական ու քաղաքական քարոզչության իրականացման համար:
  • Ուսումնական հաստատության կողմից մրցութային հիմունքներով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման ապագա կարգում ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Նախատեսել լրացուցիչ ֆինանսավորման արդյունավետությունը չափող գործիքակազմը:
  • «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» օրենքներում առավել հստակեցնել այլընտրանքային, հեղինակային, փորձարարական ծրագրերի սահմանումները` բացառելով օտարալեզու կրթական հաստատությունների հիմնումը, հանրակրթական, միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանել օտար լեզուների որակյալ ուսուցանումը:
  • «Հանրակրթության մասին» օրենքում վերականգնել դասագրքերի ստեղծման փորձաշրջանը. ծրագրի «Ծրագրամեթոդական ապահովումը եւ ուսումնանյութական բազան» վերնագրի տակ ափսոսանք է հայտնվում, որ դասագրքերը ստեղծվում են շատ կարճ ժամանակամիջոցում, ինչը հնարավորություն չի տալիս լրջորեն փորձարկելու, խմբագրելու դրանց բովանդակությունը:
  • «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսել փոփոխություններ, որոնցով պետության կողմից կապահովվի երեխայի կրթության իրավունքը` անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձեւից, եւ ոչ պետական ուսումնական հաստատություններն ազատել շահութահարկից:
  • Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական հաստատություններում ուսանող կարիքավոր ուսանողների համար արտոնյալ կրթական վարկերի տրամադրման օրենսդրական մեխանիզմների ամրագրում, այդ նպատակով փոփոխություններ առաջարկել «Վարկային կազմակերպությունների մասին» եւ համապատասխան օրենքներում:
  • Բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով:
  • Մշակել եւ ներդնել մեխանիզմներ, որոնք առավել շնորհալի ուսանողներին թույլ կտան իրենց ծառայությունը զինված ուժերում անցկացնել այնպիսի զորամիավորումներում կամ ռազմական արդյունաբերության գիտատար ոլորտներում, ուր հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել նրանց գիտելիքները` հայկական բանակն առավել հզորացնելու ուղղությամբ: Բարելավել բարձրագույն կրթություն ստացած անձանց պարտադիր զինվորական ծառայության արդյունավետությունը:
  • Պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր ԲՈՒՀ-երի հանդեպ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին: Կրթության բնագավառում հարկային բեռի թեթեւացման արդյունքում ԲՈՒՀ-երում մնացող հավելյալ ֆինանսական միջոցներն ուղղել գիտակրթական գործընթացի զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը:

Արվեստի եւ մշակույթի զարգացում

Մշակույթը ցանկացած ազգի ոգին է եւ առաջնակարգ դեր ունի նրա կյանքում` ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլեւ ազգապահպանության առումով: Հետեւաբար` պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման եւ գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը:

Անհրաժեշտ է.

  • ընդունել մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն` առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը եւ ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը,
  • քաղաքացու մշակութային դաստիարակությունը սկսել նախադպրոցական ու դպրոցական տարիքից` սեր սերմանելով նախեւառաջ բարձր մշակույթի հանդեպ,
  • հատուկ ուշադրության արժանացնել թանգարաններն ու գրադարանները` որպես նոր սերնդի դաստիարակության եւ մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, ինչպեսեւ պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, քանի որ մշակույթի այս բնագավառներն արագ զարգացող ու հաղորդակցական են,
  • աջակցել ստեղծագործական միություններին, մշակութային հասարակական կազմակերպություններին,
  • պետական եւ հասարակական ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանումն ու վերականգնումը,
  • գործուն միջոցներ ձեռնարկել հարեւան երկրներում, ինչպեսեւ արտերկրի այլ կենտրոններում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման, դրանց ուսումնասիրության, հաշվառման, չափագրման, վերականգնման եւ այլ հարթություններում:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ այլ առնչվող օրենքները:
  • Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպեսեւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը, պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
  • Պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը: Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ:
  • Վերականգնել եւ արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ եւ ապահովել դրանց լիարժեք գործունեությունը:
  • Իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ արտերկրում դրա քարոզմանը, այդ թվում` համացանցով, ուղղված համալիր ծրագրեր:
  • Ապահովել մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:

Իր ապագան սեփական հողի վրա կառուցող երիտասարդություն, սպորտի զարգացում

Հայաստանի Հանրապետության ապագան կախված է նոր սերնդից: Հայաստանի երիտասարդությունը կոչված է լինել ազատ եւ հայրենասեր: Հրամայական է Հայաստանի երիտասարդության հոգիներում սերմանել ոգեղեն արժեքի գերակայություն` նյութապաշտության հանդեպ, ազատության արժեքի գերակայություն` անազատության հանդեպ, իրավունքի արժեքի գերակայություն` կամայականության հանդեպ եւ ժողովրդավարության արժեքի գերակայություն` մենիշխանության հանդեպ: Նպատակը մեկն է` հնարավորինս սեղմ ժամկետում ունենալ ինքնուրույն գործողությունների պատրաստ, առաջադիմականն ու նորը ավելի արագ ընկալող, համարձակ, նախաձեռնող ու հնարամիտ երիտասարդություն:

Նշված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետությունն իր երիտասարդ քաղաքացիների համար պետք է ապահովի.

  • նոր սերնդի` որպես համաշխարհայնացման գործընթացի անմիջական ազդեցության տակ ձեւավորվող Հայաստանի քաղաքացու, կենսական պահանջմունքների հաշվառումը,
  • սպորտի զարգացմանը միտված պետական համալիր քաղաքականության մշակումը` այն դիտարկելով որպես Հայաստանի երիտասարդության ներուժի դրսեւորման, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, երկրի մարտունակության ապահովման, մարդկանց աշխատանքային երկարակեցության, առողջ մայրության հուսալի երաշխիք,
  • երիտասարդության հետ տարվող քաղաքականության հենքին հասարակական եւ արտադրական նոր հարաբերությունների, կենսագոյության արդի պայմանների կատարելագործումը,
  • երիտասարդությանը քաղաքացիականացնել, պետության պատկան դարձնել, բայց ոչ երբեք միակուսակցականացնել:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ուսման եւ գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների ու անվանական կրթաթոշակների համակարգի ընդլայնում, սոցիալապես անապահով եւ գերազանցիկ ուսանողների համար էական զեղչերի կիրառում, կրթություն ստանալու համար պետական վարկավորման համակարգերի ներդրում:
  • Արտասահմանյան բարձրակարգ ուսումնական կենտրոններում այն հայ երիտասարդների կրթության խթանում, ովքեր պատրաստակամ են ուսում ստանալուց հետո վերադառնալ հայրենիք եւ ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել նրա բարգավաճմանը:
  • Պետության լայն աջակցությամբ գյուղաբնակ եւ, առաջին հերթին, սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերի երիտասարդության զբաղվածության հարցի կարգավորում, գյուղական եւ քաղաքային բնակավայրերում մշակույթի ու մարզական շինությունների, խաղահրապարակների, հանգստի ու ժամանցի գոտիների վերանորոգում, նորերի կառուցում:
  • Գյուղական երիտասարդների համար ԲՈՒՀ-եր ընդունվելու արտոնյալ պայմանների ստեղծում` ավարտելուց հետո գյուղ վերադառնալու պայմանագրային երաշխիքներով:
  • Երիտասարդների համար ըստ հետաքրքրության բազմաբնույթ ակումբների ստեղծում` համայնքային ֆինանսավորման ճանապարհով:
  • Ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանց բնակկենցաղային պայմանների բարելավում:
  • Բավարար օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` ներառյալ արտոնյալ ու մատչելի բնակարանային հիփոթեքային վարկերի տրամադրումը:
  • Զբոսաշրջության երիտասարդական կենտրոնների ստեղծում:
  • Բարենպաստ պայմաններ երիտասարդ ձեռներեցների ու գիտնականների աշխատանքային, ստեղծագործական ունակությունների զարգացման եւ դրսեւորման հնարավորությունների ընդլայնման համար:
  • Մարզական ակումբների ցանցի ընդլայնման խրախուսում` մարմնամարզության գործունեության կազմակերպման մասով ձեռնարկությունների` ԱԱՀ-ից եւ շահութահարկից ազատման միջոցով:
  • Մարզական քաղաքականությունը խթանելու համար բյուջետային հատկացումների ավելացում:
  • Դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում մարզական, ֆիզկուլտուրային գործունեությանը նպաստող ծրագրերի իրականացում:
  • Մարզական գույք ներկրող եւ արտադրող ընկերություններին հարկային արտոնությունների շնորհում:
  • Բարձրակարգ եւ հեռանկարային մարզիկների ու նրանց մարզիչների` օրենքով երաշխավորված աշխատավարձերի ապահովում եւ բարձրացում բյուջետային միջոցների հաշվին:
  • Պետական գերատեսչությունների հսկողության ուժեղացում նախադպրոցական, դպրոցական եւ բուհական ֆիզիկական կուլտուրայի ծրագրերի մշակման ու կատարման նկատմամբ:
  • Առողջ ապրելակերպը հանապազօրյա կենսաձեւ դարձնելուն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում:
  • Սպորտը զարգացնելու նպատակով մարզական գիտական ներուժի օգտագործում:
  • Պետական մարզադպրոցներ հաճախող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների անվճար սպասարկում:

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային անվտանգություն եւ պաշտպանություն

ՀՀ ազգային անվտանգությունը պետության, քաղաքացիների համար ցանկացած սպառնալիքից ու վտանգից զերծ ներքին ու արտաքին միջավայրերում լիարժեք գործելու ազատությունն է, որն ապահովելու համար անվտանգության ճկուն համակարգի ձեւավորումը հրատապ է: Ազգային անվտանգության խնդիրները պետք է համահունչ լինեն «պետությանը` լիարժեք ինքնիշխանություն, հասարակությանն ու քաղաքացուն` ազատության բարձրագույն աստիճան եւ իրավունքների ապահովվածություն» սկզբունքին: ՀՀ ազգային անվտանգության շրջանակներում են նաեւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կենսապահովմանն ու գործունեությանն առնչվող խնդիրները: Իր անվտանգությունն ապահովելու գործում Հայաստանի Հանրապետությունը պետք է ապավինի սեփական, համազգային ուժերին:

Ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն թիրախներն են.

  • Պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավոր հանդիսացող կանոնավոր, մարտունակ, ուժեղ եւ ծավալվելու կարողունակությամբ օժտված բանակը, որը ոչ թե պատերազմ հրահրող է, այլ այն կանխարգելող:
  • Հայոց բանակը հիմնված է բացառապես կանոնադրական հարաբերությունների վրա, զերծ է կոռուպցիայից, որտեղ զինվորների իրավունքները պաշտպանված են օրենքով, անկախ դատական իշխանությամբ, եւ որի հավաքագրումն ու համալրումը վտանգված չեն ժողովրդագրական նվազման, սոցիալական ու քաղաքական անվստահության, բարոյալքության հիմնախնդիրներով:
  • Զինվորի ու սպայակազմի մարտական ու հայրենասիրական բարձր ոգին, բանակի հանդեպ հանրային լայն վստահությունը, զինված ուժերի քաղաքացիական ու ժողովրդավարական վերահսկողությունը, միջազգային խաղաղապահ ու խաղաղարար առաքելություններում պատվավոր դերակատարությունն ու փորձառության հարաճուն ավելացումը, հանրության համար թափանցիկ բյուջետային պլանավորումը, բարձր տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածությունը պետք է դառնան մերօրյա բանակի բնութագրիչները:
  • ՀՀ արտաքին ու ներքին անվտանգությունը լիարժեք ապահովող, հնարավոր ու առկա վտանգները ժամանակին չեզոքացնող, հասարակական ու պետական շահերին հետամուտ, քաղաքական ու քաղաքացիական գործընթացներին չմիջամտող ազգային անվտանգության ու իրավապահ մարմինները, որոնք համալրված են հայրենասեր, արհեստավարժ, փորձառու, հմուտ, պատրաստված մասնագետներով` ունակ չեզոքացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, մարդկային առեւտրի, անօրինական ներգաղթի ու արտագաղթի, լրտեսության ու դիվերսիայի հնարավոր սպառնալիքները:
  • Առաջանցիկ զարգացող, համաշխարհային եւ, հատկապես, եվրոպական տնտեսությանը սերտաճած ազատ շուկայական տնտեսությունը, որը ձերբազատված է ստվերից, կոռուպցիայից, մենաշնորհներից եւ անխափան հիմք է մարդկային կայուն զարգացման, անվտանգության ապահովման, բոլոր ճյուղերում բյուջետային եկամուտների ավելացման ու ծախսերի մեծացման, պետական համակարգերի տեխնիկական ու ինովացիոն վերազինման համար:
  • Տնտեսական զարգացման, երկրի քաղաքական ու տնտեսական անկախության, անվտանգության բարձրացման եւ երաշխավորման անհրաժեշտ նախապայման հանդիսացող էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը, էներգիա արտադրող հզորությունների մեծացումը, վերականգնվող էներգետիկայի խրախուսումը, տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի առավել գործուն ներգրավումը, երկրի էներգետիկ անվտանգության շաղկապումը եվրոպական անվտանգության հետ` հրամայականներ են:
  • Ժողովրդավարական, մրցակցային, մասնակցային հիմունքների ու բազմակարծության վրա խարսխված քաղաքական համակարգը եւ քաղաքացիական հասարակությունը, որը սերտաճած է միջազգային ու եվրոպական համապատասխան համակարգերին, ունի հասարակական եւ պետական մակարդակներով արագ արձագանքման ու քաղաքական որոշումներ կայացնելու արդյունավետ մեխանիզմներ, միջազգային բեմահարթակներում վարվող ճկուն, բազմամակարդակ, փոխլրացնող (պետականից մինչեւ խորհրդարանական, ժողովրդական ու ոչ կառավարական կազմակերպությունների դիվանագիտություն), ազգային ու պետական շահի վրա հիմնված, հանրային լիազորմամբ արտաքին քաղաքականություն:
  • Արդարության, քաղաքական, իրավական, տեղեկատվական, մշակութային պաշտպանվածության, օրինապահության, ժողովրդագրական աճի ու զարգացման հատկանիշներով օժտված հասարակական համակարգերը:
  • Հայկական բազմամիլիոն Սփյուռքի` Հայաստանի շահերի իրացմանն ու երկրի հզորացմանը ուղղված ջանքերն ու գործողությունները`Հայաստանի քայլերի հետ համագործակցաբար:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ազգային անվտանգության ռազմավարության արմատական լրամշակում` բոլոր բաղադրամասերով (ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, պարենային, էներգետիկ, մշակութային, սոցիալական, բնապահպանական եւ այլն), իրավիճակի համաչափ ճշտորոշմամբ, վտանգների անսխալ գնահատմամբ եւ քայլերի հստակեցմամբ:
  • Ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, պարենային, էներգետիկ, մշակութային, սոցիալական, բնապահպանական եւ անվտանգության այլ բաղադրամասերին վերաբերող համապատասխան հայեցակարգերի ընդունում:
  • Բանակի եւ պաշտպանական համակարգի բարեփոխումներ, բանակում կոռուպցիայի դեմ պայքար, կանոնադրական հարաբերությունների հաստատում զինված ուժերում, փոփոխություն պաշտպանության եւ այլընտրանքային զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքներում:
  • Ազգային բանակի վերազինում եւ արդիականացում` միջազգային լավագույն փորձի ներդրմամբ, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը, քաղաքացիական հասարակության կողմից զինված ուժերի վերահսկողության ապահովում, այդ նպատակով բանակին տրամադրվող բյուջետային հատկացումների աճ` տարեկան 20-25%-ով:
  • Փոփոխություններ եւ լրացումներ «Զինապարտության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» օրենքներում` ուղղված զորակոչի օրինականությանը (բժշկական զննություն եւ այլն), արդյունավետությանը, զինծառայողների մահվան դեպքում պետական աջակցությանը եւ այլ խնդիրների լուծմանը:
  • Բանակում կատարված հանցագործությունների ու չարաշահումների (նաեւ` անցյալում տեղի ունեցած ու չբացահայտված) բացահայտում ու դրանց կանխարգելում, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտում, օրինախախտ հրամանատարների, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-2-ին բանակը քաղաքականության մեջ ներքաշած պաշտոնյաների պատասխանատվության հարուցում:
  • Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգությունն ապահովող համակարգերի լրջագույն արդիականացում, ոստիկանության, բանակի ու ազգային անվտանգության մարմինների բարեփոխում, նրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովում:
  • Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխում, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում կամ այժմ համագործակցող գործակալների բացահայտում` «Գաղտնազերծման մասին» ՀՀ օրենքի ընդունման ու այդ գործընթացի իրականացման միջոցով, ԱԱԾ ապաքաղաքականացում եւ գործառույթների հայաստանակենտրոն հստակեցում:
  • Ազգային անվտանգության ծառայության բյուջետային ֆինանսավորման էական ավելացում` արտաքին հետախուզության եւ հակահետախուզության մասով:
  • «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի արմատական վերանայում եւ փոփոխությունների առաջարկում:
  • Փոփոխություններ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում` բացառելով քաղաքական ու հասարակական բախումնային իրադարձությունների ժամանակ բանակի ու զինված ուժերի օգտագործումը:
  • Սփյուռքի հետ արդյունավետ ու բազմակողմանի կապերի խորացում, Սփյուռքում հայապահպանությանը միտված քայլերի, ազգային նպատակներին հասնելու համար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ռազմավարությունների ու մարտավարությունների ներդաշնակեցում:
  • Ժողովրդավարացման համալիր գործընթացների խորացում, հակամենաշնորհային օրենսդրության կատարելագործում ու դրա կիրառում, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ հետեւողական պայքարի ծավալում` արդիականացված իրավապահ ու անվտանգության մարմինների միջոցով:
  • Էներգիայի այլընտրանքային բնական աղբյուրների (արեգակի եւ քամու էներգիա, լեռնային ավելի քան 150 գետերի ջրի էներգիա, կոշտ թափոնների գազեր) օգտագործման շնորհիվ երկրի էներգետիկ պահանջարկի հիմնական մասի ապահովում:
  • Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպա լայնատրամագիծ գազատարի կառուցման միջոցով ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովում, ինչպեսեւ դրա արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում տարեկան 600 մլն դոլարի չափով:
  • Տարածաշրջանում երկրաշարժերի ակտիվացման պայմաններում չորրորդ կարգի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի ապամոնտաժում եւ դրանց բնակիչների համար այլ բնակարանների կառուցում, իսկ 2-րդ եւ 3-րդ կարգի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում` դրանց ապամոնտաժման կամ ամրացման աշխատանքների իրականացում եւ ապամոնտաժված շենքերի բնակիչների համար այլ բնակարանների կառուցում` բյուջետային միջոցների հաշվին:
  • Ժողովրդագրական վիճակի բարելավման, բնակչության բնական աճի խթանման եւ արտագաղթի կտրուկ նվազեցման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացում:

Այդ նպատակով.

  • աշխատանքային օրենսգրքում կատարել երիտասարդ ընտանիքների աշխատանքային իրավունքների իրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծմանն ու կիրառմանը ուղղված փոփոխություններ,
  • պետական բնակարանաշինական ծրագրերով երիտասարդ ընտանիքներին ապահովել բնակարաններով` կիրառելով մասնակի փոխհատուցվող հիփոթեքային վարկավորման համակարգը,
  • մինչեւ երեք տարեկան երեխաների խնամքի համար մայրերին հատկացվող ամսական նպաստների չափը սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղի չափով,
  • յուրաքանչյուր նորածնի համար միանվագ նպաստի չափը հասցնել նվազագույնը 300 հազար դրամի,
  • շեշտակիորեն ավելացնել ընտանիքում յուրաքանչյուր երկրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար հատկացվող նպաստները,
  • հայրենադարձությունը, վերաբնակեցումը եւ հայրենատիրությունը խթանելու, այդ գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունել «Հայրենադարձության մասին» օրենք` պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում` վերադարձողների բնակարանային, սոցիալական մյուս հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց սերտաճման համար տարբերակված մեխանիզմների ամրագրմամբ:
  • Վերաիմաստավորել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները` այն վերածելով Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նպաստող, այդ ոլորտի գործունեությունը համակարգող կառույցի, որի աշխատանքը վերահսկելի լինի Հայաստանի հասարակության ու Սփյուռքի համար:

Ազգային շահին հետամուտ արտաքին քաղաքականություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի հետեւյալ սկզբունքներից.

  • արտաքին քաղաքականության նվաճումները փոխպայմանավորված են Հայաստան պետության լիարժեք ինքնիշխանությամբ ու ինքնաբավությամբ, անխոցելի ժողովրդավարությամբ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ,
  • կենսագործունեության բոլոր ոլորտները` տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, կրթությունը, բանիմաց ու կարող անհատը ոչ միայն ավելացնում են երկրի մրցունակությունն արտաքին քաղաքականության մեջ, այլեւ դրա իրականացման նոր հարթություններ են ապահովում,
  • սերտաճումը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների խորացումն ու սերտ գործընկերությունը, համագործակցության մեխանիզմների լիակատար օգտագործումը,
  • գործադիրի կողմից վարվող արտաքին քաղաքականության ճկուն համադրումը գործուն խորհրդարանական, բազմամակարդակ ժողովրդական դիվանագիտության, հասարակական կազմակերպությունների գործունեության, ՀՀ արտաքին քաղաքական նպատակների մասին իրազեկող ու արդյունավետ քարոզչական քաղաքականության հետ:

Արտաքին քաղաքականության ոլորտում մեր հետապնդած նպատակներն են. հակամարտությունների խաղաղ կարգավորում` բարիդրացիության հիման վրա, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դերի ստանձնում, միջազգային կառույցներին սերտաճած եւ բարձր հեղինակություն ունեցող պետության կայացում` հետեւյալ գերակայություններով.

  • Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչում կամ նրա միացում Հայաստանի Հանրապետությանը` եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը:
  • Որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու գրավական` ԼՂՀ իշխանությունների մասնակցության ապահովում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին: Հայաստանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է` խաղաղ ճանապարհով, հանրորեն ընդունելի տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու, շահախնդիր` Արցախի բնակչության անվտանգության ու ինքնության ապահովման հարցում եւ աջակից` ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:
  • Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավական ամրագրում` ապահովելով Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կերաշխավորի ապահով եւ հուսալի ցամաքային սահման ՀՀ-ի հետ, չի խախտի ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, իսկ ԼՂՀ-ն ինքնուրույն կմշակի ու իրականացնի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը, ինքնուրույն կմասնակցի Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգության համակարգերին:
  • Բարիդրացիական հարաբերությունների հաստատում հարեւանների հետ: Այս համատեքստում` հարկ է ԱԺ օրակարգից ետ կանչել եւ վերանայել 2009թ. հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքիայի ձեռնարկած թշնամական գործողությանը վերջ տալու եւ սահմանի բացմամբ Հայաստանի շրջափակումը վերացնելու պահանջի առաջքաշում: Կողմերի համար լավագույն տարբերակն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումն է: Հայ-թուրքական հաշտեցումը նաեւ ենթադրում է պատմական ու ժամանակակից բաժանարար բոլոր հարցերի ու հարաբերությունների համապարփակ ու համալիր կարգավորում, համամարդկային ու համաեվրոպական արժեքների ամբողջական ընդունում, սեփական ընդհանուր պատմության ճանաչում եւ Ցեղասպանության ու Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրի լուծում:
  • Տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի գործուն ներգրավման կարեւորում, համագործակցության ու անվտանգության նախաձեռնությունների կենսակոչմանը, քաղաքական, տնտեսական եւ հաղորդակցական ծրագրերին նրա մասնակցության ապահովում:
  • Եվրոպական կառույցների հետ փոխշահավետ գործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերում եւ երկկողմ հարաբերությունների հաստատում` որպես արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ու հեռանկարային ուղղություն:
  • ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Արեւելքի հարեւան պետությունների, ինչպես նաեւ մյուս խոշոր երկրների հետ գործընկերային փոխշահավետ համագործակցության խորացում:
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարում եւ, դրան զուգահեռ, ելնելով իր անվտանգության հրամայականից, հայկական բանակի արդիականացում` ՆԱՏՕ-ի չափանիշներով:
  • Պահպանելով հանդերձ Ռուսաստանի հետ համագործակցությունը` դրա վերակառուցում փոխադարձ շահերի հարգման հիման վրա: Այդ գործակցության խորապատկերին անընդունելի է «Գույք` պարտքի դիմաց» կամ նման սկզբունքով Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտների վաճառքը Ռուսաստանին կամ ցանկացած այլ երկրի:
  • Վրաստանի հետ հարեւանության վերածում կայուն զարգացող գործընկերության: Երկկողմ, բազմաշերտ համագործակցություն` ազգային անվտանգության գործոն հանդիսացող Ջավախքում առկա ազգային-քաղաքացիական խնդիրների լուծման ճանապարհով: 

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Արտաքին քաղաքականության ազգային-պետական համապարփակ հայեցակարգի ընդունում:
  • Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված` ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի արդյունավետ կենսագործում, «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ ավարտում, ազատ ու համապարփակ առեւտրի համաձայնագրի եւ այլ բաղադրիչների իրականացում:
  • Արցախյան հիմնախնդրի լուծում հակամարտության կողմերի միջազգայնորեն ստանձնած պարտավորության` խաղաղ կարգավորման ճանապարհով, հասարակությունների իրազեկման, ներգրավման ու համաձայնության միջոցով եւ հետեւյալ սկզբունքների հիման վրա.
    • հարգել Արցախի ազատության, ինքնորոշման եւ ապագաղութացման իրավունքը` առանց կանխորոշելու նրա միջազգային վերջնական կարգավիճակը,
    • ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին,
    • Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունները վարել առանց որեւէ նախապայմանի` հաշվի առնելով խնդրի իրավական եւ քաղաքական հիմքերն ու իրական պայմանները,
    • բանակցային գործընթացը վարել միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում` բացառելով կողմնակալ դիրքորոշում ունեցող որեւէ երկրի մասնակցությունն այդ խմբին,
    • միջազգային հանրության հետ մեկտեղ լուծում տալ տարածաշրջանային անվտանգության գրավական հանդիսացող խնդիրներին` դեպի միջազգային հաղորդակցության մայրուղիներ երթուղիների բացմամբ միմյանց կապելով Կասպից ծովը, Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը, Նախիջեւանը, Թուրքիան եւ Սեւ ծովը: Հաղորդակցության այդ բոլոր ուղիների գործածությունը համապատասխանեցնել վերահսկողության նույն պայմանակարգին,
    • զուգահեռաբար որոշակիացնել Արդարադատության միջազգային դատարանին իրավական հայց ներկայացնելու հնարավորությունները,
    • Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում հաստատել ժողովրդավարություն: Արցախյան հիմնահարցի շուրջ ծագող բազմաբնույթ հարցերի կարգավորումը տալ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հաղորդակցական, տնտեսական, բարոյաէթիկական, իրավական եւ տարածքային-սահմանային առկախ բոլոր հարցերի լուծմամբ,
    • ապահովել իրենց կամ նախնիների բնակավայրեր` Ադրբեջան, Արցախ, Նախիջեւան, Հայաստան, Թուրքիա բոլոր փախստականների ու նրանց ժառանգների վերադարձի արդեն համատարած իրավունքը:
  • Առկա բարիդրացիական հարաբերությունների պահպանմամբ Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացում` երկու երկրների տրանսպորտային, էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով:
  • Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում եւ տարածաշրջանում բազմաբնույթ նախաձեռնությունների մշակում:
  • Խորհրդարանական դիվանագիտության արդյունավորում, միջխորհրդարանական բարեկամական խմբերի առավելագույն արգասավոր աշխատանքի ապահովում:
  • ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ստորագրած Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացում:
  • Միջազգային խաղաղարար եւ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցություն:
  • Հանուն գործընկերության, բարիդրացիության, համագործակցության ու հարեւանության ամրապնդման ռազմավարական եւ կարեւոր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացում:

Բնական պաշարների ողջամիտ ու անվտանգ օգտագործում եւ շրջակա միջավայրի պահպանություն

Հայկական բնաշխարհը եւ բնական պաշարներն ազգային հարստություն են: Նրա անկրկնելի բուսական ու կենդանական աշխարհը, մթնոլորտը, հողային, ջրային եւ ընդերքի պաշարամիջոցները կորուստներից փրկելու ու պահպանելու համար անհրաժեշտ է ներդնել հայրենի բնությանն անդառնալի վնաս չպատճառող, միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշներին համապատասխանող, բնական պաշարների ողջամիտ օգտագործումն ապահովող արտադրություններ, նախագծեր, չափօրինակներ, սակավաթափոն արտադրաեղանակներ եւ թափոնների վերամշակման հոսքագծեր:
Հասարակության յուրաքանչյուր անդամ` բնական ռեսուրսների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների սեփականատեր:
Բնության հարստությունը բոլորինս է: Օրենքի ուժով պետք է խրախուսել արդյունահանող ձեռնարկությունների անցմանը բաց բաժնետիրական ընկերությունների` մեխանիզմներ ամրագրելով, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա բաժնետոմս ձեռք բերելու նման ձեռնարկություններից որեւէ մեկում: Սա նաեւ բարոյական խնդիր է:

Շրջակա միջավայրի պահպանման լավագույն քաղաքականությունը սկզբից եւեթ լարվածության օջախներից հնարավորինս խուսափելն է, քան դրանց դեմ հետագայում պայքարելը:
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանված կարգով շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որը 2010թ. արդյունահանել է շուրջ 16 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել գրեթե նույնքան առնվազն 2-րդ կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ (այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման համար): Իսկ ընդհանուր առմամբ` 2001թ.-ից ի վեր պոչամբարներում տեղադրվել են շուրջ 100 մլն տոննա թափոններ: 2007թ.-ից ի վեր, երբ ընդունվել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար է, որպեսզի այս ձեռնարկությունն ազգայնացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից նրա ստացած տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթը այսուհետ ուղղվի պետական բյուջե:

Պոչամբարների համար` ըստ դրանցում վնասակար նյութերի չափաբաժնի, բնապահպանական վճարների գանձումը ոչ միայն արդար ու տրամաբանական է, այլեւ շահավետ է պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից. դա կխթանի, որպեսզի արդյունահանողներն առավել խորը վերամշակման ենթարկեն հանքանյութը եւ առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր կորզեն դրանից` ստեղծելով հավելյալ ավելացված արժեք ու աշխատատեղեր: Հանքանյութի առավել խորը վերամշակումն իր հերթին կստիպի հանքարդյունահանողներին ներդրումներ իրականացնել կլաստերների` փոխկապակցված արդյունաբերական ձեռնարկությունների համալիրի ձեւավորման համար:

Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերությունը, որը 2004թ.-ից ի վեր արդյունահանել է գրեթե 1 մլն տոննա հանքանյութ եւ շրջակա միջավայրում տեղադրել նույնքան 1-ին կարգի թափոններ, պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրեր 48 մլրդ դրամ գումար, որից շուրջ 14 միլիարդը վերջին տարվա համար: Պաշտոնապես գրանցված մյուս 12 պոչամբարների «տեղադրման» համար դրանց մայր հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները 2011թ. արդյունահանման ծավալները պահպանելու դեպքում 2012թ.-ին պարտավոր են վճարել պետությանը եւս ավելի քան 20 մլրդ դրամ:

Ուստի կարեւորվում են.

  • օրենսդրորեն այնպիսի մեխանիզմների ձեւավորումը, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար բնապահպանական միջոցառումների կիրառումը կդարձնեն տնտեսապես շահութաբեր,
  • պետության կողմից բնապահպանությանը նպաստող ձեռնարկումների հանդեպ հարկային, ներդրումային, վարկային քաղաքականությունների տարբերակված մոտեցման ցուցաբերումը,
  • տնտեսավարման նոր պայմաններին համապատասխանող եւ կայուն զարգացման սկզբունքներին համահունչ բնապահպանական քաղաքականության մշակումը,
  • համազգային եւ տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի ու ձեռնարկների իրականացման նպատակների ներդաշնակեցումը,
  • համալիր էկոլոգիական գնահատման համակարգի, էկոլոգիական մոնիթորինգի ներդրումն ու զարգացումը,
  • քաղաքաշինության իրականացման պատասխանատուների միջեւ հանրակարգային հարաբերությունների կարգավորումը,
  • շրջակա միջավայրի պահպանման, խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգման, բնապահպանական ոլորտի վերաբերյալ կարեւորագույն որոշումների կայացման գործում հասարակության լայն շերտերի եւ բնապահպանական կազմակերպությունների մասնակցության ապահովումը:

Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է բխի հետեւյալ սկզբունքներից.

  • վերարտադրվող պաշարամիջոցների սպառման տեմպերը չպետք է գերազանցեն դրանց վերարտադրության տեմպերին,
  • չվերարտադրվող պաշարամիջոցների օգտագործումը պետք է տեղի ունենա փակ պարբերափուլերում եւ հնարավորության դեպքում փոխարինվի կայուն վերարտադրվող նմանակներով,
  • աղտոտող նյութերի արտանետման ինտենսիվությունը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ինքնամաքրման ունակությանը,
  • երբեք չպետք է խաթարվի կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանությունը:

Առաջնային օրենսդիր եւ գործադիր քայլեր

  • Ընդունել բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, որը կկարգավորի հետեւյալ սկզբունքային խնդիրները. որոշումների ընդունում առավելագույնս ամբողջական տեղեկատվության հիման վրա եւ դրանց ամրապնդում համապատասխան սոցիալ-տնտեսական միջոցառումներով, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք համակարգի ներդրում, բնական պաշարամիջոցների պահպանման եւ կայուն օգտագործման արտադրաեղանակների մատչելիության ապահովում, շրջակա միջավայրի աղտոտման, բնօգտագործման համար պատասխանատվության բարձրացմանը միտված գանձումների համակարգի ներդրում` բնապահպանական նախագծերի ու ծրագրերի իրականացման նպատակով:
  • Վերացնել բնապահպանության ոլորտը եւ բնական պաշարամիջոցների շահագործումը կարգավորող օրենսդրական ակտերում առկա հակասությունները, կրկնություններն ու տարընթերցումները, եւ ամբողջությամբ համապատասխանեցնել բնապահպանական ոլորտի միջազգային կոնվենցիաների պահանջներին:
  • Խստացնել բնապահպանության ոլորտի պահպանման եւ կարգավորման հիմնախնդիրների լուծմանն ուղղված նորմատիվային-իրավական պահանջները, հիմնել բնապահպանական ոստիկանություն` չարաշահումներին արագ արձագանքելու կամ դրանք կանխելու հիմնական առաքելությամբ:
  • Բնապահպանական ցանկացած նորմի խախտման դեպքում կիրառել վարչական խստագույն միջոցներ` տույժեր եւ տուգանքներ, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության միջոցներ:
  • Օրենքը խստագույնս կիրառել մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում քաղաքաշինության, կանաչ տարածքների պահպանման գործում պետական պատասխանատուների նկատմամբ:
  • Ապահովել գործող օրենքի լիարժեք կիրառում ՀՀ տարածքում հաշվառված 470 հանքարդյունաբերական օբյեկտների շահագործման արդյունքում գոյացող «դատարկ ապարների» տեղահանման եւ տեղադրման համար դրանց շահագործող տնտեսվարող սուբյեկտներից բնապահպանական վճարների լիարժեք գանձման նպատակով:
  • Ապահովել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառում` պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց, ինչի հաշվին հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում արդեն 2013թ.-ին առնվազն 428 մլրդ դրամ (շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար) կմուտքագրվի պետբյուջե, ընդ որում, դրա մի մասը` գույքի եւ բաժնեթղթերի ձեւով:
  • Էկոլոգիական դաստիարակության ու մշակույթի ձեւավորման միջոցով անտառների, կանաչ տարածքների վերականգնումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը վերածել համաժողովրդական հոգածության առարկայի` ծառատնկումների, տարածքների մաքրման, սիզամարգերի խնամքի գործը դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու վսեմ պարտքը:
  • Օզոնաքայքայող նյութերի, ավտոտրանսպորտի արտանետումների կրճատման ուղղությամբ կիրառել արդյունավետ եւ գործուն միջոցներ:
  • Վճռականորեն կասեցնել հայրենի բնության ինքնատիպ կենդանական աշխարհն ամլացնող համատարած որսագողությունը եւ անօրինական անտառահատումները:
  • Անհապաղ միջոցներ ձեռնարկել հանրապետության, այդ թվում` Երեւանի անապատացման վերահաս վտանգը կանխելու համար:
  • Արդյունավետ եւ խստագույն պայքար մղել քաղաքաշինական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարության դեմ:
  • Փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել «Բուսական աշխարհի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին», «Թափոնների մասին» «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքներում` շրջակա միջավայրի պաշտպանության, նրա վերարտադրության երաշխավորված մեխանիզմների ամրապնդման, խաթարման համար պատասխանատվության ու վերահսկողության խստացման նպատակով:
  • Վերը թվարկված խնդիրները լուծելու նպատակով լրամշակել «Ջրային օրենսգիրքը», «Անտառային օրենսգիրքը», «Ընդերքի մասին օրենսգիրքը», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքները:
  • Փոփոխություն կատարել բնօգտագործման հարկատեսակների մասին օրենքում` ներմուծվող ավտոմեքենաների հարկման չափը դնելով կախվածության մեջ ոչ թե մեքենայի գնից, այլ շարժիչի ծավալից եւ օգտագործվող վառելանյութի տեսակից:
  • Լրամշակել «Սեւանա լճի մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքները:

 

Մենք ասում ենք` աշխատանք, ո՛չ թե ողորմություն

Մենք եղել ենք մի՛շտ ժողովրդի կողքին

Եվ միասին մենք դեռ սարե՛ր ենք շարժելու

Հանո՛ւն Ազատության, հանո՛ւն Քաղաքացու, հանո՛ւն Նո՛ր Հայաստանի