Զ.Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 

Սիրելի հայրենակիցնե´ր,

Սեպտեմբերի 22-ը յուրօրինակ միջնակամուրջ է անկախության հանրաքվեի (21) եւ Հայաստանի Հանրապետության հռչակման (23) միջեւ: Քսանվեց տարի առաջ այս օրերը ընդմիշտ ամրագրվեցին Հայաստանի նորագույն պատմության մեջ` որպես մեր ոգորումների ու հաղթանակների, հավատի ու համոզմունքների խորհրդանիշ: Անկախության օրը ինքնաբուխ, համազգային տոն է, որին հայ ժողովուրդը երկար է սպասել, հետեւապես համերաշխ «Այո´»-ով վերահաստատեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ելքի առնչությամբ ուշագրավ է Համո Սահյանի հետեւյալ նկատառումը. «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «Ո՛չ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին»: Անկախության ձեռքբերմամբ ազգը հավատարիմ մնաց մեծ բանաստեղծի թվարկած արժեքներին, որոնք նաեւ հայոց մեծերի, ազատատենչ մեր նախնիների դարավոր երազանքն ու ձգտումն են եղել: Այդ իմաստով սեպտեմբերի 21-ը կարելի է համարել մեր ժողովրդի անկախ եւ խաղաղ ապրելու կամքի տոն, որը 20-րդ դարի խառնակ ու խելահեղ մայրամուտին դարբնեց հանուն ազգային արժանապատվության եւ բարօրության ոտքի ելած հայությունը:

Հիրավի, անկախությունն ինքնին երջանկության եղանակ է, եւ ոչ երբեք ինքնանպատակ, որը պահպանելու համար պետք է լինենք նույնքան միասնական, ուժեղ, անկեղծ ու ինքնավստահ, որքան անցած դարավերջին: Ցավոք, այսօր մեզ չի հաջողվում երբեմնի համախմբվածությամբ ու եռանդով իրականություն դարձնել այն ամենը, ինչն ամփոփված է անկախության գաղափարի մեջ: Համենայն դեպս` այնքանով, որքանով թույլ են տալիս Հայրենիքի սիրո, առաջընթացի եւ պաշտպանության մասին մեր ընկալումները:

Իրականությունն այն է, որ վերջին 26 տարիների ընթացքում անկախության մեր պատկերացումները, կարծես, լղոզվել են, մարել է 90-ականների պաթոսը, իմաստազրկվել են անգամ բուն անկախություն, ինքնիշխանություն բառեզրերն ու դրանց հետ կապված հիշարժան դեպքերը, որոնք մեր արդի պատմության մի մասն են: Օրինակելի է այդ իմաստով 1992-ի մարտի 2-ը. այդ օրը տեղի ունեցավ պատմական զույգ իրադարձություն` Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ եւ աշխարհի ամենաներկայացուցչական այս կազմակերպության բարձր ամբիոնից առաջին անգամ հնչեց հայերենը:

Անկախությունը բացարձակ արժեք է: Հայոց հարատեւության, բարօր ներկայի ու ապագայի միակ հուսալի երաշխիքը իր ազգային կենսական շահերը գիտակցող, քաղաքացու իրավունքի գերակայությունն ընդունող ինքնիշխան պետականությունն է: Խոսքը, անշուշտ, ոչ թե իշխանությունների թեթեւ ձեռքով արժեզրկված այսօրվա անկախության մասին է, այլ` իրականի: Ուրեմն` ամեն ջանք գործադրենք` ունենալու իրական անկախություն եւ տեր կանգնելու նրան: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակին՝ ապավինելով մեր ժողովրդի իմաստնությանը, հավաքական ուժին, մտքի եւ բազկի զորությանը:

Մենք ապրելու եւ արարելու ենք ազատ ու ինքնիշխան Հայաստանում:

Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ աշխարասփյուռ հայությանը` մաղթելով բոլորիս խաղաղ, արդյունավոր աշխատանք` ի փառս մեր երկրի ու ժողովրդի երջանկության, ի շահ համազգային իղձերի իրականացման։ Իմ խորունկ խոնարհումը բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ում արյամբ ու անձնվիրությամբ կերտվեց այսօրվա տոնը:

Հարգարժան համաքաղաքացինե՛ր, սիրելի ընկերնե՛ր:

Հայաստանի անկախության հերթական տարեդարձն այս տարի զուգադիպել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակի հետ: Ըստ էության` լինելով անկախության ծնունդ, «Ժառանգությունն» իր հանրային ծառայության մեկուկես տասնամյակը նշանավորել է արժանահիշատակ գործերով` խորհրդարաններում եւ ավագանիներում, թե դրանցից դուրս հանդես գալով իբրեւ քաղաքական-քաղաքացիական դաշտի ընդդիմադիր, այսինքն՝ մեծամասնական հատվածի ռահվիրա: Քաղաքական տարբեր անկյուններից տեւապես «քարկոծվող» «Ժառանգությունը», այնուամենայնիվ, դարձել է նրանց համար անանուն հղման, մեր վարքն ու աշխատաոճը ընդօրինակելու հարուստ աղբյուր:

Ստեղծումից ի վեր «Ժառանգությունը» եղել է ընդդիմություն, որը քաղաքական եւ քաղաքացիական նոր մշակույթ է բերել հայաստանյան իրականություն՝ միշտ գտնվելով պայքարի առաջնագծում, աշխուժորեն արձագանքելով երկրում առկա հասարակական, սոցիալական ու քաղաքացիական-իրավական խնդիրներին: Անշուշտ, գործունեության ընթացքում կուսակցությունն անմասն չի մնացել նաեւ այն ճնշումներից ու հետապնդումներից, որոնք բնորոշ էին եւ են հետխորհրդային Հայաստանի անիրավակարգ իշխանությանը: Բայց նույնիսկ այդպիսի պայմաններում «Ժառանգությունն» իր կենսագրությունը տարեցտարի հարստացրել է հանրօգուտ ձեռնարկներով՝ վայելելով ժողովրդի սատարումն ու վստահությունը:

Այսօրվա առիթը թույլ է տալիս հետադարձ մի հայացքով չափել «հոբելյարի» անցած ուղին եւ ներկայացնել մի քանի խոսուն փաստեր. 2007թ. «Ժառանգությունն» առաջին անգամ մասնակցեց 4-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին եւ ամենաանհավասար, անարդար պայմաններում անգամ ստացավ 7 մանդատ: 2008թ.՝ ընդդիմացավ գործող նախագահի ձեռնարկած «ֆուտբոլային» դիվանագիտությանը` համարելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: 2011թ. մարտի 15-ին ես հայտարարեցի «Ծոմ ազատության» կոչվող անժամկետ հացադուլ` մեր բողոքը պայմանավորելով նրանով, որ իշխանությունը բռնազավթված է եւ գտնվում է համակարգային շահերի բախման, այսինքն՝ խաղից դուրս վիճակում: 2012թ. մայիսին կայացած ԱԺ ընտրություններին «Ժառանգությունը» ստացավ 5 մանդատ: 2013թ. փետրվարին ժողովրդի այլընտրանքային թեկնածուն նախագահի ընտրություններում նույնիսկ պաշտոնական, իմա՝ ճշմարտազերծ տվյալներով՝ ստացավ ընտրողների քվեների ավելի քան 37 տոկոսը, իսկ մայիսի 5-ին «Ժառանգությունը» «Բարեւ Երեւան» դաշինքով մասնակցեց մայրաքաղաքի ավագանու ընտրություններին` վաստակելով 6 մանդատ: Խորհրդարանում «Ժառանգությունը» մշտապես հանդես էր գալիս Արցախի պետականությունը ճանաչելու կոչերով: Վերջին օրենսդրական նախաձեռնությունը, որը, սակայն, օրակարգ չմտավ, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր:

2013 թվականից ի վեր «Ժառանգությունն» իր բաժին մասնակցությունն է բերել մարդու իրավունքների պաշտպանության՝ ներառյալ, քաղբանտարկյալների ազատ արձակման համար, ինչպես նաեւ սահմանադրական կեղծաբարո փոփոխությունների դեմ ձեւավորված վերկուսակցական շարժումներին:

Ուստի, հիմնադրման 15-րդ տարեդարձի առիթով ուրախ եմ ջերմորեն շնորհավորել «Ժառանգության» ղեկավար կազմերին, շարքայիններին ու համակիրներին եւ վստահեցնել Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, օտար եւ հայազգի բարեկամներին, որ մեզ կհաջողվի հաղթահարել համազգային մարտահրավերներն ու համատեղ ջանքերով մեր Հայրենիքը դուրս բերել կայուն առաջընթացի ուղի:

Հավատարիմ մնանք մեր հավատո հանգանակին եւ Ուինսթոն Չերչիլի հետեւյալ պատգամին. «Հաղթանակ՝ ամեն գնով հաղթանակ... որքան էլ որ երկար լինի նրան տանող ճանապարհը, քանզի առանց հաղթանակի մենք ապագա չունենք»:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
22 սեպտեմբերի 2017
Երեւան