«Ժառանգության» քարոզարշավը վերածվեց համաժողովրդական տոնախմբության

Երեւան: Մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակը լեփլեցուն էր ժպտացող, երգող ու պարող հազարավոր քաղաքացիներով: «Ժառանգություն» կուսակցության հրավերով հայաստանցիների առջեւ ելույթ ունեցան սիրված երգիչներ Հարութ Փամբուկչյանը եւ Ռուբեն Հախվերդյանը: Նրանց կատարմամբ «Սարերի քամի» երգը, որով մեկնարկել էր «Ժառանգության» քարոզարշավը, վերածվեց համաժողովրդական տոնախմբության` համերգ-հաղթահավաքի, որտեղ հնչեցին հիշարժան շատ երգեր` ներկաներին տեղափոխելով իրենց կենսագրության տարբեր տարիներ:

Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ հանրաճանաչ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Իսկ երբ բեմ բարձրացավ Հարութ Փամբուկչյանը, հրապարակը ցնծաց. մարդիկ գրկախառնվում եւ համբուրում էին նշանավոր երգչին, ով իր խոսքում նշեց, որ թեպետ իր «կուսակցությունը երգն է», այնուամենայնիվ, Երեւան է ժամանել` սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին: 

«Րաֆֆի Հովհաննիսյանն ազնվության մարմնացում է»,- հայտարարեց Հարութ Փամբուկչյանը եւ պատմեց, որ արդեն 36 տարի է, ինչ ընկերություն է անում նրա հետ. «Րաֆֆիի հետ պատանության ընկերներ ենք, նրա ընտանիքը եղել է իմ առաջին ծափահարողը»: 

«Ժառանգության» քարոզարշավը վերածվեց համաժողովրդական տոնախմբությանԱյնուհետեւ հավաքվածներին դիմեց «Ժառանգության» առաջնորդը` ասելով. «Մայիսի 6-ին, սիրելի համաքաղաքացիներ, մենք գնում ենք մեր հրաշք-երկիրը, հրաշք-քաղաքը ժողովրդին վերադարձնելու: Այդ օրը լինելու է ոչ միայն բարոյական, այլեւ իրական հաղթանակ: Արդեն մեր ժողովրդի ոգու, գիտակցության մեջ այդ փոփոխությունը կա, եւ մայիսի 6-ին պիտի գրանցենք դա»: 

Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին, թե սա ավելի շատ «Ժառանգության» հանրահավա՞քն է, թե՞ համերգ, վերջինս պատասխանեց, որ սա հայ ժողովրդի հաղթահավաքն է: «Հայ ժողովուրդը գնում է մայիսի 6-ին մեր պետականության այս տարիների ընթացքում առաջին անգամ ընտրական հաղթանակի»,- նշեց Հովհաննիսյանը: 

Իսկ այն հարցին, թե «հավաքվածները ձեր համախոհնե՞րն են», «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ ինքն է ժողովրդի համախոհը եւ շատ հպարտ է, որ հայ է ու հայաստանցի: