Հոդվածների ցուցակագիր

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ

Պետության եւ հասարակության հավասարակշիռ ու ներդաշնակ փոխազդեցությունը պահանջում է շարունակել պետությունից քաղաքացիական հասարակության տարանջատմանն ուղղված բարեփոխումները՝ հանուն այդպիսի հասարակության ձեւավորման եւ իշխանության գործունեության նկատմամբ նրա վերահսկողության սահմանման։ Ժամանակակից ժողովրդավարությունն անբաժանելի է քաղաքացիական ազդեցիկ ու կազմակերպված հասարակությունից։ Նման պետության գործունեությունը ենթադրում է իրենց իրավունքները պաշտպանելու եւ քաղաքական որոշումների կայացման ընթացքի վրա անմիջական ազդեցություն գործելու՝ քաղաքացիների համապարփակ հնարավորություն։

Քաղաքացիական հասարակության ինքնավարության ու ինքնակազմակերպման բարձր աստիճանը կարող է հասունացած խնդիրների արագ լուծման գրավականը լինել։ Միաժամանակ այն հասարակությանն ու անհատին պետության սահմանազանցումներից ու իրավազանցումներից պաշտպանելու լիարժեք երաշխիք է։

Այս առումով վերանայման ու բարեփոխումների կարիք ունեն՝

  1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման արդյունքը պետք է լինի այդ մարմինների ամրապնդումը.
  2. «ԶԼՄ-ների մասին» օրենքը.
  3. «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը։

Օրենքով ԶԼՄ-ների՝ գործելու ազատությունը ոչ թե պետք է սահմանափակվի, այլ կանոնակարգվի։ Իսկ կանոնակարգմամբ չեն կարող սահմանափակվել ԶԼՄ-ների, լրագրողի՝ տեղեկատվություն ստանալու ու տարածելու, խոսքի ազատության եւ այլ հիմնարար իրավունքները։ Իրավական կամ այլ պատժամիջոցներով ԶԼՄ-ների կողմնակալությունը հաղթահարելն ու անաչառություն ապահովելն անհնար է։ Խնդիրն ավելի ընդգրկուն է եւ կապված է քաղաքական մշակույթի, քաղաքացիական գիտակցության, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ։

Անհրաժեշտ է՝

  • բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր ԶԼՄ-ների զարգացման համար. պարզեցնել արտոնագրման գործընթացը, հստակորեն սահմանել առաջադրվող պահանջները.
  • բարձրացնել լրագրողի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության աստիճանը.
  • Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորել ԶԼՄ-ների գործունեությունը կանոնակարգող եւ վերահսկող անկախ հանձնաժողով.
  • փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը վերաբերող պահանջներին՝ մասնավորապես լուծումներ տալով հետեւյալ սկզբունքային խնդիրներին.
    • պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով,
    • հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակականևքաղաքական բազմազանություն եւ դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն,
    • հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որեւէ կառույցից,
    • հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի խիստ սահմանափակում` ժամանակի եւ բովանդակության առումով,
    • օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում,
    • հեռուստատեսային եւ ռադիոհաճախությունների լիցենզավորման մրցույթի թափանցիկություն եւ արտոնագրման չափանիշների հստակեցում։

Հրամայաբար լուծում պահանջող հարցեր են լրագրողների սոցիալական եւ իրավական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, նրանց դեմ կատարվող ոտնձգությունների, հետապնդումների (այդ թվում՝ քրեական) կանխումն ու բացահայտումը, գրաքննության եւ ինքնագրաքննության վերացումը՝ տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով։

Ժողովրդի կամքի հետ չհաղորդակցվող ու այն հաշվի չառնող կառավարումն արատավոր ոգի ու որակ է փոխանցում կամ պարտադրում նաեւ տարբեր խավերի շահերի վերհանմանն ու լուծմանը կոչված հասարակական կազմակերպություններին։ Վերջիններիս գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պետք է՝

  • ապահովի նրանց շահեկան տեղը հասարակական ու քաղաքական դաշտում.
  • թույլ տա իրացնել նրանց առաքելությունը հանրային, այլ ոչ թե պետական իշխանության սանդղահարթակում.
  • ստեղծի նրանց գործունեության համար անկախության, ազատության եւ ինքնուրույնության առավելագույն պայմաններ.
  • ոչ շահեկան ու անցանկալի դարձնի իշխանության խամաճիկի կարգավիճակը եւ հակառակը՝ շահեկան դարձնի հասարակությանը ծառայելու կոչումը.
  • մեծացնի դրանց մասնակցությունը հանրային վերահսկողության ու հսկողության ոլորտներում.
  • նպաստավոր ենթահող պատրաստի մասնավորի կողմից քաղաքացիական հատվածի զարգացման նպատակով հիմնադրամներ ու դրամաշնորհներ նախաձեռնելու համար՝ վախի մթնոլորտից ձերբազատելով գործարարներին եւ բարեգործներին։

Անհրաժեշտ է վերականգնել արհեստակցական միությունների երբեմնի դերը գործատու-աշխատող եւ հանրային այլ հարաբերություններում: Արհեստակցական միությունները պետք է դառնան քաղաքացիական հասարակության իրական եւ կարեւոր բաղկացուցիչ կենսունակ մասը:

Ինքնություն ապահովողը ազգային մշակույթն ու հոգեւոր արժեքներն են՝ որպես ոգեշնչման ու արարման ամենազորեղ աղբյուր։ Այդ արժեքների նկատմամբ հոգածությունը, դրանց ամրապնդումը մեր ոգեղեն հարատեւության հիմնական գրավականն են։ Օրենսդիրը պետք է ոչ միայն կարգավորի այդ բնագավառում քաղաքականություն իրականացնելու նորմատիվ հիմքը, այլեւ խթանի այդ ոլորտին պետության ամենօրյա աջակցությունը։

Պետությունը պետք է վստահելի գործընկեր լինի հասարակության, մասնավոր հատվածի համար։ Պետության ու հասարակության համագործակցության «պայմանագրի» հիմքում պետք է լինեն փոխշահավետությունն ու փոխլրացումը։ Պետության պատվավոր պարտականությունն է՝ տարբեր ոլորտներում հասարակության կենսագործունեության համար ապահովել անարգել ու հավասար մրցակցային պայմաններ ընձեռող օրենսդրական դաշտ։

ՀՀ սահմանադրությամբ նախատեսված իրավունքներից եւ ազատություններից օգտվելու հնարավորությունը պետք է ապահովված լինի բոլորի համար՝ առանց խտրականության ըստ սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնական դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, սոցիալական ծագման, ազգային պատկանելության, ունեցվածքային դիրքի, ծննդավայրի կամ այլ հատկանիշների։

Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանությունն ու աջակցի դրա զարգացմանը: Ինչպես բազմակարծությունը, այնպես էլ ազգային եւ մշակութային բազմազանությունը Հայաստանի Հանրապետության ազգային-պետական արժեքներ են: