Հոդվածների ցուցակագիր

9. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑ

Այսօր Արցախը պետք է գոյատեւի որպես ինքնիշխան պետություն՝ բարեպատեհ ժամանակներում մայր հայրենիքին մաս դառնալու հեռանկարով։ Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքում բացառում ենք թե որակական, թե տարածքային միակողմանի զիջումներն ու անհամարժեք փոխանակումները։

Սեփական անվտանգությանն ուղղված մարտահրավերների, ազգային ու քաղաքակրթական ինքնաճանաչողության եւ սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու վերագիտակցումից արթնացած այս հիմնախնդիրը կարգավորման հեռանկարում չի կարող կտրվել իր այդ ակունքներից։

Խնդրի կարգավորման գործում վճռորոշը այդ կարգավորումը մարմնավորող համաժողովրդական կամքն է՝ ինքնուրույնաբար ու սեփական շահերից բխող որոշման ընդունման իրավունքով։ Այն պետք է ապահովի Արցախի հարցի այնպիսի լուծում, որը՝

  • բացառում է ԼՂՀ-ի վերադարձը Ադրբեջանի կազմ.
  • ապահովում է հուսալի ցամաքային կապ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ.
  • չի խախտում ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ։

Հաշվի առնելով, որ ԼՂՀ-ի՝ որպես անկախ պետության, կայացումն իրականացվել է ե՛ւ միջազգային իրավունքի նորմերին, ե՛ւ նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, ԼՂՀ-ն ինքնիշխան, իրավական երկիր է, նա պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ճանաչված հանրապետություն:

«Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում պատերազմական եւ ետպատերազմական վիճակով պարտադրված կենտրոնաձիգ, ռազմականացված իշխանության համակարգից ԼՂՀ-ի աստիճանական անցումը ժողովրդավարական համակարգի։

«Ժառանգությունը» նպատակահարմար է գտնում մոտակա տարիների համար ԼՂՀ-ի ինքնիշխանության եւ քաղաքական անկախության ամրապնդումը եւ միաժամանակ ՀՀ-ի հետ տնտեսական, մշակութային, գիտական ու կրթական սերտաճումը եւ օրենսդրական դաշտերի համապատասխանեցումը։ Հայաստանը պետք է նպաստի Արցախում քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացման այնպիսի մակարդակի ապահովմանը, որն անհրաժեշտ հիմք կստեղծի 20-րդ դարում Արցախից եւ հարակից շրջաններից հեռացած շուրջ կես միլիոն հայության վերադարձի համար։

Բռնության կամ հարկադրանքի որեւէ ձեւի կիրառում պետք է բացառվի ու կանխվի։ Բռնությունն ու հակամարտությունների լուծման ժողովրդավարական ուղիներն աղերսներ չունեն, հետեւաբար խնդրի կարգավորմանն ուղղված ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց, ցանկացած քայլ պետք է չեզոքացվեն։

Խնդրի խաղաղ կարգավորումն իրավունքի եւ վստահության հաստատման լավագույն ուղին է։ Խաթարված արդարության ու կայուն խաղաղության հաստատումը ոչ միայն համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին, այլեւ բացառում է Ղարաբաղի ժողովրդին ուղղված բոլոր կարգի սպառնալիքների կենսակոչման հնարավորությունը։

Հայաստանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է՝ խաղաղ ճանապարհով եւ հասարակայնորեն ընդունելի տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու, շահախնդիր՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ու ինքնության ապահովման հարցում եւ աջակից՝ ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը։

Տարածաշրջանային միասնականության, անվտանգության համատեղ համակարգի ձեւավորման շրջանակներում առաձնապես կարեւոր են Հայաստանի եւ Ղարաբաղի փոխհարաբերությունները։ Ուստի հրամայական են երկու երկրների օրենսդրությունը համասեռ ու ներդաշնակ դարձնելը, ինչպես նաեւ իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության հանրակարգերի միջեւ համընդգրկուն, բազմոլորտ ու բազմամակարդակ համագործակցությանը նպաստող, այն կանոնակարգող օրենսդրության ընդունումը։