«Ժպտա՛» կարգախոսով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ երևանցուն ժպիտ պարգևելու համար առավոտից մինչև ուշ գիշեր պիտի աշխատեն; «Ծառ առ ծառ, վերելակ առ վերելակ, խաչմերուկ առ խաչմերուկ մեր քաղաքը պիտի դարձնենք համաշխարհային նշանակության քաղաք՝ հպարտանալով մեր մշակութային արժեքներով»,- ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ եթե երևանցին որոշի, որ իր քվեն մեկ այլ ուժի պիտի տա, միևնույն է, ինքը որպես քաղաքացի իրեն հաղթած է զգալու. «Հաղթած ենք, քանի որ մեծ մասս երբեք չենք տեսել ընտրություններ, որոնց արդյունքները վստահելի են»: Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծացավ՝ վախենում է վախեր ունենալուց, փոշմանել է, որ ժամանակ չի եղել, որպեսզի հինգ երեխաներով մեկ սեղանի շուրջ հաճախ նստի: