«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը anmoruk

 

«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու:

Տասնամյակներով մեր կերտած ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առանցքում եղել է և պետք է լինի միջազգային ազդեցիկ ատյաններում հայության ցեղասպանության իրավական – պաշտոնական ճանաչումը, որը ոչ միայն հարգանքի տուրք է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի ողջ երկայնքով միլիոն ու կես ցեղասպանված զոհերի հիշատակին, այլև Ցեղասպանությունը վերապրողների սերունդների շահերի պաշտպանություն, աշխարհասփյուռ հայության հայրենիք ունենալու իրավունքի վերահաստատում: Ժողովրդավարական հաստատություններով ամրապնդվող Հայաստանն այս ասպարեզում հաջողության հասնելու առավել մեծ հնարավորություններ ունի:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի քաղաքականության անբավարար դատապարտումը պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից 1988-1991 թթ. Սումագայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում և Գետաշենում հայերի դեմ ծավալած ցեղասպան նոր գործողությունների, որի հետևանքով  հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին և բռնագաղթվեցին միայն իրենց հայ լինելու պատճառով, իր ավարտին հասավ Նախիջևանի հայաթափումը:

«Ժառանգություն»-ը իրավատեր է պաշտպանելու Հայոց դատը բոլոր մակարդակներում՝ հանուն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան ու ազգատյաց քաղաքականությունից տուժյալ մեր հայրենակիցների շահերի պաշտպանության: Ընդգրկված լինելով միջազգային ազդեցիկ քաղաքական միավորումներում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն, «Ժառանգություն»-ը շարունակելու է իր հետևողական գործունեությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման քաղաքական ու դիվանագիտական պայքարում: Այս պայքարի բաղկացուցիչ մասը պիտի դառնան  Ցեղասպանությունից վերապրողների ժառանգներին, միջազգային իրավական նորմերին համապատասխան, Թուրքիայից փոխհատուցման պահանջները:

1915 թ. Օսմանյան Թուքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը ոչ միայն ներկայիս Թուրքիայի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչումն է, այլև հայրենատիրությունը:

 

«Ժառանգություն» կուսակցություն
24 ապրիլի 2019թ.
Երեւան