ԲԱՆԱՁԵՎ

«Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարի

Մենք ունենք հրաշալի Հայրենիք, որը սպասում է իր աստեղային ժամին: Պետությո՛ւնն է, ցավոք, թույլ ու թերի, իսկ այն ներկայացնող «իշխանությունը»` կեղծապատիր եւ, բնականաբար, փոփոխման ենթակա` անմիջապես եւ ամբողջովին:

2013 թվականի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունները մեզանում կուտակված հոռի երեւույթների դեմ Հայաստանի քաղաքացիների ցասման պոռթկումն էին: Հերթական ընտրագողությունը ավելի թեւաթափ արեց մարդկանց, սասանեց նրանց հավատը կյանքի որակը փոխելու, երկիրը հզորացնելու, առկա բոլոր մարտահրավերներին ազգովի դիմակայելու, Մեծ վերադարձի ու Ազգահավաքի սկիզբը դնելու առաքելության հանդեպ:

Կեղծիքով վերարտադրված վարչախումբը՝ ավարտելով իր սեւ գործը, արդեն անվարան բացեց ժողովրդի թիկունքում, գաղտագողի «վառելիքային» դավադրության մեջ մտած լինելու ամոթալի իրողությունը: Չնայած ստրկացուցիչ պայմաններով կնքված ու դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «վավերացված» գազային պայմանագրերին, անխուսափելի դարձավ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների վերընթացը: Այս էլ որերորդ անգամ թանկացող էլեկտրաէներգիան իր ետեւից քաշելու է տասնյակ այլ արտադրանքների ու մթերքների սակագները:

Համակարգային դարձած կաշառատվությունը, որը վարչախմբի ե՛ւ վերատադրության, ե՛ւ հարստացման գլխավոր ռեսուրսն է, ոչ միայն քայքայում է Հայաստանի պետականության հիմքերը, խորտակում տնտեսական զարգացման հեռանկարն ու խեղում քաղաքացու իրավունքը, այլեւ սպանում է սեփական երկրում արժանապատվորեն ապրելու՝ հայ մարդու հույսը: Նույն համակարգը շարունակում է ծառայել երկրի ունեցվածքի, բնական պաշարամիջոցների թալանին եւ, անարդար բաշխելով եկամուտներն ու ազգային հարստությունը, ավելի ու ավելի է աղքատացնում հասարակությանը:

Ելնելով վերոշարադրյալից՝ «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարն արձանագրում է.

  • Հայաստանի Հանրապետությանն այլեւս չապավինող մեր համաքաղաքացիների արտագաղթը կրում է զանգվածային բնույթ: Ապագայի, պետական հանրակարգերի նկատմամբ գրեթե տոտալ անվստահությունը արդյունք է վարչախմբի ու նրա մանդատի հանդեպ նվազող հանրային հավաստիքի: Նման ռեսուրսով վարչախումբը 2013թ. սեպտեմբերի 3-ին մտավ նոր արկածախնդրության մեջ՝ Հայաստանի անունից հայտարարելով Մաքսային միություն մտնելու մասին: Ուղենիշային այդպիսի հանձնառու պարտավորության ինքնագլուխ, միանձնյա ստանձնումն անթույլատրելի է:
  • Պետության ինքնիշխանության կորստի մեղքը մերն է, եւ ոչ միայն ընտրություն-խարանը ճանաչած Ռուսաստանի Դաշնությանն ու Արեւմուտքինը: Եվ պետք չէ տարակուսել, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, որը մեր փաստացի իշխանության խեղճության պատճառով դիրքավորվում է Հայաստանի եւ Եվրոպայի միության միջեւ համընդգրկուն տնտեսական ու քաղաքական գործընկերության դեմ` նրա Արեւելյան գործընկերության ծրագրով, ինքը չի խորշում նորագույն եւ մեծաքանակ սպառազինություն մատակարարել, այսինքն՝ մինչեւ ատամները զինել Ադրբեջանին, ով չի էլ թաքցնում Արցախի նկատմամբ ռազմական նոր ոտնձգություն ձեռնարկելու իր մտադրությունը եւ այդ նույն զենքով թիրախ է բռնում մեր հերոս զինվորներին: Մենք տարի առ տարի, ամիս առ ամիս կորցնում ենք պետական մեր սուբյեկտությունը: Սա ընդունելի չէ:
  • Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման 100-րդ տարելիցի նախաշեմին, որը տակավին կարոտ է ճանաչման, փոխհատուցման ու իրավունքների վերականգնման՝ Հայոց տունդարձի տեսքով, հայ-թուրքական զույգ արձանագրությունները դեռ Ազգային ժողովի, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության օրակարգում են: Քանի դեռ չեղարկված չեն հակահայ այդ փաստաթղթերը, դրանք կշարունակեն մնալ որպես դանդաղ գործող ականներ:
  • Հայ գաղթօջախներով հպարտացող եւ Սփյուռք-Հայաստան միասնություն հորջորջող վարչախումբն անզոր ու անպատրաստ է դույզն-ինչ պաշտպանել աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների շահերը, ինչի ցայտուն ապացույցներից մեկը սիրիահայության հայտնի վիճակն է եւ, հատկապես, հերթական ծուղակը, որ թուրքական քաղաքականությունը հյուսեց դարեր ի վեր այնտեղ ապրող հայերի ժառանգների համար: Պաշտոնական Երեւանն այդպես էլ չգիտակցեց, որ Քեսաբի հայաթափումը Ցեղասպանության շարունակությունն է:
  • Անցած տարիներին «Ժառանգության» կողմից քանիցս առաջարկված՝ Արցախի ճանաչման մերժումը շարունակում է սնուցել պատերազմի ռիսկերը՝ հրադադարի հաստատումից 20 տարի անց խախտումները դարձնելով համատարած ու մահաբեր հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ արդեն Նախիջեւանի հատվածում: Թշնամին՝ արժանի պատասխան չստանալով, լկտիանում է, ինչը հայ զինվորի կյանքով է հատուցվում:
  • Գործող վարչախմբի՝ ԼՂՀ-ն չճանաչելու քաղաքականության աղետալի հետեւանքները դրսեւորվեցին հատկապես մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: Քանի որ Հայաստան-Արցախ հարաբերություններն իրավականորեն կարգավորված չեն, ուստի Երեւան-Ստեփանակերտ ռազմաքաղաքական, տնտեսական պայմանագրային պարտավորությունների դաշտը միջազգային ուժ չունի: Մինչդեռ ճանաչված լինելու պարագայում թե՛ եվրոպական, թե՛ ասիական պետությունները պարտադրված կլինեին հարգել կամ առնվազն հաշվի նստել այդ իրողության հետ:
  • Մեր գոյավիճակի պատասխանատուն չընտրված իշխանն ու նրա վարչախումբն են. ոչ լեգիտիմ իշխանությունները չեն կարող պաշտպանել օրինականություն, իրավունքի գերակայություն, ապահովել պետության անկախություն եւ հետամտել ազգային կենսական շահ: Ճիշտ հակառակը՝ այդպիսի իշխանությունը մեր իրավունքներն ու պարտականությունները պարտության մատնողն է՝ ամեն օր եւ ամենուր: Այդ նա է, որ փորձում է սահմանադրական փոփոխությունների քողածածկույթի ներքո «հիմնավորել» անհատական ու հավաքական մեր իրավունքների ձախողումները եւ ոտնահարումները: Եկել է ողջ ազգի՝ Հայաստանի, Արցախի եւ աշխարհի յուրաքանչյուր հայի մեկ դրոշի տակ համախմբվելու ժամանակը. համախմբվե՛լ քաղաքացիական ու քաղաքական, սոցիալական ու տնտեսական, պատմական ու ժամանակակից իրավունքների շուրջ:
  • Սրա համար հայկական քաղաքական միջավայրը կարիք ունի առողջացման, հստակեցման եւ արդյունավորման: Կուսակցությունները մերթընդմերթ ինքնամփոփվում են, հեռանում ժողովրդից, երբեմն էլ՝ իրենց դավանած արժեքներից: Դանդաղ է կայանում տարբեր միավորումների, նախաձեռնությունների ու հոսանքների հետ համագործակցաբար աշխատելու ինստիտուտը: Հաջողված փորձեր, իհարկե, եղել են, բայց դրանք մնացել են կեսճանապարհին: Ժամանակը գիտակից ուժերին խստիվ պարտադրում է բռունցքվել ընդդեմ հակոտնյա երեւույթների՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման տարրական պահանջից մինչեւ սահմանադրական, իրավական պետություն կերտելու հրամայականը: Այս լույսի տակ մենք ողջունում ենք ինչպես քաղաքացիական խմբերի աշխուժությունը, այնպես էլ խորհրդարանական ուժերի գործակցությունը: Բանալին, սակայն, համալիր ճանապարհային քարտեզի դարբնումն է եւ մեր մասնավոր համաձայնեցումների հանրայնացումը:
  • Հայաստանի փրկության բանաձեւն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն եւ Ազգային շահ: Միայն այն ժամանակ եւ այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Ազգ ու Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը եւ բոլորանվեր, համերաշխված գործել Սահմանադրական Հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին:

Ահա եւ «Ժառանգությունը» վերահաստատում է իր հավատարմությունը համազգային այս նպատակին:

28 հունիսի 2014թ.
Երեւան