Հովիկ Հակոբյան

Երեւան: Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձոր քաղաքում առաջադրված են քաղաքապետի երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից եւ «Ժառանգությունից»:

«Ժառանգության» թեկնածուն Հովիկ Հակոբյանն է, ում կենսագրության ուշագրավ դրվագներից են Հայաստանի անկախության հռչակումից հետո Հրազդանի շրջգործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում երկարամյա պաշտոնավարությունը (1991-96թթ.), մինչ այդ ակտիվ մասնակցությունը արցախյան շարժմանը, 1999-08թթ. Ծաղկաձորի քաղաքապետարան ում աշխատանքը՝ իբրեւ քաղաքապետի տեղակալ. հետագայում առեւտրի եւ սպասարկումների գծով մասնագետ:

Ծաղկաձոր քաղաքը պրն. Հակոբյանի ծննդավայրն է, ուր նա ապրել է միշտ, բացառությամբ Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում ուսանելու տարիներին (1978-1983թթ.), հետեւաբար իրեն ծանոթ են թե քաղաքի ձեռքբերումները, որ պատրաստ է շարունակել եւ զարգացնել, թե խնդիրները, որոնց լուծմանը մտադիր է ձեռնամուխ լինել:

Պրն. Հակոբյանը պատրաստ է նախորդից ժառանգել եւ շարունակել, օրինակ, քաղաքի բարեկարգման, կանաչապատման, «Ծիսակատարությունների սրահի» կառուցման աշխատանքները: Մինչդեռ արմատական քայլեր եւ լուծումներ է տեսնում անտառային տարածքների պահպանության, ջրային ռեսուրսների հաշվառման եւ վերականգնման, քաղաքի կառուցապատման աշխատանքները Ծաղկաձորի գլխավոր հատակագծին խիստ համապատասխանեցնելու եւ այլ հարցերում:

«Ժառանգությունը» վստահ է, որ իր թեկնածուի կենսագրությունը եւ նախընտրական ծրագիրը երաշխավորում են Ծաղկաձորի համար ցանկալի առաջընթաց եւ զարգացում եւ կոչ է անում բոլոր ծաղկաձորցիներին ձայնը տալ «Ժառանգության» թեկնածուի օգտին՝ գնահատելով նաեւ մեր թեկնածուին սատարելու այլոց հայտարարությունները:

Արման Սիմոնյան«Ժառանգությունը» նաեւ ավագանու անդամի թեկնածու է առաջադրել Դիլիջանի ՏԻՄ ընտրությունում: Թեկնածուն «Ժառանգության» Դիլիջանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արման Սիմոնյանն է: Ծնվել է 1977-ին, ուսանել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, մասնագիտությամբ ինժեներ-հիդրոլոգ է, աշխատում է Հաղարծնում, «Ժառանգության» կուսակցական կառույցը ղեկավարում է 2005-ից:

Նոր Հաճնում եւ Աշտարակում «Ժառանգության» կողմից քաղաքային ավագանու անդամի թեկնածու են առաջադրված համապատասխանաբար Սահակ Սարիբեկյանը եւ Արթուր Մարգարյանը: Մեր թեկնածուներին ներկայացնելով՝ կոչ ենք անում քվեարկել նրանց օգտին: