«Ռեգնում» գործակալության հայաստանյան ներկայացուցչությանը

Նախօրեին` ապրիլի 25-ին, ձեր էլեկտրոնային պարբերականի կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Ժառանգություն» կուսակցության եւ անձամբ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատվի ու բարի համբավի արատավորմանը: Համաձայն «Լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի` պահանջում ենք հրապարակել սույն հերքման տեքստն ամբողջությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր վրդովմունք է հայտնում ապրիլի 25-ին «Ռեգնում»-ի հրապարակած սադրիչ ապատեղեկատվության կապակցությամբ, ըստ որի, իբր, «2012 թվականի մարտի վերջին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, որոնք միավորվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանում նախագահական ուժերի դեմ պայքարելու նպատակով, այցելել են Լոնդոն` հերթական փակ բանակցությունները վարելու Թուրքիայի ԱԳՆ-ի հետ»: Գեբելսյան «որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի հեշտ է դրան հավատալ» սկզբունքով պատրաստված այս էժանագին հրապարակումը, որը լի է անհեթեթ «մանրամասնություններով» եւ «անանուն աղբյուրների», «հայ-թուրքական բանակցային գործընթացին մոտ կանգնած թուրք դիվանագետների» հղումներով, ոչ այլ ինչ է, քան «Ժառանգության» ու նրա նախընտրական ցուցակի առաջին դեմքերի դեմ կազմակերպված սեւ PR: 

Հաշվի առնելով «Ժառանգության» վարկանիշի սրընթաց բարձրացումը, դժվար չէ կռահել, թե ինչ ուժեր են կանգնած այս կեղտոտ պատվերի հետեւում: Պարզից էլ պարզ է, որ «Ժառանգության» հաջողությունը ոմանց հանգիստ չի տալիս: 

Ամենազարմանալին «Ռեգնում»-ի դրսեւորած վարքագիծն է, որովհետեւ իրեն հարգող ոչ մի լրատվամիջոցի պատիվ չի բերում չստուգված, մտացածին տեղեկության զետեղումը` վկայաբերելով հատուկ ապատեղեկատվության տարածման համար ստեղծված կեղծ էջեր, բլոգներ: «Ստի ոտքերը կարճ են», եւ այդ սադրանքը բացահայտվել է հենց բլոգոլորտի ներկայացուցիչների կողմից: Տես` http://kornelij.livejournal.com/1231016.html եւ http://news.am/arm/news/102823.html):

Ինչպես «Ժառանգություն» կուսակցությունը, այնպես էլ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայ-թուրքական արձանագրությունների սկզբունքային ու հետեւողական ընդդիմախոսն են եւ կողմնակիցը, որպեսզի թե՛ համաշխարհային հանրությունը, թե՛ Թուրքիան ճանաչեն 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն ու պատմական հայրենիքից մի ամբողջ ժողովրդի Մեծ հայրենազրկումը: Եվ այս «հարվածի» ուղղումը Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության» ամենաուժեղ կողմին` Հայրենիքի եւ սեփական սկզբունքների հավատարմությանը, պատահական չէր:

«Ժառանգություն» կուսակցության անունից`
Վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան
26 ապրիլի 2012թ.
Երեւան