Հոդվածների ցուցակագիր

1. ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Իրավակարգի կատարելագործման հարցում կարեւորվում են՝

  1. սահմանադրական բարեփոխումները.
  2. անկախ եւ անաչառ դատական իշխանության ու դատախազական համակարգի կայացումը.
  3. տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացումը.
  4. կուսակցությունների դերի բարձրացումը.
  5. ընտրական օրենսդրության արդիականացումը.
  6. պետական կառավարման համակարգի բարեփոխումները։

Սահմանադրական բարեփոխումներ

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են նաեւ գործող Սահմանադրության անկատարությամբ, ինչը հրամայական է դարձնում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Մասնավորապես գործող Սահմանադրության մեջ են ավտորիտար այնպիսի դրսեւորումների արմատները, ինչպիսիք են իրական տիրոջից՝ ժողովրդից իշխանության օտարումը, «հեռախոսային» դատական իշխանությունը, կլանային տնտեսական համակարգը եւ ստվերային տնտեսությունը, սոցիալական ծայրահեղ բեւեռացումը, խորհրդարանի ու կուսակցությունների դերի նվազեցումը, չկայացած տեղական ինքնակառավարումը եւ այլն։

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ գործող ՀՀ սահմանադրության հանրաքվեն չի ընդունվել ՀՀ քաղաքացիների կողմից եւ ենթակա է լուրջ փոփոխությունների ու նոր համաժողովրդական քվեարկության:

Սահմանադրության տարբերակը, որը կներկայացնի «Ժառանգություն» կուսակցությունը, մասնավորապես կամրագրի՝

  • իշխանությունների տարանջատման, զսպումների եւ հակակշիռների հստակ մեխանիզմ, արդյունավետ կառավարման համակարգ, դատական անկախ իշխանություն, դատախազական անկախ համակարգ, իրական տեղական ինքնակառավարում եւ, ընդհանուր առմամբ, պետական կառավարման ձեւում գերնախագահության սահմանափակում ու խորհրդարանական կառավարման (պառլամենտարության) տարրերի աստիճանական ուժեղացում։ Այս տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների հիմնարար մոտեցումներից են՝
    • ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՀՀ վարչապետի թեկնածությունն Ազգային ժողովում երկրորդ անգամ չհաստատվելու դեպքում նոր թեկնածու առաջադրելու ու նշանակելու լիազորության փոխանցումը Ազգային ժողովին.
    • գործադիր իշխանությունից դատական իշխանության անկախությունը երաշխավորող արդարադատության խորհրդի ձեւավորումը.
  • որպես նպատակակետ՝ խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգ.
  • պետական ծառայողի կարգավիճակի օրենսդրական կարգավորում, ինչը կհստակեցնի նրա իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
  • քաղաքացիական ծառայողի համակարգի բարեփոխում, ինչի արդյունքում դրանք իրապես կերաշխավորեն քաղաքացիական ծառայողների ընտրության ազնիվ մեխանիզմներ, քաղաքացիական ծառայողին իրապես կպաշտպանի վերադասի կամայականություններից եւ կերաշխավորի նրա պաշտոնավարությունը՝ անկախ կառավարման վերին օղակում քաղաքական ուժերի փոփոխությունից, միաժամանակ կսահմանի համապատասխան պաշտոնին ներկայացվող մասնագիտական գիտելիքների ու փորձի պահանջները, ինչպեսեւ պատասխանատվությունը պաշտոնական դիրքի չարաշահումների եւ օրինազանցությունների համար.
  • անմիջական ժողովրդավարության ինստիտուտի ընդլայնում.
  • քաղաքական ընդդիմության խորհրդարանի ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքի ամրագրում հետեւյալ ձեւաչափով.
    1. ՀՀ ազգային ժողովի նախագահի մեկ տեղակալի պաշտոնի վերապահում խորհրդարանական ընդդիմությանը
    2. վերահսկողական գործառույթներ ունեցող մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների վերապահում խորհրդարանական ընդդիմությանը,
    3. մնացած հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնների վերապահում խորհրդարանական ընդդիմությանը,
  • Վերահսկիչ պալատի ղեկավար կազմի ձեւավորման իրավունքի վերապահում բացառապես քաղաքական ընդդիմությանը,
  • Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման իրավունքի վերապահում քաղաքական ընդդիմությանը,
  • ՀՀ Գլխավոր դատախազի երկու տեղակալների պաշտոններից մեկի վերապահում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ մյուսի` արտախորհրդարանական ընդդիմությանը.
  • տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում` ի հաշիվ իշխանության կենտրոնական մարմինների լիազորությունների.
  • մարզերում ներկայացուցչական մարմինների ինստիտուտների ամրագրում, մարզպետերի ուղղակի կամ անուղղակի ընտրությունների սահմանում.
  • մունիցիպալ ոստիկանության ինստիտուտի սահմանում:

Սահմանադրական բարեփոխումների՝ այդ հիմքերի վրա պատրաստված տարբերակը, ինքնին չլինելով անհրաժեշտ ու բավարար երաշխիք, բարենպաստ հիմք կստեղծի առկա բացասական երեւույթները մեղմելու եւ աստիճանաբար վերացնելու համար։

Անկախ եւ անաչառ դատական իշխանության կայացում

Դատական իշխանության անկախության բացակայությունը մեծագույն վտանգներից է՝ հասարակության մեջ եւ ողջ երկրում օրինականության խաթարման, քաղաքացիական վարքաբանության խոտորման, հասարակության բարոյալքման, սեփական երկրի հեռանկարի ու զարգացման նկատմամբ հավատի կորստյան եւ, ի վերջո, սեփական երկրից օտարման առումով։ Ուստի դատական իշխանության բարեփոխումն առաջնային է, իսկ նրա անկախության ու անաչառության, միայն օրենքով առաջնորդվելու գրավականը իշխանական ու խմբային ցանկացած ազդեցությունից, պատվերից ու ներգործությունից դատավորների անկախության ապահովումն է։

Դատաիրավական բարեփոխումների նպատակը պետք է լինի արդարադատության մատչելիությունը, անկախ ու անաչառ դատական իշխանության ստեղծումը, որն ի զորու է ապահովելու ժողովրդավարության կայացումն ու տնտեսական բարեփոխումները։

Այդ նպատակով անհրաժեշտ է՝

  • խստացնել դատավորներին ներկայացվող պահանջները.
  • դատական իշխանությունն ազատել գործադիր իշխանության եւ դատախազության ազդեցությունից.
  • բացառությամբ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների, մյուս ատյանների դատավորներին ընտրել ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով` 3 տարի ժամկետով: Մշակել եւ ներդնել դատավորների ընտրության ու հետկանչի հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
  • ստեղծել դատական ակտերի տեղեկատվական բանկ.
  • մշակել դատավորների պաշտոնազրկման հստակ ընթացակարգերն ու հիմքերը.
  • սահմանել անձի՝ փաստաբան ունենալու իրավունքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ՝ ներառյալ խուզարկությունը եւ ձերբակալությունը, ցուցմունք կամ բացատրություն տալը.
  • փոփոխություն կատարել Փաստաբանական գործունեության մասին օրենքում. քաղաքացուն պետք է պետության միջոցներով փաստաբանական անվճար ծառայություն մատուցվի նաեւ այն դեպքերում, երբ քաղաքացին վիճարկում է պետական կառույցի գործունեությունը կամ անգործությունը՝ կապված մարդու իրավունքների հետ։

Դատախազության բարեփոխումներ

ՀՀ օրենսդրությունը փաստորեն դատախազությանը վերապահել է իշխանության չորրորդ ճյուղի լիազորություններ՝ այն քաղաքական իշխանությունների ձեռքին դարձնելով հակառակորդներին թուլացնելու կամ վերացնելու գործիք։ Դատախազության ընդհանուր հսկողության լիազորությունը, որը խորհրդային համակարգի վերապրուկ է, օրենքով նախատեսված չլինելու պարագայում եւս, իներցիայի ուժով շարունակում է մնալ եւ շպարվել դատախազության՝ «դատարաններում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու» լիազորության քողով, ինչը մասնավորապես դրսեւորվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին անհարկի միջամտությունների տեսքով։ Այս պատճառով կաթվածահար է լինում դատախազության գործունեությունը, խոչընդոտվում է ձեռներեցությունը։ Նման աշխատաոճի պարագայում բնական են եւ հանցավորության ավելացումը, եւ չբացահայտված հանցագործությունների մեծ թիվը։

Դատախազության բարեփոխումները ենթադրում են՝

  • դատական իշխանության համակարգից դատախազության համակարգի դուրսբերում.
  • անկախ դատախազական համակարգի ձեւավորում, որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործեր հարուցելը.
  • դատախազության համակարգի ձեւավորմանը խորհրդարանի մասնակցություն.
  • արդարադատության խորհրդից դատախազության դուրսբերում.
  • դատախազների թեկնածուների առաջադրման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված անկախ մարմնի ստեղծում.
  • դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու լիազորության վերացում.
  • քրեական դատավարությունում պատժաչափի վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու լիազորության բացառում.
  • դատաքննության ժամանակ դատախազի եւ փաստաբանի լիազորությունների միջեւ հավասարության ապահովում։

Տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում

Պետության առաջնային բջիջը համայնքն է, առանց որի հնարավոր չէ խոսել բարեկարգ ու զարգացած երկրի մասին։ Տեղական ինքնակառավարման համակարգը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հիմնաքարն է։ Միայն այդ համակարգի զարգացմամբ է հնարավոր կառուցել-շենացնել մեր գյուղերն ու քաղաքները։ «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ ինքնաբավ, ուժեղ համայնքը ուժեղ եւ ինքնիշխան պետության հիմքն է: Այդ ամենի համար մասնավորապես անհրաժեշտ է՝

  • ապահովել համայնքների քաղաքական ու ֆինանսատնտեսական անկախությունը. այն է՝ բացառել ինչպես կառավարության, այնպես էլ ցանկացած այլ մարմնի կողմից համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին պաշտոնանկ անելու իրավունքը եւ հետեւողականորեն իրականացնել ապակենտրոնացման գործընթացը, այսինքն՝ համայնքներին փոխանցել համայնքներին առնչվող հիմնական լիազորությունները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Ընդունել Տեղական ինքնակառավարման մասին նոր օրենք, որով հնարավոր կլինի համայնքների բյուջե ուղղվող գումարները հասցնել պետական բյուջեի 25-35 տոկոսին, դրանով իսկ աշխուժացնել գյուղական եւ քաղաքային համայնքների կյանքը.
  • տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումն ապահովելու նպատակով վերամշակել «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքները.
  • իրականացնել վարչատարածքային բարեփոխումներ. ֆինանսական սուղ միջոցները չփոշիացնելու նպատակով համայնքները խոշորացնել, ձեւավորել միջհամայնքային միավորումներ։ Այս խնդիրներն իրականացնելու նպատակով ընդունել «Միջհամայնքային միավորումների մասին» օրենք եւ բարեփոխել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը.
  • բարեփոխել տարածքային կառավարման համակարգը.
  • էապես փոփոխել Երեւան քաղաքում կառավարման համակարգը։ Ընդունել օրենք «Երեւանի մասին», ինչում հատկապես կամրագրվի, որ Երեւանի քաղաքապետն ընտրվում է ժողովրդի ուղղակի մանդատով` բնակչության ուղղակի, փակ ու գաղտնի ընտրությունների միջոցով:

Քաղաքական կայունություն

«Ժառանգության» համար քաղաքական կայունությունը նախեւառաջ ժողովրդավարական հանրակարգերի կայունությունն է` նրանց աշխույժ գործունեւության պայմաններում։ Ճահճացումը, տեղում դոփելը չեն կարող ցանկալի կայունություն համարվել։

Հասարակական համաձայնության վրա հիմնված իրական քաղաքական կայունության ապահովման համար անհրաժեշտ է.

  • ապահովել իշխանությունների պատասխանատվությունը հասարակության առջեւ, ինչը դրսեւորվում է նրա փոփոխելիության մեջ.
  • բացառել ընտրակեղծիքներով, ընտրողների փոքրամասնության քվեն ստացած ցանկացած իշխանության ձեւավորում.
  • բացառել ցանկացած օրենսդրական փոփոխության պարագայում ՀՀ Նախագահի՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելը, ընդ որում ընդմիջումը պետք է լինի ոչ պակաս երկու լրիվ նախագահության ժամկետից
  • ապահովել ժողովրդավարական, բաց, հրապարակային ու արդար ընտրությունների անցկացում, որոնց արդյունքները կասկածի տակ չեն առնվի, ընտրություններից հետո հասարակության տարբեր շերտերի միջեւ առճակատման առիթ չեն դառնա.
  • հասարակության մեջ առկա հակասությունները լուծել փոխհամաձայնությունների եւ հանդուրժողականության հենքի վրա.
  • երաշխավորել քաղաքական ընդդիմության իրավունքները, մասնավորապես ԶԼՄ-ների մատչելիությունը.
  • բացառել ուժային մեթոդներով կամ պետության միջամտությամբ սեփականության վերաբաշխումը.
  • սահմանել քաղաքացիական վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, օրենքով սահմանել նրանց գործառույթները, խնդիրները, կազմը.
  • ապահովել ԶԼՄ-ների իրական անկախություն.
  • արմատապես ու էապես վերամշակել ազգային անվտանգության ռազմավարությունը, պետական կառավարման հանրապետական, տարածքային, այդ թվում ուժային կառույցների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կառուցել այդ ռազմավարության հիման վրա։

Քաղաքական համակարգում կուսակցությունների դերի բարձրացում

Ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում կարեւոր տեղ ունեն կուսակցությունները։

Ցանկացած պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը, կարող է հզորության եւ կայունության հավակնել, եթե ունենա քաղաքական հզոր եւ կայուն կուսակցություններ։ Միայն քաղաքական ուժեղ կուսակցությունների առկայությունը կարող է երկիրը զերծ պահել անակնկալներից ու քաղաքական տարերային ցնցումներից։ Պետությունը պետք է նպաստի ուժեղ կուսակցությունների կայացմանը։ Ուժեղ կուսակցությունները ուժեղ պետության նախապայմանն են։

Պետությունները հզոր կուսակցություններ ստեղծելու հարցում մեծ կարեւորություն են տալիս կառավարման եւ ընտրական համակարգերին։

  • Կառավարման ներկայիս համակարգը ոչ միայն չի նպաստում կուսակցությունների հզորացմանը, այլեւ միանգամայն հակառակ նպատակի է ծառայում՝ կուսակցությունների պառակտում, մասնատում, տրոհում։ Կառավարման համակարգն ինքնին չի նպաստում կուսակցությունների խոշորացմանը թեկուզ այն պատճառով, որ մեզանում չի գործում կամ չի կարող գործել սահմանադրորեն ամրագրված այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանական մեծամասնությունն է ձեւավորում գործադիր իշխանությունը։
  • Ի տարբերություն միջազգային փորձի՝ Հայաստանում կուսակցությունների կայացած չլինելու պատճառով մեծամասնական ընտրակարգով առավելապես ընտրվում են որեւէ կուսակցության անդամ չհամարվող, նույնիսկ քաղաքական հայացքներ չունեցող անձինք, որոնք հետագայում դառնում են նախագահի հենարանն ու կամակատարը։
  • Ընդդիմության կայացմանը նպաստելու, հետեւաբար՝ քաղաքական համակարգում կայունություն ու կանխատեսելիություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել դրան ներկայացվող երաշխիքները՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի եւ գործադիր իշխանության ճնշումներից։
  • Ազգային ժողովի ընտրություններն աստիճանաբար անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով։ Ապահովել ազատ, արդար ընտրություններ, որոնց շնորհիվ տեղի կունենան քաղաքական կուսակցությունների վերասերում ու խոշորացում։
  • Կուսակցությունների կայացմանը նպաստելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում, ինչով կնախատեսվի Ազգային ժողով անցած կուսակցություններին կամ դրանց դաշինքներին հատկացնել պետական ֆինանսավորում՝ յուրաքանչյուրին տարեկան 100 միլիոն դրամի չափով, իսկ 3%ևի շեմը հաղթահարած կուսակցություններին՝ 30 միլիոն դրամի չափով։ Օրենսդրությամբ ամրագրել առեւտրային դրամատների իրավունքը՝ գրավի դիմաց ֆինանսավորել կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։

Ընտրական համակարգի բարեփոխումներ

Իշխանության ցանկացած ճյուղի՝ օրինականության շրջանակներում գործելու երաշխիքը ժողովրդի կամքով կամ ժողովրդի ներկայացուցչի միջոցով նրա ձեւավորումն է։ Իշխանության որեւէ ճյուղի բռնազավթումը, խմբերի, անհատների կողմից դրա ձեւավորումը վտանգում են նաեւ իշխանության այլ ճյուղերի անկախ գործունեությունը։ Ուստի անհրաժեշտ են ժողովրդի հավաքական կամքի ամրագրումն ապահովող ու ժողովրդին իր իսկ իշխանության հաստատման հնարավորություն ընձեռող ընտրական համակարգի բարեփոխումներ՝ Ընտրական օրենսգրքի վերանայում ու բարելավում։ Դա հավասար պայմաններ կստեղծի ու հավասար պատասխանատվություն կապահովի ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտների համար՝ ընտրությունները դարձնելով ելակետային, վճռորոշ այն հանգրվանը, որից պետք է սկիզբ առնեն ժողովրդավարական մյուս բոլոր հանրակարգերը։

Մեզանում՝

  • նմանակման եւ հռչակագրային կերպով ստեղծվել են ժողովրդավարության հանրակարգերի պատրանքային կառույցներ, որոնք զուրկ են բուն բովանդակությունից.
  • ՀՀ քաղաքացին օտարված է կարեւորագույն գործառույթներում պետության եւ հասարակության կառավարման վրա ազդելու վճռորոշ եւ իրական հնարավորություններից.
  • գործող իշխանությունների քաղաքական կամքն ուղղված է ժողովրդավարության նենգափոխմանը եւ քաղաքացիական հասարակության զարգացման արգելակմանը.
  • Սահմանադրության եւ ընտրական օրենսդրության ներկայիս վիճակի պատճառով ընտրական գործընթացները ապահովագրված չեն գործադիր իշխանության միջամտությունից.
  • որպես հետեւանք՝ ընտրությունները լիարժեքորեն չեն կատարում իրենց սոցիալական-քաղաքական գործառույթը՝ քաղաքական համակարգի օրինականացումը (ինչի արդյունքում գրեթե բոլոր ընտրություններից հետո կասկածի տակ են դրվում դրանց արդյունքները).
  • ընտրությունները չեն դառնում մեծամասնության կամքի արտահայտման եւ հասարակական բախումների լուծման քաղաքակիրթ միջոց.
  • պատշաճ մակարդակով չի իրականացվում քաղաքական ընտրախավի ձեւավորումը։

Հասարակության զարգացումը երաշխավորված կլինի այն ժամանակ, երբ քաղաքական եւ քաղաքացիական կյանքում խորհրդարանական, նախագահական եւ տեղական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը համընդհանուր, ուղղակի, հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ՝ կդառնան հանրային պահանջմունք։

Միայն արդար ընտրություններով ձեւավորված օրինական, լեգիտիմ իշխանությունն է բարոյապես ու քաղաքականապես ի զորու ապահովել՝

  • մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պետական բոլոր մարմինների մակարդակով,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացումը, նրա անկախ եւ ինքնուրույն գործունեության համար համալիր պայմանների ստեղծումը,
  • քաղաքացիական հասարակության կայացման համար արմատական նշանակություն ունեցող ազատ խոսքը, բազմակարծությունը եւ տեղեկատվության մատչելիությունը,
  • արդարադատության մատչելիությունը, դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը,
  • ժողովրդի առջեւ պատասխանատու իշխանության ձեւավորումը՝ կիրառելով հաշվետվության, գործունեության թափանցիկության եւ պատժելիության սկզբունքները։

Այս ոլորտում առաջնահերթ քայլեր ենք համարում՝

  • կուսակցական արհեստավարժ, հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորումը.
  • ընտրական միավորումների միջեւ իրական հավասարություն ապահովող մեխանիզմների ամրագրումը.
  • իշխանության կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորության բացառումը.
  • ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը, ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը.
  • Ազգային ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգի աստիճանական ներդրումը.
  • ԱԺ պատգամավորների հետկանչի արդյունավետ մեխանիզմի ձեւավորումը.
  • ընտրական հանձնաժողովների գործունեության նկատմամբ իրական հասարակական վերահսկողության սահմանումը.
  • ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունը, արդյունքների բողոքարկման իրական հնարավորությունների ընձեռումը.
  • ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժամիջոցների խստացումը.
  • պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ներում թեկնածուների միջեւ հավասար պայմանների ապահովումը.
  • քաղաքացիների ընտրական մշակույթի զարգացման համապետական նպատակային ծրագրի ընդունումը եւ իրականացումը։

Պետական կառավարման համակարգի բարեփոխումներ

Երկրի զարգացման հարցում կարեւորում ենք նաեւ պետական արդյունավետ ու նպատակաուղղված համակարգի գոյությունը։ Ուռճացված, ոչ արդյունավետ պետական վարչակազմը չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ Պետական վարչակազմը պետք է լինի փոքրակազմ, ճկուն ու արագ արձագանքող, վարչարարությամբ՝ թեթեւ։

Ի սկզբանե պետք է հստակեցնել սոցիալ-տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքում պետության գործառույթներն ու խնդիրները եւ միայն դրանից հետո ձեւավորել պետական այնպիսի վարչակազմ, որն ի զորու է լուծել այդ խնդիրները։ Պետք է վերջ տալ հատուկ այս կամ այն իշխանահաճո անձի համար պաշտոն հիմնելու արատավոր գործելակերպին։

Այս ոլորտում անհրաժեշտ է՝

  • կրճատել ուռճացված պետական վարչակազմը.
  • օրենքով սահմանել կառավարության գործունեության կարգը.
  • օրենքով արգելել ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, պետական, քաղաքացիական, մաքսային, հարկային, համայնքային ծառայողներին տնտեսական գործունեությամբ զբաղվելը եւ տնտեսական հարաբերությունների վրա որեւէ կերպ ազդեցություն ունենալը: Սահմանել այդ դեպքերի համար պատասխանատվության (ընդհուպ մինչեւ քրեական) հստակ նորմերն ու մեխանիզմները.
  • հստակորեն որոշարկել տնտեսության եւ հասարակության մեջ պետական վարչակազմի գործառույթները.
  • վերացնել պետական տարբեր մարմինների լիազորությունների կրկնությունները.
  • պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը դարձնել հրապարակային, ամրագրել քաղաքացիական ու համայնքային ծառայողների պատասխանատվության հստակ մեխանիզմները.
  • պետական իշխանության մարմինների գործունեությունն ավելի բաց եւ թափանցիկ դարձնել քաղաքացիների, ոչ կառավարական կազմակերպությունների համար.
  • ամեն տարի ԶԼՄ-ներում հրապարակել տեղեկատվություն՝ պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի կատարած աշխատանքների, ծախսած միջոցների եւ ծրագրերի մասին.
  • սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների իրական եկամուտները ստուգող գործուն համակարգ։

Արդյունավետ պետական վարչակազմ

«Ժառանգություն» կուսակցության համար պետական վարչակազմի արդյունավետության չափանիշը անցյալի բարեբեր ժառանգությանը տեր կանգնելու, ժամանակի խնդիրներն արագ ու արդյունավետ լուծելու, հասարակությունն ու երկիրը բարեկեցության մայրուղի դուրս բերելու, ապագայի հարստության հիմքերն այսօր դնելու՝ պետական քաղաքականաստեղծ մեքենայի ունակությունն ու կարողականությունն է։

Հայաստանի քաղաքականաստեղծ պետական մեքենան պետք է մեկընդմիշտ՝

  • հրաժարվի պետական վարչակազմը անհատի, խմբի շահերին ծառայեցնելու արատավոր փորձից.
  • կողմնորոշվի դեպի ժողովրդաիշխանության ու ժողովրդավարության ուղի.
  • որդեգրի հանրության շահով առաջնորդվելու եւ այդ շահն իրականացնելու կենսակերպ.
  • գործի թափանցիկ ու հրապարակային՝ բաց բոլորի համար ու բոլորի տեսադաշտում՝ հաշվետու լինելով եւ հանրությանն իրազեկելով իր ձեռքբերումների ու բացթողումների, արածների, չարածների ու անելիքների մասին։

Պետական արդյունավետ վարչակազմն ու լավ կառավարումը հենվում են բանիմաց, իրավասու, արհեստավարժ, օրինական գործունեության ազատության ու պաշտպանվածության աստիճան ունեցող պետական ծառայողների վրա։ Մեր կարգախոսն է՝ ոչ թե «կադրերն են որոշում ամեն ինչ», այլ՝ «լավ կադրերը շատ բան են որոշում»։ Ինչպես պետության մեջ հիմնական արժեքը մարդն է, պետական վարչակազմում եւս մարդն է՝ մասնագիտական պատրաստվածություն, արժանապատվություն ու դիմագիծ ունեցող պետական ծառայողը։

Հայաստանի համար շռայլություն է ամենատարբեր մասնագիտություններով կադրեր պատրաստող բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթօջախները բարձր որակավորմամբ հավանական արտագաղթողների հաստատության վերածելը։ Պետությունն իր պետծառայողների ընտրությունը պետք է առաջին հերթին կատարի այդտեղից։

Պետական կառավարման համակարգի համալրումը կադրերով պետք է լինի բաց, թափանցիկ ու ոչ ձեւական մրցույթներով՝ անկախ սուբյեկտիվ, մարդկային կամ քաղաքական կամայականություններից, քմահաճություններից, համակրանքից կամ հակակրանքից։

Պետական վարչակազմի արդյունավետության անհրաժեշտ ու բավարար ցուցանիշ չի կարող լինել ընդունված որոշումների, անցկացված միջոցառումների, կատարված այցելությունների սոսկ քանակը։ Պետական վարչակազմի արդյունավետության ցուցանիշը պետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու իրավունքի վիճակն է՝ ածանցված երկրի բարոյահոգեբանական մթնոլորտից, տնտեսական զարգացածության մակարդակից, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներից։

Պետական ապարատի կողմից մշակված՝ երկրի զարգացման ծրագրերի թելադրողը պետք է լինի հայ իրականությունը՝ իր լուծված ու չլուծված խնդիրներով, որոնք փորձագիտական գնահատականի են արժանացել իրավասու հաստատությունների, ակադեմիական ու ոչ ակադեմիական հետազոտական կենտրոնների կողմից։

«Ժառանգություն» կուսակցությունը պետական վարչակազմի գործունեության փիլիսոփայությունը համարում է «հնարավորինս քիչ չլուծված խնդիրներ թողնել ապագա սերունդների ուսերին» կարգախոսը։ Պետական վարչակազմը ոչ թե անհատի կամ խմբի, այլ համընդհանուրի բարեկեցության ապահովման ամենաարդյունավետ գործիքներից մեկը պետք է լինի։