ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցուպատասխանը Կառավարության հետ

Երեւան: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները 2012 թվականի մարտի 21-ի ԱԺ նիստում Կառավարության ուղղեցին գրավոր և բանավոր հետևյալ հարցերը.

Անահիտ Բախշյանը հարց ուղղեց հաշմանդամների ընտրական իրավունքին վերաբերող իր գրավոր հարցապնդմանը ստացած անբավարար պատասխանի վերաբերյալ, մասնավորապես խնդրելով պատասխանել, թե 2011 թվականի պետական բյուջեով ըստ ՀՀ մարզերի ու Երեւան քաղաքի որքա՞ն գումար է հատկացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 29-րդ հոդվածի պահանջներն իրականացնելու համար եւ ինչպե՞ս են մարզերն ու Երեւան համայնքը մատչելի դարձնելու քվեարկության ընթացակարգերը հաշմանդամների համար, քանի որ ներկա դրությամբ ընտրատեղամասերի միայն 85%-ն է հասանելի հաշմանդամների համար: Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` հայտնելով, որ ընտրատեղամասերը հստակեցվելուց հետո հնարավոր է ստեղծվեն ժամանակավոր թեքահարթակներ, որի համար կա բյուջեով սահմանված գումար, սակայն այդպես էլ չհայտնեց, թե որքան է կազմում այդ հատկացումը պետական բյուջեում: Պատգամավորը սակայն հակադարձեց, որ գումարը հստակ մատնանշելը կոնվենցիայի պահանջն է, իսկ հայտնի փաստ է, որ բոլոր դպրոցներն էլ ծառայում են որպես ընտրատեղամասեր, ուստի ընտատեղամասերի հստակեցմանը սպասելու անհրաժեշտությունը չկա, ավելին` բոլոր դպրոցներն էլ կարող են լինել ներառական: Անահիտ Բախշյանի բանավոր հարցերին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ պաշտոնական լրահոսը սխալ է գնացել` համայն քաղաքացիների փոխարեն հայցելով պատգամավորի ներողամտությունը:

Լարիսա Ալավերդյանը բանավոր հարց ուղղեց Կառավարությանը, թե կանխարգելիչ ի՞նչ մեթոդներ ու իրավական մեխանիզմներ կան պատգամավորների համար կեղծված քվեարկությամբ ընդունված օրենքների համար, ինչպիսին որ այսօրվա Արտակարգ դրության մասին օրենքի նախագիծն էր: Ի պատասխան Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ պատգամավորների մեկ երրորդի իրավունքն է դիմել Սահմանադրական դատարան:

Ստեփան Սաֆարյանը բանավոր հարց ուղղեց 2010թ. մայիսին Առողջապահության միջազգային կազմակերպության անդամ երկրների կողմից կազմակերպության 63-րդ համաշխարհային վեհաժողովի ժամանակ վիրուսային B եւ C հեպատիտների դեմ պայքարելու համար ընդունած բանաձևի վերաբերյալ: Պատգամավորը կառավարությանը հարցրեց, թե ե՞րբ է պատրաստվում կատարել իր եւ ստանձնած պարտավորությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու նրա այդքան կարեւոր բանաձեւի կապակցությամբ, այլ ոչ թե ժողովրդին առ այսօր թողնել կուսակցությունների ողորմածությանը: Կառավարությունը հայտնեց, որ հարցին կպատասխանի գրավոր: