Օգոստոսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը Հայաստանում հետհեղափոխական զարգացումների և գալիք ընտրությունների շուրջ:

Իր խոսքում, մասնավորապես Հովհաննիսյանը նշեց․ 

-ժառանգությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դեռեւս անկատար հեղափոխությունը իրականանա հենց միասնական ուժերով, սակայն ավաղ, թեկուզ հարգելի պատճառներով, բայց մեր գնահատմամբ սխալ մոտեցմամբ հեղափոխության համաժողովրդական ցուցակը գոնե այս ընտրություններում պետք է վերածվի տարբեր ցուցակների միջկուսակցական մրցակցության։ 

Սա կլինի վերջին տարիների համար աննախադեպ օրինակարգ, իրավական ընտրություններ, որովհետեւ բացառվելու են վերջին 23 տարիների ընթացքում տեղ գտած անօրինական երեւույթները։

Միասնական ցուցակի մեր առաջարկը եղել է հրապարակային եւ տեղ է հասել, պատրաստ ենք եղել քննարկել դա վարչությունների մակարդակով եւ հույս ունենք որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ այս խնդիրը կշտկվի։

Հեղափոխության համաժողովրդականությունը պետք է գտնի իր քաղաքական արտացոլանքը նաեւ քաղաքական գործընթացների միջոցով։ Քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, որոնք վերջին տարիներին, ամիսներին պայքարել են այս արդյունքին հասնելու համար, պետք է կարողանան միասնական ճակատ ձեւավորել հեղափոխությունն ամբողջացնելու համար։ Պետք է բացառվի ռեւանշի կամ հակահեղափոխության թեկուզ տեսական հնարավորությունը։ Այս խնդիրները վստահաբար կլուծի համաժողովրդական ցուցակը։

Սակայն, մյուս կողմից, այս միջկուսակցական ընտրությունները մենք դիտարկում ենք որպես մարտավարական տարբերություն, որը չի փոխում մեր վերաբերմունքը այս գործընթացին, մենք շարունակում ենք մեր յուրաքանչյուր քայլով զորակցել այս հեղափոխության ամբողջացմանը։

Մենք պետք է ներկայացնենք զուգահեռ այլընտրանք քաղաքապետի եւ ավագանու, որը լինելու է ուժեղ, հեղափոխական, քաղաքական։

 

«Ժառանգություն» կուսակցություն
21 օգոստոս 2018թ.
Երեւան