simonian

 

Ցավով տեղեկացանք քաղաքական ու հասարակական գործիչ, Հայաստանի քաղաքական վտարանդի գրող Կարէն Ա. Սիմոնեանի մահվան մասին, որը վրա հասավ հուլիսի 9-ին` Փարիզում, եւ մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, բոլոր մերձավորներին ու գործընկերներին:

Սիմոնեանի ստեղծագործություններն ուշագրավ երեւույթ են հայ գրականության մեջ։ Դրանցում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացին առնչվող հոգեբանական ու բարոյահասարակական թեմաներ` աստիճանաբար զարգացնելով հոգեւոր կայուն արժեքներին, անհատի ակտիվ կենսադիրքորոշմանն ապավինելու, մարդու կոչմանը հավատարիմ մնալու խնդիրները:

Կարէն Ա. Սիմոնեանը 1980-ականների կեսերից Հայաստանում սկիզբ առած գոյապահպանական շարժման ռահվիրաների շարքերում էր: Դա մտավորականների ձեռնարկած հանրային բողոք-քննարկումների մի հուժկու ալիք էր, որը հորդելով Օպերայի հրապարակ, դարձավ Արցախյան շարժման նախերգանքը:

1993-ից ստիպված լինելով բնակություն հաստատել երկրից հեռու` նա շարունակում էր ստեղծագործել եւ ապրել Հայրենիքի կարոտով: Տաղանդավոր գրողի, փայլուն մտավորականի եւ հասարակական-քաղաքական աննկուն մարտիկի անունն ու գործը ընդմիշտ կապրեն մեր սրտերում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

 

«Ժառանգություն» կուսակցություն
10 հուլիսի 2018
Երեւան