Կայացավ «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նիստը

22 հոկտեմբերի 2016թ., Երևան: Սույն թվականի հոկտեմբերի 21-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում՝ առկա քաղաքական իրադարձությունների քննարկում, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության և հատկապես կանանց դերն ու նշանակությունը, Հայկական պետականության վերականգնման հռչակագիր, Հռչակագրի դրույթների ներկայացում և ընդունում, ինչպես նաև ապագա քաղաքական գործընթացների վերաբերյալ աշխատանքային օրակարգի քննարկում:

Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Ժառանգություն» կուսակցության կանանց խոհրդի համակարգող անդամ՝ Սուսաննա Մուրադյանը, ապա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացվեց Հայկական պետականության վերականգնման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր) և ծավալված քննարկումներից հետո բաց քվեարկությամբ Հռչակագիրն ընդունվեց միաձայն:

Խորհրդի անդամների կողմից հարցեր բարձրացվեցին, ինչպես նաև մտահոգություն հայտնեցին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքաղաքական խնդիրներին, կանանց մասնակցության հնարավորություններին: Նիստում կարևորվեց նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքի իրացման խնդիրը ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայաշատ բնակավայրերում: