Րաֆֆի Հովհաննիսյան. «Կարեւորն այն է, ինչ մեր ժողովուրդն է ուզում»

Երեւան: Արարատի մարզի բնակիչներն այսօր հնարավորություն ունեցան  ծանոթանալու «Ժառանգության» նպատակներին եւ Նոր Հայաստանի տեսլականին: Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում, Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում եւ Մասիսում ընտրողներին հանդիպեցին «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքագետ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մանկավարժ, նախկին քաղբանտարկյան Հովհաննես Ղազարյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը, Սուսաննա Մուրադյանը եւ այլոք:

Ինչպես միշտ, բնակիչների հետ անմիջական զրույցներ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ «անունները կարեւոր չեն՝ Սերժ, Ռոբերտ, Լեւոն, թե Րաֆֆի»: «Կարեւորն այն է, ինչ մեր ժողովուրդն է ուզում՝ մնալ անցյալո՞ւմ, թե՞ գնալ դեպի ապագա», - հայտարարեց Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդն ընդգծեց, որ «քաղաքներն են կատարելու ընտրությունը, ոչ թե դաշնակցականը, բարգավաճը, հանրապետականը կամ «Ժառանգությունը»:

«Ընտրություններին մնացել է մի քանի օր եւ ՀՀ քաղաքացիների զգալի մեծամասնությունն արդեն կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունն է «Ժառանգությունը», - եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ներկա կոալիցիոն իշխանությունը ձախողել է տնտեսության, դատաիրավական եւ սոցիալական համակարգի, արդյունաբերության գործունեությունը, որի պատճառով տեղի է ունենում մեծ արտագաղթ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը կարող է հանգեցնել ՀՀ հայաթափմանը», - իր հերթին նշեց «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը եւ հորդորեց ընտրողներին «չհավատալ իշխանությունների սին խոստումներին եւ ընտրությունը կատարել հոգու թելադրանքով»:

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց չվախենալ իշխանություններից եւ հիշել, որ «նրանք մեր ծառաներն են»: «Մենք հաղթել ենք մեր արտաքին թշնամուն, իրականացրել ենք մեր պապերի երազանքը՝ ունենալ անկախ Հայաստան, ընտրում ենք մեր իշխանություններին, սակայն վախում ենք նրանցից: Նրանք մեր ծառաներն են, եթե մեր դուրը չեն գալիս, ապա մենք պետք է մտնենք նրանց գրասենյակ եւ ասենք՝ եղբայր, դու մեզ չես բավարարում, հեռացիր այստեղից,  եւ ընտրենք հաջորդին», - հայտարարեց նա:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց. «Մենք չենք թողնի ձեզ այն քսան տարիների մեջ, որոնք եղել են զրկանքի, արտագաղթի, անարդարության տարիներ, թեպետ ունեցել ենք Արցախյան հաղթանակ եւ բեկում ենք մտցրել պատմության մեջ: Մենք գալիս ենք...»: