Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Բաքվի կոնկլավին

Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրվել էր մասնակցելու նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ԱՔԿՄՀ):

Սույն հրավերը պայմանավորված էր Պնոմպենում կազմակերպված` ԱՔԿՄՀ նախորդ վեհաժողովին Հովհաննիսյանի մասնակցությամբ, որտեղ նա այցելեց Կամբոջայի ցեղասպանության համակենտրոնացման ճամբարներ եւ հանդես եկավ ուղերձով՝ նվիրված ժողովրդավարության ու ինքնիշխանության մարտահրավերներին, Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու պետականությանն առնչվող խնդիրներին:

Ստորեւ ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը ԱՔԿՄՀ-ի կազմակերպիչներին.

 

«Խոսե դե Վենեցիա կրտսերին
Հիմնադիր նախագահ, Մշտական հանձնաժողովի համանախագահ
Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով (ԱՔԿՄՀ)
Մանիլա, Ֆիլիպիններ

Չունգ Իու-յոնգին
Մշտական հանձնաժողովի համանախագահ, գլխավոր քարտուղար
Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով (ԱՔԿՄՀ)
Սեուլ, Կորեա

 

Հարգելի պարոնայք,

Կամբոջայում կայացած խիստ արդյունավետ հանդիպումից հետո հաճելի էր ստանալ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի հաջորդ հավաքին մասնակցելու հրավերը:

Համոզված եմ՝ Դուք տեղյակ եք, որ հյուրընկալող երկրի նախագահը նորերս վերահաստատեց ռասիզմի, իրավունքների ոտնահարման եւ հակահայկական կեցվածքի իր վաղեմի համբավն ու հետագիծը՝ ներում շնորհելով եւ պանծացնելով ադրբեջանցի այն սպային, ով Բուդապեշտում դատապարտվել էր կացնով (այո, ճիշտ եք կարդում) սառնարյուն կերպով իր հայ գործընկերոջը սպանելու համար: Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան:

Ես չեմ քաղաքականացնի այս նամակը՝ մանրամասնելով Ալիեւյան վարչակարգում տիրող մարդու իրավունքների հակապատկերը, վերջինիս կողմից հայ մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ նրա տապալված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի: 

Բավական է այստեղ նշել, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջերս ազատ է արձակվել եւ սրբացվել կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովը, «Ժառանգություն» կուսակցությունը չի կարող միանալ եւ չի մասնակցի առաջիկա վեհաժողովին: 

Ավելին՝ հաշվի առնելով ԱՔԿՄՀ-ի նպատակն ու կոչումը, ես ակնկալում եմ միանշանակ դատապարտումը տմարդի այս վարքագծի, որը ներհակ է մեր ընդհանուր արժեքներին ու անխուսափելիորեն կստվերի հյուրընկալող կառավարությանը եւ, որ ամենացավալին է, բուն հանդիպումը:

 

Հարգանոք՝

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ
ՀՀ նախկին արտգործնախարար»