«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀՌՉԱԿԱԳԻՐ

25 հունիսի 2017
Երեւան

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Անցած խորհրդարանական «ընտրությունների» արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ հանրակարգային, տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ եւ ունի իր քաղաքացիների միասնական, հետեւողական ջանքերի ու պայքարի կարիքը՝ շտկելու համար ողնաշարը արտաքին եւ ներքին լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ:

Իշխող քրեածին վարչախմբի՝ ընտրակեղծարարության ճանապարհով հերթական անգամ վերարտադրվելու եւ այս անգամ նաեւ երկրի օրենսդրիր մարմնից իրական ընդդիմադիր ուժերին դուրս մղելու փորձը պետք է հակադարձվի ընդդիմության վերակազմակերպման, պայքարի նոր, ստեղծարար ու առավել արդյունավետ եղանակների մշակման եւ կիրառման մարտավարությամբ, երիտասարդության առավել լայն ընդգրկմամբ: Ապօրինի իշխանությունը ջանաց եւս մեկ անգամ կոտրել ու նվաստացնել սեփական ժողովրդին եւ նրա իղձերը ներկայացնող ուժերին, բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, մենք չհանգանք՝ դեռ կգանք:

Միատեղելու ենք ջանքերը՝ համախմբելու համար բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին ընդդեմ կուսակցապետության, ընդդեմ ոստիկանապետության եւ հանուն Հանրապետության: Ժողովուրդը եւ ընդդիմությունը չեն պարտվել, քանի դեռ չեն լքել իրենց դիրքերը: Պայքարը շարունակվում է, որովհետեւ անկարելի է այսպես հանդուրժել եւս հինգ տարի:

Ստեղծված իրավիճակը մեծագույն սպառնալիք է Հայաստան-Արցախի, նրա յուրաքանչյուր բնակչի անվտանգությանը: Հայաստանի չդադարող մարդաթափումը եւ թուլացումը հղի են ոչ միայն պետականության կորստով ու Հայաստանը վերջնականապես «գուբեռնիայի» վերածելու հեռանկարով, այլեւ նոր պատերազմով եւ խիստ անցանկալի հետեւանքներով:

Արթուն քաղաքացիներից պահանջվում է լարել ողջ ներուժը, սթափեցնել մյուսներին, ամուր կանգնել յուրաքանչյուրն իր տեղում եւ իր չափով: Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության: Սա կռիվ է հանուն հույսի ու լույսի, հանուն արդարության: Ղողանջե՛ք, զանգեր:

Մեր պայքարը Հայաստանի ժողովրդի եւ նրա ամեն մի քաղաքացու ազատության, մեր երեխաների անվտանգ ապագայի, Հայաստանի Հանրապետության անկախ պետականության հզորացման համար է: Այն երբեք չի դադարելու, քանի դեռ իրենց քաղաքական համոզմունքների համար բանտերում են մեր համաքաղաքացիները, քանի դեռ անպատիժ են մնում Հաց Բերողի մահը եւ մնացյալ բոլոր հանցագործությունները: Չի կարող ազնիվը պարտվել խարդախին, ուժեղը՝ թույլին, արդարը՝ մեղավորին, անկաշառը՝ գռփողին, քաջը՝ վախկոտին, բարին՝ չարագործին, ճշմարիտը՝ կեղծարարին:

Այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, լիազորված իրավունքով, հպարտորեն վերահաստատում ենք, որ չե՛նք երկնչում, չե՛նք վաճառվում, չե՛նք նահանջում: Մենք պատրաստ ենք մեր անդադրում, մեր անկոտրուն կամքով ու ջանքով բերելու Հայաստանի նոր՝ Չորրորդ Հանրապետությունը: Պատրաստ ենք վճռական մարտի՝ կուռ շարքերով, սիրով եւ հավատով: Չե՛նք հոգնելու երբեք, չե՛նք հիասթափվելու, ո՛ւժ ենք տալու իրար, հո՛ւյս ենք տալու իրար:

Հաղթելո՛ւ ենք:

«Ժառանգություն» կուսակցություն
25 հունիսի 2017
Երեւան