ՀՌՉԱԿԱԳԻՐ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

30 ՄԱՅԻՍԻ 2005
ԵՐԵՎԱՆ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, միավորվելով Ժառանգություն ազգային-ազատական կուսակցության մեջ, հավատում ենք մեր ուժերին եւ ցանկանում ենք ազատ ու ինքնիշխան երկրում ապրել արժանապատիվ կյանքով։ Մենք ցանկանում ենք մեր Հայրենիքում արդար աշխատանքով ապահովել սեփական բարեկեցությունը, չվախենալ աղքատությունից ու ծերությունից, ունենալ կանխատեսելի ապագա, վստահ լինել մեր անվտանգության համար։

Մենք քաղաքականություն ենք մտնում բարգավաճ ու զարգացող Հայրենիքի՝ վերջին տարիներին նվազած հույսը վերականգնելու, սեփական ուժերի ու կարողությունների, երկրի տիրոջ զգացումի հանդեպ ազգի հավատը վերածնելու առաքելությամբ։ Մենք քաղաքականություն ենք մտնում գիտական ու հետազոտական տասնամյա ուսումնասիրությունների արդյունքում ծնված իրատեսական ու կենսունակ ծրագրերով եւ դրանք 21-րդ դարում կենսագործելու անբեկանելի կամքով։

Նախընթաց տարիները վերստին հաստատեցին քաղաքական համակարգում նոր մտածողության, նոր գաղափարների ու նոր մարդկանց անհրաժեշտությունը, մարդիկ, ովքեր ունակ են ամբողջ կարողությամբ լծվելու երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ փաստելու այն գաղափարների ու սկզբունքների կենսունակությունը, որոնցով ներկայանում են հանրությանը։

Մենք մեր ժողովրդի հետ ենք ու մեր խոսքի տերը։ Մենք կոչված ենք մասնակիցը լինելու Հայաստանում ընթացող քաղաքական բոլոր իրադարձությունների։ Մենք գաղափարակիրների դաշինք ենք եւ պատրաստվում ենք քաղաքական համակարգում մնալ երկար ու բոլոր ասպարեզներում ունենալ վճռորոշ դերակատարություն։ Մենք պատրաստ ենք ստանձնել երկրի ճակատագրի քաղաքական պատասխանատվությունը։ Հեշտությամբ փլուզվելը, լուծարվելը կամ իրավիճակին հարմարվելը մեր գործելակերպին խորթ երեւույթներ են։

Ազատությունն ու ժողովրդավարությունը, իրավունքի իշխանությունը եւ հնարավորությունների հավասարությունը, օրինականությունն ու հաշվետվությունը, արդարությունն ու համախմբվածությունը Հայաստանի համար այլընտրանք չունեն։

Մենք հավատում ենք 21-րդ դարում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհի ճշմարտացիությանը։