Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Արարատի մարզում

Երեւան: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ:

Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց գյուղապետին եւ արդար ընտրություններ մաղթեց: Նա նաեւ մոմ վառեց Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես եկավ ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադատության ենթարկելով գործող նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, նա ասաց. «Պետությունն ունի բավարար փող գյուղացուն աջակցելու համար: Ընդամենը պետք է հարկել «ստվերում» մնացած օլիգարխներին, չմսխել բյուջեն ուռճացված գներով գնումներով եւ «ատկատներով»: Այդժամ մենք կարող ենք հարստացնել եւ ծաղկեցնել գյուղը, որը մեր ազգային անվտանգության անկյունաքարերից է»: Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց ոռոգման ջրի գինը մինչեւ 90%-ով սուբսիդավորելու անհրաժեշտությունը եւ անընդունելի նկատեց, որ գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել բնական այդ բարիքից, որը շատ դեպքերում անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին եւ ազատ, խղճի մտոք քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին: