Հոդվածների ցուցակագիր

8. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ , ԲԱՆԱԿ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգությունը պետության, քաղաքացիների համար ցանկացած տեսակի սպառնալիքներից ու վտանգներից զերծ երկրի ներքին ու արտաքին միջավայրերում լիարժեք գործելու ազատությունն է, որի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեւավորել անվտանգության գործուն ու ճկուն համակարգ։ Ազգային անվտանգության խնդիրները պետք է համահունչ լինեն «պետությանը՝ լիարժեք ինքնիշխանություն, հասարակությանը եւ քաղաքացուն՝ ազատության բարձրագույն աստիճան ու իրավունքների ապահովվածություն» սկզբունքին։

ՀՀ ազգային անվտանգության հոգածության շրջանակներում պետք է լինեն նաեւ իր պետական կազմավորման տարածքներից դուրս սփռված հայություն վտանգազերծ կենսագործունեության խնդիրները։

Նշվածների առումով կենսական են ազգային անվտանգության ապահովմանն առնչվող ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնահատուկ՝ մասնագիտական նորմեր ներառող օրենսդրության ընդունումը, ազգային անվտանգության ռազմավարության արմատապես վերամշակումը բոլոր բաղադրամասերով՝ ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական եւ այլն, համապատասխանաբար՝ ՀՀ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալ-ժողովրդագրական, տեղեկատվական անվտանգության մասին օրենքների ընդունումը եւ գոյություն ունեցող համապատասխան օրենքների բարելավվումը։

Փոխկախվածության բարձր աստիճանով բնութագրվող արդի աշխարհում ազգային անվտանգությունը սոսկ երկրի ներքին միջավայրին ու տարածքին առնչվող խնդիր չէ եւ ենթադրում է պետության, հասարակության տարբեր միավորների անվտանգ գործառություն, կենսական շահերի հետամտում՝ նաեւ արտաքին միջավայրում։ Այս առումով անհրաժեշտ է տարբեր ոլորտներում այնպիսի օրենսդրության ընդունումը, որը կապահովի ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ արտաքին միջավայրի հետ փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ երաշխիքներ ու մեխանիզմներ, կնպաստի տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդմանը։

Բանակի մարտունակության եւ մասնագիտական պատրաստվածության բարձրացում , քաղաքացիական պաշտպանության համակարգի կարեւորում

Իր անվտանգության ապահովման գործում Հայաստանի Հանրապետությունը պետք է ապավինի սեփական ուժերին, նախեւառաջ՝ սեփական զինված ուժերին։

Այդ տեսակետից կարեւորագույն գործոններ են՝

  • կանոնավոր, մարտունակ, ուժեղ եւ ծավալվելու կարողունակությամբ օժտված բանակը, որը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Ոչ թե պատերազմ հրահրող, այլ այն կանխարգելող բանակ, որը հիմնված է բացառապես կանոնադրական հարաբերությունների վրա, զերծ է կոռուպցիայից, որտեղ զինվորների իրավունքները պաշտպանված են օրենքով, անկախ դատական իշխանությամբ, եւ որի հավաքագրումն ու համալրումը չեն վտանգված ժողովրդագրական նվազման, սոցիալական ու քաղաքական անվստահության, բարոյալքության հիմնախնդիրներով։ Մարտական ու հայրենասիրական բարձր ոգին, հանրային լայն վստահությունը, քաղաքացիական ու ժողովրդավարական վերահսկողությունը, միջազգային խաղապահ ու խաղաղարար առաքելություններում պատվավոր դերակատարությունն ու փորձառության անընդհատ ավելացումը, հանրության համար թափանցիկ բյուջետային պլանավորումը, բարձր տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածությունը պետք է դառնան մերօրյա բանակի բնութագրիչները,
  • ՀՀ արտաքին ու ներքին անվտանգությունը լիարժեք ապահովող, հնարավոր ու առկա վտանգները ժամանակին չեզոքացնող, հասարակական ու պետական շահերին հետամուտ, քաղաքական ու քաղաքացիական գործընթացներին չմիջամտող ազգային անվտանգության ու իրավապահ մարմինները, որոնք համալրված են հայրենասեր, արհեստավարժ, փորձառու, հմուտ, պատրաստված մասնագետներով՝ ունակ չեզոքացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, մարդկային առեւտրի, անօրինական ներգաղթի ու արտագաղթի, լրտեսության ու խափանարար գործողությունների հնարավոր սպառնալիքները։

Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակը կոչված է արտաքին ոտնձգություններից պաշտպանելու երկրի սահմանները, այն երաշխավորն է պետության անկախության եւ տարածքային ամբողջականության։ Անհրաժեշտության դեպքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանողական-հարձակողական համադրույթի, բանակը Հայաստանի կենսական շահերի երաշխավորը կարող է լինել նաեւ նրա սահմաններից դուրս։

Հայաստանի Հանրապետության ազգային բանակը հասարակության եւ իշխանությունների կողմից առայժմ չի արժանանում այն ուշադրությանը, որն անհրաժեշտաբար բխում է այս կառույցի վրա դրված խնդիրների կարեւորությունից։ Ասվածը վերաբերում է թե՛ բանակի նյութական եւ ռազմատեխնիկական սպասարկման ծավալներին ու որակին, եւ թե՛ առավելեւս բանակում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին, որը համատարած կոռուպցիայի եւ անարդարության հետեւանք է։ Ու քանի որ բանակը հասարակության խտացված արտացոլումն է՝ այս ամենի պատճառով ստվեր է գցված հասարակության մեջ բանակի հանդեպ ակնածանքի, վստահության եւ հեղինակության վրա, ավելին՝ Հայաստանի երիտասարդության մեջ մեծ չափերի է հասել բանակից խուսափելու ձգտումը։ Չպետք է խուսափել ԶԼՄ-ներին բանակում տեղ գտած բացասական երեւույթները լուսաբանելու հնարավորություն տալուց՝ դրանք դարձնելով հասարակական քննարկման առարկա։ Անհրաժեշտ է հասկանալ, որ զինծառայողների իրավունքների ու արժանապատվության՝ բանակում երբեմն տեղ գտնող ոտնահարումները, որոշ ապօրինությունները, այդ թվում առանձին հրամանատարների՝ բանակի մարտունակության հաշվին դիզած հարստությունը եւ կառուցած դղյակները կարող են անդառնալի կորստյան հասցնել հազարավոր լավագույն հայորդիների արյան գնով ձեռք բերված նվաճումներն ու երկրի անվտանգությունը։

Համապատասխան կամքի առկայության պարագայում հայ հասարակության առողջացումը կարող է սկսվել բանակից։ Բանակի հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության, այդ թվում՝ օրենսդիր մարմնի աչալուրջ հոգածության ներքո։ Անհրաժեշտ է մշակել ոչ կանոնադրական հարաբերությունների բացառման գործուն մեխանիզմներ։ Խաղաղ պայմաններում բանակում զինծառայողների սպանության, մահվան կամ հաշմման ցանկացած դեպք պետք է լինի հասարակության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ որպես ազգային անվտանգությանը սպառնացող արատավոր նախադեպ։ Մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն ամենայն խստությամբ՝ հանրային բաց դատավարություններով։

Հայկական բանակի ներքին կենսակերպն ու բարոյահոգեբանական դրվածքը պետք է լինեն գրավիչ, իսկ այնտեղ ծառայելը՝ պատվաբեր։ Նման պայմաններում այլընտրանքային զինծառայություն անցնելու համար կդիմեն միայն նրանք, ովքեր իսկապես ի վիճակի չեն ծառայել բանակային դասական կանոնակարգով։

Հայաստանում եւ նրա ազգային բանակում օրինականության, արդարության հաստատումից եւ հայրենասիրության արմատավորումից հետո անհրաժեշտ եւ հնարավոր է հասնել նրան, որպեսզի հայկական բանակը համալրվի կամավոր հիմունքներով։ Այս ուղով հնարավոր է նաեւ կանանց եւ աղջիկների կամավոր հիմունքներով ավելի լայն ներգրավումը ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումներում։ Սա քանակական գերակշռություն ունեցող արտաքին՝ առկա եւ հավանական հակառակորդների ռազմական ոտնձգություններին հաջողությամբ դիմակայելու կարեւոր ուղիներից մեկն է։ Հայաստանը դատապարտված է թշնամու քանակին հակադրել որակ եւ ոգեղենություն։

Հեռանկարում արհեստավարժ բանակ ունենալու նպատակով կարեւորվում են նաեւ ազգային ծրագրի մշակումն ու դրան համապատասխան անհրաժեշտ աստիճանական միջոցառումների իրագործումը:

Բանակի նյութական եւ ռազմատեխնիկական սպասարկման ծավալները մեծացնելու եւ որակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ռազմական համագործակցությունն ավանդական դաշնակից Ռուսաստանի, ինչպեսեւ նոր գործընկերների՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ։ Դա բխում է Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության ապահովման հրամայականից:

Անհրաժեշտ է վերականգնել եւ առավել գործուն դարձնել քաղաքացիական պաշտպանության համակարգը։ Միայն արդյունավետ քաղպաշտպանություն ունենալու դեպքում երկիրն ունակ կլինի արտաքին լուրջ սպառնալիքներին հակադրել կազմակերպված դիմադրություն եւ ինքնապաշտպանություն։

Արտաքին հարաբերություններ

Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերի ներդաշնակման նորօրյա բովանդակություն ունի աշխարհին քաղաքական ուղեծրով հարաբերվելու մեր դիրքորոշումը։ Արդեն երկար ժամանակ է, ինչ հանրապետության արտաքին քաղաքական հենքը փոխլրացման սկզբունքն է։ Միջնաժամկետ հեռանկարում այդ մոտեցմամբ առաջնորդվելը միգուցե ապահովեց Հայաստանի համար որոշակի առավելություններ, քանզի ուղեգծի կտրուկ փոփոխությունը հղի էր դժվարկանխատեսելի եւ դժվարդիմագրավելիք հետեւանքներով։ Սակայն հեռանկարային իմաստով այդ ուղղությունը չի կարող միակը լինել, քանզի այն սոսկ խուսանավումների ձեւ է, այն էլ՝ ոչ միշտ հաջող։

Արտաքին քաղաքականության ուժագծի համար «Ժառանգությունը» տեսնում է երեք բաղադրիչների պարտադիր, համաժամանակյա կիրառությունը.

  1. Տարածքային բաղադրիչ , երբ Հայաստանն իր տարածքում կայանում է որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, ինքնաբավության նվազագույն աստիճանն ապահովելու ունակ պետություն։ Այս բաղադրիչը գերազանցապես ուղղված է դեպի ներքին միջավայր եւ ենթադրում է արտաքին ու ներքին քաղաքականությունների շարժընթաց, ճկուն կապ եւ համագործառնություն։ Արտաքին քաղաքական ամենալավ հայեցակետն անգամ դատապարտված է ձախողման, եթե աջակցություն չի ստանում հասարակություն եւ ազգ միավորների յուրաքանչյուր բջջի կողմից, եթե ներքին քաղաքականությունը հետադարձ կապով չի ուժեղացնում արտաքինին։
  2. Մրցակցային բաղադրիչ , որն ուղղված է արտաքին միջավայրին եւ ենթադրում է տարածաշրջանում Հայաստանի գործառական «դերի»՝ առաքելության հստակեցում ու «մասնագիտացում»։ «Ժառանգությունը» Հայաստանի համար այդպիսի առաքելություն է դիտում ժողովրդավարության, կայունության կղզյակի ու առաջանցիկ զարգացման էպիկենտրոնի դերը։ Քաղաքակրթական, աշխարհագրական, պատմական ու մշակութային իրողությունները մեր օգտին են։ Մնացյալը՝ այդ գործոնները վարպետորեն համադրելու ու ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, պետական ճիշտ քաղաքականություն վարելու ոլորտին է պատկանում։ Բոլոր առումներով այդ բաղադրիչը պետք է առաջնահերթաբար խարսխվի Հայոց պետության համար՝ ինքնիշխանության, ազգի համար՝ միասնության, քաղաքացու համար՝ ազատության ու իրավունքի գերիշխանության ուղենիշների վրա։ Հետեւաբար՝ առանց նախորդ բաղադրիչի լիակատար ապահովման, մրցակցայինի մասին խոսելն ավելորդ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ այն միայնակ չնչին արդյունքներ կարող է բերել։
  3. Ցանցային բաղադրիչ , որի համար ելակետը պետք է լինի հաըտնի «չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր» դրույթը։ Միայն տարածքային ու մրցակցային բաղադրիչներով լիակատար ապահովվածության դեպքում է արդարացված ցանցայինի մասին խոսելը։ Այլապես, լինելով թույլ ու ցանցավորման մեջ մտնելով բոլորի հետ, Հայաստանը կարող է վերածվել այս կամ այն բեւեռի կողմից խաղարկվող օբյեկտի։ Իսկ սեփական պաշարամիջոցների փոխլրացումն այդ ցանցում ողջ պետությանն ու հասարակությանը, ազգին կխոստանա անավարտ ու անվերջ խոտորումների մղձավանջ։ Երբեմնի ողբերգությունից այսօր որոշ առումներով բարեբախտության վերածված աշխարհասփյուռ հայությունը լավագույն հնարավորություններն է ստեղծում ցանցավորվելու համար, սակայն՝ վերը թվարկված երկու բաղադրիչների ապահովվածության դեպքում։

Արտաքին քաղաքականության ուժագծում այս բոլոր բաղադրիչների բավարարումը ընդամենը թույլ է տալիս Հայաստանի լիարժեք անվտանգության նպատակով հայթայթել անհրաժեշտ միջոցներ՝ տարածաշրջանային, միջազգային ու գլոբալ խնդիրները լուծելու եւ մրցահրավերներին դիմակայելու համար։

Հասունացել է արտաքին քաղաքականության երկարաժամկետ հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը՝ աշխարհաքաղաքական վերջին ուրվագծումների հենքին ճիշտ կողմնորոշվելու եւ ազգաշահ քայլեր ձեռնարկելու համար։ Վարվող արտաքին քաղաքականությունը ոչ մի իրավիճակում եւ ոչ մի գնով չպետք է հարցականի տակ դնի Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Արտաքին գործընկերների, ինչպես նաեւ կազմակերպությունների հետ մեր բոլոր հարաբերությունները պետք է բխեցվեն բացառապես Հայաստանի պետական շահերի անխախտելի հիմնադրույթից։

Ճակատագիրը կանխորոշել է խաչմերուկում լինել, իսկ մեր հավաքական իմաստնությունը պետք է վճռի խոհեմաբար ճկուն իրացնել այդ առաքելությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն են՝

  • տարբեր պետությունների հետ հարաբերություններում հեռատեսությունը, արտաքին քաղաքական քայլերում հավասարակշռվածությունը՝ որպես արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներ, ինչը կբացառի որեւէ պետության կցորդ դառնալու վտանգը.
  • սերտաճում եվրոպական կառույցներին (Եվրախորհուրդ, ԵԱՀԿ), եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների հաստատում, Եվրամիությանը Հայաստանի անդամակցություն՝ որպես արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղություն.
  • սերտ համագործակցություն ավանդական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների հետ.
  • կովկասյան քաղաքականության ձեւակերպում.
  • արգասավոր համագործակցություն ժամանակակից գործընկեր ԱՄՆ-ի հետ.
  • բազմաբնույթ հարաբերություններ Արեւելքի մեր հարեւանների՝ հատկապես Իրանի եւ արաբական երկրների, Վրաստանի եւ Իսրայելի հետ.
  • տարբեր ոլորտներում համագործակցություն խոշոր երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կանադայի եւ այլոց, հատկապես՝ հայկական սփյուռք ունեցող պետությունների հետ ։

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման անկյունաքարային սկզբունք է համարում բարիդրացիությունն ու համագործակցությունը.

  • բարիդրացիություն՝ Հայաստանի խաղաղարար, մարդասեր, ինչպես նաեւ իր անմիջական հարեւանների ու գործընկերների հետ ազգային, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները բացառապես համագործակցությամբ լուծելու նախաձեռնություններով.
  • հարեւան ու ոչ հարեւան երկրների հետ հարաբերությունների հիմքում կարեւորել բարի կամքն ու փոխադարձ վստահությունը՝ բաժանարար բոլոր խնդիրների վերհանմամբ եւ լուծմամբ։

Եվրասերտաճում

Հայաստանի համար ինտեգրումը վերջնանպատակ չէ։ Այն առավել բարեկեցության, բարգավաճման ու անվտանգության հասնելու միջոց է։ Ինտեգրում ասելով՝ «Ժառանգություն» կուսակցությունը հասկանում է փոխշահավետ համագործակցության, փոխըմբռնման ու փոխօգնության բարձր աստիճանի ձեռքբերում։

Ի թիվս հարաբերությունների սերտացման այլ առանցքների, Հայաստանի համար առաջնայինը եվրոպական ուղղությունն է։ Դարեր շարունակ Հայաստանը եղել է եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչներից մեկը՝ անկախ Եվրոպայի համար գծագրված աշխարհագրական սահմաններից։ «Ժառանգությունը» համոզված է, որ եվրոպական ինքնության տարատեսակը համարվող այլ մշակույթների ինքնադրսեւորման համար բաց Մեծ Եվրոպան այն մակրոքաղաքակրթությունն ու քաղաքակրթական ժառանգությունն է, որը կարող է ավելի հարստացնել Հայաստանն իր մշակույթով ու միաժամանակ օգտվել հայկական մշակույթից։ Եվրոպական մակրոքաղաքակրթությունը ոչ թե արժեքային համահարթություն է, այլ փոխադարձաբար միմյանց տեսակը հարգող ու փոխլրացնող բազմազանություն, որտեղ բոլորը ենթարկվում են ժողովրդավարության նույն կանոններին՝ անկախ ինքնության բազմազանություններից։

Հետեւաբար, Հայաստանը պետք է նախանշի ժողովրդավարական միջազգային չափանիշներին հնարավորինս արագ եւ լիովին համապատասխանելու ու ժողովրդավար միջազգային հանրույթի լիիրավ անդամը դառնալու նպատակը եւ իրական, այլ ոչ ձեւական քայլեր իրականացնի այդ ուղղությամբ։ Արժանվույնս գնահատելով ժամանակի նշանակությունը արդի աշխարհում ու նաեւ պատմության մեջ, մենք դեմ ենք անհարկի հապաղմանն ու սպասողական կեցվածքին։ Դեպի լիակատար ժողովրդավարություն տանող ցանկացած որոշում ու քայլ կուսակցության համար ժամանակավրեպ չեն կարող համարվել։

Թուրքիան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները պահանջում են որակապես նոր մակարդակ ու դրա անհրաժեշտության գիտակցում։ Պատմությունը երկու երկրների ժողովուրդներին ծանր խնդիրների ցավագին, բայցեւ՝ սթափեցնող ժառանգություն է թողել։ Այդպիսի ժառանգության իմաստավորմամբ, բայց ոչ երբեք նրանով հանդերձ մուտքը բաց, համագործակցային ապագա՝ անպատկերացնելի է։ Այդ խնդիրների բեռը պահպանելու դեպքում սերունդներին հարաբերությունների նոր՝ անվտանգ ժառանգության փոխանցումն անհնար է։

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները ենթադրում են բաց, անկեղծ երկխոսություն մշակույթի, տնտեսության, սոցիալական համագործակցության միջոցով։ Երկու ժողովուրդները պետք է աստիճանաբար փոխակերպեն առայսօր իրենց կառավարող կարծրատիպերը։ Երկխոսությունն ու բանակցությունը ունակ են երկու երկրների համար ապագայում ապահովել հաղթանակի հեռանկարը. երկուստեք հաղթանակ՝ ի դեմս կարգավորված հարաբերությունների, ի դեմս կաղապարող հավաքական ու անհատական կարծրատիպերից ազատագրված գիտակցության եւ ի դեմս մարդասիրական ու ժողովրդավարական իրողությունների՝ հանուն հաղթանակած արդարության, անվտանգ փոխազդեցության ու գործընկերության։ Այս նպատակով անհրաժեշտ է՝

  • ընդունել համամարդկային ու համաեվրոպական արժեքները.
  • ճանաչել սեփական պատմությունն ու լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության` Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրին.
  • համապարփակ ու համալիր ձեւով կարգավորել բաժանարար բոլոր հարցերն ու հարաբերությունները։

Համաշխարհային փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ խնդիրները լուծվում են, երբ երկուստեք ու հանդիպակաց քայլ է արվում։ Էականը երկուստեք քայլն է համագործակցությանն ընդառաջ։ Կարեւորը երկխոսության ձեւաչափի ու անխափան մեխանիզմի ձեւավորման առաջին քայլն է՝ թող որ դա լինի դիվանագիտական պարզ հարաբերությունների հաստատման տեսքով։ Իսկ հաջորդող քայլերի առաքելությունը պետք է լինի մեկ քայլ առաջ անելը՝ ուղղված միմյանց ավելի լավ հասկանալուն եւ նախկինում ձեռք բերածը պահպանելուն ու ամրապնդելուն։

Հաճախ է նշվում, որ ամենազոր ժամանակը եւ նրա քաղաքական ոգին են հուշում ու պայմանավորում հաջորդ քայլերը։ Սակայն ամեն ինչ ժամանակի հույսին թողնելը դատապարտված մոտեցում է։ Այն, ինչը կարելի է անել երկու երկրների հարաբերությունների թնջուկը լուծելու առումով, կախված է յուրաքանչյուրից։ Ժամանակի ընթացքն ընդամենը նպաստավոր կարող է լինել դրա համար։

Այսօր երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Թուրքիան, դեմքով շրջվել են դեպի ժողովրդավարություն, դեպի ժողովրդավար միջազգային հանրություն, Մեծ Եվրոպա։ Երկուսն էլ ճամբարականության, կայսերականության, ծավալապաշտության տարատեսակ բեռի ու լծի թոթափման փուլում են՝ ժողովրդավարության ուղու վրա։ Անկախ ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ դիտվող տեղատվություններից՝ «Ժառանգություն» կուսակցությունը եվրոպական ընտանիքին երկու երկրների լիիրավ անդամակցությունը տեսնում է միաժամանակ՝ դեպի անշրջելի ու համերկրային ժողովրդավարություն նրանց համընթաց, ինքնաբուխ, շահախնդիր, ներքին պահանջմունքով եւ հանրային շահով թելադրված բարենորոգչական նախաձեռնություններով։ Սա պետք է լինի փոխընդունելի, միակ ու ժամանակի կողմից թելադրված նախապայմանը։ Երկու ժողովուրդները՝

  • ի զորու են հաղթահարել ցանկացած խոչընդոտ.
  • պահանջատերը պետք է լինեն իրավունքի, արդարության, շտկված ու ժողովրդավարական ապագայի.
  • շահախնդիրը պետք է լինեն փոխադարձ անվտանգության ու կանխատեսելիության.
  • նախանձախնդիրը պետք է լինեն իրականությանը իմաստնաբար ու համընդգրկուն նայելու, փոխադարձ զարգացման.
  • դատապարտված են կողք կողքի ապրելու պատմական ճակատագրին ու ժառանգությանը.
  • պատեհ առիթ ունեն դառնալու դեպի ժողովրդավար եվրոպական ընտանիք այլոց Մուտքի Դարպասն ու ժողովրդավարական եվրոպական ընտանիքի Ելից Դուռը դեպի Արեւելք, Հյուսիս եւ Հարավ.
  • իրենց համադրված ու ինքնատիպ մշակույթներով ի զորու են լինել քաղաքակրթական միջնորդ տարբեր աշխարհների ու քաղաքակրթությունների միջեւ.
  • ունակ են հարստացնել եվրոպական մշակութային ժառանգությունը։

«Ժառանգությունը» համոզված է այս աշխարհընկալման հաղթանակի մեջ։ Վստահ է, որ մշակութային ժառանգության լիցքաթափումը ապագայի անվտանգության, ինքնատիպ մշակույթների փոխազդեցությունը՝ փոխշահավետ հարաբերության, իսկ նրանց կամրջումը՝ ինչպես փոխադարձ, այնպես էլ այլոց հետ հարաբերությունների ու արդյունավետ գործընկերության ամենազորեղ գրավականն է։

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդումը

Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդման նպատակով անհրաժեշտ է օրակարգում ներառել արտաքին ռազմաքաղաքական այնպիսի խնդիրներ, որոնք Հայաստանն ի վիճակի է լուծել սեփական ուժերով։ Դա չի բացառում Սփյուռքի զորակցությունը, ինչպեսեւ դաշնակիցների առկայությունը, երկրի անվտանգությանը սպառնացող պահերին նրանցից օժանդակություն ակնկալելը։ Սակայն անհրաժեշտ է բացառել այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը էական կախվածության մեջ դնել այլ երկրից՝ վտանգելով ազգային անկախությունը։ Այս համատեքստում «Ժառանգությունը» կարեւորում է՝

  • ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը.
  • ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության, սպառազինությունների մրցավազքի, մարդկային առեւտրի, թմրաբիզնեսի, կազմակերպված հանցավորության եւ գլոբալ այլ սպառնալիքների դեմ պայքարին միացումը։

Անհրաժեշտ է բոլոր հարեւանների հետ հաստատել կանոնավոր, բարիդրացիական հարաբերություններ՝ երբեք չվտանգելով ազգային-պետական շահերը։ Ավելի լայն՝ մեծ միջինարեւելյան տարածաշրջանային կտրվածքով, կարեւոր է սերտացնել բարեկամական կապերը իսլամական երկրների, այդ թվում՝ արաբական աշխարհի, ինչպեսեւ Իսրայելի հետ։

Պետական-ազգային անվտանգությունն ու արտաքին հարաբերությունները փոխշաղկապված հայեցակետեր են՝ երկուսն էլ ոչ ինքնանպատակ, այլ միջոց՝ քաղաքացիական ազատություններ եւ հանրային իղձեր իրականացնելու համար։ ՀՀ արտաքին քաղաքականության ելակետերի՝ ազգային-պետական շահերի հետամտման ու ազգային անվտանգության խնդիրների լուծման սկզբունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրորեն։ Այդ սկզբունքներն իրենց հիմքում պետք է ունենան բոլոր ռիսկերի ճշգրիտ հաշվառումը, սպառնալիքների ու վտանգների գնահատումն ամբողջության մեջ եւ դրանք կառավարելու հնարավորություններ ընձեռեն։

ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող օրենսդրության հիմնական տրամաբանությունը պետք է բխի ազգային անվտանգության խնդիրներից, հանուն այդ նպատակի կոչված լինի ապահովելու հասարակության ու պետության համար անվտանգության միջոցների հայթայթման հնարավորությունը, այլընտրանքայնությունը եւ դրանցից ընտրություն կատարելու մեխանիզմները։

Արտաքին քաղաքականության օրենսդրությունը պետք է նպաստի այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, երկկողմ ու բազմակողմ կապերի ամրապնդմանը։ Ինչպես նաեւ թույլ տա լուծել պատմական արդարության եւ ժամանակակից վիճահարույց խնդիրները՝ բաց, անկեղծ ու նպատակամատույց եղանակով, հնարավորություն ընձեռի լինելու մեկի հետ առանձին եւ բոլորի հետ՝ միասին։

Այսօրվա աշխարհաքաղաքական իրականությունը պահանջում է ճիշտ գործադրել քարոզչական մեքենան։ Աշխարհը շարունակում է քիչ ճանաչել հային, ինչով էլ բացատրվում է վստահության ու աջակցության պակասը։ Մեր խնդիրներն ու նպատակները պետք է միջազգային հանրության համար դարձնենք ընկալելի, եթե ուզում ենք նրա հավասարազոր բաղադրիչը դառնալ։ Սակայն լավագույն քարոզչությունն էլ չի օգնի, եթե ազգովին չապավինենք մեր արարչագործ էությանը՝ մայր Հայրենիքի տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը, առողջապահությունն ու սպորտը արժանի բարձունքի հասցնելու կարողականությանը։

Էական հորիզոն է նաեւ հայկական գործոնի կարեւորումը բոլոր այն երկրներում, ուր բախտը նետել է մեր հայրենակիցներին։ Հայկական գործոն՝ իր դրական ու փորձարկված հատկանիշներով, ինչը չեն ժխտում նաեւ օտարները՝ աչքի առաջ ունենալով հայ համայնքների նպաստամատույց ջանադրությունը։