“Ժառանգության” ցավակցությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով

Երեւան: Երեւանում տխրությամբ տեղեկացանք, որ երկարատեւ մարմնական տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել եւ ի Տեր է ննջել Երուսաղեմի հայոց շնորհազարդ պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը:

Պատրիարք Սրբազանի եկեղեցական ծառայությունը սկզբնավորվել է 1930-ականներին Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությունում: Այնուհետ նա երեք տասնամյակ առաջնորդել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան, ապա Արեւելյան թեմերը: Վազգեն Առաջին Վեհափառի վախճանումից հետո, մինչեւ Գարեգին Ա կաթողիկոսի ընտրություն Թորգոմ Սրբազանը վարել է Կաթողիկոսական տեղապահի պաշտոնը Սբ. Էջմիածնում: 1990-ին ընտրվելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք` մինչեւ մահ Սրբազանն իր աստվածահաճո ու եկեղեցանվեր ծառայությունն է բերել Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությանը` իբրեւ Սուրբ Քաղաքի քրիստոնեական երեք պատրիարքություններից մեկի Աթոռակալ:

Թեեւ բազում են ժողովուրդները ու անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Պատրիարքին է շնորհված Քրիտոնեական եկեղեցու առաջին պատրիարքի` Հակոբոս Տեառնեղբոր Աթոռին բազմելու պատիվը: Թեեւ բազում են ժողովուրդները ու անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Միաբանությանն է պատկանում Սիոնի գագաթը, որ համաձայն Աստվածաշնչի Աստծո բնակության վայրն է Երկրի վրա: Թեեւ բազում են ժողովուրդները եւ անցնող դարերը, միայն Երուսաղեմի Հայոց Միաբանությունը եւ Պատրիարքն են քրիստոնյա աշխարհի սրբություն-Սրբոցի` Տերունական Սրբավայրերի երեք իրավատերերից մեկը երկնքի ներքո:

Թորգոմ Պատրիարքը Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքն էր, հետեւաբար մեկը Եկեղեցու հարյուրի չհասնող առանձնաշնորհյալ սպասավորներից, ում Աստծո ընտրությամբ եւ մարդկանց մեծարանքով շնորհվել են բոլոր այդ պատիվները: Թող լույսը, Աստծո խաղաղությունն ու օրհնությունը  պարուրեն Սրբազան Պատրիարքի հոգին Վերին Երուսաղեմում, ինչպես նրա կյանքի ուղեկից են եղել երկրային ընթացքում: Եվ թող հավերժ նորոգ ու անսասան լինի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` իբրեւ վեմ Սուրբ Քաղաքի, իբրեւ հոգեւոր շինվածք մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ իբրեւ հպարտություն ու պանծանք հայ ժողովրդի: