Հոդվածների ցուցակագիր

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

«Ժառանգություն» կուսակցությունը (հետագա տեքստում՝ կուսակցություն) Հայաստանի Հանրապետության ընտրական տարիք ունեցող քաղաքացիների կամավոր հիմունքներով միավորում է, ունի Ծրագիր ու Կանոնադրություն։

Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ գործող օրենսդրությանը եւ սույն Կանոնադրությանը համապատասխան։

Կուսակցության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, անդամների իրավահավասարության, անդամության կամավորության, կառավարման կոլեգիալության եւ ինքնակառավարման սկզբունքների վրա։

Կուսակցությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, անկյունադրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով։

Կուսակցությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից եւ կրում է համապատասխան պարտականություններ։

Կուսակցության անվանումն է

հայերեն՝

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,

ռուսերեն՝

ПАРТИЯ «НАСЛЕДИЕ»

անգլերեն՝

HERITAGE PARTY։

Կուսակցության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Երզնկյան 75, հեռ. (+37410) 271600։