«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմում-բողոքը

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ
Պարոն Տիգրան Մուկուչյանին
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի
ԿԸՀ  ներկայացուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանից
հեռ. 093211908

  

ԴԻՄՈՒՄ

 

Սույն թվականի մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվեցին ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը:

ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում»:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի  եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը  նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով եւ 19-րդ հոդվածի 8-րդ մասով՝ խնդրում ենք ԿԸՀ-ից, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան «Հայատանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

Կից ներկայացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տրամադրած ձայնագրությունները:

  

Անդրանիկ Գրիգորյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  ԿԸՀ  ներկայացուցիչ