«Ժառանգությունը» միջազգային գործընկերների հետ անցկացրեց սեմինար

 

09 հուլիսի 2019թ., Երեւան: Հուլիսի 6-7-ը Աղվերանի «Արարատ Ռեզորթ» հյուրատանը «Ժառանգություն» կուսակցության, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հայաստանյան նոր իրողությունները ժողովրդավարության զարգացման գործընթացում» կոնֆերանս-սեմինարը՝ հայաստանյան ներքաղաքական տիրույթի վեց ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ։

Սեմինարի բացմանը իրենց ողջույնի խոսքը հղեցին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելը, «Ռոբերտ Շուման» ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։

Սեմինարի ընթացում իրենց մասնագիտական աջակցությամբ հանդես եկան քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ալեքսանյանը, ԵՊՀ եվրոպական  ուսումնասիրությունների  կենտրոնի  դասախոս, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Արուսյակ Ալեքսանյանը, Հարավային Հոլանդիա նահանգի տարածաշրջանային ներկայացուցիչ, փորձագետ Յոհաննես Դեմոդը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը։

Քննարկվեցին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների՝ հայաստանյան նոր իրողությունների ներքո գործունեությանը վերաբերող հարցեր: Սեմինարի շրջանակում կազմակերպվեցին խմբային աշխատանքներ՝ տարբեր կուսակցությունների կոնսենսուսի կառուցման սկզբունքների, ինչպես նաեւ ստվերային կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների դերի եւ կարեւորության, տարածաշրջանային անվտանգային գործոնների եւ ներքաղաքական հարթակում նոր շրջափուլին վերաբերող հարցեր։