Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրից հետո մեկնեց Թալինի մարզ

Երեւան: Այսօր առավոտյան, Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում. նա շրջեց Հերոսների ծառուղում եւ ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Նախագահի թեկնածուն այցելեց նաեւ Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքն Արցախի ազատագրության ու Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հընթացս պատասխանելով լրագրողների հարցերին, նա բարձր գնահատեց Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում հայ ժողովրդի արժանի զավակների ցուցաբերած սխրանքը, բանակաշինության գործում նրանց ներդրած հսկայական ավանդն ու ջանքերը, որոնք հաղթանակով պսակվեց թե՛ Բեռլինում՝ 1945-ին եւ թե՛ Շուշիում՝ 1994-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրից հետո մեկնեց Թալինի մարզ

Օրվա երկրորդ կեսին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Թալին եւ նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց տեղի ընտրողների հետ:

«Այսօր հայկական գյուղը կքել է հոգսերի բեռան տակ, հյուծվել ու դարձել է անգործունակ,- ասաց Հովհաննիսյանը: -Երկրից մեկնողների պատկառելի մասը գյուղացիներն են: Շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս դատարկվում են ամբողջ գյուղեր, որովհետեւ իշխանությունները գյուղացուն միայնակ են թողել իր խնդիրների հետ: Իսկ մեր գյուղերի բնակլիմայական պայմանները, ինչպես գիտեք, խիստ են, եւ տասնապատիկ ավելի ջանք ու աշխատանք է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար»:

Մեզանում ռազմավարական նշանակություն ունեցող գյուղական խնդիրների լուծման համար, ըստ թեկնածուի, անհրաժեշտ է առաջնային ուշադրություն դարձնել տնտեսության առաջանցիկ զարգացման, ջրագծերի, ոռոգման համակարգի, ճանապարհների, կապի եւ այլ ենթակառուցվածքների արդիականացման, սոցիալական կարիքների լիարժեք ապահովման հարցերին: Նրա խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները՝ արդեն 2014թ.-ից կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները 50 տոկոսով բարձրացնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրողներին կոչ արեց փետրվարի 18-ին մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը եւ կատարել ազատ, գիտակցված ընտրություն: