Րաֆֆի Հովհաննիսյան. Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: 

Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:

Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: 

Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: 

Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: 

Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: 

Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
12 հոկտեմբերի 2012
Երեւան