Խայմե Մայոր Օրեխայի պատվին ընդունելություն «Ժառանգությունում»

Երեւան:Այսօր «Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի ունեցավ ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ընդունելությանը ներկա էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:

Ողջունելով Խայմե Մայոր Օրեխայի այցելությունը նախընտրական Հայաստան եւ ԵԺԿ դիտորդ անդամ «Ժառանգության» շտաբ, կուսակցության միջազգային քարտուղար եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Իբրեւ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին հավատարիմ քաղաքական ուժ` «Ժառանգությունը» անցած 5 տարիներին խորհրդարանում ու նրանից դուրս պայքարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության եւ եվրոպական արժեքների համար, որոնք կիսում ենք ԵԺԿ մեծ ընտանիքի մեր գործընկերների հետ: Մենք հավատում ենք, որ առաջիկա ընտրություններում, հավատարիմ մնալով փետրվարի 10-ին Բրյուսելում ստորագրված հուշագրի մեր հանձնառություններին, «Ժառանգությունը» կարձանագրի լուրջ հաջողություններ, եւ Հայաստանը եվրոպական կառույցներին ավելի սերտ ինտեգրելու նոր հնարավորություններ կստանա»:  

Խայմե Մայոր Օրեխայի պատվին ընդունելություն «Ժառանգությունում»Խայմե Մայոր Օրեխան ողջունեց ներկաներին՝ իր ուրախությունը հայտնելով Հայաստան այցելության կապակցությամբ: Նա տեղեկացրեց, որ ԵԺԿ անդամ հայաստանյան երեք կուսակցությունների հետ հանդիպումների շարքը սկսում է «Ժառանգությունից»: «Եվրոպան, որքան էլ որ այս պահին ազդված է տարատեսակ ճգնաժամերից, հատուկ արժեքների միություն է, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանը մաս է կազմում այդ ընտանիքի եւ բռնել է եվրաինտեգրման ճանապարհը: Կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատության ապահովումը եւ Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացումը` ես «Ժառանգությանը» մաղթում եմ հաջողություններ մայիսի 6-ի ընտրություններում եւ ցանկանում, որ այդ ընտրություններում հաղթի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը»,- ԵԺԿ-ի ուղերձը փոխանցեց Խայմե Մայոր Օրեխան: