Լարիսա Ալավերդյան

Հարգելի հայրենակիցներ,

Վերջերս բոլոր լրատվական միջոցներով, ինչպես նաեւ տարբեր բանավեճերում, շոշափվում են խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացառապես ենթադրյալ ցուցակները, դաշինքները, կարծես թե բնակչության ուշադրությունը շեղելով ավելի կարեւոր թեմաներից, մասնավորապես նրանից, թե ինչ սոցիալական բնույթի ծրագրեր են որդեգրել թե հասարակությանը հանրահայտ եւ թե նոր կուսակցություններն ու դաշինքները:

Որոշ առումով դա հասկանալի է, քանի որ հիմնականում իշխանական թեւին պատկանող կուսակցություններն արդեն իսկ ապացուցել են այս տարիների ընթացքում իրենց անզորությունը լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` զբաղվածությունը, նվազագույն եւ միջին աշխատավարձի բարձրացումը եւ այդ հարցերի հետ ուղղակի կապի մեջ գտնվող արտագաղթի նվազեցումը: Ազգային վիճակագրական ծառայության աղքատության միտումներին վերաբերող տվյալներով 2010թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է: 2010թ.-ին բնակչության ամեն երրորդը եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը շատ աղքատ: Երկու տարվա ընթացքում մոտ 270.000 մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը մոտ 1մլն 2 հարյուր հազարի: Միայն երկու տարվա ընթացքում եւս 46.000-ը դարձել է ծայրահեղ աղքատ` հասցնելով ծայրահեղ աղքատների թվաքանակը մոտ 100.000-ի: Ինչպես վկայում են նույն ուսումնասիրության արդյունքները, նվազել է ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը բացի համեմատաբար ավելի ապահովված բնակչության, որտեղ արձանագրվել է սպառման աճ:

Միաժամանակ երկրում ավելի մեծ թափ են ստացել այսպես կոչված մեծահարուստների կողմից Հայաստանի ընդերքի բառիս բուն իմաստով կողոպուտն այն չափով, որ կարելի է արձանագրել ոչ միայն բնակչության, այլեւ երկրի սրընթաց աղքատացումը: Քաղաքացիական հասարակությունը հազիվ է կարողանում պաշտպանել իշխանության հովանու ներքո նույն այդ խավի կողմից Երեւանում եւ այլ վայրերում հանրային նշանակության տարածքների զավթումը: Եվ վերջապես բառիս բուն իմաստով հայաթափ են լինոմ սահմնամերձ գյուղերը եւ այլ բնակավայրերը: Գործը հասել է նրան, որ որոշ անձանց եկամուտները մի քանի անգամ գերազանցում են սեփական երկրի պետական բյուջեով նախատեսված եկամուտների չափը:

«Ժառանգությունը» կոչ է անում բոլորին եւ ամեն մեկին առանձին զգոն լինել եւ չհավատալ ամեն մի խոստումի եւ միշտ հիշել, թե ամեն մի քաղաքական ուժ ինչ է արել այս տարիների ընթացքում: «Ժառանգությունը» համոզված է, որ երկրում կան անհրաժեշտ թե մարդկային ներուժ եւ թե բնական պաշարներ, եւ այդ ռեսուրսները կառավարելու այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն երկրի զարգացումը եւ բնակչության բարեկեցությունը: