Հոդվածների ցուցակագիր

4. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական վիճակի շուտափույթ բարեփոխումը երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Հայաստանի տնտեսության զարգացումն անհրաժեշտ է գնահատել վիճակագրական այնպիսի արժանահավատ տվյալներով, որոնք իրատեսորեն կներկայացնեն, թե ինչ չափով է հզորացրել մեր պետությունը եւ ամրապնդվել նրա անկախությունը, որքանով են բարեկեցիկ դարձել անհատն ու հասարակությունը։

Տնտեսությունը պետք է զարգանա շուկայական ազատ հարաբերությունների սկզբունքով, որպեսզի առավելագույնս սերտաճի համաշխարհային գործընթացներին։ Միայն այդպես կարմատավորվեն արդիական արտադրակարգերը, կընդարձակվեն շուկաները, կհեշտանա ապրանքափոխանակությունը։

Տարածաշրջանում առաջատար դիրքի վաստակն ու նվաճումը Հայաստանի համար հեռավոր ապագա չեն։ Բարձր արտադրաեղանակների ասպարեզում իրատեսական է հասնել լուրջ հաջողությունների. դրա հիմնական երաշխիքը նորի ու արդիականի հանդեպ հայ ժողովրդի բնածին հակումն է։

Բարեկեցության բարձր ցուցանիշներ եւ նոր աշխատատեղեր չապահովելու դեպքում Հայաստանըկկանգնի լուրջ արտահոսքի առջեւ, հաշվի առնելով մեր աշխատուժի մրցունակությունն արտերկրում:Այդ պարագայում մեր իսկ ձեռքով կիրականանա մեր պատմական հակառակորդների երազանքը՝ առանց հայերի Հայաստանը։ Պետք է նաեւ նկատի ունենալ, որ մեր երկիրը տնտեսական փոքր ու բաց համակարգ ունի, ինչը թելադրում է արտաքին աշխարհի հետ առեւտրատնտեսական առնչություններ հաստատելիս նշանառության կետ դարձնել փոխադարձ ըմբռնումը, բարիդրացիական հարաբերությունները։ Այդ առնչություններն անմիջականորեն շաղկապված են տարածաշրջան հասկացությանը, որը պետք է ընդունել ոչ միայն իբրեւ աշխարհագրական, այլեւ տնտեսական ու քաղաքական միավոր։ Լինել տարածաշրջանային գործընթացների կենտրոնում՝ միտվելով դեպի համաշխարհային զարգացումները. այս է մեր տնտեսական համադրույթի հիմքն ու միջուկը։

Տնտեսության զարգացման առաջին նախապայմանը պետության հանդեպ մարդկանց եւ բիզնեսի վստահությունն է։ Վստահությունը նախաձեռնություն է, ներդրումներ, վարկեր, մակրոտնտեսական իրական կայունացում։ Դա ներդրողների հետ արդար ու բաց բանակցությունն է, օրենսդրական կայունությունը, կանխատեսելիությունը եւ այս ամբողջով հանդերձ՝ պետության զարգացման գրավականը։

Անհրաժեշտ է պետական ողջ համակարգը ազատագրել խմբակային ճիրաններից, կլանային շահադիտություններից՝ այն դարձնելով կանխատեսելի ու պարկեշտ գործընկեր բոլոր ձեռներեցների եւ քաղաքացիների համար։ Երկիրը փոքր է, եւ ժողովրդի զորակցությունը վայելող իշխանությունների վճռական գործողությունները կարող են կարճ ժամանակում հաստատել զարգացման հավասար ու արարիչ պայմաններ՝ հանրային գանձարանին վերադարձնելով ապօրինաբար տարվող միլիարդները։

Պետությունը նաեւ պետք է հանդես գա իբրեւ զարգացման գործընթացների կարեւորագույն եւ կայուն գործընկեր, քանի որ իր տրամադրության տակ ունի անհրաժեշտ պաշարներ եւ լծակներ, որոնք հատկապես զարգացման սկզբնական ժամանակաշրջանում անհասանելի են մասնավոր հատվածի` հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար:

«Ժառանգություն» կուսակցությունը տնտեսության զարգացման եւ ժողովրդի բարեկեցության ապահովման անկյունաքարն է համարում մասնավոր հատվածի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ազատ մրցակցության պայմաններում։

«Ժառանգությունը» միաժամանակ գտնում է, որ առանց տնտեսության մեջ պետության կարգավորիչ եւ նպաստող դերի, անհնարին են դառնում՝

  1. բարձր տեմպերով եւ առողջ տնտեսական աճը.
  2. արտաքին եւ ներքին տնտեսական ռիսկերի կառավարումը.
  3. անապահով խավերի սոցիալական խնդիրների լուծումը.
  4. առողջապահության ու կրթության զարգացումն ու մատչելիությունը.
  5. գիտության առաջնային զարգացումը.
  6. արդյունաբերության առաջանցիկ զարգացումը եւ ՀՆԱ-ում դրա մասնաբաժնի էական մեծացումը.
  7. գյուղատնտեսության առաջընթացը.
  8. սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի առաջնային զարգացումը.
  9. տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, պարենային եւ տեղեկատվական անվտանգությունների երաշխավորումը:

Պետության համար ներկայում առաջնահերթ խնդիր է տնտեսական քաղաքականության նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը։ Պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը հանգեցնում է նրան, որ իշխանության տարբեր օղակներում տնտեսական բարեփոխումների ընթացքում տեղ են գտնում հակասական եւ իրարամերժ քայլեր, նպաստելով անկայունության մթնոլորտին եւ այդ բարեփոխումների հանդեպ միջազգային տնտեսական հանրության անվստահությանը: Մեզանում վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ անվստահություն է ցուցաբերում նաեւ երկրի գործարար շրջանակների մի ստվար զանգված՝ մանր եւ միջին ձեռնարկատերերը։

Անվստահության մթնոլորտի ձեւավորման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պետական իշխանության մարմինների ձեռնարկած քայլերը գերակշռող մեծամասնությամբ ուղղված են իրավիճակային եւ երկարաժամկետ զարգացման առումով ոչ այնքան կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովումը եւ պետական բյուջեից ծախսերի իրականացումը։

Պատճառը երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ռազմավարության բացակայությունն է։ Տնտեսական բարեփոխումների բնագավառում մեր կողմից իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը լինելու է քայլերի փոխհամաձայնեցումը եւ դրանց համահունչ տրամաբանությունը՝ երկրի տնտեսության կայուն զարգացման հասնելու նպատակով։ Նման ռազմավարական մոտեցման կիրառումը թե ներքին եւ թե արտաքին գործարար շրջանակների համար կձեւավորի տնտեսական բարեփոխումների կանխատեսելիության անհրաժեշտ մթնոլորտ, ինչն էլ իր հերթին անվերապահորեն կստեղծի վստահություն՝ պետության տնտեսական քաղաքականության նկատմամբ։

Պետական քաղաքականությունը պետք է բխի երկրի եւ տնտեսության երակարաժամկետ շահերից, այլ ոչ թե ուղղված լինի կարճաժամկետ հարցերի լուծմանը:

Գլոբալացման արդի պայմաններում տնտեսության առաջանցիկ զարգացման համար օրախնդիր են գերակա ոլորտ ճանաչված տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու համաշխարհային շուկայում ՀՀ մրցակցային դիրքերի ամրապնդմանը միտված արմատական քայլերի իրականացումը, տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական եւ գիտատար արդյունաբերության զարգացման խթանումը, պետության ինքնիշխանության ու անվտանգության լուրջ գրավական հանդիսացող գյուղական համայնքների կայուն զարգացումը։

Նշված դրույթները, ըստ էության, ենթադրում են երկրի տնտեսության մրցունակության բարձրացում, ինչը հնարավոր է կարեւորագույն հետեւյալ սկզբունքների ապահովման պարագայում՝

  • անկախ սեփականության ձեւից՝ սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծում.
  • ներքին շուկայում մենաշնորհային գործունեության սահմանափակում, բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովում.
  • կոռուպցիայի, հովանավորչության եւ որպես դրանց հետեւանք՝ ստվերայնության կրճատման համար գործուն ու վճռական քայլերի իրագործում.
  • ընկերությունների գործունեության թափանցիկության ապահովում, հասարակության եւ պետության առջեւ նրանց պատասխանատվության բարձրացում.
  • երկրի էներգետիկ անվտանգության ապահովում, ինչը նոր իրողությունների պարագայում նշանակում է փոքր ՀԷԿ-երի ստեղծման խթանում, իսկ հեռանկարում՝ Մեծամորի ԱԷԿ-ին փոխարինող համապատասխան հզորությունների նոր եւ ժամանակակից աղբյուրների օգտագործման շնորհիվ, նաեւ ԱԷԿ-ի փակում.
  • ֆինանսաարդյունաբերական միավորումների կազմավորման խրախուսում.
  • բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում սակագների օպտիմալացում՝ ելնելով տնտեսական նպատակահարմարության եւ սոցիալական արդարության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից.
  • գրանցման եւ արտոնագրման գործընթացների պարզեցում, տնտեսավարման բյուրոկրատական խոչընդոտների վերացում.
  • ֆինանսավարկային ինստիտուտների ընդլայնում, հիպոթեքային, լիզինգային, ֆակտորինգային եւ տնտեսական գործունեության այլ տեսակների կարգավորման օրենսդրական մեխանիզմների ստեղծում։

Այս ամենի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ եւ նպատակային տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներն են՝

  • տնտեսական հարաբերություններում օրենքի գերակայության ընդունումը, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի ապահովումը.
  • կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովումը.
  • տնտեսության բոլոր ոլորտներում բոլոր գործարարների համար մեկնարկային հավասար դաշտի ստեղծումը.
  • երկրի տնտեսական ու սոցիալական կարիքների, ներքին պաշարամիջոցների հաշվին դրանց բավարարման պարզումը.
  • Հայաստանի թե՛ բացարձակ, թե՛ համեմատական մրցակցային առավելությունների հիման վրա արդյունաբերական եւ այլ առաջնահերթությունների նախանշումը, տնտեսության գերակա ոլորտների ճշտումը.
  • հանրապետության խոշոր քաղաքներում արդյունաբերական ներուժի նորովի վերականգնումը, Երեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության ապակենտրոնացումը՝ փոքր ու միջին ձեռնարկությունները սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու եւ զարգացնելու միջոցով.
  • գիտատեխնիկական եւ արտադրական համալիրների կազմավորման ու զարգացման միջոցով գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումների արագ ներդրումը.
  • միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանքի թողարկման խթանումը.
  • արտահանման խրախուսման քաղաքականության արմատավորումը.
  • ներքին եւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը.
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացումը.
  • տնտեսության ներհանրապետական կոոպերացիայի մակարդակի բարձրացումը.
  • բնական մենաշնորհների կարգավորումը, սոցիալապես արդարացի եւ տնտեսապես արդյունավետ սակագնային քաղաքականության իրականացումը: Բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գործող ընկերությունների վերակազմավորում` դրանցից առանձնացնելով գործունեության այն տեսակները, որոնց իրականացումը ընդհանուր մրցակցային դաշտում կլինի արդյունավետ.
  • տնտեսության մեջ կատարյալ մրցակցության ապահովումն ու մենաշնորհի իսպառ վերացումը կամ պետական կարգավորումը.
  • որոշ հարկատուների արտոնյալ կարգավիճակի վերացումը.
  • զարգացման հեռանկար ունեցող արտահանման ուղղվածությամբ տնտեսության առանցքային ճյուղերի արտադրանքի մրցունակության բարձրացման եւ ընդլայնման համար համալիր ծրագրերի իրագործումը.
  • հարկային քաղաքականության ճկունացումը եւ անընդհատ փոփոխություններից զերծ պահելը.
  • Հայաստանի եւ մեզանից դուրս գտնվող մասնագիտական ու գործարար ներուժի միավորումը՝ ապահովելու համար ազգային տնտեսության աստիճանական եւ տեւական վերելքը, ներտնտեսական գործընթացները տարածաշրջանային համագործակցության եւ համաշխարհային տնտեսության կարեւորագույն զարգացումների հետ ներդաշնակեցումը.
  • տնտեսությունում ձեւավորված կիսաքրեական կլանային համակարգի, արհեստական մենաշնորհների վերացումը.
  • ազատ շուկայական մրցակցության պաշտպանությունը.
  • ներդրումային միջավայրի բարելավման, հարկային եւ մաքսային բարեփոխումների միջոցով երկրում ներդրումների ծավալների որակական աճը.
  • աշխատավորի շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, արհմիությունների կազմավորման օժանդակությունը, տնտեսական հարաբերություններում դրանց դերի բարձրացումը.
  • օրենսդրորեն ամրագրված նվազագույն աշխատավարձի աճը՝ այն հավասարեցնելով «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ու պաշտոնապես հրապարակված կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին.
  • տնտեսության գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող ճյուղերի առաջանցիկ զարգացումը` պետական բյուջեից գիտությանն ուղղվող հատկացումների որակական աճի շնորհիվ,
  • հեռանկարային գիտական նախագծերի իրագործմանը պետական երաշխիքների տրամադրումը.
  • զբոսաշրջության զարգացումը եւ դրա համար միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառույցների ստեղծումը.
  • բանկային համակարգի զարգացումը, արժեթղթերի եւ կապիտալի շուկայի կայացմանն աջակցությունը.
  • հարկային եւ մաքսային բարեփոխումների իրականացումը, հարկային բեռի թեթեւացումը, «արտոնյալ հարկատուներ» երեւույթի բացառումը:
  • փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Ներդրումային քաղաքականություն

Երկրի տնտեսական զարգացման համար մեծ նշանակություն ունի ճիշտ մշակված ներդրումային քաղաքականությունը։ Պետության կարեւորագույն խնդիրը ոչ թե ներդրումների իրականացումն ու երկրի համար ներդրումային միջոցների հայթայթումն է, այլ բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումը, կատարված ներդրումների պաշտպանությունը։

Ներդրումները՝ լինեն դրանք մասնավոր, պետական, օտարերկրյա կամ համատեղ, հանգեցնում են արտադրական դրամագլխի կուտակման, որն էլ ապահովում է երկրի տնտեսական աճը։

Հայտնի է նաեւ, որ ներդրումները կարող են նպաստել երկրի արտադրական-կառավարման համակարգի բարելավմանը եւ առաջատար տեխնոլոգիաների ներմուծմանն ու զարգացմանը։ Ներդրումներն ուղղվում են պետական ծրագրերի իրականացմանը, ձեռնարկությունների գործունեության ընդլայնմանը, արտադրական ծախսերի նվազեցմանը, բիզնեսի նոր ոլորտների յուրացմանը եւ այլն։

Հայաստանի պարագայում կան գրավիչ հանգամանքներ, որոնք կարող են բարենպաստ մթնոլորտ ստեղծել ներդրումների համար։ Դրանցից են բնական որոշ պաշարներով հարուստ լինելը, որակյալ աշխատուժը եւ բարձր գիտական ներուժը։

Հավանական ներդրողներին վանում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են քաղաքական անկայունությունը, անկատար օրենսդրությունը, արտադրական կառույցների թերզարգացածությունը, կոռուպցիան, բյուրոկրատական քաշքշուկները, սոցիալական լարվածությունը, կառավարման ցածր որակը, միկրո եւ մակրոտնտեսական ռիսկերի ապահովագրության հնարավորությունների բացակայությունը, բնական եւ տարերային աղետների հաճախականությունը եւ նման այլ գործոններ։

Բարենպաստ ներդրումային մթնոլորտ ապահովելու համար կարեւոր նշանակություն ունի ընդհանուր ներդրումային քաղաքականության համատեքստում պետության, ձեռնարկությունների եւ առեւտրային դրամատների աշխատանքների համատեղումը, որոնք ուղղակիորեն կապված են ներդրումների հետ։ Պետության ներդրումային քաղաքականության կարեւորագույն գործիքներն են լրավճարային, հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը, հակամենաշնորհային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումները։

Ներդրումների խթանման համար կարեւոր է, որ պետությունը պատասխանատվություն կրի իր պարտականությունների կատարման նկատմամբ, ապահովի արդար հարկահավաքություն, խելամտորեն օգտագործի իր արտադրական ներուժը:

Պետությունը իր ներդրումային քաղաքականությունն իրականացնելիս պետք է հենվի հետեւյալ սկզբունքների վրա՝

  • ներքին շուկայում հնարավոր խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ աջակցություն կատարված ներդրումներին.
  • մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն.
  • ներդրումները խթանող նորմատիվային-օրենսդրական հիմքի բարելավում.
  • ներդրումային մթնոլորտի գնահատման մոնիթորինգային համակարգի ստեղծում.
  • արտասահմանյան եւ տեղական ներդրողների նկատմամբ լրիվ կամ մասնակի հարկային եւ մաքսային արտոնություններ.
  • խիստ հսկողություն դրամագլխի ոչ օրինական արտահոսքի նկատմամբ.
  • բնակչության ձեռքին գտնվող ազատ միջոցների ներգրավում՝ պետական պարտատոմսերի տեսքով.
  • պետական սեփականություն հանդիսացող վնասաբեր ձեռնարկությունների նկատմամբ առողջացման մեխանիզմների մշակում եւ կատարելագործում:

Ներդրումների խթանման համար շատ կարեւոր է նաեւ որոշ օրենքներում փոփոխությունների իրականացումը, մասնավորապես՝ սնանկացման, ներքին շուկայի պաշտպանվածության, տնտեսական մրցակցության, արտասահմանյան ներդրումների, կոնցեսիաների, հողի մասին օրենքներում։

Վերը նշված գործոնների հետազոտումը, վերլուծությունը եւ ներդրումներին խոչընդոտող հանգամանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներն էլ պայմանավորում են ներդրումային քաղաքականության հիմնական դրույթները։

Այսպիսի քայլերը կնպաստեն ներդրումային բնականոն մթնոլորտի ստեղծմանը, դրամական հոսքի խթանմանը, ներքին ներդրումների ծավալների մեծացմանը, ձեռնարկությունների հզորությունների ընդլայնմանը, հետեւաբար՝ երկրի տնտեսական աճին։

Արդյունաբերության ոլորտը

Կուսակցությունն առաջնային է համարում բարձր (այդ թվում տեղեկատվական) տեխնոլոգիաների ոլորտի, հայրենական հումքի, ազգային մտավոր պաշարների օգտագործման վրա հիմնված աշխատատար եւ գիտատար ազգային արդյունաբերության ձեւավորումը:

Ազգային արդյունաբերության ձեւավորման հիմնական նպատակները պետք է լինեն.

  • միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանքի թողարկման կազմակերպումն ու իրացումը ներքին եւ արտաքին շուկաներում,
  • հանրապետության բնակչության պահանջմունքների առավել բավարարումը:

Այդ նպատակների իրականացման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել ազգային արդյունաբերության հենասյուն հանդիսացող ուղղությունների զարգացման պետական նպատակային հեռանկարային ծրագիրը, որի անկյունաքարային կողմնորոշիչները պետք է լինեն.

  • հանրապետությունում առկա վառելիքաէներգետիկ, բնական եւ այլ արդյունաբերական նշանակություն ունեցող պաշարների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը,
  • արդյունաբերության սակավ նյութատար, էներգատար, սակայն առավել աշխատատար եւ գիտատար ճյուղերի զարգացումը,
  • արդյունաբերական արտադրության ներհանրապետական եւ ԼՂՀ տնտեսության հետ կոոպերացման մակարդակի էական բարձրացումը,
  • արդյունաբերության մեջ գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումների արագ ներդրումը` գիտատեխնիկական համալիրների կազմավորման ու զարգացման միջոցով,
  • Երեւանում եւ դրա շուրջ արդյունաբերության համակենտրոնացման մակարդակի իջեցումը` փոքր եւ միջին արդյունաբերական բիզնեսի ձեռնարկությունները հանրապետության սահմանային, լեռնային շրջաններում կազմակերպելու ու զարգացնելու միջոցով,
  • արտադրատեսակների փակ պարբերաշրջանների ձեւավորման, ինչպես նաեւ կլաստերների կազմակերպման խրախուսումը,
  • արտասահմանյան եւ, առաջին հերթին, Սփյուռքի ողջ կապիտալի` մտավոր, արդյունաբերության կազմակերպման մշակույթի, դրամական եւ աշխատանքային պաշարամիջոցների շրջահայաց ու լրջմիտ օգտագործումը,
  • արտահանելի արտադրանքի արտադրության զարգացման խթանումը,
  • տարածաշրջանային երկրների հետ աշխույժ համագործակցությունը:

Ազգային արդյունաբերության զարգացման նպատակային ուղենիշներից պետք է լինեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա հարարդյունաբերական ծառայությունների արմատավորումն ու խրախուսումը:

Վերոհիշյալի ենթատեքստում խիստ կարեւորվում է պետության գործուն աջակցությունը առկա բարձրորակ կադրային ներուժի օգտագործման վրա հիմնված եւ, հատկապես, արտահանման լայն հնարավորություններ ունեցող, սակայն վերջին տարիների ընթացքում պարապուրդի մատնված արտադրությունների, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտի զարգացմանը։

Նոր տեխնոլոգիաների զարգացումը

Այստեղ հարկ է ընդլայնել ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական ուղղվածություն ունեցող հետազոտական աշխատանքների շրջանակները։ Առաջին հերթին անհրաժեշտ է կազմավորել ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական համակարգ՝ լուրջ ուշադրություն դարձնելով հատկապես բուհական եւ հետբուհական կրթության ոլորտներում զարգացման ծրագրերի իրագործմանը։ Հարկավոր է պետպատվերները ձեւավորել՝ ելնելով տնտեսության զարգացման գերակայություններից, որակապես ավելացնել բուհական եւ հետբուհական մասնագիտական կրթությանը, ինչպես նաեւ գիտությանը բյուջեից արվող հատկացումները։

Կիրառական հետազոտությունների ոլորտում հիմնական ուղղությունը պետք է լինեն արդյունաբերության նշված ճյուղերի արդյունավետության աճին նպաստելը, հիմնարար հետազոտությունների արդյունքները կիրառական հարթություն բերելն ու դրանց որոշակի ապրանքային տեսք տալը։ Այս տեսանկյունից սկզբնական շրջանում խիստ կարեւոր են պետության օժանդակությունն անհրաժեշտ ենթակառուցվածքային համալիրի ձեւավորման, ներդրումների ներգրավման, տեղեկատվական ապահովման, օտարերկրյա նորարարական ֆիրմաների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ երաշխիքների հարցերում։ Առաջնահերթ նշանակություն ունի նաեւ նոր տեխնոլոգիաների եւ ռիսկային (վենչուրային) դրամագլխի ներդրման խթանման ռազմավարական ծրագրի ընդունումը, որից հետո պետք է ընդունել համապատասխան օրենսդրական փաթեթ, որտեղ առանցքային օրենսդրական ակտը կլինի «Նորարարական գործունեության մասին» օրենքը։

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականություն

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես միասնական եւ ամբողջական զարգացող համակարգ, որի կարեւորագույն բաղադրիչներն են՝

  1. սոցիալ-տնտեսական,
  2. գիտակրթական,
  3. հոգեւոր-մշակութային,
  4. ինքնակառավարման,
  5. իրավաքաղաքական ենթահամակարգերը, դրանց զարգացումն ու փոխկապակցվածությունը։

Հանրապետության գիտական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական ողջ պաշարամիջոցները կենտրոնացած են Երեւանում։ Տեղի է ունենում միջոցների անհավասար եւ անարդյունավետ բաշխում ու վերաբաշխում, ինչը խոչընդոտում է ոչ միայն երկրի հավասարաչափ զարգացմանն ու առաջընթացին, այլեւ հանգեցնում է շրջանների մշտական աղքատացմանը, բնակչության արտահոսքին եւ Երեւանում պաշարամիջոցների գերկենտրոնացմանը։ Մայրաքաղաքում մարդկային եւ ֆինանսական միջոցների գերկենտրոնացումը եւ շրջանների թուլացումը ազգային անվտանգության խնդիր են։

Դրա պատճառը նախեւառաջ կառավարման եւ վարչական լծակների կենտրոնացումն է Երեւանում, որի արդյունքում շրջաններն ունեն կառավարման եւ մշակութային իրավունքների ու գործունեության նվազագույն աստիճան։ Միջմարզային կապերը շատ թույլ են կամ իսպառ բացակայում են. զավեշտը հասել է այնտեղ, որ նույնիսկ երկու հարեւան մարզերի միջեւ մշակութային եւ տնտեսական պարզագույն կապեր ստեղծելու համար անհրաժեշտ է կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը Երեւանից։ Կարեւոր է Հայաստանում կառավարման ուղղահայաց համակարգից աստիճանաբար հրաժարվելը եւ կառավարման հորիզոնական համակարգի անցնելը, այսինքն՝ կառավարման միջին եւ ստորին մակարդակների գործունեության ու իրավունքների մեծացումը։

Քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի Երեւանին զուգահեռ տնտեսական, գիտակրթական եւ մշակութային այլընտրանքային շրջանային կենտրոնների ձեւավորումն ու դրանց կայուն զարգացումը։

Շրջանների համալիր սոցիալ-տնտեսական զարգացումը պետք է ունենա երկարաժամկետ բնույթ եւ կապված լինի պետության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության հետ։Շրջանը սոցիալ-տնտեսական տարածական ամբողջականություն է, որը բնութագրում է արտադրության կառուցվածքի, սեփականության բոլոր ձեւերի, բնական պայմանների, աշխատատեղերի, հոգեւոր եւ մշակութային կյանքի, կառավարման առանձնահատկությունների համադրումը։ Շրջանների համալիր զարգացումը ենթադրում է մի կողմից բնակչության կենսամակարդակի որակի եւ պայմանների բարելավում, մյուս կողմից՝ կառավարման ու ինքնակառավարման ինքնուրույնության մեծացում եւ կառավարման որակի բարելավում։

Հարկավոր է գնահատել սոցիալ-տնտեսական իրավիճակը յուրաքանչյուր մարզում եւ մշակել համապատասխան ծրագիր յուրաքանչյուրի զարգացման համար։

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելիս հարկավոր է հենվել հետեւյալ սկզբունքների վրա՝

  • տեղական ինքնակառավարման (մարզային եւ համայնքային) կարգավիճակի բարձրացում եւ որակի բարելավում.
  • փոքր եւ միջին ձեռներեցության աջակցություն, ներդրումների խրախուսումը խթանող օրենսդրական փոփոխություններ.
  • պետական լուրջ ներդրումային ծրագրերի իրականացում.
  • հարկային տարբերակված մոտեցում շրջանային, հատկապես սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական եւ արդյունաբերական ձեռնարկությունների, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, պետության երաշխավորությամբ դրամատների կողմից ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ, արտոնյալ վարկերի տրամադրում բնակարանային շինարարության եւ ձեռներեցության զարգացման համար.
  • սոցիալական արտոնությունների ավելացում սահմանամերձ շրջանների եւ բարձրլեռնային բնակավայրերի բնակիչների համար.
  • կոռուպցիայի շեշտակի նվազեցում:

Ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականության վերոհիշյալ սկզբունքներին համահունչ անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ ռազմավարություններն ու միջոցառումները.

  • սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականություն մշակելու համար` շրջանների զարգացման բոլոր բարենպաստ գործոնների ու պայմանների վերագնահատում. .
  • շրջանների տնտեսական համակարգերի վերակազմավորում ըստ դրանց բնական պայմանների, առկա բնապաշարների, բնապահպանական, աշխարհագրական, սոցիալական, ժողովրդագրական, մշակութային եւ տնտեսական առանձնահատկությունների.
  • բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականություն բոլոր շրջաններում, տարբեր շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերությունների կրճատում.
  • միջշրջանային առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության կառույցների վերականգնում եւ ձեւավորում.
  • բոլոր մարզերում ֆինանսական միջոցների, սոցիալական կամ վստահության հիմնադրամների ձեւավորում, որոնք ի վիճակի կլինեն բավարարելու մարզի սոցիալ-տնտեսական ամենակարեւոր խնդիրները.
  • մարզերում պետական ծրագրերի, դրամաշնորհների, ներդրումային նախագծերի իրականացում՝ ուղղված աշխատատեղերի ու սոցիալական ենթակառույցների զարգացմանը, ինչպեսեւ մարզերում պետական ծախսերի ավելացում.
  • մարզերում սոցիալ-տնտեսական ենթակառույցների (ճանապարհներ, ինժեներական կառույցներ, համացանցային եւ հեռախոսային կապ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հյուրանոցային համալիրներ եւ այլն) ձեւավորման խթանում.
  • համայնքների զարգացման եւ շուրջտարյա զբաղվածության ապահովման նպատակով զբոսաշրջության զարգացման միջոցով տարածաշրջանային առողջարանային ու զբոսաշրջության կենտրոնների ստեղծում.
  • մարզային քաղաքներում գործազրկության մակարդակի նվազեցում.
  • գործազրկության բարձր մակարդակ ունեցող նախկին արդյունաբերական 2-3 քաղաքներում ազատ տնտեսական գոտիների ձեւավորում.
  • պետական աջակցություն խոշոր մարզային քաղաքներում համալսարանական օջախների հզորացմանը, որը լրջորեն կխթանի տվյալ քաղաքում մշակութային, գիտական եւ քաղաքական կյանքի աշխուժացումը՝ ստեղծելով մայրաքաղաքի համեմատ այլընտրանքային կենտրոններ.
  • մարզային կենտրոնների եւ քաղաքների ճարտարապետական ու քաղաքաշինական զարգացումների գլխավոր ուղղությունների հստակեցում՝ հաշվի առնելով գյուղերի զարգացման, շրջակա միջավայրի, բնական պաշարների եւ բնակլիմայական առանձնահատկությունները.
  • բնական աղետների կանխատեսմանը, չեզոքացմանը եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումների համապետական ու շրջանային համակարգերի ձեւավորում։

Այսպիսով՝ ներհայաստանյան տարածաշրջանային քաղաքականությունը գործողությունների եւ ծրագրերի համակարգ է, որն իրականացնում է պետությունը՝ իր եւ շրջանների շահերին համապատասխան։ Այդ քաղաքականությունն արդյունավետ է այնքանով, որքանով հաշվի է առնվում բոլոր կողմերի շահերի ներդաշնակությունը։ Պետական քաղաքականության խնդիրն է՝ նպաստել նաեւ ներշրջանային ներուժի բացահայտմանն ու ինքնազարգացմանը, շրջանների միջեւ կապերի ձեւավորմանն ու որոշակի սահմաններում կառավարման ապակենտրոնացմանը։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական նպատակը երկրի պարենային անվտանգության ապահովումն է՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսի եւ բերքատվության ավելացման ճանապարհով։

Այս առումով պետությունը պետք է կարեւորի՝

  • գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ արտահանման օժանդակությունը.
  • գյուղատնտեսական մթերքների ներքին շուկայի պաշտպանությունը, ինչը պետք է ներառի գյուղատնտեսության սուբսիդավորման, երաշխավորված գնումների, սպառողներին մատչելի մանրածախ գների սահմանման միջոցառումները.
  • ֆերմերային տնտեսությունների զարգացումը, ագարակատերերի եւ նրանց ընտանիքների կենսամակարդակի անընդհատ բարձրացումը.
  • գյուղացիական տնտեսություններում ներդրումային եւ վարկավորման ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, այդ թվում նաեւ վարկավորման արդյունավետ համակարգի ստեղծումը: Անհրաժեշտ է արտոնյալ վարկավորման պայմաններ կիրառել նաեւ բարձրլեռնային եւ սահմանամերձ գոտիներում գործող գյուղացիական տնտեսությունների համար.
  • գյուղատնտեսության մեջ կամավորության սկզբունքով կոոպերացիայի տարբեր ձեւերի կազմավորման համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ստեղծումը.
  • գյուղատնտեսության ապահովագրական ճկուն համակարգի ստեղծումը եւ դրանում պետության փութաջան մասնակցությունը՝ առաջին հերթին ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումն ստանձնելու ճանապարհով.
  • հողի շուկայի ձեւավորում եւ հողօգտագործման արդյունավետության մեծացում` հողակտորների խոշորացման, հողերի հաշվառման եւ գնահատման գործուն համակարգի ներդրման միջոցով.
  • գյուղմթերքներ արտադրողների, վերամշակողների եւ սպառողների շահերը պաշտպանող արդյունավետ համակարգի ներդրումը, ինչը նրանց զերծ կպահի տարաբնույթ մենատերերի եւ միջնորդների անօրինական գործողություններից.
  • պետական աջակցությունը հողերի բերրիության վերականգնմանն ուղղված միջոցառումներին.
  • գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ տեխնիկայով, վառելիքով, պարարտանյութերով եւ սերմացուով ապահովելու նպատակով լիզինգային եւ ապրանքային վարկերի մեխանիզմների կիրառումը.
  • գյուղմթերքների՝ պետական պատվերների արդյունավետ եւ հայրենական արտադրողի շահերից բխող համակարգի ներդրումը.
  • ոռոգման համակարգի բարելավումը, ոռոգման ջրի սակագնի մատչելիության ապահովումն ըստ տեղանքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության.
  • գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած հողերը մշակության տակ դնելու համար գործուն ծրագրերի իրականացումը.
  • գենետիկորեն ձեւափոխված գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ ներմուծման արգելումը։

Հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները

Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը, շրջանցելով երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրները, առավելապես կենտրոնանում է ընթացիկ եւ երկրորդական հիմնահարցերի լուծման վրա, այն էլ՝ ոչ լիարժեք կերպով։

Հիմնական պատճառն այն է, որ երկրում պետական եկամուտներն ու ծախսերը համարժեք չեն տնտեսական ներուժին, չեն արտացոլում տնտեսության իրական վիճակը եւ չեն համապատասխանում տնտեսության զարգացման գերակայություններին։ Ընդհանուր առմամբ, պետության հարկային եկամուտները չափազանց ցածր են միջազգային չափանիշներից եւ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հարկային ողջ դաշտը բաժանվել է երկու մասի՝ արտոնյալ գործարարներ եւ մնացած բոլորը։ Առաջինները, օգտվելով մեծ ու փոքր պաշտոնյաների հովանավորչությունից, կարողանում են հաջողությամբ խուսափել հարկային պարտավորությունները լրիվ ծավալով կատարելուց՝ ըստ էության կողոպտելով երկրի բյուջեն եւ սոցիալական ոլորտները, որոնց պետք է ուղղվեին այդ գումարները, եւ հարկային մամլիչի ողջ ծանրությունն ընկնում է բարեխիղճ հարկատուների ուսերին։

Ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է՝

  • ձեւավորել արդարության եւ համահավասարության սկզբունքով գործող հարկային եւ մաքսային համակարգեր.
  • անողոք եւ վճռական պայքար ծավալել ստվերային տնտեսության դեմ, արմատախիլ անել պետական պաշտոնյաների կողմից բիզնեսի շահութաբեր ոլորտները հովանավորելու հանցավոր երեւույթը, վերահսկողություն սահմանել պաշտոնյաների կողմից իրականացվող դրամական խոշոր ծախսումների նկատմամբ, խստացնել իրականությանը չհամապատասխանող եկամտային հայտարարագրերի ներկայացման համար պատասխանատվությունը.
  • վերացնել որոշ հարկատուների արտոնյալ կարգավիճակը.
  • հարկային եկամուտների կառուցվածքում ավելացնել ուղղակի հարկերից, առաջին հերթին՝ շահութահարկի եւ եկամտահարկի գծով ստացվող մուտքերը.
  • տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղծ վնասներ ցույց տալու արատավոր երեւույթի դեմ պայքարելու նպատակով ծախսային որոշ հոդվածների (գովազդային, ներկայացուցչական, խորհրդատվական, իրավաբանական եւ այլն) համար կիրառել նորմավորման սկզբունքը.
  • հրաժարվել գերավճարների եւ կանխավճարների կորզման միջոցով հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ապահովման գործելաոճից.
  • բացառել պետական բյուջեի միջոցներով իրականացված հանրային ծառայությունների դիմաց պարտքի կուտակումը, իսկ այդպիսի դեպքերում սահմանել փոխհատուցման արդարացի մեխանիզմ, ինչը հաշվի կառնի գործարարի շահերն ու կորցրած վնասները.
  • նվազեցնել հիմնական հարկատեսակների դրույքաչափերը. ավելացված արժեքի հարկինը` մինչեւ 16%, շահութահարկինը՝ մինչեւ 15%, եկամտահարկի դեպքում ավելացնել չհարկման նվազագույն շեմը եւ կիրառել մեկ միասնական՝ 15%-ոց դրույքաչափ.
  • փոփոխություններ կատարել «Պարզեցված հարկի» մասին ՀՀ օրենքում` այն հաշվով, որպեսզի երաշխավորվեն փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող գործարարների իրավունքները կատարյալ մրցակցություն եւ օրինական հարկահանություն իրականացնելու ուղղությամբ, բացառվեն խոշոր, մենաշնորհային եւ գերիշխող դիրք գրավող ձեռներեցների կողմից այդ հարկատեսակի կիրառումն ու չարաշահման հնարավորությունը.
  • օրենսդրորեն սահմանել լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների ու բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների, որոնցով ձեւավորվում է սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, սակագների սահմանման, ինդեքսավորման, անհրաժեշտության դեպքում` հարկային արտոնությունների սկզբունքները.
  • փոփոխություններ կատարել մաքսային օրենսդրությունում` այն հաշվով, որպեսզի պաշտպանվեն ներքին արտադրողի շահերը, հստակեցվի ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների որոշման կարգը.
  • հարկային եւ մաքսային համակարգերը դարձնել ավելի թափանցիկ ու կանխատեսելի.
  • նվազագույնի հասցնել օրենսդրական փոփոխությունների քանակը, դրանք ընդունել բյուջետային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ, մեծացնել հարկային եւ մաքսային օրենսդրության փոփոխությունների մասին հասարակության տեղեկացվածության աստիճանը, դրանց մշակման գործընթացում ներգրավել տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնող միություններին եւ հասարակական կազմակերպություններին.
  • ընդունել հարկային օրենսգիրքը, ինչի մեջ ամբողջությամբ կմեկտեղվեն հարկային բոլոր օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը։

Բյուջետային քաղաքականության մասով հարկավոր է՝

  • բյուջետային գործընթացները դարձնել ավելի բաց ու թափանցիկ.
  • անցում կատարել դեպի զարգացման բյուջեներ՝ հստակորեն սահմանազատելով ծախսերի այն մասը, որը նպատակաուղղվելու է զարգացման հեռանկարային ծրագրերի իրագործմանը.
  • պետական եւ համայնքային բյուջեների բոլոր միջոցների բաշխումն իրականացնել արդյունքների վրա հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքով.
  • կատարելագործել գանձապետական համակարգը, պետական ֆինանսների հաշվառումն ու վիճակագրությունը.
  • էապես կատարելագործել պետական գնումների համակարգը, որպեսզի բացառվեն կոռուպցիոն երեւույթներն ու պետական բյուջեի միջոցների անարդարացի բաշխումը.
  • մեծացնել բյուջետային ծախսումների արդյունավետությունը.
  • նվազեցնել պետական վարչակազմի պահպանման ծախսերը.
  • որակապես ավելացնել գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտներին արվող հատկացումները.
  • ապահովել տնտեսության զարգացման գերակայություններին համապատասխանող ներդրումային ծրագրերում պետության մասնակցությունը։

Բանկային համակարգի բարեփոխումներ

Հայաստանի տնտեսությունում դրամատնային համակարգը չունի այն դերակատարությունը, որն առկա է շուկայական հարաբերությունների քաղաքականություն որդեգրած ժողովրդավարական մյուս երկրներում։ Հայաստանյան դրամատների միջոցները չափազանց սահմանափակ են թե’ ՀՆԱ-ի եւ թե’ վարկերի ու ավանդների անվանական չափի նկատմամբ։ Դրամատների տրամադրած վարկերի հիմնական մասը կարճաժամկետ է եւ տրվում է չափազանց բարձր տոկոսադրույքով։ Նման պայմաններում դրամատնային համակարգը չի կարող լինել տնտեսության զարգացմանը նպաստող իրական գործոն։

Ստեղծված իրավիճակում առաջնահերթ մի շարք քայլերի իրագործման անհրաժեշտություն է առաջացել, որոնցից հարկ է ընդգծել՝

  • ՀՀ կենտրոնական դրամատան նկատմամբ ԱԺ վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը.
  • մակրոտնտեսական ռիսկերի հնարավոր նվազեցումը.
  • ավանդների ապահովագրման գործուն համակարգի մշակումն ու ներդրումը, ինչը կարեւոր քայլ է դրամատնային ողջ համակարգի հանդեպ հասարակության վստահության ամրապնդման ուղղությամբ.
  • ապահովագրական եւ կենսաթոշակային մասնավոր հիմնադրամների ձեւավորման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
  • ժամանակակից կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը.
  • ազատ մրցակցությունը խափանող ցանկացած խոչընդոտի վերացումը.
  • հիպոթեքային վարկավորման ծավալների ընդլայնումը.
  • դրամատների կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ավելացումը՝ վարկերի օգտագործման նկատմամբ սահմանելով օպերատիվ վերահսկողություն.
  • դրամատների սնանկացման գործընթացի օրենսդրական կատարելագործումը, դրամատնային հանցագործությունների եւ հատկապես դրամատան կանխամտածված սնանկացման համար գործող օրենսդրությամբ նախատեսված պատժի խստացումը, այս գործընթացներում դատարանների դերի կարեւորումը. .
  • տնտեսության մեջ կանխիկ դրամով իրականացվող գործարքների սահմանափակման համար համապատասխան օրենսդրական մեխանիզմների կիրառումը, մուրհակների եւ չեկերի շրջանառության կարգավորումը.
  • ֆինանսավարկային հաստատությունների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը.
  • նախկին «Հայխնայբանկում» ավանդադրած գումարների վերադարձման իրատեսական ծրագրի իրագործումը՝ հետեւյալ հիմնական սկզբունքների կիրառմամբ.
    • բոլոր ավանդները պետք է ձեւակերպվեն որպես կառավարության պարտք իր քաղաքացիներին,
    • ավանդների վերադարձման միջոցների աղբյուր պետք է լինեն անցած տարիներին պետական պաշտոնյաների կողմից հասարակությունից յուրացված հարստության բռնագանձումից ստացվող գումարները։

Արժեթղթերի եւ ապահովագրական շուկայի ամրապնդում

Զարգացած տնտեսություններում ներդրումային գործընթացների գերակշռող ծավալները իրականացվում են արժեթղթերի շուկայի միջոցով։ Մեր երկրում արժեթղթերի շուկան տակավին սաղմնային փուլում է, իսկ պետությունը չի իրականացնում դրա խթանման եւ զարգացման համարժեք միջոցառումներ։ Արժեթղթերի շուկան ՀՀ-ում, ըստ էության, սահմանափակված է բրոքերային եւ դիլերային տարբեր գործակալությունների կողմից պետական արժեթղթերի առքուվաճառքի գործարքներով։ Գրեթե զրոյական մակարդակում են բաժնետիրական ընկերությունների թողարկած բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքները։

Արժեթղթերի շուկայի զարգացման նպատակով հարկավոր է ՀՀ-ում ներդնել միջազգային արժեթղթերի շուկաներին բնորոշ մեխանիզմներ` դրանք հարմարեցնելով Հայաստանի առկա պայմաններին, որոնք անհրաժեշտ նախադրյալներ կստեղծեն արժեթղթերի շուկայի արդյունավետ զարգացման համար։

Ցանկացած երկրի տնտեսության զարգացման եւ կայունության ապահովման գործում անվիճելի դեր ունի ապահովագրական շուկան։ Այն իրեն բնորոշ կայունացնող լծակներով նվազեցնում է տնտեսության տարբեր ճյուղերում առկա բնական եւ տեխնածին տարաբնույթ ռիսկերը՝ դրանով իսկ գործարար հանրության համար ստեղծելով առավել նպաստավոր մթնոլորտ։ Արդյունավետ գործող ապահովագրական շուկան միաժամանակ համապատասխան պաշտպանություն է տրամադրում բնակչության լայն զանգվածներին՝ ապահովելով սոցիալական պաշտպանվածության առավել բարձր մակարդակ։

ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման ներկայիս ընթացքը չի կարելի գոհացուցիչ համարել, ուստիեւ անհրաժեշտ է իրականացնել շուկայի զարգացումը խթանող պետական բազմակողմանի միջոցառումներ։

Այդ շուկայի զարգացման միջոցառումների շարքում՝

  • կիրականացվի սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող տեսակների՝ բժշկական ապահովագրության եւ կենսաթոշակային մասնավոր ապահովագրության ներդրում.
  • տնտեսության մեջ առկա ռիսկերի նվազեցման նպատակով կստեղծվի արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրության պետական գործակալություն, որը համագործակցելով այլ երկրների համանման կառույցների հետ, կապահովի ՀՀ-ում իրականացվող արտասահմանյան ներդրումների ապահովագրությունը՝ դրանով իսկ խթանելով ներդրումները.
  • կիրականացվի ՀՀ-ից արտահանում իրականացնող կազմակերպությունների կողմից արտասահմանյան գործընկերներին տրամադրվող ապրանքային վարկերի ապահովագրությունը։

Հակամենաշնորհային քաղաքականություն. տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային պայմանների ապահովում

ՀՀ տնտեսության մի շարք գերակա ճյուղեր այժմ գործում են որոշ տնտեսավարող սուբյեկտների կամ «կլանների» մենաշնորհային գործունեության պայմաններում։ Այս իրավիճակը մենաշնորհին տիրապետող անձանց հնարավորություն է ընձեռում չարաշահելով շուկայում իրենց միանձնյա գերակա դիրքը՝ սպառողներին թելադրել անշահավետ պայմաններ եւ արհեստականորեն բարձր գներ։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը չի կարող գոհացնել բնակչության լայն զանգվածներին։

Այս առումով պետք է՝

  • ընդունել համապատասխան օրենքներ ու օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված շուկայում տարբեր սուբյեկտների մենաշնորհային եւ գերիշխող դիրքերը կանխելուն, բնական մենաշնորհի պետական կարգավորմանը.
  • որակապես նոր մակարդակի բարձրացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը, որի հիմնական նպատակներից առաջինը պետք է լինի տնտեսության մեջ հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը.
  • տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային պայմանների ապահովման նպատակով բարեփոխումներ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների համատեքստում, որպեսզի իսպառ բացառվեն պետական իշխանության մարմինների կողմից իշխանական լծակների ոչ օրինական եւ ոչ համարժեք կիրառմամբ մրցակցության հավասար պայմանների խաթարումը եւ հովանավորչության արատավոր երեւույթները։

Արդյունավետ սեփականատեր

ՀՀ տնտեսական ներուժի գերակշռող մասը մնում է չիրացված։ Անարդյունավետ սեփականաշնորհման հետեւանքով արտադրության միջոցները եւս սեփականաշնորհվեցին որպես գույք՝ դուրս մնալով ապրանքային շրջանառությունից, իսկ լավագույն դեպքում արտահանվեցին իբրեւ հումք։ Առկա ներուժի լիարժեք գործարկումը պետք է համարել գերխնդիր, հնարավոր բոլոր միջոցներով այն մտցնել ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ։ Արտադրության միջոցների սեփականատիրոջ համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի վերջինս կամ գործարկի այդ միջոցները, կամ վաճառի։ Արտադրական միջոցի տիրապետումը զուտ որպես գույք՝ չպետք է ձեռնտու լինի սեփականատիրոջը։

Սեփականությունը պետք է օգտագործվի ի բարօրություն հանրության։

Կուսակցությունն առաջարկում է՝

  • ընդունել օրենքներ, որոնք կապահովեն գույքի նկատմամբ իրավունքի երաշխավորվածությունը.
  • հարկային ճկուն քաղաքականություն իրականացնելու միջոցով օժանդակել արտադրության միջոցների շրջանառության մեջ մտնելուն.
  • օրենսդրորեն խրախուսել հիպոթեքը.
  • փոխել սեփականաշնորհման նպատակը, գերապատվությունը տալ ոչ թե սեփականաշնորհումից առաջացած բյուջետային եկամուտներին, այլ արդյունավետ կառավարմանը, ներդրումներին, աշխատատեղերի բացմանը.
  • կատարելագործել ձեռնարկությունները սնանկ ճանաչելու մեխանիզմները՝ նպատակ ունենալով վերացնել անվճարունակ եւ անմրցունակ ձեռնարկությունները.
  • նպաստել ժամանակակից արտադրության ու բիզնեսի կառավարմանը տիրապետող որակյալ մենեջերների պատրաստմանը։