«Ժառանգություն» կուսակցություն

 

Կոչ է արել ստեղծել Ազգային համաձայնության նոր կառավարություն

 

15 մարտի 2021թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ՝ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ, հանրապետության մայրաքաղաքում անցկացրեց համապետական քաղաքական խորհրդի նիստ:

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասին բռնագրավման ժամանակ զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները եւ ընդունելով կուսակցության վարչության հերթափոխ նախագահներ Անդրանիկ Գրիգորյանի եւ Նարինե Դիլբարյանի հաշվետվությունները, քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում եւ տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով:

Այս իրադրությունում Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը եւ քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական չափանիշները:

 

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց.

ա) արձանագրել, որ 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունները օրենսդրական վավերացում եւ դատական վերահսկողություն պահանջող վերջնական պարտադիր խաղաղության համաձայնագրեր չեն, այլ ռազմականորեն պարտադրված զինադադարի պայմանավորվածություններ.

բ) նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը, որը կփոխարինի այդ հայտարարությունները ստորագրած կառավարությանը՝ մինչեւ երկրի համապարփակ կայունացում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում.

գ) պահանջել այդ կառավարությունից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում (Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքի ապաբռնագրավում).

դ) նույնպես պահանջել Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության առնվազն դե ֆակտո ճանաչում.

ե) Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարեդարձի նախօրեին հորդորել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարի կամքով եւ, որպես ռազմավարական գործընկոջ, չեղարկել, ոչ թե ընդլայնել կամ խորացնել այդ պայմանագրի հակահայկական դրույթների կիրառումը: