Լուսինե ՊետրոսյանԵրեւան: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է «Ժառանգություն» կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին:

Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում «Ազգ» (1993-98), «Առավոտ» (1999-2003) «Հրապարակ» (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար:

Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր այն քաղաքացիների թվում է, ովքեր վերջին ամիսներին անդամագրվել են «Ժառանգություն» կուսակցությանը: Նրանց թվում է նաեւ IQ ամսագրի խմբագիր Գոհար Հայրապետյանը, ով այժմ «Ժառանգություն» կուսակցության Շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ակտիվ անդամներից է:

{slide=Լուսինե Պետրոսյանի մասին}

Լուսինե Պետրոսյան

Լրագրող Լուսինե Պետրոսյանը հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում «Ազգ» (1993-98), «Առավոտ» (1999-2003), «Հրապարակ» (2008-11) օրաթերթերում: 2003-07-ին զբաղվել է փաստագրական կինեմատոգրաֆիայով: Լրագրողական եւ կինեմատոգրաֆիական գործունեության կապակցությամբ հաճախ հրավիրվել է արտերկիր, եղել է Մերձավոր Արեւելքում` Իրանի մշակույթի նախարարության, Եգիպտոսի ԱԳՆ Հիմնադրամի, Իսրայելի ԱԳՆ-ի հրավերներով, Reuters Foundation-ի եւ Thomson Foundation-ի ծրագրերով եղել է Մեծ Բրիտանիայում, Կաննի կինոփառատոնի հրավերով` Ֆրանսիայում, Վատիկանի կինոկենտրոնի հրավերով` Վատիկանում, Իտալիայում եւ այլուր:

Վերլուծության եւ հարցազրույցի ժանրում նրա որոշ հրապարակումներ եղել են բացառիկ, ինչպես 1996-ի սեպտեմբերյան դեպքերից հետո Վազգեն Սարգսյանի հետ հարցազրույցը («Ազգ»), 1999-ի հուլիսին «Առավոտում» տպագրված «Ներիշխանական վերադասավորումներ» հոդվածը, որ իշխանամետ մամուլը վերագրել էր նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո հիշողությամբ թղթին հանձնված Կարեն Դեմիրճյանի հետ զրույցների շարքը («ՀՀ» 2000, «Առավոտ» 2001, «Հրապարակ» 2011), 2010-ին ՀՀ նախագահի` Միացյալ Թագավորություն կատարած այցի կապակցությամբ Բուքինգեմյան պալատից ստացված պատասխանները եւ «Արմեն Սարգսյանի Yerevan - My Love ֆարսը» հոդվածը («Հրապարակ») եւ այլն:

2011-ին ՀՀ լրատվական կյանքում առավել ուշագրավ զարգացումներից մեկը առնչվեց Լուսինե Պետրոսյանի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրում» հոդվածին («Հրապարակ»), որի կապակցությամբ նախկին նախագահը դիմեց դատարան` պահանջելով օրաթերթից հերքում եւ դրամական փոխհատուցում: Թեեւ Լուսինեն դատավարության կողմ չէր, սակայն անվանարկմանն առնչվող ՀՀ օրենքների անկատարության փաստարկմամբ դիմեց ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ, այնուհետ ՀՀ ՄԻՊ գրասենյակ: Լուսինեի դիմումի ուսումնասիրման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը 2011-ի հոկտեմբերին դիմեց ՍԴ` Քաղ. օր 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով: ՍԴ որոշմամբ վիճարկվող հոդվածին տրվեց իրավա-սահմանադրական մեկնաբանություն, որը ոչ միայն դրվատվեց ԵԽ կառույցներում, այլեւ դրա լույսի ներքո նախկին նախագահ Քոչարյանը վերանայեց իր դիրքորոշումը եւ հրաժարվեց դրամական պահանջներից, 2012-ի հունվարին կնքվեց հաշտություն:

Նախկին նախագահի հետ շուրջ մեկ տարի տեւած իրավական դիմակայության, իր կատարած քայլերի եւ նվաճված արդյունքի համար Լուսինե Պետրոսյանը 2012-ին ներկայացվել է  լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի: Թեկնածությունն առաջադրվել է The Thomson Foundation-ի կողմից:{/slide}