«Ժառանգություն» կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

 

  1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:
  1. Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր ակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնել տվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվում է միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):
  2. Ընտրական հանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենան ընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքները վերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:
  3. Տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:
  4. Փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի եւ քաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացին ստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:
  5. Վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:
  6. Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:
  7. ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:
  8. ԱԺ-ում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս:
  9. Ապահովել ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրա անհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչեւ այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողների մատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին:
  10. ԿԸՀ ՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը եւ օրենքով պետք է արգելվի քվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:
  11. Բողոքարկելու իրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվով տեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:
  12. Վերահաշվարկի դիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլ վիճակահանությամբ:

Բացի սրանից, պետք է համապատասխան քայլեր իրականացվեն նաեւ Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխությունների ուղղությամբ, որի պարագայում ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կապահովվի մեկ քաղաքացի-մեկ քվեաթերթիկ-մեկ քվե շղթան:   Ընտրատարածք մուտք գործելիս՝  ընտրողը անձնագրով կամ նույնականացման քարտով մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով տեխնիկական սարքի միջոցով հավաստիանում է, որ անձը գրանցված է տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում: Դրանից հետո գրանցվում է քաղաքացու մատնահետքը: Հավաստիանալով, որ մատնահետքը չի կրկնվում, տեղի է ունենում քաղաքացու դեմքի նույնականացումը եւ վավերացումը: Այուհետեւ սարքի միջոցով տպվում է յուրահատուկ քվեաթերթիկ, առանց նույնականացնելու անձի ինքնությունը, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Անձը՝ քվեաթերթիկով մտնելով քվեախցիկ, կատարում է քվեարկությունը եւ, դուրս գալով այնտեղից, մոտենում է սկաներին, անցկացնում է քվեաթերթիկը սկաներով: Սկաները կարդում է քվեարկության արդյունքը եւ գրանցում բլոկչեյնի վրա: Սա հնարավորություն է ընձեռելու, որ քաղաքացու քվեն պահպանվի եւ հնարավոր չլինի փոփոխել: Սկանավորումից հետո անձը վերցնում է քվեաթերթիկը եւ ծալելով գցում տուփի արկղի մեջ: Քվեախցիկից մինչեւ քվեաթերթիկը տուփի մեջ գցելու գործընթացը խստիվ արգելվում է մոտենալ քաղաքացուն, բացի օրենքով նախատեսված դեպքերի:

 

21 հունիսի 2018թ.
Երեւան