Թե ինչպես բժշկությունից հեռու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ շաբաթ առաջ փրկեց ինքնաթիռում մեռնող մարդուն

Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ:

Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խրխռոցներ... Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան որ օդանավում մարդ է մահանում…Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին թե ինչ պետք է անել և դիմեցին ուղևորների օգնությանը – փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց… Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր…Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վեջինիս վրա - սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք թե ինչ կլինի…Արդյոք ոչ-բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն? Փրկեց! Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում:

Րաֆֆի Կ. ՀովհաննիսյանՐաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել…կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ…շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին:

Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես Ժառանգությանը չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև:

Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր...

 

Տարոն Առաքելյան

13 նոյեմբերի 2012թ.